|
Հայաստանը տուրիզմի ոլորտում ունեցել է 3 տոկոս աճ Մինչդեռ համաշխարհային այցելությունների 4 տոկոս անկում է արձանագրվել
2009թ. Հայաստան է այցելել 575281 զբոսաշրջիկ, որը 3 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, զբոսաշրջային համաշխարհային այցելությունների 4 տոկոս անկում է արձանագրվել, մինչդեռ մեր երկրում գրանցվել է որոշակի աճ։ Այցելությունները հիմնականում եղել են մասնավորապես Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ—ից եւ այլն։ Աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, եւ օրեցօր մեծանում է հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։ Ինչպես երեկ տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստան են ժամանում զբոսաշրջիկներ նույնիսկ լատինամերիկյան, սկանդինավյան եւ արեւելյան հեռավոր երկրներից։ Այս տարի մեծացել է Իրանից եւ Թուրքիայից ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Արտագնա տուրիզմը ավելացել է 2 տոկոսով։ Հայաստանից արտերկիր է մեկնել 526 հազար զբոսաշրջիկ։ Նրանց հոսքը հիմնականում եղել է ծովային երկրներ։ Ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել այս տարի՝ ապահովելու զբոսաշրջային այցելությունների մակարդակը։ «Պետք է մեր սահմանափակ միջոցները արդյունավետ օգտագործենք առավելագույն արդյունք ապահովելու համար։ Նախատեսվում է ճանաչողական այցեր կազմակերպել, այդ թվում՝ նաեւ փառատոններ ու տոնակատարություններ»,–նշեց զբոսաշրջության վարչության պետը։ Զարգացման ծրագրում ընդգրկված են նաեւ Ջերմուկի, Ծաղկաձորի եւ Տաթեւի զբոսաշրջային կենտրոնների զարգացման ծրագրերը։ Արդեն մշակվում է Տաթեւի զբոսաշրջային ծրագիրը, որը շուտով կներկայացվի կառավարության քննարկմանը։ Հաստատված հայեցակարգային նպատակների եւ խնդիրների շրջանակներում ներդրումային ծրագիր է իրականացվում Տաթեւում։ Արդեն հայտարարվել է մեկ այլ զբոսաշրջային կենտրոնի՝ Հյուսիսային դարպասի ծրագիրը Լոռու մարզում, որը մինչեւ մայիս ամիսը կներկայացվի կառավարության քննարկմանը։ Տարածաշրջանային զարգացման կարեւոր ուղղություններից է Հայաստանը զբոսաշրջային կենտրոն դարձնելը։ Տարածաշրջանային զբոսաշրջավայր դառնալուն նպաստելու են նաեւ այն պետական ծրագրերը, որոնցից է օրինակ՝ հյուսիս—հարավ մայրուղու կառուցման նախագիծը։ Բավականաչափ արդյունավետ է եղել Հայաստանը միջազգային շուկաներին ներկայացնելու գործառույթը։ Իսկ Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմը ցուցադրելու նպատակով այն ձեռք է բերել իսպանական մի հեռուստաընկերություն։ Այս տարի լեհական հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցիչը ֆիլմ է նկարահանել Հայաստանի մշակույթի եւ ավանդույթների վերաբերյալ։ Ըստ զբոսաշրջության վարչության պետի, օրեցօր Հայաստանը ավելի ներկայացված է դառնում միջազգային շուկային, եւ նա հուսով է, որ մոտ ապագայում Հայաստանը կդառնա զբոսաշրջային կենտրոն տարածաշրջանում։ Այժմ քննարկվում է նաեւ օրենքի այն տարբերակը, որը հնարավորություն կտա խաղատնային գործունեություն ծավալել նաեւ զբոսաշրջավայրերում, մասնավորապես՝ Ջերմուկում, Ծաղկաձրում, Սեւանում։ Նպատակ կա Ջերմուկը դարձնել ակտիվ հանգստի գոտի տարվա չորս եղանակներին, այն դարձնելով ձմեռային, առողջարանային, մշակութային գոտի, միջազգային եւ համահայկական երիտասարդական մանկապատանեկան ճամբարատեղի եւ այլն։ «Այս ամենին, բնականաբար, չպետք է խանգարի խաղատնային գործունեությունը, այլ ընդհակառակը՝ ինչ–որ առումով նպաստի զբոսաշրջիկների հոսքին։ Ուստի, պետք է չափանիշները այնպես սահմանվեն, որ հնարավոր լինի օգուտներ քաղել»,–հավելեց Մեխակ Ապրեսյանը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
06-02-2010
|