|
Ոստիկանի անփութության հետեւանքով մեղադրյալը դիմել է փախուստի Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ոստիկանի կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։
Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասի օպերատիվ հերթապահի օգնական Մայիս Պետրոսյանը 2009թ. նոյեմբերի 4—ին՝ ժամը 14։15—ի սահմաններում, լքել է օպերատիվ հերթապահի սրահը եւ մտել հանգստի սենյակ։ Արդյունքում՝ հերթապահ մասի սրահում գտնվող կալանավոր, գողության մեջ մեղադրվող Գ. Ասատրյանը հայտնվել է հսկողությունից դուրս եւ, օգտվելով այդ հանգամանքից, դիմել փախուստի։ Երկու օր հետո նա հայտնաբերվել է ու կալանավորվել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մայիս Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315—րդ հոդվածի 1—ին մասով։ Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք—Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար։ 06-02-2010
|