Յոթնաղբյուրի վերածնունդը
Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրը՝ թարմացած տեսքով
Հանրապետության հրապարակում գործող «Յոթնաղբյուր» (յոթ ցայտ) կոչվող (այն նաեւ կոչվում է «Կաթնաղբյուր») քաղաքի գլխավոր ցայտաղբյուրի մեջ դրա հեղինակ Սպարտակ Գնդեղցյանը որոշակի խորհուրդ է դրել։ Եթե յոթը աստվածների թիվ է, ապա «Կաթնաղբյուրը»՝ մեր էպոսից եկող գերբնական ուժի խորհրդանիշ։ Երեւանի գլխավոր ցայտաղբյուրը վերականգնումից հետո երեկ նորովի ներկայացավ երեւանցիներին եւ քաղաքի հյուրերին։ «Փորձել եմ վերականգնման դրական իմաստի մեջ ներառել կաթնաղբյուրի հասկացությունը, որպեսզի ջրի ամեն մի ցայտը խմողին լիցքավորի բարությամբ ու սիրով»,–ասում է վերականգնման հեղինակ, ոսկերիչ–դիզայներ Նուռը։ Երկար տարիների շահագործումից հետո «Յոթնաղբյուր» ցայտաղբյուրը կորցրել էր նախկին հրապուրանքը։ Իսկ տարիներ առաջ ենթարկվել էր գունավոր մետաղներ «որսացողների» գրոհին։ Ոսկերիչ–դիզայներ Նուռի ձեռքով վերականգնվել են ցայտաղբյուրի բոլոր յոթ ծայրակալները։ Բարձրաճաշակ, ոսկեգույն ծայրակալները նոր տեսք են հաղորդել հին կոթողին։ Մի գործոն, որ ավելի հաճելի է դարձնում երեւանյան սառը ջրի վայելումը։ Իսկ Կենտրոն թաղապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Էլեոնորա Թումանյանի գնահատմամբ՝ «Յոթնաղբյուրը» ծանոթ ընկերոջ նման մեզ հիշեցնում է մեր մանկությունը, երիտասարդությունը»։ Մի բան էլ կա՝ «որքան էլ արժեքավոր են ժամանակակից կառույցները, սակայն առավել արժեքավոր է երեւանյան սյուժեով ու կոլորիտով կառույց–շինությունների վերադարձը»։ Նախաձեռնության հեղինակը «Երեւան» ամսագրի խմբագրակազմն է, որին աջակցել են մի քանի տնտեսավարող ընկերություններ, Երեւանի քաղաքապետարանը եւ Կենտրոն թաղապետարանը։ «Մեր ամսագրի անվանումը մեզ պարտավորեցնում է ինչ–որ լավ բան անել քաղաքի համար, եւ մենք հաճախ ենք նման ձեռնարկումներ իրականացնում։ «Յոթնաղբյուր» ցայտաղբյուրի վերականգնումը դրանցից մեկն է։ Ցանկալի է, որ այս օրինակը վարակիչ լինի, եւ հանրային ձեռնարկումների շնորհիվ վերականգնվեն, նորմալ տեսքի բերվեն նաեւ քաղաքի մյուս ցայտաղբյուրները»,–ասում է «Երեւան» ամսագրի գլխավոր խմբագիր Իդա Մարտիրոսյանը։ Երեւանում ցայտաղբյուրները բավականին հին պատմություն ունեն։ Դրանք քաղաքի փողոցներում եւ բակերում հայտնվել են անցյալ դարի 20–ական թվականներից սկսած։ Ժամանակի ընթացքում ցայտաղբյուրները (երեւանցիների լեզվով՝ պուլպուլակները) դարձել են ժամադրությունների, հանդիպումների վայրի նշանակիրներ, ինչով ձեւավորվել է երեւանյան ինքնատիպ երեւույթներից մեկը։ Հետագա տարիներին դրանց լիարժեք չգործելը պատճառ է դարձել, որ աղոտանա գեղեցիկ ավանդույթը։ Կվերականգնվե՞ն երեւանյան «պուլպուլակները»։ Այս ակցիան կդառնա՞ այդպիսի գործընթացի սկիզբ։ Դժվար է ասել։ Մինչդեռ շատ ցանկալի է, որ Երեւանի շոգ փողոցներով քայլող մարդիկ վերադարձնեն մի կում սառնորակ ջուր վայելելու երբեմնի հնարավորությունը՝ ի հեճուկս տարատեսակ հյութեր եւ կասկածելի ըմպելիքներ վաճառողների, ովքեր նույնպես իրենց բաժին մեղքն ունեն երեւանյան պուլպուլակների վերացման (խիստ քչացման) գործում։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ 03-05-2008
|