Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԳԼԽԱՎՈՐ


Սպասելիքները՝ դրական, ներդրումները՝ մեկնարկած ու քննարկվող

Վարչապետը վստահ է, որ տնտեսական հեղափոխությունը հաջողելու է

Առաջին անգամ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպեց 2018թ. հուլիսի 20–ին, երկրորդ անգամ՝ ճիշտ 4 ամիս անց՝ նոյեմբերի 20—ին (այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատար էր), իսկ երրորդ անգամ՝ երեկ՝ դարձյալ չորս ամիս անց։ Շուրջ 4.5 ժամ տեւած այս ասուլիսը Մատենադարանի նոր մասնաշենքում էր։

Ազգային անվտանգության ամենամեծ մարտահրավերը

«ՀՀ»—ն նախ փորձեց ճշտել, թե հիմա մեր պետությունը արտաքին պարտքի սպասարկման հետ կապված ռիսկեր ունի՞ արդյոք։ «Ո՛չ, իհարկե չունի։ Ո՛չ»,—ընդգծեց վարչապետը։
«Որո՞նք են ազգային անվտանգության այն մարտահրավերները, որոնք վրիպել են հանրության, լրագրողների, փորձագետների աչքից, բայց ձեր ուշադրության կենտրոնում են». «ՀՀ»—ի այս հարցին Նիկոլ Փաշինյանը երեք անգամ պատասխանեց. նախ՝ հենց այդ պահին, մյուս երկուսը՝ այլ հարցերի արանքում՝ վերհիշելով «ՀՀ»—ի հարցը։
Այսպիսով՝ առաջին անգամ ի պատասխան գովեց մեր լրագրողներին եւ փորձագետներին (անուններ չտալով իհարկե)՝ շեշտելով, որ մեծ հպարտություն է զգում, երբ տեսնում է, որ որոշակի ինֆորմացիայի չտիրապետելով՝ «ինչպես են նրանք իրենց վերլուծական մտքով խորանում, հասնում հարցերի ամենախորքերը»։ Հետո վարչապետը միանգամից թե՝ «այսօր մենք ունենք բազմաթիվ բարձր մակարդակի լրագրողներ ու փորձագետներ», որոնց գործունեությունը պատիվ կբերեր աշխարհի համապատասխան հարթակներին ու հարթակներում։ «Այդ մարդիկ են, որ իրենց ուսերին կրում են երկրում տեղի ունեցող փոփոխությունների պատասխանատվությունն ու բեռը։ Ես շնորհակալ եմ նրանց այդ աշխատանքի համար։ Ձեւավորվել են որոշակի լրագրողներ, փորձագետներ, վերլուծաբաններ, որոնց կարծիքն ինձ համար կարեւոր է։ Ես հաճախ եմ լսում, թե նրանք ինչ են ասում այս կամ այն հարցի շուրջ։ Դա թարմ օդի նման է։ Նրանք օգնում են փակուղային թվացող իրավիճակներից ճիշտ եւ նուրբ ելքեր գտնել»,—ասաց վարչապետը։ Ասել կուզի՝ այս վիճակում բոլոր մարտահրավերների մասին էլ խոսվում է ու քննարկվում։
Երկրորդ անգամ, երբ լրագրողական հարցերից մեկի պատասխանի ընթացքում վերադարձավ «ՀՀ»—ի հարցին, մարտահրավեր համարեց հետեւյալը. ինչ կլինի, եթե ադրբեջանական միջին կարգի մի պաշտոնյա հարցազրույց տա ու ասի, որ «լրիվ որոշած է ու զանգեզուրախառն տալիս են մեզ»։ «Հայաստանում գիտե՞ք ինչ կսկսվի, ոչ ոք չի ասի՝ ճշտենք՝ ճի՞շտ է, թե՞ սխալ, սադրա՞նք է գուցե։ Սա ամենամեծ մարտահրավերն է մեր անվտանգությանը... Խնդրում եմ ձեզ՝ եկեք գիտակցենք այս պահը»,—ասաց նա՝ ընդգծելով, թե ոչ մի իշխանություն այսքան թափանցիկ չի եղել Արցախի հարցում, ինչքան իրենք։
Երրորդ անգամ «ՀՀ»—ի հարցին կրկին անդրադարձին արդեն վարչապետը անվտանգության մարտահրավեր համարեց սա. պետք է ամեն ինչ անել, որպեսզի մտքի աշխատանքը չդատապարտվի։ «Միտքը պետք է աշխատի։ Թողենք բաց, թող աշխատի, մարդը չպետք է վախենա, որ մի բան ասի, իրեն դավաճան կհամարեն... Թող առաջարկներ անեն, վերջում պարզվի՝ անընդունելի են, բայց քննարկենք։ Չենք կարող զարգանալ, եթե մտքի աշխատանքը դատապարտվի։ Պատկերացրեք, նկարիչը աշխատի, միանգամից գլուխգործոց չստեղծի, նկարը տանք գլխով, այդպես կլինի՞։ Եթե այդպես լիներ, ոչ Պիկասո կլիներ, ոչ Վան Գոգ...»։ Ու ժպտաց. «Միայն Թումանյանն է եղել, որ հենց սկզբից հանճարեղ բաներ է ստեղծել»։

Նոր գազատարի մասին դեռ խոսք՝ չիք

Հայաստանը գազի տարանցիկ երկիր դառնալու համար չպե՞տք է նոր խողովակներ կառուցի, չէ՞ որ մեր երկիր խողովակներ մտնում են, բայց դուրս չեն գալիս։ Հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Խողովակներն այդպիսի առանձնահատկություն ունեն՝ համ մտնում են, համ դուրս են գալիս, դրանք ուղղություն չունեն։ Խոսքը նոր գազատարի մասին չէ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է օգտագործել գործող գազատարները»։ Այնուհետեւ տեղեկացրեց, որ Իրան այցից առաջ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել Վրաստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի գործընկերների հետ, տեղեկացրել, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու Իրանում, որովհետեւ կարեւոր է նրանց դիրքորոշումը նաեւ։ Եվ քննարկումների արդյունքում է որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարեւոր կետերից մեկը։ «Քննարկումները շարունակվում են, կշարունակվեն, քանի դեռ չենք եկել դրական կամ բացասական եզրակացության»,—նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հնարավոր բոլոր ուղղություններով պետք է զարգացնի համագործակցությունը Իրանի, ԵՄ—ի, ԱՄՆ—ի, Ռուսաստանի հետ։ Նման զարգացումներն էական են ինտեգրացիան ապահովելու առումով. «Կա հետաքրքրություն, որը միանման ու միատեսակ չէ։ Մենք այս գործընթացում մեր բոլոր գործընկերների հետ ենք քննարկում, աշխատում ենք, որ մեր օրակարգը թափանցիկ լինի նրանց համար»։

Երկու տասնյակ ջրամբարներ ու փոխադարձ հետաքրքրություն

Գործընկերներիցս մեկը վարչապետին խնդրեց մանրամասնել Բելգիա այցից հետո նրա նախանշած 13 նախագծերը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԵՄ—ում քննարկվել է ջրամբարաշինության վերաբերյալ մեծ նախագիծ, այն է՝ Հայաստանում մոտ 2 տասնյակ նոր ջրամբար կառուցելու գործընթացի վերաբերյալ հարց է քննարկվել։ 13 ծրագրերը վերաբերում են Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհներին, ոստիկանության համակարգի բարեփոխումներին, էներգետիկ համակարգի զարգացմանը, ներդրումներին, էներգետիկ միջանցքի ձեւավորման գործընթացին, կրթության բարեփոխումներին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, հարկային, վարչարարության, դատական բարեփոխումներին։ ԵՄ—ում արձանագրվել է, որ հայկական կողմը լիարժեք պատրաստ է համագործակցել բարեփոխումների ողջ օրակարգի շրջանակում, եւ ԵՄ—ի բարձր ղեկավարությունը նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ բոլոր ծրագրերի իրականացմանը։ Բայց ԵՄ—ի աջակցությունը, ինչպես տեղեկացրեց վարչապետը, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ամբողջական տրամադրում չի ենթադրում։ Հայաստանը նույնպես պետք է ներդրման իր մասնաբաժինն ունենա։
Սակայն, ըստ վարչապետի պարզաբանման, Հայաստանն այս հարցում խոչընդոտ ունի։ Դա պետական պարտքի՝ օրենքում եղած սահմանափակումն է։ Բանն այն է, որ մեր պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ—ի որոշակի տոկոսը։ Մինչդեռ Հայաստանի ներդրման տեսանելի աղբյուրներն այս պահին արտաքին աղբյուրներն են, ինչը ենթադրում է պետական պարտքի ծավալի մեծացում։ «Հիմա պետք է շատ լուրջ քննարկում ունենանք,–ասաց Փաշինյանը,– թե արդյոք կարո՞ղ ենք գնալ այս ճանապարհով։ Առաջիկա 20 օրվա ընթացքում քննարկում կունենանք ԿԲ—ի, տարբեր փորձագետների, հանրության ներկայացուցիչների հետ, որպեսզի որոշումը կայացնենք»։
Եվ իբրեւ ասվածի օրինակ մեջբերեց Մեղրու անցակետը։ Այդ նախագիծն արժե 20 մլն դոլար։ Դրա կեսը ֆինանսավորում է ԵՄ—ն դրամաշնորհով, իսկ մյուս կեսը՝ Հայաստանը՝ վարկով։
Բնականաբար, ԵՄ հարթակում չէր շրջանցվել նրանց՝ Հայաստանի էներգետիկ դաշտով հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ հայկական ԱԷԿ—ի մասով։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագրում ատոմակայանի թեման շեշտադրվում է համարժեք հզորությունների ձեւավորման հետ. «Այսինքն՝ իրականում այդ հոդվածը ոչ թե ատոմակայանի փակման մասին է, այլ համարժեք հզորությունների ձեւավորման մասին է»։ Ու հավելեց, թե որքան հնարավոր լինի, մենք ատոմակայանի աշխատանքը կերկարացնենք։

Ռազմական արտադրանք ու նոր գաղափարներ

Նիկոլ Փաշինյանն ասուլիսում ասաց, որ մենք այսօր ունենք նոր, կարեւոր ռազմական արտադրանքներ, որոնք առաջիկայում, հուսով է, սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն։ Մենք ունենք նաեւ նախագծեր, որոնք քննարկման եզրափակիչ փուլում են։ Կան նախագծեր, որոնք գաղափարների փուլում են։ Հիմա նաեւ կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններ են արվում ռազմարդյունաբերության ոլորտում։ Վարչապետը համոզված է. կունենանք էական ձեռքբերումներ։
Ռազմարդյունաբերության զարգացմանը զուգընթաց կսպառազինվենք էլ. գործադիրը այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում է։ «Բայց մենք չպետք է կենտրոնանանք տանկ ունենալ—չունենալու վրա, այլ պետք է կենտրոնանաք այն խնդրի վրա, որը մենք պատկերացնում ենք, որ պետք է լուծենք տանկ ունենալու միջոցով։ Մենք պետք է հասկանանք՝ ո՞րն է նոր տեխնոլոգիան, որը պետք է թույլ տա լուծել այդ խնդիրը»,—համառոտեց գործադիր իշխանության ղեկավարը։

Եթե հարկ լինի, բոլորին էլ կհարցնի

Եթե Ադրբեջանի կողմից դրական ազդակներ չլինեն ու նրանք չհամաձայնեն Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ նստելու հանգամանքին, հայկական կողմը ինչքա՞ն է պատրաստ սպասել։
Նիկոլ Փաշինյանը նախ ի պատասխան նշեց, որ սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա եւ դիվանագիտական գործընթացում պետք է հետեւողականորեն աշխատել։ Ու այն, ինչ հրապարակավ ասվում է, նորություն չէ ո՛չ ՄԽ համանախագահների, ո՛չ ադրբեջանական կողմի համար. «Այս ընթացքում բոլոր շփումների ժամանակ այդ թեման, այդ օրակարգը ես առաջադրել եմ։ Դա նույն օրակարգն է, ինչը ձեւավորվել է 2018թ. մայիսին։ Ինչպես Ստեփանակերտում եմ հայտարարել՝ սա մեր կողմից քմահաճույք չէ եւ ոչ էլ նախապայման։ Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ ու փորձելու ենք այս քննարկումը շարունակել փաստարկների դաշտում, որովհետեւ բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք»։ Փաշինյանը հավելեց. համենայնդեպս Հայաստանը այդ լսելու կարողությունն ունի։ Նույնն ակնկալում է ադրբեջանական կողմից։ Եվ եզրափակեց. «Այնտեղ, որտեղ մեր գործընկերները մեր դիրքորոշումը կարող են գնահատել չափից կարծր, մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց նույն ակնկալիքն ունենք մեր գործընկերներից, այլապես խոսակցությունը պարզապես տեղի չի ունենա»։
Նա հայտնեց նաեւ, որ իր հայտարարությունների շարքը, որ արել է դեռ մայիսից, երբ վարչապետի թեկնածու էր, մարտահրավեր չէ։ Երկխոսության հրավեր է, եւ այդ երկխոսությունը նոր չի սկսվել։ Երկխոսությունը սկսվել է Դուշանբեում, շարունակվել է Սանկտ Պետերբուրգում, Դավոսում, հաջորդը Փաշինյանը չգիտի՝ որտեղ կլինի։
Երբ լրագրողներից մեկը դիտարկեց, որ ըստ Ալիեւի՝ Հայաստանն առաջարկում է արցախյան հակամարտության կարգավորման ձեւաչափի փոփոխություն, Փաշինյանը պատասխանեց, որ նախ՝ Հայաստանն առաջարկում է բանակցային ֆորմատի վերականգնում, եւ ապա թե՝ Հայաստանում էլ կան մարդիկ, որ դա ձեւաչափի փոփոխություն են անվանում. «Մինչդեռ դա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ, դա բանակցային ֆորմատի վերականգնման առաջարկ է»։ Ու ասաց, որ կխոսի փաստերով, ըստ որոնց Ղարաբաղը եղել է բանակցություններում, ճանաչվել է հակամարտության կողմ։ Այն է՝ «1994թ. մայիսին հրադադարի պայմանագիրը կնքել է 3 կողմ, այդ թվում՝ Ղարաբաղը։ Այդ փաստաթուղթը ստորագրել են հակամարտող կողմերը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստորագրել է թուղթ Հայաստանի պաշտպանության նախարարի ու Ղարաբաղի պաշտպանության բանակի հետ»։ Եվ նկատեց, որ բոլորին է հայտնի, թե ով է Ղարաբաղը դուրս բերել բանակցություններից։
Համապատկերում անդրադարձ եղավ նաեւ արցախյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում հնչած հայտարարություններին ու երեք սկզբունքների մասին տարբեր մեկնաբանություններին։
Հայաստանի վարչապետը կարեւորեց այն, թե ինչ մենաբանության վրա ենք մենք հիմնվելու, եւ որ Ադրբեջանի մեկնաբանությունը մեզ համար անընդունելի է։ «Այո, մենք էլ կարող ենք մեր մեկնաբանությունը տալ,–ասաց նա,–բայց մեր խնդիրը լեզվակռիվը չէ, մենք ուզում ենք, որ համանախագահները, Ղարաբաղի, Ադրբեջանի ներկայացուցիչները միասին հասկանանք, թե այդ սկզբունքները գործնականում ինչ են նշանակելու։ Մեկը դա մեկնաբանում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս։ Իսկ կարո՞ղ է լինել մեկ այլ մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն կամ Հայաստանի մաս։ Իհարկե՛ կարող է։ Քանի դեռ բոլորով չենք համաձայնեցրել խոսակցության հնարավոր շրջանակը, մենք իրար չենք հասկանա»։
Թեման շարունակելով՝ նկատեց, որ կան տարբեր մեկնաբանություններ՝ մի մասը հրապարակային, մի մասը ոչ հրապարակային։ Կան միջազգային գործընկերներ, որոնք ասում են, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մեկ ուրիշն ասում է, որ չի կարող չլինել Ադրբեջանի կազմում։ Եվ որ ինքը նոր մարդ է բանակցություններում եւ ուզում է հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։ «Կան մարդիկ, ովքեր ասում են՝ պետք չի հասկանալ, եկել ես, նստի, մի կետից շարունակենք, բայց պետք է հասկանալ, ի՞նչ է նշանակում ամեն բառը, ամեն փուլը։ Այս ամենը քմահաճույք չէ, անհրաժեշտություն է»,–հայտնեց Փաշինյանը։ Նրա խոսքով, այո, ինքը ստացել է հսկայական տեղեկատվություն, բայց այս գործընթացն էլ շատ բարդ է, ունի բազմաթիվ նրբություններ եւ պետք է տիրապետել ամբողջ տեղեկատվությանը։
Ապա երկրորդելով հավելեց. «Ալիեւը տասնամյակներ բանակցությունների պրոցեսի մեջ է, Մինսկ խմբի համանախագահների գործն է դա։ Միակ մարդը, ով նոր է, ես եմ։ Երկխոսությունը դա է, նպատակը բազմաթիվ հարցեր պարզելն է, առաջիկա հանդիպումը առնվազն մեր ընկալմամբ նվիրված կլինի մի շարք պարզաբանումներ պաշտոնապես արձանագրելուն։ Հսկայական տվյալներ կան՝ ինչ է տեղի ունեցել Կազանում, Վիեննայում, Քի Վեսթում։ Եթե բոլորը միաձայն ասեն, որ Կազանում եղել է սա, Քի Վեսթում սա, ոչ մի հարց չէր ծագի, բայց ինչքան մարդ, այնքան մեկնաբանություն, դրա համար ծագում են հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն»։
Քանի որ գործընթացը բավականին բարդ է, հնարավո՞ր է, որ մի պահի Նիկոլ Փաշինյանը հակամարտության հետ կապված ինչ—որ հարցերով (տեղեկատվություն ստանալու եւն) դիմի Սերժ Սարգսյանին։ Փաշինյանը նկատեց, որ եթե որեւէ պահի ծագի անհրաժեշտությունը, ապա ինքը որեւէ բարդություն չի տեսնում դիմելու թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին եւ թե՛ Լեւոն Տեր—Պետրոսյանին։ Եթե անհրաժեշտություն ծագի բոլորին միասին հրավիրելու եւ հարցնելու, դա էլ կանի։ Բայց մինչ այս պահը չի ծագել անհրաժեշտություն։

Մոլորվածին՝ մոլորվածի եւ ո՛չ մարդասպանի հետ

Հայկական կողմը պատրաստ է իր տարածքում մոլորված ադրբեջանցիներին փոխանակել Ադրբեջանի տարածքում մոլորված հայերի հետ։ Սա Նիկոլ Փաշինյանը հստակ ասաց։ Միաժամանակ հստակեցրեց նաեւ, որ այդ փոխանակումը չի կարող տեղի ունենալ այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացնում։ «Մենք պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ։ Հիմա մենք ունենք իրենց մոտ մոլորված քաղաքացու՝ նրանց վարկածով դիվերսանտ, որին 20 տարվա ազատազրկման դատապարտեցին։ Հիմա քաղաքացի է անցել իրենց կողմից, քննություն կլինի, կպարզվի դիվերսա՞նտ է, թե՞ մոլորված քաղաքացի։ Ում գործողության հետեւանքով մարդ չի սպանվել կամ տուժել, մենք պատրաստ ենք քննարկել նրանց փոխանակման հարցը»,–նշեց վարչապետը։ Եվ կտրուկ շեշտադրեց՝ էական տարբերություն կա ուղղակի մոլորված քաղաքացու ու մարդասպանի միջեւ ու եթե մարդու ենք փոխանակում, ապա պետք է հաշվի առնենք նրա կողմից սպանվածի հարազատների կարծիքը։
Վարչապետը հիշեցրեց, որ նախկինում գոյություն է ունեցել պրակտիկա, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղը պարտավորվել են սահմանն անցած մոլորված մարդկանց մեկ շաբաթվա ընթացքում վերադարձնել։ Եվ այդ պրակտիկան միշտ է իրականացվել։ «Դա չի արվել այն ժամանակ, երբ տեղի է ունեցել այն հայտնի դեպքը, երբ զինված ադրբեջանցիները մտել էին մեր տարածք ու սպանություններ իրականացրել։ Չի կարելի սպանության համար մեղադրվող անձանց ուղղակի փոխանակել մոլորված քաղաքացու հետ»,–թեման փակեց Փաշինյանը։

Ուզում է հարազատ եղբորինս լինի

Ներհայաստանյան թեմաները, բնականաբար, նույնպես չշրջանցվեցին ասուլիսում։ Ու հասկանալի է, որ հարց կհնչեր, թե ինչու օպերայի տարածքի սրճարաններից ապամոնտաժվեց, ասենք, Սերժ Սարգսյանի փեսային պատկանողը, բայց մնաց Սամվել Ալեքսանյանինը։
«Եթե այդ սրճարաններից որեւէ մեկն իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվի,–սա Փաշինյանն ասաց նախ իբրեւ իր հստակ դիրքորոշում։ Ապա հավելեց.–Ինչպես դատարանների դեպքում, այնպես էլ այս դեպքում, այնպես չէ, որ ինձ քարտեզ են բերում, ես խաչ եմ քաշում սրճարանների վրա։ Որքանով տեղյակ եմ, իրավական ձեւակերպումների խնդիր է։ Մի մասի դեպքում, երբ պայմանագրերով քաղաքապետարանը հնարավորություն է ունեցել լուծելու պայմանագիրը, լուծել է, երբ կան որոշակի այլ ձեւակերպումներ, դիմել է դատարան։ Բոլոր այն դեպքերում, երբ կլինի իրական հնարավորություն՝ գործընթաց սկսելու, տարածքը ազատելու, համապատասխան որոշումներ կկայացնենք»։
Վերջում էլ կրկին կոչ արեց հավատալ, որ տվյալ սրճարանների ապամոնտաժումը սեփականատերերի անձով պայմանավորված չէ։ Ու բացի այդ՝ «բոլոր հարցերով վարչապետը չի զբաղվում, այս խնդիրը Երեւանի քաղաքապետի տիրույթում է»։ Այդտեղ քաղաքական ենթատեքստ էլ չի տեսնում։ Իսկ հենց տեսնի, որ նման ենթատեքստ կա, իր ազդեցության հնարավորությունները կօգտագործի։
Իսկ ինչո՞ւ հենց օպերայի տարածքը։ Ի պատասխան համառոտեց. «Մենք նորմա՞լ ենք համարում օպերայի տարաքում 90 հազարով տարածքներ վարձելը։ Ինչո՞ւ չեն մտածում՝ դրա օբյեկտիվ գինն ինչքան է, քանի տարի օգտագործել են, թող գումարը վերադարձնեն պետական բյուջե։ Ինձ համար կապ չունի՝ որ զբոսայգին է։ Բոլոր այն դեպքերում, երբ քաղաքապետարանը կունենա իրավական հիմք տարածքը վերադարձնելու քաղաքացիներին, կանի»։
Ի դեպ, համապատկերում էլ տեղեկացրեց, որ իրենք ունեին մի շարք ներդրումային առաջարկներ՝ կապված Դալմայի այգիների հետ. «Երբ տեսա, որ հետաքրքրություններ կան ներդրումային ծրագրերի, գրություն գրեցի Երեւանի քաղաքապետին ու բնապահպանության նախարարին, որ այդ տարածքներում պետք է բացառել շինարարությունը»։
Ու որպեսզի խնդրո առարկայի շուրջ իր դիրքորոշումը պարզ դառնա, ամփոփեց. «Բոլոր հնարավոր տեղերում կանաչ տարածքները պետք է վերականգնվեն»։

Կառավարման համակարգը փոխելու կարիք չկա

Սահմանադրական փոփոխությունների շուրջ որոշակի քննարկումներից նույնպես խոսեց վարչապետը։ Մասնավորապես այն տեսակետներից, թե պետք է փոխել կառավարման համակարգը. «Գիտեմ, որ կան քննարկումներ, որ խորհրդարանական կառավարման համակարգը վերադարձնենք նախագահականի։ Ես այն կարծիքին չեմ, որ մենք նման անհրաժեշտության առաջ ենք կանգնած։ Պետք է հասկանանք՝ այս համակարգն իրենից ինչ էր ներկայացնում, հետո էլ հետեւություններ անենք։ Մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ դրա վերաբերյալ չունենք կոնկրետ փաստարկներ»։
Գործադիր իշխանության ղեկավարն ասաց, որ ավելի շատ տնտեսական հեղափոխության վրա պետք է կենտրոնանաք, քան՝ սահմանադրական փոփոխությունների։

Տնտեսականն էլ՝ քաղաքականի պես

Ըստ դրա էլ հարց հնչեց. ի՞նչ պետք է անի քաղաքացին տնտեսական հեղափոխությանը մասնակցելու համար, բացի ՀԴՄ կտրոն պահանջելուց։ Վարչապետի կարծիքով, ամեն ինչ շատ պարզ է. «Այնպես, ինչպես քաղաքացին մասնակցեց քաղաքական հեղափոխությանը, նույնպես էլ տնտեսական հեղափոխությանը պետք է մասնակցի։ Մենք մեզնից կախված ամեն ինչ արեցինք, որ Հայաստանում լինեն քաղաքական փոփոխություններ, բայց միայն մեզնով չեղավ չէ՞։ Մենք հարթակ ստեղծեցինք, որ մարդիկ կամքը արտահայտեն։ Մարդուց ակնկալում էինք քաղաքական ակտիվություն։ Նույնն էլ տնտեսական հեղափոխության պարագայում է։ Հիմա էլ ակնկալում ենք տնտեսական ակտիվություն»։
Իսկ եթե ավելի պարզ, ապա, վարչապետի խոսքերով, իրենք պետք է ստեղծեն միջավայր, հարթակ, պայմաններ ու քաջալերեն մարդկանց։ Փաշինյանը նշույլ անգամ չի կասկածում, որ «մարդիկ իրենց քայլը կանեն, ու տնտեսական հեղափոխությունը կհաղթի»։
Վարչապետը վստահ է, որովհետեւ, նրա իսկ խոսքերով, իրենք դրա համար ամեն ինչ անում են։ Այնպես են անում, որ վարկային տոկոսադրույքներն իջնեն, դառնան ավելի հասանելի. «Մարդկանց քաջալերում ենք, որ իրենք իրենց համար տնտեսական գործունեություն ծավալեն։ Ռանչպար գյուղում ես տեսա բազմաթիվ չմշակվող հողեր։ Մարդիկ պետք է հնարավորություն ունենան արժանապատիվ գնով հանձնելու բերքը մթերող ընկերություններին։ ՏՏ ոլորտում 3000—4000 թափուր աշխատատեղ կա։ Մարդիկ պետք է լրացնեն թափուր տեղերը, աշխատավարձերը շատ բարձր են։ Մենք մինի բիզնեսի շեմ ենք սահմանում, որ ազատենք հարկերից»։
Եվ, ի դեպ, ՀԴՄ կտրոն պահանջելն էլ կարծես ինչ—որ բան փոխել է. համենայնդեպս, ըստ վարչապետի, մայիսից այս կողմ մոտ 65 մլն հատ ՀԴՄ ավելի է տպվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։
Հարց է ծագում. պարգեւատրումների այս ֆոնին քաղաքացին կհավատա՞ տնտեսական հեղափոխությանը, կամ՝ սոցիալական իրավիճակը բարելավելու ի՞նչ քայլեր են արվել, կամ՝ իրականությունը փորձ արվե՞լ է պարզելու սոցհարցումների միջոցով։ Փաշինյանը նախ ասաց, որ երբ մաքսային տեսուչը ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, մենք այստեղ պրոբլեմ ունենք. միլիոնավոր դոլարների ապրանք բաց թողնող պաշտոնյան ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ պետությունը բարձր որակի ծառայություններ մատուցի, բարձր որակի ծառայություններ մատուցելու համար էլ պետք են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, պետական համակարգ նման մասնագետներ բերելու համար պետք է վարձատրության հետ կապված լուծումներ ունենանք։ Ու, իր իսկ խոսքերով, սա չի արվում մաքսային տեսուչի կամ աշխատողի համար, սա արվում է ընդհուպ թոշակառուի համար, որ նա ստանա իր թոշակը։ Որպեսզի թոշակը բարձրանա, պետք է մաքսավորն արդյունավետ աշխատի, պետական եկամուտները պետք է մեծանան, որպեսզի այդ եկամուտներից կարողանանք վճարել բոլորին, բանակի կարիքներն էլ հոգանք եւ այլն։
Գանք սոցհարցումներին։ «Այդ սոցհարցումները իրականությանը չեն համապատասխանում եւ իրականությունն այլ է։ Սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի վիճակին։ Ես հաճախ մարդկանց մեջ եմ, ակտիվ շփվում եմ նրանց հետ։ Մարդիկ կան, ասում են՝ հեսա տեսեք ինչ է լինելու, շրջանառում են թեժ աշնան, թեժ գարնան, ձմռան ցիկլը։ Ոչ մի բան էլ չի լինելու, նախկին քաղաքական էլիտան պետք է հասկանա՝ իրենց գնացքը վաղուց անցել է եւ եթե իրենց գնացքի հետեւից փորձեն «Ֆերարիով» էլ հասնել, չեն կարող։ Իրենք մեկ ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել եւ ժողովրդից ներողություն խնդրել, ուրիշ անելիք իրենք ՀՀ—ում չունեն՝ չնայած իրենց բոլոր ցանկություններին վարելու քաղաքական, հասարակական գործունեություն։ Միլիոնավոր դոլարներ այսօր ծախսվում են կառավարության դեմ սեւ հակաքարոզչություն անելու համար, ու կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, որովհետեւ մեզ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, այդ շրջանակները պետք է հասկանան՝ իրենք ՀՀ—ում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, իրենք Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող, ուզում է միլիոն ծախսեն, ուզում է միլիարդ ծախսեն»,–հայտնեց վարչապետը։
Ու այնպես չէ, որ քայլեր չեն ձեռնարկել սոցվիճակը բարելավելու համար։ Ըստ Փաշինյանի՝ ճիշտ հակառակը։ 85 հազար մարդու սոցիալական նպաստներն ու թոշակները բարձրացրել են, 200 հազար մարդու աշխատավարձեր բարձրացրել են, հիպոթեքային վարկավորման հարյուր տոկոս աճ է տեղի ունեցել։
Գո՞հ են այդպիսով։ «Իհարկե, այնքան չի բարելավվել ժողովրդի սոցիալական վիճակը, որ մենք գոհ լինենք դրանից,–ասաց նա,–բայց ես կասկած չունեմ, որ ՀՀ—ում տնտեսական հեղափոխությունը սկսել է եւ այն հաջողելու է։ Հայաստանը լինելու է ժողովրդավարական, աշխատանքի, տեխնոլոգիաների երկիր։ Սոցիալական վիճակը փոխելու հաջորդ կարեւոր բաղադրիչը կրթականն է, մենք մեծ ծավալներով աշխատում ենք, որ կրթական բարեփոխումներ անցկացնենք»։

Գույքի բռնագանձումը՝ միջազգային պարտավորություն

Որ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելը Հայաստանի միջազգային վարկանիշին չի վնասի, վարչապետը վստահ է, քանզի այդ մեխանիզմը ներդնելը միջազգային պարտավորություն է, եւ այդ պարտավորությունն արձանագրված է ՄԱԿ—ի եւ եվրոպական որոշ կառույցների Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի վճիռներ, որտեղ հստակ ձեւակերպել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմի մասին իր կարծիքը ու արձանագրել է, որ դա լիարժեքորեն համապատասխանում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Այստեղ այդ մեխանիզմի համապատասխանության հետ կապված որեւէ հարց չի կարող լինել, դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, ՄԻԵԴ—ի մակարդակով ճանաչված գործիք է, որը կարող է կիրառվել»,–ահա վարչապետի տեսակետը։ Նրա խոսքով՝ անգամ փաստաթղթեր կան, որտեղ դեռ 2015թ. են Հայաստանի միջազգային գործընկերները «ռեկոմենդացիա» արել, որ այդ մեխանիզմը Հայաստանում ներդրվի։
Բայց խնդրո առարկայի հետ կապված լուրջ հակափաստարկներ էլ են հնչում։ Վարչապետը նշեց, որ նույնիսկ հիմա «պետական որոշ մարմիններ կան, որ իբր ինչ—որ փաստարկներով ուզում են այդ գործողություններն արգելակել», եւ ձեւակերպեց իր կարծիքը. «Դրանք այն մարդիկ են, որոնք հազարապետների, հարյուրապետների մեխանիզմով հայտնվել են պետական կառավարման համակարգում եւ հիմա կոռուպցիայի լոբբինգն են անում ներսից։ Մենք պետք է զգուշացնենք նրանց եւ եթե տեսնենք, որ հետեւություն չեն անում, պետք է ասենք՝ ցտեսություն, գնացեք ձեր գործին»։
Վարչապետը նաեւ ասաց, թե ինչու են ուզում անպայման ներդնել այդ մեխանիզմը։ «Մենք այդ մեխանիզմը պետք է ներդնենք, որովհետեւ մեր հանրությունը մեզնից դժգոհ է՝ գողացածը վերադարձնելու գործում այդքան էլ մեծ ծավալներով ու արդյունավետությամբ չենք գործում, որովհետեւ եթե գործող մեխանիզմներով գնանք, կարող է տասնյակ տարիներ տեւի»,–նշեց վարչապետը՝ պարզաբանելով, որ դա ոչ թե քրեական պատասխանատվություն է, այլ քաղաքացիական դատավարության շրջանակներում իրականացվող գործառույթ է, որ մարդը պետք է ապացուցի, որ իր ձեռք բերած գույքն օրինական է։ Իսկ քննադատներն էլ մտահոգված են ոչ թե ներդրումներով, այլ՝ «դաչաներով», «Հյուսիսային պողոտայի իրար վրա դրած երեք հարկերով», «հեկտարներով հողատարածքներով» եւ այլն։

Կոռուպցիայի դեմ պայքարում՝ ոչ մի սահմանափակում

Հայաստանում պետք է լինի հնարավորինս գործունակ, ուժեղ հակակոռուպցիոն մարմին։ Սա Նիկոլ Փաշինյանի տեսակետն է։ «Կոռուպցիայի դեմ պայքարում ինձ համար որեւէ սահմանափակում չկա,–ասաց նա,–բայց հարցը, որ անընդհատ քննարկվում է, հետեւյալն է՝ մենք պետք է այդտեղ լավ մտածված լուծումների գնանք, որպեսզի պետության մեջ պետություն չստեղծենք, այսինքն՝ իշխանության հավասարակշռության սկզբունքը չխախտենք»։
Ճիշտ լուծումներ գտնելու համար այս պահին տարբեր երկրների փորձ է ուսումնասիրվում։ Երկրներ կան, որոնք ընդհուպ մինչեւ հակակոռուպցիոն դատարան ունեն։ Կառավարության ծրագրում գրված է՝ հակակոռուպցիոն մարմին պետք է ստեղծվի։ Իսկ թե ինչպիսի մարմին, գրված չէ, քանզի դրա հետ կապված «հսկայական բանավեճ» կա։
Նիկոլ Փաշինյանն իբրեւ ամփոփում շեշտեց, թե շարունակելու է կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը, թե կառավարությունը ոչ մի ոլորտում չի ձախողել, թե կաշկանդված չէ եւ կարող է պաշտոնից հեռացնել ձախողվածներին եւ թե իրենց հասցեին հնչող քննադատությունն էլ օգտագործում են որպես դաս՝ աշխատանքի որակը բարձրացնելու նպատակով։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

20-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO