Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայկական ձեռագործ գորգերն առանձնահատուկ են

Եվ բարձր են գնահատվում իրենց պայծառ գույների, որակի ու եզակի դիզայնի շնորհիվ

Այն, որ Հայկական լեռնաշխարհը գորգագործական մշակույթի սկզբնավորման, ձեւավորման եւ զարգացման բնօրրաններից է, պատմականորեն հաստատված փաստ է, անառարկելի իրողություն։ Ոչ միայն գորգագործությունը, այլեւ կիրառական արվեստի բազմաթիվ այլ ճյուղեր հազարամյակներ շարունակ ուղեկցել են մեր ժողովրդին։ Գորգը որպես իր, իսկ գորգագործությունը՝ որպես մշակույթ, անքակտելիորեն միահյուսված են եղել հայ ընտանիքին եւ իրավացիորեն մեր ժողովրդի պատմության, մեր մշակույթի մաս կազմել։ Գորգերը հայերիս կյանքում այն դերն են ունեցել, ինչ սրբապատկերներն ուղղափառների համար։ Գորգերը սրբության արժեք ունեին եւ դրան համարժեք էլ վերաբերմունքի էին արժանանում։
Միջին դարերում հայ առեւտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատեսակ կարպետներ ու գորգեր։ Բնավ պատահական չէ, որ կարպետ անվանումն առաջին անգամ հանդիպում ենք հայկական աղբյուրներում։ Այդ բառը ե՛ւ գորգ, ե՛ւ կարպետ իմաստներով ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերենին եւ եվրոպական այլ լեզուների։ 13—րդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն, լինելով Հայաստանում եւ իր ուղեգրություններում խոսելով հայերի մասին, գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը…»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին, իսկ խորհրդային տարիներին, կարելի է ասել, հզոր գորգագործական շարժում էր սկսվել։

Ոլորտի առաջատարները

Ներկայումս Հայաստանում, ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, կա գորգագործությամբ զբաղվող 5 ընկերություն, գործում են նաեւ մի քանի փոքր տնայնագործական արտադրություններ։ Ամենախոշորները՝ «Թուֆենկյան թրանս կավկազուսը» եւ «Մեգերյան կարպետը», արտադրում են բացառապես ձեռագործ, իսկ «Արմեն կարպետը»՝ մեքենայական գորգեր։ Այս ընկերությունների համեմատ արտադրության առավել փոքր ծավալներ ունի Իջեւանի նախկին գորգագործական կոմբինատը՝ «Ջրաշողը»։
«Թուֆենկյանը» Հայաստանում գործում է 1994 թվականից։ Ընկերության պատվերներով մեր երկրում շարունակում են աշխատել մի քանի արտադրամասեր՝ հիմնականում գյուղական բնակավայրերում։ Արտադրանքը մեծամասամբ արտահանվում է ԱՄՆ։
«Մեգերյան» ընկերությունը ձեռագործ գորգերի արտադրության ոլորտում ունի գրեթե մեկդարյա պատմություն, սակայն Հայաստանում գործունեությունն սկսել է միայն 2000 թ.։ Առաջին արտադրամասը բացվել է 1917 թ. Նյու Յորքում, ապա արտադրություններ են հիմնվել աշխարհի տարբեր երկրներում՝ Եգիպտոսում, Պակիստանում, Աֆղանստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Ռումինիայում։ Մեգերյանների ջանքերով Հայաստանում թարմացվել եւ վերազինվել է նախկին «Հայգորգ» ընկերությանը պատկանող գործարանը, ընդ որում, ընկերության կողմից ինչպես տարբեր շրջաններում, այնպես էլ ԼՂ—ում վերաբացվել են նախկին 20 արտադրական մասնաճյուղերը։ Վերջերս այստեղ այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընկերության «Հովհաննես եւ Նոյեմի Մեգերյան» հայկական ձեռագործ գորգերի թանգարանում ծանոթացել է ժամանակակից Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հին գորգերին, գորգագործների տեղամասում դիտել աշխատանքային գործընթացը։
Արտադրության մեջ օգտագործվում է տեղական հումքը։ Գյուղացուց գնված բուրդը, տորոնի արմատներն ու ընկույզի կեղեւն արտադրության հիմնական բաղադրիչներից են։ Արտադրողների հավաստիացմամբ, հումքի ձեռք բերման հետ կապված խնդիրներ գրեթե չկան։ Խնդիրները հիմնականում կապված են սպառման հետ։ Դրանք սրվել են հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, երբ ձեռագործ գորգի արտադրությունն անկում ապրեց։ Չնայած դրան, հայկական ձեռագործ գորգեր են ձեռք բերել այնպիսի հայտնի անհատներ, ինչպես, օրինակ, Նորման Ռոքվելերը, Բիլի Ջոնսը, Վատիկանի կարդինալները։ Հայկական արտադրության գորգեր կան նաեւ ԱՄՆ գրեթե բոլոր դեսպանատներում եւ ճանաչված այլ վայրերում։
Պարոն Եգանյանի տեղեկացմամբ, վերջին ժամանակաշրջանում այս ոլորտում որոշակի աշխուժություն է նկատվում, ինչը պայմանավորված է հիմնականում «Արմեն կարպետի» առավել ակտիվ գործունեությամբ։ Ընդ որում, մեքենայական արտադրության գորգերը՝ ուղեգորգեր եւ գորգածածկեր, սպառվում են մեծ մասամբ ներքին շուկայում, իսկ ձեռագործները, որոնք համեմատաբար թանկ արժեն, հիմնականում արտահանվում են առավել վճարունակ երկրներ՝ ԱՄՆ, Եվրոպա։
«Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն,–նշեց նա,–2015 թ. թողարկվել է ավելի քան 177 մլն դրամի արտադրանք, աճի տեմպը կազմել է 99,3 տոկոս։ Այդուհանդերձ, 2014—ի համեմատ, 2015—ին արտահանումը կազմել է 50 տոկոս։ 2015—ին մոտ 400 մլն դրամի գորգ է իրացվել ներքին շուկայում, ինչը մոտ 18 տոկոս աճի մասին է վկայում»։

Համալիր մոտեցում

Ի՞նչ է պետք, որպեսզի հայ գորգագործները կարողանան հաղթահարել ընթացիկ տնտեսական դժվարությունները եւ սպառողին (հատկապես՝ դրսի) լավագույնս ներկայանալու լիարժեք հնարավորություններ ունենան…
«Մենք, փառք Աստծո, ունենք բոլոր հնարավորությունները,–շարունակեց պարոն Եգանյանը,–ամրապնդելու, կրկնապատկելու ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները։ Դրա համար ե՛ւ պահանջվող ռեսուրսը կա, ե՛ւ անհրաժեշտ մեքենասարքավորումներով ու տեխնիկական հագեցվածությամբ ենք ապահովված, եÕ՛ւ, ի վերջո, գորգագործության ավանդույթներն են լավագույնս պահպանվել։ Առաջին հերթին, անշուշտ, բավականաչափ ներդրումներ են հարկավոր, եւ շատ կարեւոր է, որ մեր տնտեսավարողները, տիրապետելով ժամանակակից տեխնոլոգիական հմտություններին, կարողանան ճիշտ մարքեթինգային քաղաքականություն վարել։ Պետք է հաշվի առնել, որ միայն արտադրության ծավալների ընդլայնման արդյունքում է հնարավոր մրցունակ արտադրանք թողարկել։ Փոքր, սահմանափակ ծավալի դեպքում հաջողություն ակնկալելն այնքան էլ իրատեսական ու արդարացված չէ։ Այսինքն, այդ ծավալները պետք է ավելացնել, հասցնել այն մակարդակի, որպեսզի արտադրանքի նվազագույն ինքնարժեք ապահովվի։ Ճիշտ, խելամիտ կառավարման եւ ագրեսիվ մարքեթինգային քաղաքականության արդյունքում հնարավոր կլինի ցանկալի հաջողության հասնել։ Բիզնեսը պետք է ագրեսիվ աշխատանք տանի իր ապրանքը ներքին եւ արտաքին շուկաներում ներկայացնելու առումով։ Իսկ, առհասարակ, ոլորտի ապագան մեծապես կախված է այն հանգամանքից, թե նրա զարգացման նպատակով ինչպիսի քայլեր կանեն բուն արտադրողները եւ ինչպիսի համալիր միջոցառումներ կձեռնարկեն պատկան, շահագրգիռ մարմինները։ Այո՛, համալիր մոտեցում է անհրաժեշտ, սրտացավ ու հետեւողական վերաբերմունք…»։

Գորգագործությունը՝  գերակա ուղղություն

Փաստ է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության եւ առանձին կազմակերպությունների կողմից որոշակի քայլեր են ձեռնարկվում գորգագործության զարգացումը խթանելու ուղղությամբ։ Մասնավորապես, 2009 թ. կառավարության որոշմամբ ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող ընկերություններն ազատվել են շահութահարկից եւ ավելացված արժեքի հարկից։ Հարկ է ընդգծել նաեւ, որ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում թեթեւ արդյունաբերության ճյուղը համարվել է գերակա, եւ այն գործիքակազմը, որը նախատեսված է տվյալ ոլորտի համար, կիրառելի է նաեւ գորգագործության պարագայում։
«Այո՛,–հավաստեց մեր զրուցակիցը,–գորգագործությունը, որպես ավանդական, հեռանկարային ճյուղ, նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ գորգագործական ընկերությունները կարող են օգտվել նախատեսված գործիքակազմից՝ ցուցահանդեսների մասնակցություն, հարկերի սուբսիդավորում, խորհրդատվություն եւ այլն»։
Ինչ վերաբերում է ձեռագործ գորգերին, ապա դրանք ինչ—որ առումով նաեւ մշակույթի մաս են, հետեւաբար, հաջող ներկայացնելու դեպքում անգամ մրցակցության հիմնական կոմպոնենտները հաշվի չառնելով, հնարավոր է այն վաճառել ավելի լավ, քան նույն որակի առավել ցածր արժեք ունեցող արտադրանքը։ Ահա այս տեսանկյունից էլ, ոլորտի ընդհանուր առմամբ խթանմանը զուգընթաց, վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվում նաեւ հայկական գորգի՝ որպես արվեստի կարեւորագույն ճյուղի ներկայացման ուղղությամբ։
Մասնավորապես, ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 18—ի որոշմամբ գորգարվեստի հանրահռչակումն ընդունվել է կառավարության գործունեության մշակութային քաղաքականության գերակա ուղղություն։ Այդ համատեքստում իրականացվել եւ իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ հայկական գորգագործական մշակույթի վերաբերյալ տեղեկատվության, պատմության, ավանդույթների տարածման եւ ոլորտի զարգացման ուղղությամբ։

Առանձնահատկությունները

Հայ կանանց, աղջիկների ստեղծագործ մտքի ու ճաշակի արդյունքում ստեղծվել եւ սերնդեսերունդ փոխանցվել են բացառիկ գորգեր։ Հայ կանայք չափազանց մեծ պատասխանատվությամբ են գործել եւ գործում գորգերը, ինչն ապահովել է գործվածքի որակը, զարդանախշերի համաչափությունը, պատկերների գեղեցիկ ու ճիշտ արտացոլումը գորգերի վրա։
Գորգերը մշտապես երիտասարդ մնալու զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով, նրանց զարդանախշերը չեն մոռացվում, այլ շարունակ ընդօրինակվելով՝ փոխանցվում են սերնդեսերունդ։ Հայկական զարդանախշերը ժողովրդական հնագույն պատկերացումներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Հայկական գորգի ամենահայտնի նախշերից է վիշապը։ Վիշապ պատկերած գորգը վիշապագորգ են կոչում։ Առհասարակ, մեր գորգերը հնում անուններ են ունեցել, հիմնականում՝ ըստ նախշատեսակների ու տարածքների։
Հայկական գորգագործության առանձնահատկություններից մեկն այն է, որ արեւը, աստղերը, կենդանիները, բույսերը, մարդիկ եւ այլն խորհրդանշական նախշերով են պատկերվում։ Մեր գորգերը նշանավոր են նաեւ իրենց սքանչելի գույների շնորհիվ։ Այդ գույներն ստացվում են տարբեր ծառերի կեղեւներից ու տերեւներից, բույսերի արմատներից, ծաղիկներից եւ այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր ներկն էր։
Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։

Թանկից… էժանը չկա

Միջազգային շուկան ողողված է բազմատեսակ գորգերով՝ թանկ, էժան, որակյալ, անորակ։
Այդուհանդերձ, հայկական ձեռագործ գորգն առանձնանում է ինչպես տեսակով, այնպես էլ որակով։ Այն բոլորովին չի զիջում տվյալ արտադրանքին, ավելին՝ որակապես տարբերվում է այլ երկրների արտադրանքից, որտեղ ավելի մեծ ուշադրություն է դարձվում քանակին։ Գորգեր ներմուծող երկրները նախընտրություն են տալիս թուրքական, հնդկական կամ չինական արտադրանքին, որոնք երբեմն զիջում են հայկականին որակական հատկանիշներով ու գնային առումով։ Թեեւ Հայաստանում ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող ընկերություններն աշխատում են հենց արտաքին շուկայի համար, բայց դա այնքան էլ մեծ թիվ չի կազմում ընդհանուր վիճակագրության մեջ։
Ասել, որ տեղական գորգերը բարձր գին ունեն, թանկարժեք են, այնքան էլ ճիշտ չէ։ Պարզապես, դրանք իրենց իրական, համարժեք գինն ունեն, այսինքն՝ արժեքը գնին համապատասխան է, ինչը մեր ոչ վճարունակ սպառողին կարող է թանկ թվալ՝ այդպիսով նրան ուղղորդելով դեպի էժանագին ու, հետեւաբար, ներքին շուկան ողողած ցածրորակ ներկրված գորգատեսակները։ Տեղականը, հայրենականը նախընտրելը առաջին հերթին հենց սպառողի շահերից է բխում՝ մի շարք առավելություններ հաշվի առնելով։ Այս առումով հիշենք, թեկուզ, ժողովրդական հանրահայտ խոսքը՝ թանկից… էժանը չկա։
Մեքենայով գորգերի արտադրության դեպքում արտադրանքի ստացումը դառնում է արագ, իսկ արժեքը՝ բավականին ցածր։ Ձեռագործ գորգերն ինքնին ներդրում են։ Դրանց արժեքը գնման պահից բարձրանում է, իսկ մեքենայով գործված գորգերինը՝ իջնում։

***
Ինչ ունենք այսօր հայկական գորգագործությունը զարգացնելու եւ մեր մշակութային ժառանգությունը պահպանելու համար…
Համապատասխան քայլեր պատկան մարմինների կողմից, անշուշտ, ձեռնարկվում են, սակայն դա դեռեւս բավարար չէ։ Համենայնդեպս, այդ ժառանգությունը պահպանելու, կրկնապատկելու, հնագիտական ուսումնասիրություններ եւ գիտական հայտնագործություններ կատարելու համար մեզ անհրաժեշտ է հետազոտական կենտրոններ ստեղծել, հատուկ մասնագետներ պատրաստել։ Այս եւ մի շարք այլ ծրագրեր առայժմ ցավալիորեն հետաձգվում են։
Մենք չունենք նաեւ գորգագործական արվեստի թանգարան, մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան, որտեղ գորգագործական արվեստ, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել, մի քանիսն ունեն։ Ընդ որում, այդ թանգարան կոչվածներում մի շարք ազգերից գողացված գորգերի կողքին նաեւ հայկական գորգեր են ցուցադրվում՝ ներկայացվելով իբրեւ ադրբեջանական կամ թուրքական։ Շատ այլ երկրներում եւս, ցավոք, հայկական նախշազարդերով գորգերը երբեմն դիտվում են որպես կովկասյան։
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

18-02-2016





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO