|
Մարդկանց փրկելու պատվաբեր հանձնառությունը 
Բացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նորակառույց շենքը
Աշխարհում, որտեղ անընդմեջ մոլեգնում են աղետները, արագ արձագանքելու ընդունակ արտակարգ իրավիճակների կառույցը ցանկացած պետությունում կարեւորագույն կառույց է։ 13 տարի առաջ՝ սեպտեմբերի 4—ին, ստեղծվեց արագ արձագանքման ջոկատը, իսկ 2008թ.՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որի կազմում ընդգրկվեցին Հայաստանի փրկարար ջոկատը, «Հայպետհիդրոմետը», պետական ռեզերվների գործակալությունը եւ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը։ Այս տարիների ընթացքում կառույցը կարողացավ ապացուցել, որ ի վիճակի է ժամանակին արձագանքելու բնակչության համար վտանգավոր թե՛ տեխնածին եւ թե՛ բնածին աղետներին։ Սեպտեմբերի 4—ին՝ ԱԻՆ աշխատակցի տոնին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը։ Այստեղ այսուհետեւ կտեղակայվեն գերատեսչության բոլոր ստորաբաժանումները։ Արարողությանը մասնակցում էին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ուժային կառույցների ղեկավարներ։ Նախարարության նորակառույց շենքի հրապարակում տեղի ունեցավ փրկարարների շքերթ՝ նախարարության կենտրոնական եւ մարզային բոլոր հրշեջ—փրկարարական ստորաբաժանումների մասնակցությամբ։ Շքերթին հաջորդեցին հրշեջ—փրկարարների ցուցադրական ելույթները, ներկայացվեցին նաեւ նախարարության փրկարար ծառայության մեքենաների տեխնիկական հնարավորությունները։ Հանրապետության նախագահը շնորհավորեց նախարարության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ։ Նրա հրամանով փրկարարական ծառայության գեներալ—մայորի կոչում շնորհվեց նախարարության երկարամյա աշխատակիցներ՝ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Սերգեյ Ազարյանին եւ նույն ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վաչագան Նիկողոսյանին։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, շնորհավորելով նախարարության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ մեր օրերում ժամանակակից պայմաններին համահունչ արտակարգ իրավիճակների հզոր նախարարության ստեղծումը հրամայական է դարձել։ Նրա խոսքով, պետության ղեկավարության կողմից իրենց նկատմամբ դրսեւորվող ուշադրությունը հիմք է տալիս խոստանալու, որ շատ շուտով երկիրը կունենա հզոր ու կարողունակ ԱԻ նախարարություն։ «Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը տարածաշրջանի ազդեցիկ կառույցներից է։ Տարբեր աղետների եւ միջոցառումների ժամանակ հայ փրկարարները մեր երկրի պատիվը բարձր են պահել Թուրքիայում, Իրանում, Վրաստանում, Ուկրաինայում, վերջերս՝ նաեւ Ռուսաստանում։ Մեզ համար մեծ հպարտություն է, որ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ու փրկարարներին՝ այդ երկրում հրդեհաշիջման աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար։ ԱԻՆ աշխատակիցները պարտավոր են համընթաց քայլել միջազգային հանրության հետ»,–ասաց Ա. Երիցյանը։ Նրա խոսքով՝ նախարարությունը համագործակցում է միջազգային բազմաթիվ կազմակերպությունների եւ տարբեր երկրների իր գործընկերների հետ։ Այդ համագործակցության եւ ներդրած ջանքերի շնորհիվ տարածաշրջանում Հայաստանն առաջինը կունենա աղետների եւ ռիսկերի նվազեցման համակարգ ու ազգային պլատֆորմ, ինչը հնարավորություն կտա հանրապետությանը վճռական քայլեր կատարել աղետակայուն պետություն ստեղծելու ճանապարհին։ «Հայաստանն ունի անհրաժեշտ բոլոր մեխանիզմները, որպեսզի ԱԻ նախարարության աղետների եւ ռիսկերի նվազեցման համակարգում ներառի բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին, կազմակերպություններին, գիտական հաստատություններին։ Աղետների նվազեցման արդյունավետ համակարգի ձեւավորումը Հայաստանի համար ոչ միայն նյութական, սոցիալական եւ տնտեսական նշանակություն ունի, այլեւ անմիջականորեն կապված է մեր երկրի ընդհանուր կայուն զարգացման հետ»,–նշեց նախարարը։ Շենքի օծմանը հաջորդեց հանդիսավոր բացման արարողությունը. խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ վարչապետը եւ ՀՀ ԱԻ նախարարը։ Այնուհետեւ ՀՀ նախագահը եւ բարձրաստիճան հյուրերը շրջեցին նորակառույց շենքում՝ ծանոթանալով փրկարար ծառայության տեխնիկական սարքավորումներին, արագ արձագանքման տեխնիկական միջոցներին, ինչպես նաեւ հրշեջ—փրկարարների մարզումների համար ստեղծված պայմաններին։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
07-09-2010
|