Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2018
ԼՂՀ


Արցախի տարածքն անբաժանելի է

Քանզի դրա մեկ տնտեսաքաղաքական ամբողջություն լինելը պնդում էին նաեւ ադրբեջանցիները

Օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մեջ կարդում ենք, որ «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ», իսկ նախքան այդ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթի մեջ այսպիսի ձեւակերպում կար. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»։ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի արձագանքում նշվում է, որ «գոյություն չունեն «Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներ», գոյություն ունի ազատագրված Արցախ՝ մեկ ամբողջություն՝ իր 11432 քառակուսի կմ տարածքով։ …Տարածքային զիջումները հասունացնելու են նոր պատերազմը. սա աներկբա ճշմարտություն է»։
Այս համատեքստում հարկ ենք համարում քննության առնել ԼՂ հակամարտության տարածքային բաղադրիչը։ Խոսքն այսպես կոչված «յոթ շրջանների մասին է», որոնք նախկինում չեն մտել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների մեջ եւ ուղղակիորեն մաս են կազմել Ադրբեջանական ԽՍՀ—ի։ Իրականում դրանք ոչ թե յոթն են, այլ երեքն են՝ նախկին Լաչինի, Կուբաթլուի եւ Զենգիլանի շրջանները, իսկ մնացյալ երեքը՝ նախկին Քելբաջարը, Ջեբրայիլը, Ֆիզուլին եւ Աղդամը, ազատագրված են մասամբ, քանզի Քելբաջարից ծայր հյուսիսային որոշ շրջաններ, Ջեբրայիլից՝ Չոջուք Մերջանլի գյուղը, իսկ Ֆիզուլուց եւ Աղդամից՝ զգալի հատվածներ, շարունակում են մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ Արցախի վարչական բաժանման՝ այս հողերը միավորված են Շահումյանի, Քաշաթաղի եւ Հադրութի շրջանների մեջ։
Նախքան Արցախյան ազատամարտը այդ տարածքները հիմնականում ադրբեջանաբնակ եւ քրդաբնակ էին. միջնադարից սկսած՝ պարսից շահերի եւ թաթար խաների հետեւողական քաղաքականության պատճառով՝ դրանք աստիճանաբար հայաթափվել են, ինչի նպատակը Արցախն ու Սյունիքը միմյանցից անջատելն էր։ Ի հետեւանս այս գործընթացի՝ դաշտային եւ մերձգետաբերանային հատվածները բռնվում էին օտար տարրերի կողմից, իսկ հայերիս բաժին էին մնում լեռնային շրջանները։
Քաղաքական աշխարհագրության տեսանկյունից, սակայն, նշված ամբողջ տարածքը կազմում է մեկ տնտեսա—երկրաքաղաքական ամբողջություն եւ վարչաքաղաքական առումով անջատ գոյություն ունենալ չի կարող։ Սա հասկանում են նաեւ ադրբեջանցիները։ 1919թ. Ղարաբաղի՝ Բաքվից նշանակված նահանգապետ Խոսրով բեկ Սուլթանովն այս մասին գրել է. «Ղարաբաղի դաշտավայրից պոկված լեռնամասի ազգաբնակչությունը սովից կկոտորվի, դաշտավայրի բնակչությունն էլ առանց լեռների կկործանվի թե՛ տնտեսապես (անասնաբուծություն) եւ թե՛ ֆիզիկապես (մալարիա)։ …Ընդունենք իբրեւ անժխտելի ճշմարտություն, որ Ղարաբաղը տնտեսապես եւ քաղաքականապես անբաժան է»։ Այստեղից էլ նահանգապետը բխեցնում էր, որ այդ ամբողջությունը պետք է պատկանի Ադրբեջանին, քանի որ Ղարաբաղը նաեւ դուռ է դեպի Զանգեզուր եւ Նախիջեւան։
Այս առումով ամենեւին պատահական չէ, որ Սյունիքի եւ առհասարակ՝ ամբողջ ՀՀ տարածքի հանդեպ նկրտումները Ադրբեջանում ցայսօր շարունակություն ունեն, այդ թվում՝ երկրի նախագահի մակարդակով։ Իսկ դառնալով Ղարաբաղի տարածքի միասնականությանը՝ պետք է նշենք, որ 1921թ., երբ Կովկասյան բյուրոյի պլենումը որոշում ընդունեց երկրամասը «թողնելու» Ադրբեջանի կազմում, հիմնավորումը նույնպես տարածքի ամբողջականությունն էր ու տնտեսական կապը Բաքվի հետ։ Անշուշտ, այս պարագան չի կարող զանց առնվել բանակցությունների ժամանակ։
Խոսելով պատերազմական շրջանի մասին՝ պետք է արձանագրենք, որ այդ շրջաններն ազատագրվել են անվտանգության նկատառումներով, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արցախի միջեւ կայուն եւ անխաթար կապ հաստատելու համար, ինչպես նաեւ թշնամական կրակակետերը լռեցնելու եւ երկու զորքերի բաժանարար գիծը հնարավորինս դեպի բնական սահմաններ հասցնելու համար, որը հյուսիսում Մռավի լեռնաշղթան է, իսկ հարավում՝ Արաքս գետը։ Դրա շնորհիվ շփման գիծը կրճատվեց շուրջ 350 կմ—ով։ Հրադադարից քսան տարի անց հարկ է վերաարժեւորել պատմական եղելությունները եւ նորովի հայացք գցել արցախյան տարածքի նշանակությանը՝ որպես ՀՀ եւ ԼՂՀ ռազմավարական անվտանգության բաղադրիչներ։
Խոսելով արտալղիմյան հողերի կարեւորության մասին՝ հարկ է առանձնացնել դրանց ռազմավարական, ջրային, ժողովրդագրական, պարենային, հաղորդակցական եւ հոգեբանական գործառույթները։
Ինչպես վերը նշվեց, այդ տարածքներն ազատագրվել են հենց ռազմա—անվտանգային նկատառումներից ելնելով, սակայն հրադադարից եւ արցախյան պետական շինարարության սկզբնավորումից հետո դրանց ռազմավարական խորությունն ընդարձակվել է։ Ապահովվել է Արցախի, Սյունիքի եւ ընդհանրապես ամբողջ Հայաստանի անվտանգությունը։ Գաղտնիք չէ, որ պատերազմի տարիներին հակառակորդը հերթական պարտություններից հետո, ջանալով բեկում մտցնել ռազմական գործողությունների ընթացքի մեջ, իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից քանիցս ռմբակոծել է Գորիսի եւ Կապանի շրջանները, եւ եթե 1993թ. օգոստոսի 31—ին եւ նոյեմբերի 1—ին չազատագրվեին Կուբաթլուն եւ Զենգիլանը, Սյունիքը դանդաղորեն արժանանալու էր հայաթափված մյուս շրջանների ճակատագրին, իսկ Արցախը նորից կարող էր կտրվել Հայաստանից, քանզի այդ շրջաններից սաստկացել էին հարձակումները Լաչինի միջանցքի ուղղությամբ։
Նույնը կարող ենք ասել նաեւ արցախյան բնակավայրերի մասին։ Աղդամի անկումից հետո ադրբեջանական բանակը, չնայած պարբերաբար կնքվող հրադադարներին՝ Ֆիզուլու եւ Ջեբրայիլի տարածքից շարունակում էր թիրախի տակ առնել Մարտունու եւ Հադրութի հայկական բնակավայրերը, եւ եթե չլիներ հայկական ուժերի օգոստոսյան հաղթարշավը, ապա կասկածի տակ կլիներ առհասարակ ամբողջ պատերազմի ելքը։ Ինչ վերաբերում է Աղդամ քաղաքին, որ ներկայումս վերանվանված է Ակնա, եւ որի շրջակայքում իրականացվում են Տիգրան Մեծի հիմնած Տիգրանակերտ քաղաքի պեղումները, ապա այն ռազմավարական նշանակություն ունի ամբողջ կենտրոնական Արցախի համար՝ Ասկերանի, Ստեփանակերտի եւ Շուշվա։ Բացի այդ՝ աղդամյան հատվածով է անցնում նաեւ Մարտակերտ—Ստեփանակերտ ավտոճանապարհը, որը նախքան ազատագրումը ավելորդ կերպով երկարում էր Վանքի ուղղությամբ։
Ընդհանրապես Արցախի ազատագրումից հետո բարվոք վիճակի է բերվել նաեւ տեղի ճանապարհների եւ հաղորդակցության վիճակը։ Ներկայումս Շահումյան—Քարվաճառի երկայնքով կառուցվող նոր ճանապարհը է՛լ ավելի մեծ նպաստ կբերի խորհրդային տարիներին «լուռ» շրջափակման մեջ հայտնված Արցախի հետագա զարգացմանը։
Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, ապա հարկ է հիշատակել, որ Շահումյանի շրջանից, որ Մեծ Հայքի Վայկունիք գավառն է, սկիզբ են առնում Թարթառն ու Խաչենագետը, ինչպես նաեւ Արփան ու Որոտանը։ Առաջիններն անգնահատելի դեր ունեն արցախյան գյուղատնտեսական եւ էներգետիկ անվտանգության զարգացման դիտակետից, իսկ վերջիններս բացի վերոբերյալ կարեւորությունից, որ հատուկ է գրեթե բոլոր գետերին, նաեւ ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի հիմնական ջրային պաշարի՝ Սեւանի փրկության համար։ Հիմնավոր փաստեր կան, որ Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանը միտումնավոր թունավորում էր Քելբաջարից սկզբնավորվող այս գետերը, ինչով էլ մասնագետները պայմանավորում են ԼՂԻՄ տարածքում քաղցկեղով հիվանդությունների անհամաչափ աճը։ Իսկ խնդրի պատճառը հենց դա էր, որ դեպի ԼՂԻՄ հոսող գետերը սկիզբ էին առնում դրա տարածքից դուրս՝ «հարակից տարածքներ» Քելբաջարի, Լաչինի եւ Կուբաթլուի վարչական շրջաններից։
Ինչ վերաբերում է ԼՂԻՄ տարածքից սկզբնավորվող Վարանդային եւ Իշխանագետին, ապա դրանց վրա ջրամբարտակները դիտավորյալ կառուցվում էին ԼՂԻՄ տարածքից դուրս՝ Ֆիզուլու շրջանում՝ զրկելով հայերին ոռոգման հնարավորությունից։ Ներկայումս Վարանդան ամբողջությամբ, Իշխանագետը՝ մեծ մասամբ, հոսում են հայկական տարածքով եւ պիտանի են գյուղատնտեսական օգտագործման համար, ինչը մեծ կարեւորություն կարող է ունենալ Հայաստանի պարենային անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով մերձարաքսյան հողերի բարեբեր լինելը։
Այսպիսով, վերոբերյալ փաստերը վկայում են, որ Արցախի տարածքը՝ որպես մեկ միասնական ամբողջություն, անխզելի եւ անբաժանելի է։ Այս դրույթն ամրագրված է նաեւ Արցախի Սահմանադրության 142 հոդվածով։
Ինչ վերաբերում է հարցի բանակցային եւ միջազգային իրավական ասպեկտներին, ապա տեղին է նշել, որ հայկական կողմի անվտանգային հիմնախնդիրը ճանաչված է այն առումով, որ բանակցային փաթեթում խոսք կա Լաչինի հատվածով կայուն ցամաքային կապի մասին՝ որպես անվտանգության երաշխիք։ Սակայն հաշվի առնելով Արցախի աշխարհագրական առանձնահատկությունները, հայ—ադրբեջանական գոյակցության պատմությունը, պատերազմի պատմությունը, ակնհայտ է դառնում, որ այդպիսի կարգավիճակ պիտի տրվի բոլոր այն շրջաններին, որոնք Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում անցել են հայկական կողմին։ Սրա միջոցով միայն կարող են Ադրբեջանի հանդեպ կենսագործվել միջազգային իրավական պատասխանատվության ինստիտուտի նորմերը՝ որպես պատիժ Հայաստանի եւ ԼՂԻՄ շրջափակման, ԼՂԻՄ հանդեպ հայաթափման քաղաքականության, Շահումյանի բռնազավթման, Մարաղայի ցեղասպանության, Արարատի, Տավուշի, Սյունիքի եւ Արցախի հայկական բնակավայրերի դեմ ագրեսիայի եւ այդ տարիներին այլ միջազգային իրավական հանցանքների դիմաց։
Եվ վերջապես ամբողջական Արցախը Հայաստանի միակ հուսալի երաշխիքն է՝ Երեւանն ու Էջմիածինն իրենցը համարող ադրբեջանական նոր հարձակումների դեմ, եւ նաեւ կայուն զարգացման երաշխիք է ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր ներկայումս բնակություն են հաստատել ազատագրված հողերում։ Ուստի խոսելով տարածքային ամբողջականության սկզբունքի մասին՝ հարկ է հաշվի առնել հայկական կողմի կենսական շահերը եւ չանտեսել Արցախի Հանրապետության ամբողջականությունը։ Ինչպես դիպուկ է նկատում Դավիթ Ջամալյանը. «…Արցախի տարածքային ամբողջությունը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, հայոց պետականության լինելիության գրավականն է, …մեր սերունդների սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու գրավականն է»։
Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

16-05-2014





13-10-2018
Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը
Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային ...


13-10-2018
«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով
Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ...


13-10-2018
«Մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքները



13-10-2018
Երկկողմ հանդիպումներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն ...


13-10-2018
Հայ–կանադական բարեկամությունը շատ ավելի մեծ ապագայի ներուժ ունի
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ...


13-10-2018
ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում ...


13-10-2018
Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի ...



13-10-2018
Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է
Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ...

13-10-2018
Ֆրանսերեն լեզվով, բայց հայկական սրտով
Հայերի ներդրումը ֆրանսագիր գրականության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO