|
Նույնականացման քարտեր եւ կենսաչափական անձնագրեր
Դրանք կներդրվեն 2011 թվականին
2011 թվականից մեր երկրում քաղաքացիներն արդեն հնարավորություն կունենան ստանալ նույնականացման քարտեր եւ կենսաչափական տվյալներով անձնագրեր, ինչից հետո նրանք սոցիալական քարտերի կարիք չեն ունենալու։ Նույնականացման քարտերի համար անհրաժեշտ են լինելու նույն փաստաթղթերը, ինչ ներկայիս անձնագրերի համար, իսկ կենսաչափական անձնագրի համար՝ նաեւ երկու ցուցամատերի մատնահետքերը։ Ծրագրվում է, որ էլեկտրոնային հասարակության կառուցմանը զուգահեռ, նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիները կարող են օգտվել մի շարք ծառայություններից։ Օրինակ՝ առանց տնից դուրս գալու դնել էլեկտրոնային ստորագրություն, իրենց ընկերությունը գրանցել պետական ռեգիստրի գործակալությունում, ներկայացնել հաշվետվություն, վճարել հարկեր, անցնել էլեկտրոնային առողջապահության եւ այլն։ Ի դեպ, թեեւ նույնականացման քարտերի արժեքն ավելի շատ է, բայց ծրագրվում է, որ քաղաքացիները դրանց համար կվճարեն նույն չափի պետտուրք։ Լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանը բերել էր նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի փորձնական օրինակներ։ Ըստ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ նախագահ Արտակ Ղուլյանի՝ էլեկտրոնային ստորագրությամբ այսօր ՊԵԿ–ին արդեն հաշվետվություն է ներկայացնում ավելի քան 700 խոշոր ընկերություն, եւ այս համակարգին միացողների թիվն արագ աճում է։ «Քաղաքացին, գիտակցելով, որ նույնականացման քարտն իր համար օգտակար է լինելու, քանի որ կարող է դրանով մի շարք գործառույթներ իրականացնել, կարող է դիմել եւ ստանալ այն։ Եթե մենք ունենանք լավ էլեկտրոնային ծառայություններ, շատերը կգերադասեն այս ճանապարհը»,–համոզված է նա։ Հատկանշական է, որ այս բոլոր ծրագրերի լիարժեք իրականացման համար երկրին անհրաժեշտ է որակյալ ու մատչելի ինտերնետ։ Այս առումով բավականին լուրջ ենթակառուցվածքներ ունեն Էստոնիան, Սինգապուրը, Մալայզիան, եւ հայկական կողմը մեծապես օգտվում է էստոնական փորձից։ ԵՄ ֆինանսավորմամբ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ Մոլդովայում։ ԱՊՀ անդամ—երկրներում դեռեւս չեն անցել կենսաչափական տվյալներով անձնագրերի, նախապատրաստական աշխատանքներ են տարվում Վրաստանում, Ադրբեջանում, արտերկիր մեկնողներին նման անձնագրեր տրամադրվում են միայն Ռուսաստանում։ Նա դժվարանում է կանխատեսել այն ժամկետները, թե երբ մեր երկրում լիարժեք կգործի էլեկտրոնային հասարակությունը, բայց համապատասխան հայեցակարգով նախատեսված է երեք տարի։ Հ.Գ. Ն. Մուրադխանյանը նաեւ տեղեկացրեց, որ քաղաքացիության շնորհման գործընթացն սկսվել է 1997 թվականից եւ հաջորդող տասը տարիներին ՀՀ քաղաքացիություն է ստացել 1735 մարդ։ Օրենսդրության մեջ երկքաղաքացիության արգելքի վերացումից հետո 2008 թ. քաղաքացիություն է ստացել 1554 քաղաքացի, անցած տարի՝ 4323 հոգի։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ 06-03-2010
|