Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հիշատակի պատը

Յակոբ Կյունցլեր. զոհաբերումն աջի

1923 թվականին Բեյրութի հիվանդանոցներից մեկում անդամահատեցին Յակոբ Կյունցլերի աջ ձեռքը։ Հիվանդ, որբ մի հայ աղջնակի խնամելիս անտեսանելի բացիլը ներթափանցել էր ձեռքի աննշմար քերծվածքի միջով, առաջացրել փտախտ, ստեղծել արյան վարակի սպառնալիք։ Կյունցլերը ընդամենը հիվանդապահ էր, բայց վիթխարի կենսափորձով գիտեր անհամեմատ ավելին, քան ցանկացած բժիշկ։ Եվ առաջինն ինքն է կայացնում աջը կտրելու որոշում. ձեռքը զոհաբերում է հանուն կյանքի. կյանքը փրկում է հանուն գործի։
Այդպես, միձեռքանի, դարձյալ, տարիներ ու տարիներ շարունակ, կատարում է այն, ինչին կոչված էր. օգնում է, խնամում, նեցուկ լինում, ամոքում։
Կյունցլերի կյանքում կան եւս մի քանի խորհրդանշական փաստեր, որ խոսում են բնատուր վեհանձնության ու փորձությամբ շաղախված նախախնամությունն ուղեկից ունենալու մասին։ Վեց տարեկանում մահանում է նրա հայրը։ Հազիվ տասնմեկ տարեկան՝ մահանում է նաեւ մայրը։ Ահա Կյունցլերը, որբության մեջ մեծանալով, այդ դառը բաժակը ճաշակելով՝ դառնում է որբերի ծառա, օգնական ու խնամակալ։ Սրան նախորդում է հոգեւոր պայծառացում. նրան այցելում է մի տեսիլք եւ խորհուրդ տալիս դառնալ միսիոներ։ Կյունցլերը ենթարկվում է տեսիլքի ձայնին, դիմում միսիոներական ընկերություն։ Սակայն բժշկական հետազոտությունը ցույց է տալիս, որ նա ֆիզիկապես տկար է, չի կարող դիմանալ միսիոներական աշխատանքի ծանրությանը։ Նրան մերժում են։ Սակայն պայծառացման պահը մարդուն չի տրվում նրա համար, որ ի չիք դառնա ինչ—որ բժշկական հանձնաժողովի կողմից։ Կյունցլերը չի հուսահատվում, ատաղձագործությամբ իր հանապազօրյա հացը վաստակելով՝ զուգահեռաբար ուսանում է միսիոներական հատուկ հիվանդապահ վարժարանում, ավարտում այն, ստանում հիվանդապահի մասնագիտություն եւ մինչ իր կյանքի բուն գործին անցնելը՝ վեց տարի աշխատում Բազելի հիվանդանոցներից մեկում։
Այդ տարիներին՝ 1898 թվականին, ձեռքն է ընկնում «Մթամած գետի ափերը» գիրքը, ուր հեղինակը նկարագրում է հայկական ջարդերն ու հայ ժողովրդի վիճակը Թուրքիայում («մթամած» գետը Եփրատն է)։ Սա վերջնականապես որոշում է Կյունցլերի ուղին։ Նա կապ է ստեղծում Յոհաննես Լեփսիուսի հետ եւ մեկնում Ուրֆա՝ գերմանա—արեւելյան առաքելության հիվանդանոցում աշխատելու։
Այդ աշխատանքը, այլեւայլ փոփոխություններով, շարունակվում է ավելի քան քառասուն տարի, մինչեւ կյանքի վերջ։ Կյունցլերի գործունեությունը չի սահմանափակվում միայն հիվանդապահությամբ եւ Ուրֆայով։ Նա ականատես է լինում հայության ողջ տառապանքներին, հերոսական դիմադրությանն ու զանգվածային սպանդների։ Եվ օգնում է ինչով կարողանում է, կոտորածների ժամանակ ապաստան տալիս փախստականներին, զբաղվում որբահավաքությամբ, հակամարտության մեջ մտնում տեղի իշխանությունների հետ, իսկ պատերազմի ավարտից հետո կազմակերպում հայ որբերի տեղափոխումը Սիրիա ու Լիբանան։ Սա ահռելի, տիտանական ու ծանրագույն աշխատանք էր, որը պսակվում է հաջողությամբ. փրկվում է շուրջ ութ հազար որբի կյանք։ Եվ այդ ողջ ընթացքում Կյունցլերին սատարում է նրա հավատարիմ կողակիցը՝ տիկին Կյունցլերը։ Հայերը նրանց անվանում էին «պապա» եւ «մամա»՝ «հայրիկ» եւ «մայրիկ» …
Առաջին աշխարհամարտից հետո Կյունցլերն իր գործունեությունը շարունակում է Սիրիայում եւ Լիբանանում։ Անթվարկելի է այն ամենը, ինչ կատարել է նա այդ տարիներին, այդ վայրերում՝ ի նպաստ հայությանը։ Հիմնել է կացարաններ, աշխատատեղեր, վարժարան։ Նրա հիմնած գորգագործարանում հյուսված գորգը որպես ընծա ուղարկվել է ԱՄՆ–ի նախագահին։ Կառուցած տներում հանգրվան են գտել անօթեւան բազում ընտանիքներ։ Իսկ հիվանդներին օգնելու համար նա դիմել է նույնիսկ անհավանական ու ֆանտաստիկ քայլերի. գետակներում ու լճակներում բազմացրել է ձկան մի տեսակ, որը սնվում էր մալարիայի հարուցիչի ձվերով. այդպես փորձել է պայքարել վարակի դեմ։ Նրա կյանքի ամենահուզիչ դրվագներից մեկը կապված է կույրերի հետ։ Այդ վայրերում շատ էին վարակիչ հիվանդությունները, եւ դրանց մեջ այնպիսիք, որոնք ազդում էին տեսողության վրա, կուրացնում։ Եվ շատ էին կույրերը։ Կյունցլերը մեկն էր նրանցից, ովքեր կացարաններ ու աշխատատեղեր ստեղծեցին կույրերի համար, օգնեցին, որ նրանք քիչ թե շատ վաստակեն իրենց հանապազօրյա հացն ու ի հեճուկս ճակատագրի՝ մի քիչ մարդ զգան իրենց։
Մեծ, շատ մեծ սիրտ պետք է ունենա մարդ, որպեսզի կարողանա անտեսել իր անձնական ցավն ու նեցուկ կանգնել այլոց։ Բայց ամենամեծ սիրտն անգամ չի կարող առանց նյութական միջոցների կյանքի կոչել իր ներքին մղումը։ Այստեղ էլ Կյունցլերը դիմում է ֆանտաստիկ ջանքերի. մեկնում է Ամերիկա ու Եվրոպա, հանգանակություն ու նվիրատվություն կազմակերպում։ Կյունցլերին երբեմն դիմավորում են որպես մուրացկանի, նա հաճախ է բախվում փարիսեցիության ու կեղծավորության երկփեղկ դռներին։ Բայց շարունակում է իր գործը. հեզ ու համառ, ինչպիսին կարող է լինել պայծառացմամբ առաջնորդվող առաքյալը միայն, նվիյալը, որ ի սեր գործի զոհաբերել է իր աջը։
Եվ մի ձեռքին ապավինած՝ ոչ միայն արել է գործ, որին հասու չեն բազում երկձեռանիներ ու երկոտանիներ, այլեւ գրի է առել ապրածն ու տեսածը, եղել վկայողն ու գեղագիրն իր ապրած կյանքի, թողել ավելի քան հարյուր հոդված, աշխատություն, գրական ստեղծագործություն, որոնք պատմում են այն հեռավոր, զարհուրելի ժամանակների, մարդկային դաժանության ու մեծագործության, անագորույն մահերի ու անպարտ կենսունակության մասին։
Յակոբ Կյունցլեր անունը կրող մարդը ապրել է յոթանասունութ տարի։ Նրա գերեզմանը Բեյրութում է։ Հայր Կյունցլերը արժանացել է անմահության։ Անմահության վկայագիրը Երեւանում է, հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշատակի պատում։ Վկայագիրն այդ քարագիր է ու հաղթանակած ժամանակների փորձությանը։ Նրա անունը կհիշվի այնքան, քանի դեռ կա հայ ժողովուրդը, քանի դեռ կա նրա մասնատուփը, քանի դեռ մարդ արարածի մեջ շարունակում է ապրել երախտագիտության ոգին եւ քանի դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ են զոհաբերվել հանուն այլոց։

Վկայարան

Հատվածներ Յակոբ Կյունցլերի «Երեսուն տարի ծառայություն Արեւելքի մեջ» եւ «Արյունի եւ արցունքի երկրին մեջ» գրքերից

Օր մը, Պետրոս անունով սպասավորիս հետ միասին, ձիով ճանապարհորդություն կկատարեի վայր մը, որ Ուրֆայի արեւելյան կողմը կգտնվեր։ Ութ ժամվա ճամփա ունեի կտրելիք։ Հայկական գյուղ մը կհասնիմ, որ իրապես «գյուղ» մը չէր, այլ ավելի շատ աղբակույտ մը։ Զիս կհյուրասիրե իր բնակարանին մեջ տարեց մարդ մը, որ գյուղին պետն ըլլալու էր։ Կավե շինված իրենց խեղճուկ խրճիթներեն դուրս սողալով, եկան՝ շուրջս ժողվեցան այրեր ու կանայք։ Եվ սկսան շարականներ երգել, ապա եւ աղոթել։ Ջերմագին շունչ մը կար անոնց երգին ու աղոթքին մեջ։ Եվ քանի, քանի անգամ անոնք ծունկի կուգային ու գետինը կհամբուրեին։ Ատկե ես հուզվեցա ու նաեւ հպարտանք մը զգացի, որ ասանք ժողովրդի համար գործել որոշած էի։ Եվ ես այն օրն ըսի ինքս ինձի. «Տերը քեզի առաջնորդած է ժողովուրդ մը, որ հակառակ բոլոր վտանգներու եւ թշվառության՝ հավատարմորեն կառչած կմնա իր Աստուծոյ ու Տիրոջ։ Նույն այս ժողովուրդն էր, չէ՞, որ տարի մը առաջ ջարդվել էր սարսափելիորեն։ Գյուղեր էին բնաջնջվեր եւ տասնյակ հազարներով մարդիկ կոտորվեր։ Բայց ահավասիկ ժողովուրդն առաջվա պես անսասան հավատքով առ Աստված կհուսա ու նորեն կհուսա, թե ավելի լավ օրեր պիտի տեսնե ու ավելի երջանիկ ըլլա։ Ասանկ ժողովրդի մը քով ղրկել է Աստված քեզի, որպեսզի դուն անոր վերքերը կապես, անոր հարազատ եղբայրն ըլլաս»։
Ես վճռեցի ծառայել այդ ժողովրդին, իբրեւ հարազատ եղբոր։ Այն օրվանեն ասդին պահած եմ իմ մեջ այն խորունկ հավատքը, թե հայ ժողովուրդը վերջնականապես կործանելու ձգտող բոլոր բարբարոս ծրագիրները երբեք, երբեք պիտի չհաջողին։
Արդ, քառասունեւութ տարի է կծառայեմ այդ աննման ժողովրդին։

Դերվիշը

Ուրֆայի մայր եկեղեցին լեցուն էր փախստականներով, որ ապաստաներ էին անոր կամարներուն տակ։
Ջարդը դադրեր էր քաղաքի փողոցներուն մեջ։
Դերվիշ մը կուգա մայր եկեղեցին։ Երկար մորուք մը ուներ անիկա ու գլուխը կապեր էր կանաչ փաթթոց մը։ Թուրք զինվորներ կուղեկցեին զինք մինչեւ տաճարին դուռը։
«Ալլահը ինձի երազիս մեջ պատվիրեց,— կհայտարարե դերվիշը,— որ գամ հոս ու հարյուր հայ մանուկ զոհեմ»։
Ան իր հետ բերած էր սուր դանակներ։ Երիտասարդ, հուժկու թուրքեր կընկերանային իրեն։
Կմտնե եկեղեցիեն ներս ու հանդիսավորապես կքայլե դեպի բեմը ու առջեւը կեցած կաղոթե, որ Ալլահը ուժ հաղորդե իր բազուկներուն։ Եվ աղոթքե վերջ կսկսի գործը, որ այնքան հաճո պիտի ըլլար Ալլահին։
Դերվիշին ընկերակցող թուրք երիտասարդները եկեղեցիի մեջ խռնված մայրերու գրկեն ծծկերները կհանեին դուրս ու մեկիկ մեկիկ կուտային անոր ձեռքը։ «Բիսմիլլահ ռահման էլ—ռահիմ» բացականչելով, դերվիշը կառներ ծծկերը, որ արու ըլլալու էր անպայման, կդներ բեմին վրա ու ապա հանդիսավորապես անոր կոկորդը կկտրեր։ Քովը կեցած թուրք մը համրանքը կպահեր, որպեսզի դերվիշը իմանար, թե երբ պիտի լրանար հարյուր թիվը, զոր իրեն մատնանշեր էր Ալլահը երազին մեջ։ 70 … 80 … 90 … մեկիկ—մեկիկ կհամրեին մորթվող ծծկերները։ 91 … 93 … 99 … ու ճիշտ այն պահուն, երբ հարյուրերորդին կհասներ հերթը, դերվիշը կաթվածահար կըլլա։ Դուրս կհանեն զինք։ Ան հազիվ սա խոսքերը կթոթովե. «Ալլահն ինձմե ատկե ավելին չէր կրնար պահանջել»։

Թվական տվյալ մը

Գաղափար մը տված ըլլալու համար, թե Կյունցլերի շնորհիվ ինչ գումարներ են հասած Զվիցերիայեն՝ հօգուտ հայանպաստ ձեռնարկներու, հոս հիշատակենք հետեւյալը։
Բեյրութի վրանաքաղաքներուն մեջ, ինչպես եւ այլեւայլ գյուղերու մեջ, ի նպաստ հայերու Կյունցլերի ձեռքով 1933—1944 թթ, այսինքն՝ տասներկու տարվան ընթացքին, ծախսված է շուրջ 320.000 լիբանանյան ոսկի։ Միջին հաշվով տարեկան շուրջ 26.000 լիբանանյան ոսկի։ Այս ծախքերուն մեջ չեն այն ամսականները, որ կվճարվեին օգնության գործը ղեկավարող երկու զվիցերացիներու եւ ոչ ալ անոնց ըրած ճամփորդական ծախքերը։ Զվիցերացիք իրենց դրամը կստանային ուղղակի Հայասերներու միության Բազելի կենտրոնեն։
Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

24-04-2009





15-10-2019
Հայաստանը պետք է նպաստի մի շարք նախագծերում Վրաստանի ինտեգրմանը
Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ...


15-10-2019
Բարեկարգվել է մոտ 140 կմ ճանապարհահատված
Արցախի Քաշաթաղի շրջանում բնակչությանը հուզող հիմնական խնդիրներից է ճանապարհաշինությունը։ ...


15-10-2019
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԱՐԳ
Կանանց հագուստ

Դասական կոստյում

Ժամանակակից նորաձեւության կարգախոսն է կանացիության եւ ...


 
15-10-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ...


15-10-2019
Ֆինանսական վարձակալությամբ՝ նաեւ կաղնեփայտե տարաներ
Էկոնոմիկայի նախարարությունը լիզինգի ծրագրում լրացում է առաջարկում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




15-10-2019
Քննարկվել է պետական բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ քննարկվել է աշխատանքի ...


15-10-2019
Թուրքիան նախապատրաստվել էր հարձակման
Զենքի վաճառքի սահմանափակման մասին հայտարարությունները չեն զսպի Էրդողանի ...



15-10-2019
Աշխարհում տեսակով առաջին փառատոնը կկայանա Երեւանում
Ժամանելու են մեր օրերի լեգենդար ...

15-10-2019
Աշնան ամենաանուշ օրը
Բերքի ավանդական տոնն ...

15-10-2019
Սիրիայի բանակը պատրաստվում է դուրս մղել զավթիչներին
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



15-10-2019
Չյուրացված դասի հետեւանքը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO