|
Ինչպե՞ս համոզել Օբամային, Քլինթոնին ու Փելոսիին
«252»—ը՝ թուրքական եւ այլ լրատվամիջոցների տեսադաշտում
Եթե ԱՄՆ—ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 252 բանաձեւի ընդունումը չի վրիպել եվրոպական, ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների տեսադաշտից, ապա թուրքական մամուլում այն կենտրոնական թեմա է դարձել։ Այսպես, գերմանական «Suddeutsche Zeitung»—ը «Թուրքիան հետ է կանչում դեսպանին» վերնագրի ներքո գրում է. «Կոնգրեսի հանձնաժողովներից մեկը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակել է ցեղասպանություն։ Թուրքիան զայրացած է։ Անկարան եւ Վաշինգտոնը նոր ճգնաժամի են բախվել. իբրեւ դիվանագիտական բողոքի սուր ձեւ՝ Անկարան խորհրդակցությունների նպատակով ԱՄՆ—ից հետ է կանչել իր դեսպանին»։ Պարբերականը գրում է, թե դեռ հաստատ չէ՝ արդյոք 252—ը կներառվի՞ ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ։ Թերթը շարունակում է, որ ԱՄՆ—ի նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական արշավում խոստացել է 1915 թվականի իրադարձությունները որակել ցեղասպանություն։ Աղբյուրն անդրադառնում է նաեւ 252 բանաձեւի բովանդակային էությանը։ Ֆրանսիական «Le Figaro»–ն գրում է. «Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները վատթարացել են... ԱՄՆ–ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հինգշաբթի ընդունեց հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։ Ի նշան բողոքի՝ Անկարան հետ է կանչել ԱՄՆ—ում իր դեսպանին՝ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով»։ ԱՄՆ–ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները ամրացնելու եւ խորացնելու՝ նախագահ Բարաք Օբամայի մտադրությունը հարցականի տակ է։ Նման կարծիք է հայտնում «The Financial Times»—ը։ Պարբերականը հիշեցնում է, որ Օբաման Թուրքիա կատարած այցի ընթացքում Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները գործընկերության համար «օրինակելի էր» անվանել։ Թերթը նշում է, թե Սպիտակ տանը հրաշալի հասկանում են, որ Թուրքիան մեծացնում է իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում եւ ԱՄՆ—ի ու ՆԱՏՕ—ի դաշնակիցն է՝ ունենալով թվով երկրորդ բանակը։ «ԱՄՆ—ը փնտրում է Թուրքիայի աջակցությունը Իրանի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցում»,–նշում է թերթը՝ միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ Օբաման իր ընտրությունից առաջ հայերին խոստացել էր ճանաչել ցեղասպանությունը եւ չէր կատարել խոստումը։ «Չնայած Թուրքիայի գործադրած ճնշումներին՝ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կողմ քվեարկեց բանաձեւին, որը կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ապրիլի 24—ի իր ավանդական ուղերձում օգտագործել ցեղասպանություն բառը»,–գրում է «Washington Post»—ը՝ հավելելով, թե այդուամենայնիվ, ամերիկացի պաշտոնյաները հույս ունեն, որ նախկինում ընդունված նույնաբովանդակ փաստաթղթերի նման բանաձեւն այս անգամ էլ կսառեցվի եւ շատ հեռուն չի գնա։ «Հայ թուրքական հաշտեցման գործընթացն այլեւս կարելի է ավարտված համարել»,—«Wall Street Journal»—ի հետ զրույցում ասել է թուրք պրոֆեսոր Հուսեյն Բաղչին՝ կանխատեսելով, որ Թուրքիայում վերջին տարիներին առկա հակաամերիկյան տրամադրություններն էլ ավելի կսրվեն, մինչդեռ քվեարկությունը կդիտարկվի որպես արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության ձախողում։ «Բանաձեւի շուրջ քննարկումներին երեկ ներկա էին նաեւ ցեղասպանությունն ապրած երեք հայ կանայք»,—գրում է «Los Angeles Times»—ը՝ մեջբերելով կոնգրեսական Աքերմանի խոսքերը՝ «Նրանք այստեղ են արդարության համար, մինչեւ ե՞րբ կարող են սպասել դրան...»։ Թուրքական մամուլը հիմնականում ներկայացնում է, թե ինչպիսի «աղետալի» ազդեցություն կարող է ունենալ «252»—ը ինչպես թուրք—ամերիկյան, այնպես էլ հայ—թուրքական հարաբերություններում։ «Անկարան շատ լուրջ արձագանք տվեց բանաձեւի ընդունմանը եւ անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Վաշինգտոնից»,—գրում է թուրքական «Milliyet» թերթն ու մանրամասնում, թե Թուրքիան ուղիղ եթերում ուշի ուշով հետեւում էր քննարկումներին՝ հույսը դնելով Քլինթոնի եւ Օբամայի վարչակազմի հորդորների վրա, որոնք կոչ էին անում դեմ քվեարկել փաստաթղթի ընդունմանը։ Թուրքական «Star»—ը մեջբերում է Դավութօղլուի այն խոսքերը, թե ԱՄՆ–ի վարչակազմը պետք է համոզի ԱՄՆ–ի ներկայացուցիչների պալատին, որպեսզի վերջինս դրական չարձագանքի հայտնի բանաձեւին։ «Զամանը» գրում է, թե Թուրքիան զգուշացնում է Օբամայի վարչակազմին. Դավութօղլուն ասել է, թե Թուրքիան ԱՄՆ—ի համար կարեւորագույն մահմեդական դաշնակից է։ Թերթը գրում է, թե հայերը ողջ աշխարհով քարոզում են, որ ավելի քան 1.5 մլն հայեր առաջին աշխարհամարտի ընթացքում սպանվել են թուրքերի կողմից, սակայն թուրքերը հերքում են, թե դա ցեղասպանություն է եղել՝ ասելով, որ այդ սպանվածները քաղաքացիական պատերազմի եւ անհանգստությունների զոհ են դարձել։ «Cumhuriyet»—ը ներկայացնում է. «Երեկ ողջ օրվա ընթացքում Թուրքիայում եռուզեռ էր տիրում... Անկարան հայտարարություններ էր տարածում եւ զգուշացնում, որ փաստաթղթի ընդունման դեպքում պատրաստ է դիմել ցանկացած քայլի։ Բանակցությունները շարունակվում էին մինչեւ վերջին պահը...»։ Թուրքական «Vatan»—ն էլ նկատել է տալիս, որ ԱՄՆ—ի ներկայացուցիչների պալատում հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո համակ ուշադրության կիզակետում հայտնվել են ամերիկյան պետության երեք առանցքային դեմքերը՝ նախագահ Բարաք Օբաման, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ներկայացուիցչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին. այսուհետեւ նրանցից է կախված լինելու բանաձեւի հետագա ընթացքը։ Նշվում է, որ այժմ Անկարան ակնկալում է Օբամայի եւ Քլինթոնի միջնորդությամբ ու օգնությամբ կանխել Փելոսիի կողմից հիշյալ բանաձեւի լիագումար նիստի օրակարգ բերելը. «Անկարան ակնկալում է, մինչդեռ Օբաման, Քլինթոնը եւ Փելոսին անցյալում այսպես են արտահայտվել հայոց ցեղասպանության մասին»,– հիշեցնում է «Vatan»—ը. Բարաք Օբամա. «Եթե նախագահ դառնամ, խոստանում եմ, որ կճանաչեմ հայոց ցեղասպանությունը»։ Հիլարի Քլինթոն. «Հայոց ցեղասպանության բանաձեւի համար Սենատում ամենաշատը ես եմ աշխատում»։ Նենսի Փելոսի. «Ցեղասպանության ճանաչման ժամանակը եկել ու դեռ մի բան էլ անցել է»։
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ 06-03-2010
|