|
Հիշատակի արարողություն
Հարգանքի տուրք՝ Եռաբլուրում
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, երեկ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։ ՀՀ բարձրաստիճան այրերը ծաղիկներ եւ ծաղկեպսակ դրեցին Վ. Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի ու ղարաբաղյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Եռաբլուր էր այցելել նաեւ երկրապահ կամավորականների միությունը՝ նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ։ Միության «Պատանի երկրապահ» ակումբի անդամները Վ. Սարգսյանի եւ Անդրանիկ Օզանյանի շիրիմներին հանդիսավորությամբ երդվեցին մինչեւ կյանքի վերջ ծառայել Հայաստանի ժողովրդին ու պետականությանը։ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը, շնորհավորելով սպարապետի ծննդյան կապակցությամբ, ասաց, որ նրա ներդրումն արցախյան պատերազմի հաղթանակում անուրանալի է։ «Հայ ժողովուրդը դա շատ բարձր է գնահատում։ Սպարապետի մասնակցությունը մեր անկախության, պետականաշինության, երկրի կայացման, բանակաշինության գործում մեծ է եւ անուրանալի»,–նշեց նա։ Վարչապետ Տ. Սարգսյանը, շնորհավորելով պատանի երկրապահներին երդմնակալության արարողության կապակցությամբ, նշեց, որ նրանց այս քայլը նշանակում է, որ հայրենասիրական դաստիարակությունը Հայաստանում տալիս է իր պտուղները։ Տ. Սարգսյանը վստահություն հայտնեց, որ ունենալու ենք ամուր, հուսալի սերունդ, որը շարունակելու է սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը։ «Մեր ժողովուրդը սպարապետ Վ. Սարգսյանի եւ ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների ջանքերի, արյան գնով կարողացավ հաստատել իր անկախությունը։ Մենք պետք է շարունակենք ծառայել մեր ազգին եւ ժողովրդին, ինչպես դա արեց Վազգեն Սարգսյանը»,–նշեց Մ. Գրիգորյանը։
***
Երեկ Եռաբլուր այցելեց նաեւ ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարարը հիշեց, որ Վ. Սարգսյանը կարողանում էր մարդկանց արագ համախմբել, նրանց մոտ ստեղծել դրական տրամադրություն եւ բոլորին միասնական ուժերով տանել հայրենիքի առջեւ ծառացած խնդիրների կատարմանը։ «Վազգեն Սարգսյանը մեր հուշերում միշտ մնում է որպես ականավոր պետական, քաղաքական գործիչ, որպես զորավար, որը համախմբեց բոլոր կամավորականներին, ջոկատներին, ստորաբաժանումներին՝ պատերազմի թոհուբոհին զուգահեռ կազմավորելով հայկական բանակը»,–նշեց նա։ Վ. Սարգսյանը պատերազմի տարիներին արել է հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու, որ մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար հայկական բանակը լիարժեք կատարի իր առջեւ դրված խնդիրները։ «Մենք սպարապետին ճանաչում ենք որպես լավագույն մարտական ընկերոջ, ով այսօր էլ բոլորիս կողքին է»,–եզրափակեց Սեյրան Օհանյանը։
Օ. Կ.
***
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ երեկ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի մոտոհրաձգային գունդ եւ ծաղկեպսակ դրել սպարապետի հուշարձանին։ Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունից։
06-03-2010
|