|
Կուստուրիցան եւ իր նվագախումբը
Աշխարհահռչակ կինոռեժիսորը՝ Հայաստանում
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով մարտի 4—6—ը Հայաստանում է գտնվում սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան՝ «The No Smoking Orchestra» նվագախմբով։ Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Էմիր Կուստուրիցայի եւ «The No Smoking Orchestra»–ի համերգը։ Համերգին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ներկայացվեցին սերբական ազգային եւ այլ ոճերում «The No Smoking Orchestra» նվագախմբի ստեղծագործություններից։ Մինչ այդ ՀՀ մշակույթի նախարարը երեկ հրավիրված ասուլիսում նշեց, որ հանրահայտ արվեստագետի այցը Հայաստան մշակութային կյանքի կարեւոր իրադարձություններից է, որի շրջանակներում ոչ միայն հայաստանցին է հյուրընկալում այս օրերի լեգենդին, այլեւ հենց ինքը՝ Կուստուրիցան է տեղում ծանոթանում հայկական մշակույթին ու իրականությանը։ «Ամեն անգամ Հայաստան անունը լսելիս միշտ էկզոտիկ ինչ—որ երկիր եմ պատկերացրել, բայց այժմ այցելելով այս երկիրը՝ էկզոտիկից առավելն եմ տեսնում»,–ասաց Էմիր Կուստուրիցան։ Նրա խոսքով՝ հայ եւ սերբ ժողովուրդներին միավորող շատ բաներ կան, այդ թվում նաեւ պետական անհարմար դիրքում գտնվելը։ «Սերբ ժողովուրդն էլ է գտնվում Եվրոպայի դարպասներին մոտ ու անհարմար տեղում, ինչպես Հայաստանն՝ այս տարածաշրջանում։ Ավելին, մենք նույն թշնամին ենք ունեցել»,–համերգից առաջ հրավիրված ասուլիսում ասաց նա։ Կինոյի եւ երաժշտական արվեստի հանրահայտ ներկայացուցչին Երեւան է բերել նրա հետաքրքրասիրությունը. Հայաստանը լինելով փոքր պետություն՝ մշակութային է, ինչն էլ գրավում է նրան։ «Հայաստանում ճանաչված լինելն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ հասկանում եւ ընկալում են իմ ֆիլմերն ու երաժշտությունը, դա մեր երկու ժողովուրդների նմանությունից է գալիս։ Երբ գիտեմ ֆիլմերս Հայաստանում պետք է ցուցադրվեն, հավատացած եմ՝ կընդունվեն, քանի որ համոզված եմ, որ հայը սերբ մարդու պես կհասկանա դրանք։ Ես ուղղակի երջանիկ եմ»,–ավելացրեց նա։ Է. Կուստուրիցան նմանություն է տեսնում նաեւ ցեղասպանության հարցում. սերբերը եւս երկրորդ աշխարհամարտի տարիներին ցեղասպանության զոհ են դարձել։ Նախօրեին նա եղել է Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով եղեռնի զոհերի հիշատակին, ցեղասպանության թանգարանում ծանոթացել 1915 թվականի վավերագրերին ու լուսանկարներին։ Կուստուրիցան այցելել է նաեւ Ս. Փարաջանովի տուն—թանգարան, հայազգի կինոռեժիսորի ստեղծագործություններին ծանոթացել համահավաք տեսքով։ Փարաջանովի ֆիլմերին նա վաղուց է ծանոթ, դեռեւս 25 տարի առաջ է դիտել մի քանի կինոժապավեն։ «Փարաջանովի գործերը կինոարվեստում երբեւէ նկարահանված լավագույն ֆիլմերից են, իսկ նրա տուն—թանգարանում առավել է շեշտվում հայազգի վարպետի մեծ արվեստագետ լինելը։ Այդտեղ ես ինձ զգացի փարաջանովյան ֆիլմում, նրա հերոսներից մեկը։ Նման մեծությունները հատուկ են փոքր ազգերին, եւ ես վերահաստատում եմ այն կարծիքը, որ նման ժողովուրդներն են լինում կրթված ու մշակութային»,–ասաց նա։ Ըստ արվեստագետի՝ աշխարհի գլոբալիզացման համատեքստում հարկավոր է պահպանել անհատականությունն ու տարբերությունները մյուսներից, որովհետեւ համատարած նույնացման գործընթացում փարաջանովներ եւ այլ հայտնի արվեստագետներ այլեւս չեն ծնվի։ Այն հարցին, թե նա մեծանուն հայ արվեստագետներից էլ ո՞ւմ է ճանաչում, Կուստուրիցան պատասխանեց, որ, առհասարակ, հայ մարդու կերպարը իր համար խտանում է հայ ազգի դեսպան Շառլ Ազնավուրի մեջ։ Նշենք, որ Է. Կուստուրիցայի այցը Հայաստան հնարավոր է դարձել Բելգիայում հայտնի հայազգի ջութակահար Խաչատուր Ալմազյանի շնորհիվ։ 06-03-2010
|