|
Թուրք ազգին «անտեղի մեղադրողներն» այս անգամ... ամերիկացիներն են Անկարան սպառնում է՝ «252»—ից հետո կատարվածի համար պատասխանատու չէ
Նախքան «252»—ի ճակատագրի հայտնի դառնալը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, թե իրենք պատրաստ են ցանկացած արդյունքի։ Այսօր, սակայն, «անցանկալի» արդյունքը մեծ խուճապ է առաջացրել Թուրքիայում։ Գյուլ—Էրդողան—Դավութօղլու. երեկ թուրքական իշխանության այս եռյակը մեկը մյուսի հետեւից «ցավ», «ափսոսանք», «հիասթափություն» ու նման այլ բնորոշումներ տվեց սեփական զգացողություններին։ ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Անկարան հետ կանչեց ԱՄՆ–ում իր դեսպանին՝ Նամըք Թանին։
Ու՞ր է թուրք ժողովրդի նկատմամբ «հարգանքը»
Թուրքիայի կառավարությունն իր ափսոսանքն է հայտնել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թիվ 252 բանաձեւի ընդունման կապակցությամբ։ Տարածած հայտարարության մեջ ասված է. «Թուրքիան ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված հայկական օրինագծի հետ կապված հայտնում է իր ափսոսանքը։ Մենք քննադատում ենք թուրք ազգին անտեղի մեղադրող այդ օրինագիծը։ Այդ նախագիծն աջակցողներն անտեսել են պատմական իրականությունն ու պատմաբանների միջեւ խնդրի վերաբերյալ կարծիքները եւ քաղաքական ու անարդար դիրքորոշում են որդեգրել։ Այդ նախագծում 1915 թվականի վերաբերյալ պատմական սխալների հետ մեկտեղ միաժամանակ ներկայացվել են միակողմանի մոտեցումներ։ Միշտ էլ քաղաքական գործիչների կողմից պատմաբանների ոլորտ մտնելը բացասական ազդեցություն է ունեցել։ Մենք լուրջ մտահոգություն ունենք, որ մեր բոլոր զգուշացումներին հակառակ՝ հանձնաժողովի կողմից ընդունված բանաձեւը կվնասի թուրք—ամերիկյան հարաբերություններին եւ հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը փակուղի կմտցնի։ ԱՄՆ—ի հետ լայն համագործակցության շրջանակներում շարունակվող մեր աշխատանքների վրա, ցավոք, բացասական ազդեցություն կարող է թողնել այս որոշումը, որը նախանշում է ռազմավարական տեսլականի պակասը։ Վաշինգտոնում մեր դեսպան Նամըք Թանին այս իրադարձության հետ կապված կանչում ենք Անկարա՝ քննարկումների համար»։ Բանաձեւի ընդունմանն արձագանքել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը. «Այս որոշումը խելամիտ չեմ համարում եւ ափսոսանքով եմ ընդունում։ Որոշման մեջ որեւէ հարգանք չկար թուրք ժողովրդի նկատմամբ։ Պատմական իրողություններից հեռու այս միակողմանի որոշումը ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունվելով՝ դարձավ Թուրքիա—ԱՄՆ հարաբերություններում անհամատեղելի մի քայլ։ Այս որոշումը վնասելու է Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը եւ ժողովուրդների միջեւ մնայուն բարեկամական հարաբերություններ կառուցելու ջանքերին։ Պատմության դեմ որպես անարդարություն եմ ընդունում քաղաքական շահերից ելնելով ընդունված այս որոշումը։ Այս քվեարկությունից հետո ցանկացած ոլորտում տեղի ունենալիք բացասական արդյունքների համար Թուրքիան պատասխանատու չի լինելու»։ «Ռոյթերզ» գործակալության վկայությամբ՝ քվեարկությունից անմիջապես հետո դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ ասելով, թե անհանգստացած է, որ այս օրինագիծը կարող է վնաս հասցնել թուրք—ամերիկյան հարաբերություններին ու շուրջ հարյուրամյա թշնամանքին վերջ տալու՝ Թուրքիայի եւ Հայաստանի ջանքերին։ Թուրքական «NTV»—ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը համարել է կատակերգություն եւ քաղաքական որոշում։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր հերթին երեկ կոչ է արել Միացյալ Նահանգների վարչակազմին կասեցնել հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի առաջխաղացումը ներկայացուցիչների պալատում։ «Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների վարչակազմն այսուհետ ավելի արդյունավետ ջանքեր կգործադրի՝ թույլ չտալու համար բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում»,–ըստ «Ֆրանսպրես»—ի՝ հայտարարել է Դավութօղլուն եւ հավելել, որ պաշտոնական Անկարան լրջորեն անհանգստացած է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախօրեին կայացած քվեարկության արդյունքներով։ Անդրադառնալով հայ—թուրքական գործընթացին՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե իրենք հաստատակամ են՝ առաջ մղելու Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ջանքերը, սակայն օրինագծի ընդունումը ռիսկի տակ է դնում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրերը։
Արձանագրությունները չվավերացնելու սպառնալիք
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մուրաթ Մերջանը հայտարարել, ավելի շուտ՝ սպառնացել է, թե Կոնգրեսում բանաձեւի ընդունման հանգամանքը ազդելու է հայ—թուրքական արձանագրությունների վրա. «Մենք մեծ ու կարեւոր երկիր ենք ու խաբեությամբ չենք զբաղվում։ Նախկինում ինչ ասել ենք, իրականացնելու ենք։ Սպասեք, եւ շուտով կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաեւ արտգործնախարարը հանդես կգան արձագանքներով ու կհայտնեն հնարավոր հետեւանքների մասին։ Եւ անկասկած, երբ հերթը գա խորհրդարանին, օրենսդիրներն իրենց խոսքը եւս կասեն»։
Թուրքիայի «ցավը» Ադրբեջանին էլ է պատել
Բանաձեւը, թերեւս, կրկնակի «ցավ» է պատճառել Ադրբեջանին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավագ օգնական Ալի Հասանովը, մասնավորապես, հայտարարել է. «Այս միակողմանի որոշումն ընդունվեց հայամետ կոնգրեսականների ճնշման տակ։ Այն հակասում է Միացյալ Նահանգների եւ ամերիկացի ժողովրդի շահերին։ Հուսով ենք, որ Ներկայացուցիչների պալատը հավանություն չի տա բանաձեւին։ Առաջին աշխարհամարտի ընթացքում շատ ժողովուրդներ եւ շատ պետություններ են կորուստներ ունեցել, եւ այդ հարցերով զբաղվելը պատմաբանների, այլ ոչ թե Միացյալ Նահանգների Կոնգրեսի գործն է»։
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ 06-03-2010
|