|
Հակադաբաղային բիզնես Պետական միջոցներն անարդյունավետ են օգտագործվել
Ինչպես արդեն հայտնել ենք, կառավարության վերջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ նկատողություն հայտարարեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Բանն այն էր, որ 2008—2009թթ. գնումների վերաբերյալ Վերահսկիչ պալատն իրականացրել էր ուսումնասիրություններ եւ բացահայտել լուրջ բացթողումներ, թերություններ, խախտումներ, եւ այդ հարցերը, վարչապետի խոսքերով՝ պետք է գտնվեին նախարարի անմիջական հսկողության տակ. «Վերահսկիչ պալատը մեր ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ ձեռք են բերվում հակադաբաղային պատվաստանյութեր, որոնք գրեթե երկու անգամ գերազանցում են բացթողնման գները։ Բնականաբար, 2010թ. մենք պետք է բացառեինք այսպիսի իրողությունը։ Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավիճակը ոչ միայն չի շտկվել, այլեւ ավելի է վատացել»։ Ի պատասխան՝ երեկ գյուղնախարարությունը մամուլում հաղորագրություն էր տարածել։ Դրանում մասնավորապես նշվում էր, որ «գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության համար անհրաժեշտ պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով պետական գնումների գործակալության կողմից հայտարարվում է պարբերական մրցույթ։ 2010—ի հունվարի 13—ին անցկացված հերթական մրցույթի ժամանակ մասնակից կազմակերպություններից միայն մեկը՝ «Բիո Ունիվերսալն» է հայտ ներկայացրել դաբաղ հիվանդության պատվաստանյութ ձեռք բերելու համար։ Նշված մասնակցի կողմից ներկայացված գնման հայտը բավարարել է մրցույթի համար սահմանված որակավորման չափորոշիչները եւ հաշվի առնելով վերջինիս միակ մասնակից լինելու իրողությունը, հանձնաժողովը, առաջնորդվելով «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ, վերջինիս էլ ճանաչել է մրցույթի հաղթող»։ Մինչեւ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության՝ այս խնդրի կապակցությամբ կատարված ուսումնասիրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Պետական կարիքների համար անհրաժեշտ դաբաղի պատվաստանյութի ձեռք բերման գծով «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ–ի կողմից կազմակերպված պարբերական մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ–ն, որի հետ 29.12.2007թ. կնքվել է գլխավոր գնման պայմանագիր։ 2008—2009թթ. հանրապետություն է ներկրվել, համապատասխանաբար, 1868,8 եւ 1923,7 հազար դոզա՝ շուրջ 1,2 մլրդ դրամի պատվաստանյութ, որի մեկ դոզայի ձեռք բերման գինը կազմել է շուրջ 45 ԱՄՆ ցենտ, այն դեպքում, երբ ՄԱԿ–ի համապատասխան կազմակերպության կողմից մեկ դոզայի ձեռք բերման գինը կազմել է 35 ԱՄՆ ցենտ։ Հարկ է նշել, որ պատվաստանյութի գնման մրցույթում մեկ դոզայի ինքնարժեքի հաշվարկը 2008 եւ 2009 թվականներին կազմել է 290 դրամ (առանց ԱԱՀ–ի), ընդ որում, պատվաստանյութի ձեռք բերման արժեքը հաշվարկվել է 183 դրամով, իսկ ձեռնարկության ձեռք բերման միջին գինը նշված տարիներին կազմել է, համապատասխանաբար, 143 եւ 168 դրամ։ Այսինքն, նշված տարիներին «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ–ն դաբաղի պատվաստանյութը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը վաճառել է ձեռք բերման գնի մոտ կրկնակի արժեքով։ Մրցույթի արդյունքում 2010թ. նախատեսվել է հանրապետություն ներկրել 370461,0 հազար դրամի 949,9 հազար դոզա պատվաստանյութ։ Պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ–ին ներկայացված պատվաստանյութի գնման մրցույթի փաստաթղթերում մեկ դոզայի ինքնարժեքը հաշվարկվել է 325 դրամով (առանց ԱԱՀ–ի), ընդ որում, պատվաստանյութի ձեռք բերման արժեքը հաշվարկվել է 170 դրամով, այսինքն ընթացիկ տարում եւս մեկ դոզայի ինքնարժեքը հաշվարկվել է ձեռք բերման գնի մոտ կրկնակի արժեքով։ Փաստորեն, եթե «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ կողմից պատվաստանյութի ձեռք բերման եւ իրացման գնի տարբերությունը 2008 եւ 2009 թվականներին կազմել է 107 դրամ (290—183), ապա 2010թ. այն կկազմի 155 դրամ (325—170)։ Մեր կարծիքով, մատակարարի կողմից լիազոր մարմնին վաճառված պատվաստանյութի գինը հիմնավորված չէ եւ վերանայման կարիք ունի։ Հարկ է նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կատարված ստուգումներով արձանագրվել է, որ եթե պատվաստանյութը ձեռք բերվեր միջազգային շուկայական գներով (CIP Երեւան՝ 1 դոզայի արժեքը 0,35 ԱՄՆ դոլար), ապա 2008թ. կտնտեսվեր 1121280 ԱՄՆ դոլար, իսկ 2009թ.՝ 827191 ԱՄՆ դոլար։ Փաստորեն, 2009թ. դեկտեմբերի 15—ին՝ 2010թ. համար անհրաժեշտ հակադաբաղային պատվաստանյութի ձեռք բերման նպատակով անցկացված մրցույթի ժամանակ անտեսվել է ՀՀ վերահսկիչ պալատի կողմից մատնացույց արված գների անթույլատրելի աճը եւ դեռ ավելին, ընդունվել է «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ կողմից ներկայացված պատվաստանյութի ներկրման գնային առաջարկը եւ ինքնարժեքը, որն ավելի բարձր է նախատեսվածից։ Պետք է նշել, որ այդ կապակցությամբ 13.01.2010թ. մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքների ամփոփումը հետաձգվել է 2 օրով, որի մասին տեղյակ են պահել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավարությանը, սակայն վերջիններիս կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել պետական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ եւ 15.01.2010թ. հանձնաժողովը որոշում է կայացրել մրցույթում «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ–ին հաղթող ճանաչելու մասին եւ վերջինիս հետ 22.01.2010թ. կնքվել է համապատասխան պայմանագիր, որով պատվաստանյութի 1 դոզայի արժեքը սահմանվել է 325 դրամ (առանց ԱԱՀ–ի) կամ 390 դրամ (ԱԱՀ–ով)։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեւավորված մրցութային հանձնաժողովը՝ խախտելով ՀՀ կառավարության 05.06.2008թ. N853–Ն որոշման 29–րդ հոդվածի 3–րդ ենթակետի պահանջը, օբյեկտիվորեն չի գնահատել մատակարարի կողմից ներկայացված ֆինանսական ցուցանիշների՝ գնային առաջարկի եւ ինքնարժեքի հաշվարկման ճշտությունը, դրանով իսկ, տարիներ շարունակ, նպաստելով ուռճացված գներով պատվաստանյութի ձեռք բերմանը։ Ավելին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, նախքան հակադաբաղային պատվաստանյութի գնումների հայտը «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ ներկայացնելը, պետք է ՀՀ կառավարության 24.12.2009թ. N1522–Ն որոշմամբ հաստատված գների անվանացանկում՝ ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությամբ, կատարեր համապատասխան փոփոխություններ (առանց հիմնավորման 1 դոզա պատվաստանյութը 348 դրամի փոխարեն նախատեսվել է գնել 390 դրամով), ինչը չի կատարվել։ Ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ հակադաբաղային պատվաստանյութի ձեռք բերման ամբողջ գործընթացի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու (պաշտոնատար) անձանցից կազմավորված հանձնաժողովների կողմից (2008—2009թթ. հանձնաժողովի նախագահ, ֆինանսական վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյան, 2010թ. հանձնաժողովի նախագահ, սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ Գեւորգ Թովմասյան) ոչ միայն չի վերանայվել ձեռք բերվող ապրանքի իրական ինքնարժեքը եւ ձեռք բերման գինը, այլ ընդհակառակը, արհեստական պայմաններ են ստեղծվել մրցույթի անցկացման հայտում լրացուցիչ սահմանափակումներ մտցնելով։ Ավելին, պատվաստանյութի արժեքի ակնհայտ, անհիմն բարձր լինելու հետեւանքով մրցույթի արդյունքների ամփոփումը 2 օրով հետաձգելու պարագայում չի ցուցաբերվել քաղաքացիական ծառայողին վայել պատասխանատվություն պետական միջոցների անարդյունավետ օգտագործումը կանխելու համար եւ մրցույթում հաղթող է ճանաչվել միակ մասնակիցը։ Մրցույթի իրականացումից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոչ մի պաշտոնատար եւ պատասխանատու անձ չի կանխել պետական միջոցների անարդյունավետ օգտագործումը, դեռ ավելին, թույլ է տրվել, որ հաղթող կազմակերպության հետ կնքվի գնման գլխավոր պայմանագիր»։ Վարչապետի վերահսկողական ծառայության գնահատմամբ՝ անընդունելի է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավարության եւ պաշտոնատար անձանց կողմից պետական միջոցների ծախսի նկատմամբ նման մոտեցումը, ուստի պատասխանատու անձանց անհրաժեշտ է ենթարկել խիստ կարգապահական տույժերի։
Ս. Գ.
06-03-2010
|