Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Առեղծվածից իջած արքայազունը

Դիմանկարի փորձ Սիփան Շիրազի «Ընտրանի» գրքի ֆոնին

«Միայն խիզախներին է տրված բանաստեղծ եւ արքա, արքա եւ բանաստեղծ լինել»,–ասում է Հրանտ Մաթեւոսյանը, իսկ Սիփան Շիրազը հաստատապես այդպիսին էր։ Բանաստեղծ էր իր ողջ էությամբ, արքայազուն՝ իր գեղագիտական ընկալումներով եւ բնույթով։
«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Սիփան Շիրազի բանաստեղծությունների ընտրանին։ Խմբագիր՝ Հրաչյա Թամրազյան, առաջաբանը՝ Սամվել Մուրադյանի։ Գիրքը ձեւավորված է հեղինակի գեղանկարչական աշխատանքների վերատպություններով, որն էլ ամբողջացնում, առավել զնգուն ու տպավորիչ է դարձնում հատորը։
Ի՞նչ է ցավը, ի՞նչ է կարոտը, ի՞նչ են բաժանման տագնապը, ընդվզումը եւ աշխարհի անարդարություններին դիմակայելու կամք ու վճռականություն։ Մեր սառն ու անկատար օրերին հասցեագրված անսահման ջերմ ու կառուցիկ մի գիրք, որի էջերը կարծես իրենք իրենց են թերթվում։ Անզեն աչքով մի՞թե հնարավոր է տեսնել, ընկալել մարդու սրտի տիեզերական խորությունները։ Սիփան Շիրազը կարողացել է եւ այդ խորությունները լցրել է երկրային ելեւէջներով եւ թրթիռներով.
Հեռանում է օրը կամաց
Դեպի երազ գիրքը հուշի
Իր ետեւից դաշտում մնաց
Արդեն հանգած ոսկեփոշի։
Ախ այդ «հանգած ոսկեփոշին», որը, խառնվելով հողին, գոյացնում է այն թանձրուկը, որը մենք բանաստեղծական բառի մոգականություն ենք կոչում։ Բանաստեղծն աչքերը հառել է վեր։ Աստղը, դժվար ճիգով, փորձում է հետ հրել աղջամուղջի քողը։ Եվ շատ հեռվից ու խուլ հնչում է ծանոթ հորդորը. «Տոկա՛, դիմացի՛ր, ապրի՛ր։ Քո ներկայությունը երկրի վրա անսահման մեծ խորհուրդ ունի։ Ապրի՛ր։ Քո ներկայությունն իսկ երկրի վրա չմարող սիրո ու նվիրումի երաշխիք է։ Պահպանի՛ր ինքդ քեզ, քանզի դու բոլորին ես պետք։ Ապրի՛ր»։ Կոպերը ծանրանում են, բանաստեղծը աչքերը փակ, մաշկով ու նյարդերով է զգում անդենական տարածությունն ու ժամանակը։ Վճռորոշ է դառնում ձայնը, ձայնի ուղղությունն ու ուժգնությունը.
Աշնան արեւ եւ անծանոթ կնոջ դիմակ։
Այն ո՞վ պիտի իրիկվա դեմ դուռդ թակի,
Երբ մենության լուսարձակը  քո անկրակ
Քեզ հիշեցնի հեծեծանքը հին ջութակի։
Բանաստեղծն իջնում է պողոտայով, սպիտակ թիկնոցով, բարձրահասակ, թիկնեղ, ինքնասույզ ու խորհրդավոր։ Մարել են վերջին ոտնաձայները, թիկունքում՝ խելահեղ պարահանդես հիշեցնող ապրած օրն է, բայց հոգնության ոչ մի նշույլ։ Վերում ինչ–որ աստղ է պայթում, փողոցը ողողվում է այլաշխարհային շշուկներով։ Եվ առեղծվածից իջած այդ արքայազունը մղվում է առաջ, հանուն միակ, երբեւէ չհնացած ու չարտասանված բառը գտնելու նա կարող զոհաբերության տանել իր սիրտը։ Եվ տանում է։ Նրա ընկալած քաղաքը հաստատապես ուրիշ է, մյուսների տեսածից անսահման տարբեր։ Եվ քաղաքն այդ անվերջանալի, խելահեղ պտույտների մեջ է.
Ամայություն, անէություն, սեւ փողոցներ։
Մեռյալների դեմքեր, դեմքեր անհիշատակ։
Աշնան արեւ… եւ հանգուցյալ կնոջ պատկեր,
Մուրացիկի մեկնված ձեռքը աննպատակ։
Բնությունը շռայլ էր գտնվել Սիփան Շիրազի հանդեպ՝ առինքնող արտաքին, արարելու (գրելու, նկարելու) բացառիկ օժտվածություն եւ խենթ, ընտրյալ հոգիներին հատուկ անհուն, անանձնական տառապանք։
Ի՞նչ էր համառորեն ու տենդագին փնտրում Սիփան Շիրազը։ Շիտակության, ազնվության, վեհանձնության անպարագիծ լույսը։ Եթե կյանքում բոլորն իրենց «հուշարարն» են ունենում, ապա ո՞վ էր Սիփան Շիրազի այդ խորհրդավոր «հուշարարը»։ Աներկբա է այն, որ այդ հուշարարի ձայնը հնչում էր տիեզերական անմեկնելի հեռուներից։ Հենց այդ ձայնն էր, որ անձանձիր հորդորում էր բանաստեղծին, նկարչին, խենթին. «Զգո՛ւյշ եղիր, բայց երբեք, երբեք չհանձնվես» խելահեղ, անանձնական սիրո այդ պտտահողմը, որն ի սկզբանե բանաստեղծին առել էր իր թեւերին, հաստատապես բացառելու էր մեկ բան՝ հաշվարկը։ Հոգեզրկության դժնի հողմերին դիմակայելու մեկ ճանապարհ կա՝ ինքնազոհությունը։ Եվ բանաստեղծն անխնա ծախսում էր իրեն, ավելի ստույգ՝ ծվատում։ Մշտապես վտանգի մատույցներում էր եւ անսահման հեռու՝ անձնապաստանության կուռ պարիսպներից։ Սիփանը շատ բան կարող էր զանց առնել. կուշտուկուռ, փափկակենցաղ ապրելակերպ, ճակատագրի շփացնող շնորհներ, բայց անկարող էր մեկ վայրկյան իսկ ապրել առանց ներշնչանքի, առանց բառի, գույնի եւ բանաստեղծության.
Դու ետ չես դառնում։ Եվ պիտի գնաս
Լուսումութի մեջ հեքիաթ դառնալու
Հավիտենապես–երեկ եւ հիմա.
Ապրելու համար… կրկին ապրելու։
Սիփան Շիրազի բանաստեղծության տիրույթներում հաճախ կարելի է հանդիպել «մահ» բառին, բայց իր ամենատխուր արծարծումների մեջ իսկ բանաստեղծը փնտրում է կյանքը, պանծացնում կյանքի գեղեցկությունը, սիրո հրաշքը։
«Չէ՞ որ ես կյանքի ու ապրելու համար չեմ ստեղծված,–ասում է Մարինա Ցվետաեւան,–ինձ մոտ ամեն ինչ հրդեհ է։ Ես մաշկազերծ եմ, իսկ դուք ամենքդ՝ զրահապատած»։ Ռուս բանաստեղծի այս ինքնաբնութագիրը կարող է բնաբան հանդիսանալ Սիփան Շիրազ հայ բանաստեղծի երկրային կյանքի համար։ Արեւագալի ու մթնշաղի մեջ անհանգիստ զարկող մի սիրտ։ Նույն արեւագալի ու մթնշաղի միջեւ կյանքի գնով գցված երեւակայության մի վիթխարի կամուրջ։ Եվ մարդկային հոգու գաղտնարաններին առնչվող ոչ մի պատառիկ չի անտեսվում։ Թանձր գիշերներ եւ Ոսկեցոլ գինի, քայլող Աստվածամայր եւ Կորած Առագաստանավ, քնատ Հուշ եւ Որբուկ Աղջնակ, Կաթնաբերան Մանուկներ եւ Ճերմակ Օր, Լույսի մեջ ապրող Ագռավ եւ Աքաղաղի Ճիչ։ Բանաստեղծական պատկերն իր տեսողական ու ձայնային գրավչության մեջ դառնում է անկասելի։ Ապրումի հավաստիությունն է գրավականը, որ բանաստեղծական պատկերը մխրճվի հիշողության մեջ, տեղ բացի նոր, երեւակայական թռիչքների համար։ Խիզախելու աստիճան անկեղծանալ շռինդով բացել բոլոր փակ գզրոցները եւ չսարսել ոչ մի անակնկալ վճռից.
Թանձրանում է մոլությունը գարշ գիշերի։
Եվ լույսի մեջ կույր թախիծն է թագավորում։
Բաժանումը կասկածելի բան է արդեն։
Ես շատերին գտա թաղման այս թափորում։
Սիփան Շիրազի բանաստեղծության մեջ մարդուց մարդ ձգվող ճանապարհը կարծես փորված է քարաժայռերի միջով։ Այդպես Գեղարդի ճարտարապետ Գալձագն է ժայռի միջից փորել ու դուրս բերել խորան ու գավիթ, որմնասյուն ու գմբեթ։ Եվ անվերջանալի հոգսերի ու դժվարությունների մեջ երբեք չցամաքած սիրո այդ անսպառ ակունքը։ Սերը գեղազարդված ու անշահասեր.
Թող գիշերը առավոտի նման դառնա,
Ես դառնամ ԴՈՒ, ու դու դառնաս իմ նման ԵՍ–
Դու՝ երկնային, ես՝ երկրավոր մահամնա,
Դու՝ լուրջ թախիծ, ես՝ թախծի մեջ ապրող կրկես…
Եվ տարածությունն ու ժամանակը ողողվում են հյուրընկալ մի ջերմությամբ, եւ բոլոր ճանապարհներն անցնում են սրտի միջով՝ սիրով առլեցուն, ներող ու համբերատար.
Ես՝ փոքրատառ, դու՝ մեծատառ Մեծատառով,
Ես կույր՝ դու՝ հուր, դու հոգեհար ու լուսավոր,
Ես՝ ԿԱՄ–ՉԿԱՄ բառերի մեջ ու իմ բառով–
Ես թախծի մեջ վառվող կրկես, դու ԱՊՐՈՂ ՕՐ։
Ինքը՝ Սիփան Շիրազը, անդիմակ ու ցավեցնելու չափ մերկ էր եւ ձգտում էր այդպիսին տեսնել իր շրջապատն ու շրջապատող իրականությունը։ Բայց այդպես չի լինում կամ լինում է հեքիաթներում, առասպելներում։ Իսկ Սիփանը կյանքի Տղան էր՝ բաց, անկաշկանդ, անզրահ ու ասպետական։ Եվ Աբովյան փողոցով չբեկված, չկեղծված հոգին էր անցնում բանաստեղծի կերպարանք առած, մարդկանց կես հիացական, կես շփոթված, կես զարմացած հայացքների ուղեկցությամբ։ Բայց բանաստեղծի անշահասեր հայացքը չէր շերտավորում։ Ե՛վ հիացողները ե՛ւ քամահրողները նրանն էին, յուրային էին, նրա սրտի պատերին կիպ կպած։ Նա չէր կարող եւ չէր էլ փորձում զանազանել օտար–բարեկամ։ Եվ ծանոթ–անծանոթ խռնվում ին նրա շուրջը մեղվապարսի նման եւ ցուրտ օրերին տաքանում ին նրա կերպարից, նրա բանաստեղծությունից բխող ջերմությամբ.
Բանաստեղծություն–Տխուր իմ աստված,
Վերջին տող–վերջին բանաստեղծություն…
Բանաստեղծություն–աղջիկ իմ սիրած
Եվ Աստված, ե՛ւ հայր, ե՛ւ եղբայր վերին–
Ես աղոթում եմ իմ կյանքում այս թաց.–
Թող որ ԴԱՐՁ ԲՈԼՈՐ ԱՌԱԳԱՍՏՆԵՐԻՆ։
Բանաստեղծի աչքերի առջեւ հորիզոնի վառ ուրվագիծն է, եւ գույներն օրերի հետ թանձրանում եւ դառնում են առավել տպավորիչ։ Ժամանակը հիշողության պաստառին ճեղքեր է բացում, եւ բանաստեղծը պոետական հուժկու պատկերի վավերականությամբ փորձում է փակել այդ ճեղքերը։ Փորձենք չափել Սիփան Շիրազ բանաստեղծի երկրային կյանքի տեւողությունը, եվ դա բնավ էլ նրա ապրած տարիների գումարը չի լինելու։ Նրա կենաց տարիների տեւողությունը։ Նրա ապրած օրերն ու տարիները կձգվեն, կճյուղավորվեն նրա ստեղծած կուռ ու ամբողջական բանաստեղծական պատկերների միջով, եւ նույն այդ կյանքը կծփա, կծավալվի աստեղային տարիների հոլովույթում։ Պահի խորհուրդը եւ Հավերժության արձագանքը։ Այդ երկուսի միջեւ Սիփան Շիրազը զորեց, հասցրեց, պահ տվեց իր մնայուն, տաք ու կայծկլտուն խոսքի ելեւէջը։ Իսկ այն, ինչը պահ է տրված հավերժին, անկորչելի է.
Քո թախծի մեջ ես կմեռնեմ մի օր, իմ սեր,
Դու իմ շշուկ, դու իմ աշուն  թափառական։
Փողոցներում ես կգտնեմ հին փողոցներ,
Նաեւ– հոգու դեռ չբացված մի պատուհան։
Խոսքիս ավարտին բոլոր հոգնած ու տխուր բառերը մի կողմ թողած, հին օրերի զվարթությամբ ուզում եմ ձայն տալ տաղանդաշատ բանաստեղծին ու նկարչին՝ բարեւ, Սիփան Շիրազ…
Արտաշես ԱՐԱՄ

17-06-2010





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO