|
Դատապարտյալից կաշառք վերցնելու փաստով ձերբակալվել է «Աբովյան» ՔԿՀ տեղամասի պետը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից 23 հազար 800 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով փետրվարի 4—ին՝ գումարը վերցնելուց հետո, բռնվել եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարինե Համբարձումյանը։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Աբովյան» ՔԿՀ—ի դատապարտյալը հաղորդել է, որ Կ.Համբարձումյանն իրենից պահանջել է նշված գումարը՝ 2009 թ. մայիսից «կիսաբաց» ռեժիմի կարգավիճակ տրամադրելու, ներկայումս կալանքից վաղաժամկետ ազատելու ու համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու համար։ Պարզվել է նաեւ, որ մեկշաբաթյա արձակուրդներ ստանալու համար 2008 թ. սեպտեմբերից մինչեւ 2009 թ. մայիսը դատապարտյալը Կ.Համբարձումյանին տվել է եւս 2 հազար 500 դոլարի կաշառք։
Նախօրեին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել նաեւ դատապարտյալի քույրը՝ նշելով, որ քրոջը մեկշաբաթյա արձակուրդ տրամադրելու համար 2008—ի սեպտեմբերին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետ Էդուարդ Հովհաննիսյանին տվել է 500, իսկ նույն տարվա նոյեմբերին տեղամասի պետ Կ.Համբարձումյանին՝ 1100 դոլար կաշառք։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։ 06-02-2010
|