Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.09.2010
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կկիրառվի մեքենաների պարտադիր ապահովագրությունը

Օրենսդրական նախաձեռնությունը սոցիալական բնույթ ունի

ՀՀ—ում այսօր 400 հազարից ավելի ավտոտրանսպորտային միջոցներ են շահագործվում, տարեցտարի մեքենաների ներմուծումն ավելանում է։ Սա նաեւ խնդիրներ է առաջ բերում. ավելանում են պատահարները, եւ գույքային վնասից բացի նաեւ մարդկային զոհեր են լինում։ Քաղաքացիական օրենսգիրքը որոշակի խնդիրներ, իհարկե, կարգավորում է, բայց հաճախ անհարկի քաշքշուկներ են լինում, ու տուժողը ծանր դրության մեջ է հայտնվում։ Ինչպես շտկել առկա իրավիճակը։
Ներկայումս ԱԺ—ում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում է, որ այսուհետեւ մեր երկրում կկիրառվի մեքենաների պարտադիր ապահովագրությունը։ Երեկ այս թեմային «Փաստարկ» ակումբում անդրադարձավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Ինչպե՞ս է արվելու այդ ապահովագրությունը, վճարների ի՞նչ չափեր են գործելու, ռիսկային ի՞նչ գործոններ են սահմանված. այս եւ այլ հարցերի պատասխանում է օրինագիծը։
Նախ հստակեցնենք, որ սույն օրինագիծը կարգավորում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետեւանքով տուժած անձանց պատճառված վնասներից բխող ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի, ինչպես նաեւ օրինական հիմքերով դրանք տիրապետող այլ անձանց պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, սահմանում է այն ավտոտրանսպորտային միջոցների տեսակները, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը ենթակա է պարտադիր ապահովագրության եւ այն անձանց շրջանակը, ովքեր պարտավոր են ապահովագրել այդ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը։ Սահմանում է նաեւ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի ստեղծման, գործունեության կարգավորման եւ նրա նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ՝ երաշխավորման ֆոնդի եւ տեղեկատվական համակարգի ստեղծման ու օգտագործման կարգը եւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ։
Ըստ օրինագծի, պարտադիր ապահովագրման ենթակա է ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի։ Հատուցման ենթակա են միայն ՀՀ տարածքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների հետեւանքով առաջացած վնասները։ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ) իրականացնելու իրավունք ունեն ապահովագրություն իրականացնելու իրավունք ունեցող, բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները, որոնք յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ եւ բավարարում են օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված պահանջները։ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով։ ԱՊՊԱ պայմանագիրը կարող է միակողմանի դադարեցվել ապահովագրական ընկերության կողմից, եթե տվյալ պայմանագրի գործողության ընթացքում տեղի է ունեցել առնվազն երեք ապահովագրական պատահար, եւ դրանց համար վճարված ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը գերազանցում է 6 միլիոն դրամը։ ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարները պետք է լինեն հիմնավորված, ոչ խտրական եւ իրենց հաշվարկման հիմքում պետք է ներառեն ապահովագրական ընկերության կրած ծախսերի եւ ողջամիտ շահույթի հաշվարկը։ Բյուրոյի խորհուրդը՝ ելնելով ավտոտրանսպորտային միջոցների եւ դրանց սեփականատերերի կամ վարորդների վերաբերյալ տվյալներից եւ նրանց գործողությունների (անգործության) հետեւանքով տեղի ունեցած ապահովագրական պատահարների եւ (կամ) թույլ տրված խախտումների քանակից ու բնույթից (վարորդական պատմություն), սահմանում է Բոնուս—Մալուս համակարգ եւ դրա կիրառման կարգը։ Ի դեպ, Բոնուս—Մալուսը ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգ է, որի համար հիմք է ընդունվում վարորդական պատմությունը։
Անդրադառնանք ապահովագրական գումարներին եւ դրանց հատուցմանը։ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը չպետք է մեկ ապահովագրական պատահարի համար պակաս լինի՝ ա). անձնական վնասների համար՝ 4 մլն դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր տուժողի եւ 9 մլն դրամից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի, բ) գույքային վնասների համար՝ 2 մլն դրամից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի։ Իսկ այն դեպքում, երբ հատուցման ենթակա գույքային վնասներ են կրել մեկից ավելի անձինք եւ այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա այդ անձանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են նրանց պատճառված գույքային վնասների չափերին համամասնորեն։
Եթե մեկ պատահարի ընթացքում մեկից ավելի տուժածներ կան, ապա բոլորին տրված գումարը չի կարող գերազանցել 9 մլն դրամը։ Օրինագծում հաշվի առնվա՞ծ են առանձնահատուկ իրավիճակները, օրինակ՝ մեկ պատահարի ընթացքում դժբախտաբար մահացել են մի քանի հոգի, այս դեպքում գումարը դարձյալ 9 մլն դրամից ավելի չի՞ կարող լինել։ Հարցիս ի պատասխան՝ Գ. Մինասյանը նշեց, թե եթե ապահովագրական գումարի չափը չի բավարարում իրական վնասը, ապա տարբերությունը մուծում է վնաս պատճառողը։
Մանրամասներ ներկայացնենք տուժողին հասցված անձնական վնասի մասով։ Տուժողին պատճառված անձնական վնասներ են համարվում տուժողի առողջությանը պատճառված վնասները եւ դրանց հետեւանքով կորցրած աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարները (եկամուտները), ինչպես նաեւ տուժողի մահը։
Տուժողի առողջությանը պատճառված վնասների հետեւանքով առաջացած ծախսեր են համարվում տուժողին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, բժշկական կամ վերականգնողական հաստատություններ տեղափոխելու, բժշկական հաստատություններում պահելու, ախտորոշման, բուժման, առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, ինչպես նաեւ բժշկի ցուցումով դեղեր ձեռք բերելու, կողմնակի խնամքի, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, առողջարանային—կուրորտային բուժման, լրացուցիչ սննդի, տնային բուժման (ներառյալ բժշկական եւ վերականգնողական հաստատություններ այցելելու եւ վերադառնալու հետ կապված ծախսերը), պրոթեզավորման, տեխնիկական այլ միջոցների ձեռք բերման հետ կապված եւ օրենքով նախատեսված այլ ծախսեր։ Եթե տուժողը մեկնում է բուժման եւ ներկայացնում համապատասխան ծախսեր, ապա ապահովագրական համակարգը պարտավոր է լուծել նաեւ այս խնդիրը։ Ընդ որում, տուժողն իրավունք ունի բժշկական օգնություն ստանալ կամ առողջությունը վերականգնել ՀՀ տարածքից դուրս։ Եթե հիշյալ բյուրոյի կազմում ստեղծված հանձնաժողովը, որի անդամների առնվազն կեսը պետք է լինեն բժիշկներ, պնդի, թե տուժողների առողջությանը պատճառված այդ վնասի դեպքում առողջության վերականգնումը մեր երկրի տարածքում հնարավոր չէ արդյունավետ իրականացնել, ապա առողջությունը վերականգնելու դիմաց տուժողը կարող է ստանալ հատուցում բյուրոյից կամ նրա անդամ հանդիսացող ապահովագրական ընկերությունից։ Օրինագիծը, սակայն, հստակեցնում է, որ ՀՀ տարածքից դուրս բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու համար ապահովագրական հատուցումը տուժողին վճարվում է ապահովագրական գումարի սահմաններում՝ բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու համար փաստացի կատարված, ինչպես նաեւ դրանց հետ կապված եւ փաստացի կատարված այլ ողջամիտ ծախսերի չափով։
Եթե ապահովագրական պատահարում ներգրավված են միայն երկու ավտոտրանսպորտային միջոցներ եւ պատճառվել են միայն գույքային վնասներ, ապա դրանց վարորդները փոխադարձ համաձայնության գալու դեպքում լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը եւ այն ներկայացնում համապատասխան ապահովագրական ընկերությանը կամ ընկերություններին։ Համաձայնեցված հայտարարագիրը լրացնելու եւ այն ապահովագրական ընկերությանը ներկայացնելու հետ կապված ընթացակարգերը սահմանվում են բյուրոյի կանոններով։ Ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժելու որոշումը պետք է լինի հիմնավորված (պատճառաբանված)։ Արգելվում է ապահովագրական հատուցման վճարումը մերժել այն հիմքով, որ տուժողը տեղյակ է եղել կամ կարող էր տեղյակ լինել այն մասին, որ ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահին վնասը պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վարորդը եղել է ալկոհոլի կամ այլ թմրեցնող նյութի ազդեցության տակ։
Պարտադիր ապահովագրման պահանջը չի տարածվում որոշ վնասների հատուցման համար պատասխանատվության վրա. օրինակ, երբ վնասները պատճառվել են ահաբեկչության, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով, կամ՝ վտանգավոր թափոնների տեղափոխման հետեւանքով, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ։
Պարտադիր ապահովագրման ենթակա չէ հետեւյալ տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը՝ 1. առավելագույն արագությունը 50 կմ/ժ—ն կամ շարժիչի ծավալը 50 սմ3—ն չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցներ. 2. միայն հատուկ առանձնացված վայրերում օգտագործվող սպորտային կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցներ՝ միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում. 3. ՀՀ տարածք առանց վարելու ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցներ՝ մինչեւ ՀՀ տարածքում դրանց օգտագործումը։
Գ. Մինասյանը վստահեցնում է՝ օրենսդրական նախաձեռնությունը սոցիալական բնույթ ունի եւ միտված է պաշտպանելու պատահարի դեպքում տուժողի շահերը եւ փոխհատուցելու վնասները։
Որոշ անհրաժեշտ հավելումներ անենք։ Այս օրինագիծը նորույթ է ՀՀ ապահովագրական պատմությունում։ Պատասխանատվության ապահովագրությունն ունի մի շարք առանձնահատկություններ։ Ի տարբերություն գույքային կամ անձնական ապահովագրության՝ պատասխանատվության ապահովագրությունն ապահովում է այլ՝ երրորդ անձանց պատճառված վնասների հատուցման արդյունավետ մեխանիզմներ։ Պատասխանատվության ապահովագրության դեպքում ձեւավորվում են եռակողմ հարաբերություններ ապահովադրի, ապահովագրական ընկերության եւ տուժողի միջեւ։ Պատճառված վնասի համար հատուցում ստանալու՝ տուժողի իրավունքի պաշտպանության նպատակով պետությունը միջամտում է այս հարաբերություններին՝ օրենսդրական պարտադրանքի միջոցով կարգավորելով պայմանագրային հարաբերությունները։ Պարտադիր ապահովագրության հիմնական սոցիալական նշանակությունը կայանում է նրանում, որ այն պաշտպանում է հնարավոր տուժողներին՝ ապահովելով նրանց համարժեք փոխհատուցում ստանալու հնարավորությունը։ Ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվության ապահովագրությունը պարտադիր ապահովագրության առավել տարածված տեսակն է միջազգային փորձում։ Բացի այդ, հիմա մեր երկրում բացակայում են ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում երրորդ անձանց կրած վնասների լիարժեք հատուցման գործուն երաշխիքները։ Առավել հաճախ պատահարի մասնակիցների միջեւ ծագած վեճերը լուծվում են ոչ ֆորմալ բանակցությունների միջոցով, որոնց արդյունքում տուժող կողմի շահերի պաշտպանությունը հազվադեպ է համարժեք լինում հատուցման հասանելի մեծությանը։ «Մնացած դեպքերի մեծ մասում, եթե նույնիսկ պատահարի արդյունքում առաջացող հարաբերությունները մտնում են կարգավորման իրավական դաշտ, տուժողի կրած վնասների ադեկվատ փոխհատուցում, միեւնույն է, չի ապահովվում»,—ընդգծեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը։
Բոլոր ապահովագրվող ավտոտրանսպորտային միջոցները նույն լուծումն ունենալ չեն կարող։ Ռիսկայնության 8 գործոններ են սահմանված, որոնցով պետք է ճշգրտվի գումարների այն չափը, որ պետք է վճարվի։ Բացի այդ, կուսումնասիրվի վարորդների կենսագրությունը։ Այն վարորդները, որոնք քիչ վնասներ են պատճառում, ապահովագրական ընկերություններին քիչ կվճարեն, իսկ հակառակի դեպքում՝ շատ։ Ապահովագրական գումարները, ըստ նախնական գնահատականների, կարող են ամսական տատանվել հազարից մինչեւ մի քանի հազար դրամ։ Այն վարորդները, ովքեր ապահովագրական վճար չեն վճարի, ՀՀ տարածքում մեքենան վարել չեն կարողանա։
Կլինեն խորհրդարանական լսումներ, որին կարող են մասնակցել ապահովագրական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ի դեպ, կգործի նաեւ համապատասխան երաշխավորման ֆոնդ, որ կլուծի մի շարք դեպքերի հետ կապված ապահովագրական գումարների վճարման հարցերը. ասենք, մեքենան պատահարի պատճառ է դարձել եւ փախել է դեպքի վայրից կամ՝ մեքենան գողացված է եւ այլն։
Գագիկ Մինասյանը համոզված է՝ օրինագիծը վաղաժամ չէ, քանզի տնտեսական բարդություններ չի առաջացնում։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

06-02-2010





07-09-2010
Հայերը հավատարիմ են իրենց արմատներին
Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ–2010» մրցանակ եւ
Հայաստանի ...


07-09-2010
«Թումանյանական հեքիաթի օրը» Դսեղում
Համագործակցում են տիկնիկային թատրոնները

Մեծ Լոռեցու ...


07-09-2010
Ընթերցելով դասականներին
«Սասունցի Դավիթ», «Խաչագողի հիշատակարանը»... Ո՞րն է հաջորդը



07-09-2010
«Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ՝ Ալեքսանդր Բոժկոյին
Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ Հայաստանում Ուկրաինայի արդեն ...


 
07-09-2010
Հայտարարությունները հստակեցնելու ժամանակը
Անհասցե դատապարտումները չեն կարող նպաստել խաղաղ բանակցություններին

«Այն ...


 
07-09-2010
Չավուշօղլուն միայն թուրքական շահերն է արտահայտում
ԵԽ ԽՎ թուրք նախագահը Հայաստանի մասին
խոսել ...


 
07-09-2010
Մանկական «Եվրատեսիլ–2010»—ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը
Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ–2010» երգի միջազգային ...



07-09-2010
Տարածաշրջան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները
Սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ...

07-09-2010
Հայաստանը եղել է ձիաբուծության հնագույն կենտրոններից մեկը
Հայտնաբերվել է ձիու ...

07-09-2010
Դպրոցի ճամփան անվտանգ դարձավ
Շահագործման հանձնվեց Բաբաջանյան ...

07-09-2010
Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ
Երեկ Մոսկվայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG