Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԵՐԵՎԱՆ


Շնորհավո՛ր տոնդ, Երեւան դարձած իմ Էրեբունի

«Խալդ Աստծու մեծությամբ, Արգիշտին՝ որդին Մենուայի, այս անառիկ ամրոցը կառուցեց եւ անվանեց Էրեբունի՝ ի զորություն Բիայնայի եւ ի սարսափ թշնամու երկրի»։

2794 տարվա ճանապարհ

Սեպագիր այս արձանագրությունը, որ թվագրվում է մ.թ.ա. 782 թվականով, Երեւանի ծննդյան վկայականն է։ Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը 2794 տարեկան է։ Պատկառելի տարիք է։ Այս առումով նա աշխարհի հնագույն քաղաքներից շատերից ավագ է, շատերին՝ հասակակից։ Իհարկե, Երեւանն այսքան հին է որպես բնակավայր։ Իսկ որպես քաղաք շատ ավելի երիտասարդ է։
Պատմական իրադարձությունների բերումով Երեւանին ուշ է հաջողվել քաղաք դառնալ։ Այդ կարգավիճակը նրան տրվել է 1879 թվականին, Ալեքսանդր Երկրորդ ցարի հոկտեմբերի 1—ի հրամանով։ Այդ օրվանից Երեւանը դասվել է կայսրության քաղաքների շարքը՝ ունենալով ընդամենը տասներկու հազար բնակիչ։ Այդ տարի քաղաքային ընտրությունների արդյունքում ձեւվորվում է քաղաքային դուման, որն էլ ընտրում է առաջին քաղաքապետին։ Այդ պատվին է արժանանում Հովհաննես Ղորղանյանը։
Մինչեւ օրս Երեւանն ունեցել է հիսուներկու քաղաքապետ (խորհրդային շրջանում՝ քաղխորհրդի նախագահ)։
Քաղաքի կարգավիճակ ստանալուց ի վեր մինչեւ 1924 թվականը Երեւանը քաղաքաշինական գործընթացները կառավարող ճարտարապետ չի ունեցել։ Քաղաքաշինական խնդիրները լուծել են հողաչափը, քաղաքային տեխնիկը կամ քաղաքաշինարարը։ Միայն 1900թ.—ից սկսած այդ կարեւոր գործը հանձնարարվել է մասնագիտությամբ ճարտարապետի։ Դա եղել է Երեւանի՝ 1906—1911 թթ. գլխավոր հատակագծի հեղինակ Բորիս Մեհրաբովը (Մեհրաբյան)։ Բայց նա չի կոչվել գլխավոր ճարտարապետ, եղել է քաղաքային դումայի տեխնիկ։ Երեւանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը ձեւավորվել է 1924 թվականին։ Այդ պաշտոնին առաջինը նշանակվեր է Նիկոլայ Բունիաթովը (Բունիաթյան)։ Մինչեւ օրս Երեւանն ունեցել է տասնհինգ գլխավոր ճարտարապետ, որոնցից միայն Նարեկ Սարգսյանին է վիճակվել երկու անգամ նշանակվել այդ պաշտոնում։
Ճարտարապետության ակադեմիկոս, Հայաստանի ժողովրդական ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, ում վաստակը քաղաքաշինության եւ ճարտարապետության մեջ անգնահատելի է, երբեւէ չի եղել Երեւանի գլխավոր ճարտարապետ։ Սակայն հեղինակել է Երեւանի երկու գլխավոր հատակագծեր. մեկը՝ 1924թ. (150 հազար բնակչի համար), մյուսը՝ 1934թ. (500 հազար բնակչի համար)։ Վերջինը մնացել է անավարտ։
Երեւանի փողոցներին անվանում սկսել է տրվել քաղաքի կարգավիճակ ստանալուց տասնհինգ տարի առաջ։ 1864թ. բնակավայրի գլխավոր փողոցն անվանվել է Երեւանի նահանգապետ Աստաֆեւի անունով՝ Աստաֆյան, այժմ՝ Աբովյան փողոց։ Քաղաքի ե՛ւ այն ժամանակվա, ե՛ւ ասօրվա կենտրոնական փողոցների մի մասը կառուցվել է ավելի ուշ, 1900 թվականներին։ Դոկտորական փողոց (այժմ՝ Թումանյան), Թարխանովի փողոց (այժմ՝ Պուշկինի), Նազարովի փողոց (այժմ՝ Ամիրյան), Ներկարարների փողոց (այժմ՝ Տերյան), Տեր—Ղուկասովի փողոց (այժմ՝ Նալբանդյան)։
Ցարական շրջանում Երեւանում ամեն տարի ինչ—որ բան ավելացել է. կառուցվել են երկաթուղիներ, գործարաններ, դպրոցներ, այգիներ, ձիաքարշն է սկսել գործել, կառուցվել են թատրոններ, հեռախոսակայաններ, արհեստանոցներ։
Իր գոյության շատ կարճ եւ դժվար շրջանում քաղաքի զարգացմանը հետամուտ է եղել նաեւ Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Սկսվել է քաղաքային հիվանդանոցի նոր շենքի կառուցումը, բացվել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք եւ այլն։
Երեւանի բուռն զարգացումը կապված է Հայաստանի երկրորդ Հանրապետության յոթանասնամյա շրջանի հետ։ Այս տարիներին հայոց մայրաքաղաքը գյուղաքաղաքից վերածվեց ժամանակակից քաղաքի՝ բոլոր պարամետրերով։ Կառուցվեց Հանրապետության հրապարակի՝ բացառիկ ճարտարապետական արժեք ներկայացնող անսամբլը, որի ադամանդե ակը, անշուշտ, Կառավարության տունն է (Ալ. Թամանյանի նախագծով)։ Քաղաքի կենտրոնում բարձրացավ օպերայի եւ բալետի թատրոնի շենքը՝ կրկին Ալ. Թամանյանի նախագծով, որը 1937թ. Փարիզի միջազգային ցուցահանդեսում շահել է «Գրան պրի» բարձրագույն մրցանակը։
Ստեղծվեցին օդանավակայաններ, զարգացավ երկաթուղային ցանցը, կառուցվեցին արդյունաբերական այնպիսի հսկաներ՝ ինչպիսիք են «Հայէլեկտրո», «Նաիրիտ» միավորումները։ Մեծ թափ ստացավ գիտության զարգացումը. Բացվեց Մատենադարանը, կառուցվեց ԽՍՀՄ–ում խոշորագույն էլեկտրոնային արագացուցիչը, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ինստիտուտ—գործարանը։ Ստեղծվեցին բազմաթիվ գիտական ճյուղային ինստիտուտներ։ Իսկ մինչ այդ կազմավորվել էր գիտությունների ակադեմիան։ Մարզական—մշակութային կյանքը նույնպես վերելք էր ապրում։ Կառուցվեցին «Հրազդան» մարզադաշտը, մարզահամերգային համալիրը եւ բազմաթիվ այլ կառույցներ։
Անկախության, այն է՝ Հայաստանի երրորդ Հանրապետության քսան տարիներին նկատելիորեն փոխվեց մոտեցումը Երեւանի կառուցապատմանը։ Նոր ժամանակները նոր պահանջարկ եւ նոր առաջարկներ են բերել։ Դա առավելապես հստակ արտահայտվեց վերջին տասը տարիներին։ Որքան էլ սովետական չափանիշներով կառուցված քաղաքը վատ չէր, այդուհանդերձ, արեւմտյան քաղաքակրթության ազդեցությունը ստիպեց վերանայել շատ սկզբունքներ ու մոտեցումներ։ Խորհրդային կենտրոնական իշխանությունների ճնշումից եւ սահմանափակումներից ազատված հայ ճարտարապետական միտքը բազում նոր որակներ դրսեւորեց։ Դա արտահայտվում է ոչ միայն ազգային ավանդական քաղաքաշինական մշակույթին նոր ու ընդունելի տարրեր ավելացնելու, այլեւ շինարարական որակի կտրուկ բարելավման փաստով։ Երեւանում ամեն տարի կառուցվում են նոր բնակելի շենքեր, որոնք իրենց գեղեցկությամբ եւ ամրությամբ գերազանցում են մինչ այդ եղածներին։ Մեծածավալ քաղաքաշինական ծրագրեր են իրականացվել։ Կառուցվել է Հրազդանի կիրճի ափերն իրար կապող Դավիթաշենի կամուրջը, որի շնորհիվ կրկնակի կարճացել է Դավիթաշեն թաղամասը քաղաքի կենտրոնական մասին կապող ճանապարհը։ Կառուցվել է Սարալանջի—Ավետիսյան փողոցներ ուղղությունը, որի միջոցով անչափ բարելավվել է հաղորդակցության որակը քաղաքի տարբեր հատվածների միջեւ։ Առավել մեծ նշանակություն ունի Սարալանջի փողոցից մինչեւ Խանջյան փողոցի վերջնամասն ընկած ճանապարհային ուղղության վերակառուցումը (համապատասխան ուղետարներով), որի շնորհիվ Ավանից, Նոր Նորքից, Հին Նորքից, Զեյթունից ու Արաբկիրից եկող փոխադրամիջոցները Տիգրան Մեծի եւ Արշակունյաց պողոտաներ են հասնում «մի շնչով», առանց կարմիր լույսի հանդիպելու։ Պակաս կարեւոր չէ Հանրապետության հրապարակի վերակառուցումը, որի արդյունքում ստեղծվել է բացառիկ գեղեցկությամբ քարե գորգ՝ հրապարակի մեջտեղում։ Իսկ հրապարակի նոր շատրվանային ատրակցիոնը պարզապես մագնիսական ուժով իրեն է ձգում քաղաքի բնակիչներին եւ հյուրերին։
Մի շարք մայրուղային փողոցների վերակառուցմամբ, բարեկարգմամբ, ինչպես նաեւ հետիոտն ստորգետնյա եւ վերգետնյա անցումների կառուցմամբ Երեւանում երթեւեկելիությունը դյուրացել է, որքան էլ որ վերջին տարիներին մեծացել է քաղաքում գրանցված փոխադրամիջոցների թիվը։
Այս հոբելյանական տարվա գեղեցիկ եւ արժեքավոր նվերը երեւանցիներին Մատենադարանի նոր մասնաշենքը եւ նոր հեծանվահրապարակն են, որ շարք մտան նախօրեին։

Ի՞նչ քաղաք, որ տոն չունենա

Երեւանի օրը նշելու պետական որոշումը համատեղ ընդունել են ՀԿԿ Կենտկոմը եւ ՀԽՍՀ Նախարարների խորհուրդը՝ 1967թ. նոյեմբերի 30—ին։ Այդ փաստաթղթով որոշվել է, որ 1968թ. հոկտեմբերի երկրորդ կեսին տոնվի Երեւանի (Էրեբունու) հիմնադրման 2750—ամյակը։ 1968 թ. հոկտեմբերի 18—ին մեծ շուքով նշվեց այդ տոնը, սակայն դրանք դարձան ոչ պարբերական, անցկացվում էին ընդհատումներով։ Հաջորդը եղավ 1998թ. հոկտեմբերին, Էրեբունի—Երեւանի 2780—ամյակին։ Սակայն, կրկին ընդհատվեց ավանդույթը եւ միայն 2001թ. տոնը նշվեց միջոցառումների շարքով՝ հոկտեմբերի 7–13—ը։ Դրանից սկսած «Երեւանի օր» խորագրով տոնը դարձավ մշտապես նշվող։ 2008—ին Երեւանը նշեց իր ծննդյան 2790—ամյակը։ Ասենք, որ հետագայում Երեւանի քաղաքապետարանը տոնակատարության օրը տեղափոխեց հոկտեմբերի երկրորդ կիրակի։
Այսօր քաղաքի տոնը նշվում է կայուն պարբերականությամբ, եւ Երեւանի քաղաքապետարանը ձգտում է այն առավել սրտամոտ դարձնել երեւանցիներին։ Ծրագրերի թեմատիկ բազմազանությունը, մշակութային եւ մարզական միջոցառումներին հանրության հնարավորինս լայն շրջանակներին մասնակից դարձնելու ձգտումն ու ցանկությունը որոշակի արդյունք տալիս են։ Ամեն տարի մեծանում է նաեւ այլ երկրներից Երեւանի օրվա տոնակատարությանը մասնակցողների թիվը։ Մեղմ աշնանային կլիման ստեղծում է տոնը ինչպես երեւանցիներին, այնպես էլ հյուրերին հաճելի դարձնելու բոլոր նախադրյալները։ Բայց գլխավորը պատմական իրողության գիտակցումն է։ Մենք՝ երեւանցիներս, 2794 տարեկան քաղաքի բնակիչ ենք։ Դա պետք է հպարտության զգացում առաջացնի յուրաքանչյուրիս հոգում։ Իսկ հպարտության առարկան հնարավոր չէ չսիրել։


Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

21-09-2011





08-04-2020
Imagine, there's no newsroom… Լրատվամիջոցները համավարակից հետո
Ճգնաժամային պայմանները կարծրատիպեր են կոտրում

Եթե չլինեին լրատվամիջոցները, ...


08-04-2020
Հայկական կոնյակը՝ հայկական սպիրտից, սա էլ՝ ՀՀ-ի եւ Արցախի խաղողի հատուկ սորտերից
Իսկ ինչ են վկայում այդ խմիչքի ու դրա ...


08-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 881. ապաքինվել է ևս 27 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք: Այս ...


08-04-2020
Հողի, գյուղացու ու կորոնավիրուսի մասին
Տարիներ առաջ զրուցում էի գյուղատնտեսության ոլորտի մի բարձրաստիճան պաշտոնյայի ...


08-04-2020
Հոգեւոր անկյուն
Ցանկանում ենք ներկայացնել, որ իմունիտետ ունենում է ոչ միայն ...


08-04-2020
Մաքսերի իջեցում, վարկերի տոկոսադրույքների զրոյացում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է օգտատերերի հարցերին

Նախօրեին ...


08-04-2020
ՌԴ-ում աշխատանքային միգրանտների թիվը կնվազի
Հզոր հարվածի տակ հայտնված փոքր բիզնեսը չի կարողանա ...



08-04-2020
Իտալիան արդեն ոչ թե վիրուսից, այլ աղքատությունից է վախենում
Այս երկիրը հասել է սովի եւ սոցիալական ...

08-04-2020
Կունենանք թոքերի օդափոխման սարքերի սեփական արտադրություն
Հայ մասնագետներն արդեն գործի են ...

08-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
Կամ՝ երբ մշակույթն անգամ իր բարձրությամբ ...

08-04-2020
Հրապարակվել է ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով մեղադրական եզրակացությունը
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Արեւելյան շրջանի դաշնային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO