Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մեր երկրում նոր մեծածավալ արտադրություն է սկսվում

Գետնախնձորի աճեցումն ու վերամշակումը շատ բաց դռներ են խոստանում

Առիթ ունենալով անդրադառնալ գետնախնձորի մշակման առանձնահատկություններին եւ դրա բուժական հատկություններին՝ նշել էինք, որ Հայաստանում նպատակահարմար կլինի զբաղվել գետնախնձորի մշակությամբ, եւ որ այդպիսի մի ծրագիր ուրվագծվում է։ «ՀՀ»—ին էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ ուրվագծվող նախագիծն արդեն կյանքի է կոչվել եւ կմեկնարկի այս տարվա ամռանը։ Ծրագիրը Armtopinambour (ասում են, թե «տոպինամբուրը» անվանումը ստացել է այս մշակաբույսն աճեցնող հնդկացիների ցեղի անունից, չնայած «գետնախնձոր» հայկական անվանումը հաստատ ունի նախապատմություն…) անունն է կրում։ Ծրագիրն իրականացնելու է «Գյուղկորպորացիա» ընկերությունը, որը, ըստ ընկերության արտաքին կապերի եւ մարքետինգի բաժնի պետ Գրիգոր Շիրխանյանի տվյալների, զբաղվելու է գետնախնձորի աճեցմամբ եւ վերամշակմամբ։
Միանգամից նշենք, որ «Գյուղկորպորացիա»—ն այժմ չինական կողմի հետ բանակցություններ է վարում՝ գետնախնձորի վերամշակման գործարան կառուցելու հետ կապված (գործարանը Արագածոտնի կամ Գեղարքունիքի մարզում կլինի)։ Ի դեպ, Չինաստանն է աշխարհում գետնախնձորի խոշորագույն արտադրողը, իսկ մեր տարածաշրջանում գետնախնձոր չի վերամշակվում։ Ծրագիրը կարժենա 225 մլն դոլար՝ ըստ նախարարության։ Ու որպեսզի այս թիվը ծրագիր կյանքի կոչելու առումով կասկածներ չառաջացնի, տեղեկացվեց նաեւ, որ ներգրավվելու է միայն 26.5 մլն դոլարը, իսկ մնացյալը սեփական միջոցներ են լինելու։
Որպեսզի գետնախնձորի աճեցման ու վերամշակման ծրագրի հեռանկարն ավելի ակնառու լինի, ասենք, որ տնտեսական խնդրից զատ, դա լուծում է նաեւ առողջապահական ու բնապահպանական խնդիր։ Մինչեւ ծրագիրն այս երեք կտրվածքներով ներկայացնելը մի փոքր նախապատմություն անենք։

Իսկական հրաշքի փունջ՝ մեկ բույսում

Հայաստանում գետնախնձորի մշակում կազմակերպելու ծրագիրն անցել է 2 փուլով։ 1987թ. ՀԽՍՀ Նախարարների խորհուրդը, համապատասխան մարմինների հետազոտությունների հիման վրա, ընդունեց Հայաստանում գետնախնձոր աճեցնելու որոշումը։ Սակայն 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը եւ ԽՍՀՄ փլուզումը թղթին թողեցին այդ որոշումը։ 2010թ. հիմնադրվեց «Գյուղկորպորացիա» ՓԲԸ—ն, որը դարձավ առաջինը Հայաստանում եւ ամբողջ Հարավային Կովկասում, որ սկսեց գետնախնձոր աճեցնել։ Համենայն դեպս, դատելով այն հանգամանքից, որ 2013թ. ընկերությունը ծրագրում է ստեղծել արտադրություն՝ գետնախնձորի արդյունաբերական վերամշակում իրականացնելու համար, ուրեմն արդյունքները գոհացուցիչ են եղել։
Հիմա խոսենք գետնախնձորի առողջապահական, բնապահպանական ու տնտեսական նշանակություններից։
Գետնախնձորի կիրառության բնագավառները բազմազան են։ Այն շատ կարեւոր տարր է մարդու սննդակարգում, նաեւ անփոխարինելի է դեղագործության մեջ՝ շնորհիվ իր բազմաթիվ օգտակար հատկանիշների։ Գետնախնձորից կարելի է ստանալ բնապահպանապես մաքուր, առողջության համար օգտակար խտախառնուրդներ եւ զանազան պատրաստուկներ՝ շաքարախտ ու այլ հիվանդություններ բուժելու նպատակով։ Ռուսական բժշկական մասնագիտական կայքէջերի տվյալների համաձայն, գետնախնձորի ծաղիկը մեղրատու է եւ ծաղկում է հոկտեմբերին, երբ արդեն սպառված են լինում մեղրատու մյուս բույսերը։ Բնապահպանները ընդգծում են՝ գետնախնձորը կենսավառելիքի ստացման աղբյուր է։ «Գյուղկորպորացիա»—ն վստահ է, որ այդ մշակաբույսի աճեցումը մեր երկրում հեռանկարային է, քանի որ ունի մշակության հետեւյալ առավելությունները՝ 1. բնական երկրագործությամբ մշակության ենթարկելու բոլոր նախադրյալները, 2. ապահովում է սննդի արդյունաբերության արագ զարգացում, 3. առողջապահության բնագավառում ունի մեծ նպաստ, 4. մեծ առավելություն ունի որպես հյութալի անասնակեր եւ խտախառնուրդների բաղադրիչ, 5. կենսավառելիքի ստացման աղբյուր է (մերոնք նույնպես չեն հերքում), 6. մարդկանց եւ կենդանիների օրգանիզմից ռադիոակտիվ նյութերի դուրսբերման միջոց է, 7. հողը թթվածնով հարստացնելու, էրոզիայի դեմ պայքարելու արդյունավետ ձեւ է։
Այս ամենին հավելյալ՝ քիմիական բացառիկ բաղադրության եւ սննդային մեծ ներուժի շնորհիվ գետնախնձորի վերամշակումից կարելի է ստանալ ավելի քան 25 տեսակի արտադրանքներ, որոնք կիրառվում են սննդային, դեղագործական եւ քիմիական արդյունաբերություններում։ Այսօր գետնախնձորի վերամշակումից ինուլինի, սպիրտի, ֆրուկտոզայի, գարեջրի, ալյուրի, կենսավառելիքի ստացումը լայնորեն կիրառվում է Գերմանիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Կանադայում։
Հատկապես մեծ է գետնախնձորի դերը ինուլինի եւ բիովառելիքի արտադրության մեջ։ Գետնախնձորը մշակման ենթակա այն եզակի մշակաբույսերից է, որտեղ ինուլինի պարունակությունը կազմում է մինչեւ 21%։ Իսկ ածխաջրածինների հարուստ բաղադրության շնորհիվ գետնախնձորի 1 հա ցանքատարածությունից հնարավոր է արտադրել մինչեւ 8 տ կենսավառելիք։
Բացի այդ, մեր երկրում գետնախնձորի ցանքատարածություններ ստեղծելը նպատակահարմար է նաեւ բնապահպանական առումով։ Բանն այն է, որ գետնախնձորը ընդունակ է օդից կլանել ածխածին եւ դրա փոխարեն արտադրել թթվածին։ Գետնախնձորի 1 հա—ն տարվա ընթացքում ընդունակ է կլանել մինչեւ 6 տ ածխաթթու գազ։ Համեմատության համար նշենք, որ 1 հա անտառը կլանում է մինչեւ 3—4 տ ածխաթթու գազ։
Մասնագետները վկայում են, որ գետնախնձորը հարուստ է ածխաջրերի պարունակությամբ, առանձնանում է վիտամինների եւ միկրոտարրերի բազմազանությամբ, վիտամին C—ն եւ B1—ը գետնախնձորի մեջ 2 անգամ ավելի շատ են, քան կարտոֆիլի։ Գետնախնձորը կարտոֆիլին գերազանցում է նաեւ ֆոսֆորի, կալիումի, ցինկի, երկաթի եւ սիլիցումի պարունակությամբ։ Բացի այդ, գետնախնձորի պալարները պարունակում են զգալի քանակի ածխաջրեր՝ ավելի քան 25%, սպիտակուց՝ 4%, պեկտին՝ 1.5%, բջջանյութ՝ 2% եւն։ Գետնախնձորը առավել կարեւոր է ինուլինի առկայությամբ (16—21%), իսկ սա խոսում է մշակաբույսի հակադիաբետիկ հատկանիշների մասին։ Ընդհանրապես երբ ժամանակին գիտական աշխարհն ուսումնասիրում էր գետնախնձորի պալարներն ու ծաղիկները, զարմացած էր բույսի բուժիչ հատկություններից։ Գետնախնձորի պալարներում ինուլինի բարձր պարունակության շնորհիվ նրանից ստացված արտադրանքները (փոշի, եփուկներ, թուրմ, օշարակ) ավանդաբար իրենց տեղն են զբաղեցնում շաքարային դիաբետի 1—ին եւ 2—րդ խմբի հիվանդների սննդակարգում։ Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ առաջին խմբի հիվանդների մոտ (ինսուլինային կախվածություն ունեցող) գետնախնձորի օգտագործումը նպաստում է գլյուկոզայի քանակի կայուն իջեցմանը արյան մեջ՝ համապատասխանաբար նաեւ հիվանդին ինսուլինի ներարկման օրական պահանջարկի զգալի նվազեցմանը։ Շաքարային դիաբետի երկրորդ խմբի հիվանդների սննդակարգում գետնախնձորի եւ դրանից ստացված արտադրանքների ընդգրկումը հանգեցնում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի բնական արտադրման խթանմանը, լյարդում գլիկոգենի ստեղծման աճին։ Գետնախնձորի մշտական օգտագործումը նպաստում է երկրորդ խմբի հիվանդների մոտ նաեւ ճարպային նյութափոխանակության բարելավմանը, մարմնի ավելորդ քաշի նվազմանը եւ այլն։ Գետնախնձորը պարունակում է նյութերի կոմպլեքս (ինուլին, կալիում, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր եւ վիտամին B—ի խումբը), որը շահավետորեն ազդում է սրտի եւ արյունատար անոթների աշխատանքի վրա։ Այս նյութերի պարունակության շնորհիվ է, որ գետնախնձորի մշտական օգտագործումը խոչընդոտում է անոթային խցանումների առաջացմանը, ամրապնդում է արյունատար անոթների պատերը, հիպերտոնիայի դեպքում նվազեցնում է զարկերակային ճնշումը, կանխում է բորբոքային պրոցեսները սիրտ—անոթային համակարգում, ինչպես նաեւ նպաստում է արյան մեջ խոլեստերինի քանակի նվազմանը՝ կանխարգելելով զարկերակային պատի վրա խոլեստերինի կուտակմանը։
Մարսողական համակարգի հիվանդությունների ժամանակ գետնախնձորի օգտագործումը՝ շնորհիվ պեկտինային նյութերի պարունակության, օգնում է կարգավորել աղիքներում օգտակար միջավայրի հավասարակշռության վերականգմանը։ Գետնախնձորի պալարները եւ դրանից ստացված արտադրանքները օգտակար են այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են գաստրիտը, ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցը, լեղաքարային հիվանդությունները, խրոնիկական խոլեցիստիտը, լյարդի ճարպային դիստրոֆիան, ցեռոզը։ Մաշկային հիվանդությունների եւ վնասվածքների բուժման ժամանակ օգտակար է հակաբորբոքային հատկություններով օժտված գետնախնձորի մշտական օգտագործումը սննդի մեջ՝ տեղային եւ արտաքին օգտագործման ձեւով։
Այս բույսի կիրառումը օգտակար է այն մարդկանց համար, ովքեր հաճախակի են ֆիզիկական ծանրաբեռնվածություն զգում։ Գետնախնձորը հարուստ է արգինինով եւ ֆոսֆորով, որոնք նպաստում են ֆիզիկական ուժերի վերականգնմանը։ Ի դեպ, գետնախնձորը չափազանց օգտակար է նաեւ ավելորդ քաշի դեմ պայքարում, քանի որ բարելավելում է ճարպային փոխանակությունը՝ նպաստելով ավելորդ քաշի նվազմանը։

Պահանջարկ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին շուկաներում

Էկոնոմիկայի նախարարության հավաստմամբ, «Գյուղկորպորացիա»—ն գետնախնձորի որակյալ ալյուրի մեծածավալ արտադրություն էլ կկազմակերպի։ Դա թույլ կտա Հայաստանի հացաթխման, մակարոնեղենի եւ քաղցրավենիքի արտադրություններին ավելի մրցունակ դարձնել սեփական արտադրանքը, իսկ բնակչության սնունդը՝ ավելի առողջարար։ Ընկերությունից էլ տեղեկացնում են, որ գետնախնձորի ալյուրը քաղցրահամ է եւ օգտակար մարդկային օրգանիզմի համար։ Ցորենից ստացված ալյուրի հետ գետնախնձորի ալյուրի միախառնումը (2.5% կամ 5% չափաբաժնով) զգալիորեն բարձրացնում է հացի որակը եւ դարձնում այն առողջարար։ Դա պայմանավորված է գետնախնձորի ալյուրի մեջ ածխաջրերի մի ամբողջ համալիրի պարունակությամբ։ Գետնախնձորի ալյուրի սպիտակուցային բաղադրությունը բնութագրվում է ամինաթթուների բազմազանությամբ, որոնց մեծ մասն անփոխարինելի է։ Գետնախնձորի ալյուրի հումքը նրա պալարներն են։ Այն հատկապես մեծ կիրառում ունի որպես դիետիկ հավելումների բաղադրամաս։
Սուր եւ քրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունների բուժման ժամանակ գետնախնձորի ալյուրն ակտիվացնում է իմունային համակարգը, նրա պարբերական օգտագործումը մաքրում է օրգանիզմը ռադիոնուկլիդներից, ծանր մետաղներից, օրգանական ծագման թույներից։
Ըստ ընկերության ներդրումային ծրագրի, սկզբում ցանքատարածությունը կլինի 7400 հա, հետագայում կհասցվի մինչեւ 35 հազ հա—ի։ Սկզբում մշակաբույսերի վերգետնյա մասը կիրացվի որպես անասնակեր, իսկ պալարները կտրվեն պահածոյի ու սպիրտի գործարաններին։ Հետո կստեղծվի անասնակերի արտադրության հենք, եւ կարտադրվի ֆրուկտոզա, կենսագազ, կենսաէթանոլ, կենսապարարտանյութ եւ այլն։
Գետնախնձորի աճեցման ու մշակման ռազմավարությունը նախատեսում է՝ ցանքատարածքների վարձակալում, վար ու ցանք, բերքահավաք, գյուղտեխնիկայի ձեռքբերում, աշխատատեղերի ստեղծում, կենսաէթանոլի, կենսագազի, ինուլինի արտադրական հզորությունների ստեղծում, օժանդակ անասնապահական, ջերմոցային, կերարտադրության եւ մեղվաբուծական համալիրների ստեղծում։
Ծրագրի իրականացման առաջին հինգ տարիներին ծախսվելու է 225 մլն դոլար։ Բայց հաշվի առնելով այն, որ ընկերությունը վստահ է, որ ընդամենը 1 տարի հետո ինքը ունակ կլինի արտադրանքի վաճառքից դրամական հասույթ ձեւավորել՝ ըստ այդմ ծածկելով սեփական ծախսերը, ակնկալվում է ծրագրի երրորդ կողմերից ներգրավել ընդամենը 26.5 մլն դոլարի ներդրում (առնվազն 10 տարի մարման ժամկետով ու հնարավորինս ցածր տոկոսադրույքով)։
Ու քանի որ մեր երկրում գետնախնձորի մշակությունը մեծ տարածում չունի, հետեւաբար հիշյալ ծրագրի իրագործման շնորհիվ «Գյուղկորպորացիա»—ն որպես միակ արտադրող հանդես կգա։ Ընկերությունը հեռանկարում նախատեսում է, որ հայկական շուկայում իր արտադրատեսակները լայն սպառում կունենան սննդի (հյութեր, պաղպաղակ, հացաբուլկեղեն եւ այլն) արտադրության, գյուղատնտեսության եւ տրանսպորտի (կենսագազ, կենսաէթանոլ), թռչնաբուծական (որպես անասնակեր կօգտագործվի վերամշակված կանաչ զանգվածը) եւ առողջապահական (դեղորայք ինուլինից) ոլորտներում։
Բացի տեղական շուկայից, արտահանում էլ է նախատեսվում դեպի ՌԴ, որտեղ գետնախնձորի ու դրա արտադրատեսակների մեծ պահանջարկ կա։ Հիշեցնենք, որ տարածաշրջանում գետնախնձորի մեծածավալ մշակությամբ ոչ մի ընկերություն չի զբաղվում։ Բայց երկրները պահանջարկ ունեն եւ հիմնականում ներկրում են Եվրոպայից։ Մինչդեռ տարածաշրջանային երկրից՝ Հայաստանից ներկրումը պակաս ծախսատար ու ժամանակատար կլինի։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

29-03-2013





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO