|
Պատմություն ամփոփող տիկնիկներ
Երեկ Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տիկնիկային արվեստի թանգարանում բացվեց Պավլոս Բորոյանի անունը կրող՝ տիկնիկների ցուցադրությունը։ Այն այցելուներին է ներկայանում շուրջ 150 ցուցանմուշներով (թանգարանային ընդհանուր ֆոնդը գերազանցում է 3000—ը), թատրոնի տարբեր տարիների բեմադրությունների կերպար–տիկնիկներով, տարբեր երկրների հանրահայտ մարդկանց ընծա–տիկնիկներով, բեմադրության ձեւավորման էսքիզներով, թատրոնի մրցանակներով ու դիպլոմներով։ Արվեստի այս թանգարանը ստեղծվել է 1975 թ., թատրոնի հիմնադիր կազմի դերասան Պավլոս Բորոյանի ջանքերով, տարիների ընթացքում, թատրոնին առնչվող լուսանկարներից, դիպլոմներից ու պատվոգրերից զատ՝ համալրվելով նաեւ Բուլղարիայից, Նորվեգիայից, Իրանից, Ինդոնեզիայից, Չինաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ այլ երկրներից բերված զանազան տիկնիկներով եւ նվիրատվություններով։ Դերասան Երվանդ Մանարյանի գնահատմամբ, շատ դժվար կյանքի ճանապարհ անցնելով՝ Բորոյանն ամենածանր տարիներին այս թատրոնի նվիրյալներից է եղել։ Եվ ցուցադրվածները սոսկ թանգարանային նմուշներ չեն, այլ եւս մի քայլ՝ մարդկանց մեջ մարդկայինը, լավն ու գեղեցիկը պահպանելու առումով։ Այսպես, ցուցադրանքից մեզ են նայում Չինաստանից բերված տիկնիկ, որ նվիրել են մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Ղազախստանից բերվածները, Իրանից՝ Մուբարաք անունով, Չեխիայից՝ Գուրվինեկը, կերպար–տիկնիկներ՝ «Ալադինի կախարդական լամպը» (1981թ.), «Եղեգնուհին» (1983թ.) բեմադրություններից, տիկին Բելլա Քոչարյանին ընծայված ուշագրավ տիկնիկ՝ Սինգապուրից եւ այլ ցուցանմուշներ։ Նշենք, որ ցուցադրության համար անհրաժեշտ բոլոր ցուցափեղկերը պատրաստվել են մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ։
Գոհար ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ 06-02-2010
|