Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2017
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ոսկե ծիրան», օր վեցերորդ

Երազանքների եւ դրանց իրականացման միջեւ ճամփան փշոտ է

«Ոսկե ծիրանի» շրջանակներում երեկ իր աշխատանքները շարունակեց «Ստեղծարար Եվրոպա» ֆորումը, որի ընթացքում ներկայացվեցին արդեն ընտրված խաղարկային կինոնախագծերը, ինչպես նաեւ կազմակերպվեցին անհատական հանդիպումներ։ Օրվա երկրորդ կեսին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում վարպետության դաս անցկացրեց կինոքննադատ Թոմ Մքսորլին։ «Երեւանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում ներկայացվեց միանգամից հինգ ֆիլմ Քենեթ Ա. Կարլսոնի «Նուբայի սիրտը», Յուջին Քորի եւ Ռոբերտո Չիլիի (Պերես) «Հավանայի ուրվական քաղաքը», Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին», Ռուբեն Էսթլունդի «Քառակուսին», Ակի Կաուրիսմյակիի «Հույսից անդին»։ «Երեւանյան գիշերները» շարունակվեցին Պողոսյան պարտեզներում։ Ցուցադրվեցին Ջերի Ռոթուելի «Ինչպես փոխել աշխարհը» եւ Անդրեյ Լոշակի «Դենիս Մուկքուեգե» ֆիլմերը։
Տասներեք տարեկան Սորայային իր կամքին հակառակ ամուսնացնում են, բայց աղջիկը չի համակերպվում այդ կարգավիճակի հետ եւ յոթ տարի անց այնուամենայնիվ համարձակություն է գտնում իր մեջ՝ փախչելով ամուսնուց։ Նա հայտնվում է մի գյուղում, որտեղ տեղական դպրոցի երիտասարդ ուսուցիչը օթեւան է տալիս եւ իր պաշտպանությունն առաջարկում։ Երիտասարդ աղջկա պատմության մասին ռեժիսոր Տոմմազո Կոտրոնեին իմացել է իր եմենցի ընկերոջից, ով նույնպես դառնում է «Արյուն եւ լուսին» լիամետրաժ վավերագրական ֆիլմի հերոսներից մեկը։ «Այս իրական պատմության շուրջ սկզբում զրուցել եմ միայն Սորայայի հետ եւ մտածում էի, թե ամուսինը պետք է որ բռնակալ լինի։ Սակայն երեք ամիս անց ճանաչեցի նաեւ ամուսնուն եւ հասկացա, որ սխալվել եմ։ Խնդիրը ստիպողաբար եւ վաղ ամուսնության մեջ է»,–նշեց ռեժիսորը։ Նա հույս հայտնեց, որ կգա ժամանակը եւ Սորայան կրկին կվերադառնա Մոհամեդի մոտ։
Ֆիլմում ներկայացված է Եմենի քաղաքային եւ գյուղական կյանքը, ինչպես նաեւ քաղաքացիական պայքարը՝ բողոքները, ցույցերը։ Այն հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու, թե ինչ է կատարվում այդ երկրում։ Տ. Կոտրոնեին խոստովանում է, որ ինքը որպես եվրոպացի մեղավորության զգացում ունի այդ մարդկանց հանդեպ, քանի որ կարծում է, որ եվրոպական պետությունների, գերտերությունների վարած քաղաքականության արդյունքում են այդ մարդիկ հայտնվել նման խառնակ պայմաններում։ «Եվրոպացիների մոտ տարօրինակ պատկերացում կա, թե աֆրիկացիների Եվրոպա գալու միակ նպատակը գումար վաստակելը, հաց ուտելն ու քնելն է, մինչդեռ շատերի պես քսանամյա Մոհամեդը նույնպես ուզում է սովորել, լավ կրթություն ստանալ եւ վերադառնալով իր երկիր՝ ինչ—որ բան փոխել այնտեղ»,— մանրամասնեց նա։
Տ. Կոտրոնեին խոստովանում է, որ իր բոլոր ֆիլմերում ենթագիտակցորեն ընտրում է այնպիսի կերպարներ, որոնց հետ ունի ընդհանրություններ։ Այդպես է նաեւ Մոհամեդի դեպքում։ Ռեժիսորը ծնվել է Հարավային Իտալիայում՝ Կալաբրիայի մի փոքրիկ քաղաքում, որտեղ վաղ տարիքից սկսել է ծնողների հետ աշխատել գյուղի դաշտերում։ 21 տարեկանում իր մեջ ուժ է գտնում փախչելու չարքաշ աշխատանքից։ Մինչ իր հույսերն արդարացնող գործ գտնելը, նա տարիներ շարունակ ֆիզիկական աշխատանքով է զբաղվել Հյուսիսային Եվրոպայում։ Այնուհետեւ Ռ. Կոտրոնեին սկսում է հաճախել Հռոմի Լա Սապիենցա համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դասընթացին, թեեւ չի ավարտում ուսումը։ Բարեբախտաբար 1993—ին դառնում է «Կալաբրիա» ֆիլմը նկարահանող ռեժիսոր Վիտտորիո Դե Սետայի օգնականը, իսկ արդեն 1997—ին՝ քառասուն տարեկանում, նկարահանում է իր առաջին գործը՝ «Կապույտի մեջ հեքիաթներ փնտրելիս» ֆիլմը։ «Հարավային Իտալիայում կենսամակարդակն ավելի ցածր է։ Այնտեղ մնալու դեպքում շարունակելու էի մանդարին հավաքել, բայց ես ասելիք ունեի, որը հետագայում կարողացա ներկայացնել ֆիլմեր նկարահանելով։ Կարեւոր է այն որոշումը, որ մարդը կայացնում է. շարունակել մանդարին հավաքել եւ համակերպվել իրականության հե՞տ, թե՞ փորձել ինչ—որ բան փոխել կյանքում»,— ընդգծեց Տ. Կոտրոնեին։

«Մնա՞լ, թե՞ հեռանալ». այս է խնդիրը

Հաճախ ենք լսում բարեկեցիկ կյանք գտնելու ակնկալիքով Հայաստանը լքած մարդկանց մասին, բայց թե ինչպես է դասավորվում նրանց ճակատագիրն օտար ափերում, ոչ միշտ է, որ տեղյակ ենք լինում։ Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար» վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանից հեռացած եւ հեռավոր Մարսելում ապաստան փնտրող հայերի մասին։ Այդ թեմայով ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվում է, երբ ռեժիսորը Լիոնի կայարանից դուրս գալուց լսում է, թե ինչպես մայրը հայերենով երեխային կանչում է ճաշելու։ Փոքրիկի հետեւից գնալով Թ. Ստեփանյանը տեսնում է գունավոր վրաններից կազմված մի ճամբար, որտեղ մեծ թվով հայ ընտանիքներ են ապրում՝ սպասելով ապաստան ստանալու համար ներկայացրած իրենց հայցադիմումի պատասխանին։ Ֆիլմի համար կերպարներ գտել է արդեն Մարսելում գտնվող հայ գաղթականների շրջանում։ Նկարահանումների ընթացքում ռեժիսորը շատ է կապվել իր հերոսների հետ, ովքեր դարձել են իր կյանքի մի մասնիկը, եւ այսօր էլ նրանց հետ կապի մեջ է։ Թ. Ստեփանյանը նշեց, որ այդ մաշող եւ երկար սպասման ընթացքում շատերն են կոտրվում, անգամ հոգեկան հիվանդ են դառնում։
«Վավերագրական ֆիլմ նկարահանելն ինձ համար յուրահատուկ զրույց է, որի միջոցով փորձում եմ ասելիքս փոխանցել աշխարհին։ Խոցելի եւ ծանր բան է, երբ թափառում ես օտար երկրներում։ Այս ֆիլմը նկարահանելով փորձել եմ հասկանալ նաեւ ինքս ինձ, քանի որ իմ կամքից անկախ 25 տարի է գտնվում եմ հայրենիքից հեռու»,–անկեղծացավ Թ. Ստեփանյանը։ Նրա խոսքով, տարբեր երկրներում ֆիլմը տարբեր կերպ է ընդունվել, եւ իր համար հետաքրքիր է, թե ինչպես այն կընդունվի հայրենիքում։

Կրկին արտագաղթի մասին

Արտագաղթը, նաեւ աշխատանքային միգրացիան լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, այն չի շրջանցել նաեւ նախկին ԽՍՀՄ երկրները։ Ուկրաինացի ռեժիսոր Տարաս Տկաչենկոյի «Տատրակի բույնը» խաղարկային ֆիլմը պատմում է ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագրի մասին, ովքեր ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի, որպեսզի հայրենիքում ավելի լավ ապագա ապահովեն իրենց ընտանիքների համար։ Սակայն ֆինանսական ձեռքբերումների կողքին նման քայլը բավականին բացասական դեր է ունենում անձնական հարաբերություններում։
Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Դարինկան, Իտալիայում մի քանի տարի աշխատելուց հետո վերադառնում է տուն։ Նա Իտալիա էր մեկնել իր աշխատանքով Արեւելյան Կարպատների Բուկովինա շրջանում ապրող ընտանիքին նեցուկ կանգնելու համար։ Իսկ աշխատանքն իտալացի մի հարուստ փաստաբանի եւ նրա ծեր մորը խնամելն էր։ Սա միայնակ գոյություն է՝ լիովին կախված գործատուներից. ծեր կինը նրան արհամարհանքով է վերաբերվում, իսկ գործը շուրջօրյա է։ Փողը Դարինկայի ընտանիքին հնարավորություն է տալիս խուսափելու ծանր աղքատությունից։ Այդ գումարով նրանք Կարպատյան լեռներ եկող զբոսաշրջիկների համար հյուրատուն են կառուցում։ Շինարարությունը ամուսինն է անում, բայց անփույթ ու դանդաղ։
Տ. Տկաչենկոն նշեց, որ նախքան գեղարվեստական ֆիլմ նկարահանելը, այդ թեմային անդրադարձել է վավերագրական ֆիլմի շրջանակներում։ «Ֆիլմով ցույց էի տալիս, թե որքան վատ պայմաններում են ապրում եւ աշխատում ուկրաինուհիները, սակայն երբ վերադարձա Ուկրաինա, տեսա, որ իմ երկրում ավելի վատ է, եւ իմաստ էլ չունի, որ նրանք վերադառնան։ Ցավոք, Ուկրաինայում իրավիճակը տարիների ընթացքում ավելի է վատթարանում։ Դրա հետեւանքով ուկրաինուհիների մի մասը հրաժարվում է վերադառնալ հայրենիք եւ փորձում է նոր կյանք սկսել դրսում։ Մի մասն էլ հավատում է, որ ինչ—որ ժամանակ կկարողանա վերադառնալ։ Այս թեման հոգեհարազատ է ինձ եւ իմ ցավոտ տեղին է կպնում»,— ասաց նա։
Ֆիլմի վրա աշխատել են բավականին երկար՝ երեք տարի շարունակ։ Պատճառը Ուկրաինայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխությունների արդյունքում ֆինանսների հետ կապված դժվարություններն են եղել։ Ծանր հարված է եղել նաեւ գլխավոր հերոսուհու ամուսնու դերակատարի՝ Վիտալի Լինեցկու մահը։ Դրա պատճառով ստիպված փոխել են ֆիլմի սցենարի ավարտը, չնայած, ռեժիսորի վկայմամբ, սցենարի փոփոխության արդյունքում ֆիլմն ավելի է շահել։
«Գիտեմ, որ Հայաստանում նույնպես աշխատանքային միգրացիան արդիական խնդիր է, եւ ինձ համար հետաքրքիր էր հասկանալ, թե որքանով է ճշգրիտ այդ կերպարի հոգետիպը»,— նշեց Տ. Տկաչենկոն, ապա հավելեց, որ վերջին տասնամյակում Ուկրաինայից հեռացել է հինգ միլիոն մարդ, որոնք արտագաղթել են Իտալիա, Լեհաստան, Պորտուգալիա։ Ռեժիսորը կատակեց, որ այսօր եթե մեկնի այդ երկրներից յուրաքանչյուրը, ապա հանգիստ կարող է լեզուն չիմանալ, քանի որ ամեն քայլափոխի կարելի է ուկրաինացու հանդիպել։
Խոսելով «Ոսկե ծիրանի» եւ Երեւանի մասին, ուկրաինացի հյուրը նշեց, որ քաղաքը շատ է հավանել, երկար շրջել է Երեւանում՝ ունենալով հանգստության եւ ապահովության զգացում։ Հետագայում էլ նախատեսում է այցելել Հայաստան, քանի որ հետաքրքիր թեմաներ եւ իրադարձություններ շատ կան։
Տ. Տկաչենկոն ավարտել է Կիեւի Տ. Շեւչենկոյի անվան ազգային համալսարանի բանասիրական ֆակուլտետը եւ Կիեւի Կ. Կարպենկո—Կարիի անվան թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության ազգային համալսարանի կինոյի եւ հեռուստատեսության բաժինը։ Նույն ինստիտուտում դասավանդել է սցենարի վարպետություն։ 2001—2006 թթ. Ա. Դովժենկոյի անվան ազգային կինոստուդիայի ռեժիսոր է եղել։ Արժանացել է «Կախարդված Դեսնայի ալիքների վրա» ԿՓ—ի Մեծ մրցանակին, ինչպես նաեւ Տորոնտոյի «On The Lake» ԿՓ—ի պատվավոր դիպլոմին։ Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության անդամ է։

«Արեւի քաղաքի» մայրամուտը

«Արեւի քաղաքը» վավերագրական ֆիլմում ներկայացվում է Վրաստանում գտնվող կիսալքված լեռնարդյունաբերական քաղաքի ավերակներում ապրող մարդկանց եւ հանքափորների ոչ արեւոտ կյանքը։ Ֆիլմի գլխավոր հերոսները չորսն են, որոնցից յուրաքանչյուրն ունի կյանքի իր պատմությունը, ճակատագիրը, երազանքներն ու ձգտումները։ Նրանցից մեկը երաժշտության ուսուցիչ է, ով դասավանդում է երեխաներին, ինչպես նաեւ կանանց անսամբլին։ Գումար հայթայթելու եւ ընտանիքի համար նոր կյանք կառուցելու համար նա աշխատանքից ազատ ժամանակ քանդում է քաղաքի ցեմենտային կտորները, որպեսզի վաճառի դրանց մեջ եղած արժեքավոր նյութերը եւ գումար վաստակի։ Երկրորդ կերպարը հանքափոր դարձած դերասան է, ով կարծես ապրում է դժոխքում՝ անկարող լինելով որոշում կայացնել սիրած գործի՝ թատրոնի, եւ փողի՝ հանքում աշխատելու միջեւ։ Ֆիլմի մյուս երկու կերպարները մարզուհիներն են, ովքեր ժամանակին դարձել են ոսկե մեդալակիրներ, սակայն ներկայումս նույնպես անորոշության մեջ են՝ չիմանալով հետագա անելիքները։ Ֆիլմի նկարահանումները տեւել են երեք ու կես տարի։ «Արեւի քաղաքը» մասնակցել է տարբեր փառատոների՝ ստանալով դրական արձագանքներ։
Ֆիլմի ռեժիսորը վրացի Ռաթի Օնելին է, իսկ օպերատորը՝ Արսեն Խաչատրյանը։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ֆիլմը ներկայացնում է Ա. Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ նկարահանումից հետո ցավոք հերոսների կյանքը էակապես չի փոխվել, բայց նրանց բոլորի համար կարեւոր էր, որ իրենց կյանքի, քաղաքի պատմությունը պատմվի։
Ա. Խաչատրյանը երկրորդ անգամ է Հայաստանում, եւ եթե լինեն առաջարկներ, ապա մեծ սիրով կհամագործակցի հայ ռեժիսորների հետ։ Նրա հայրը հայ է, ծնվել է Բելառուսում, ապա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ ապրում եւ աշխատում է։ Մասնագիտության կողմնորոշման հարցում դերակատարություն է ունեցել մայրը, ով լուսանկարիչ է։ Անձամբ Ա Խաչատրյանը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել դեռ Բելառուսում, իսկ հետագայում ուսանել է Արվեստի ակադեմիայում։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

15-07-2017





24-11-2017
Պատուհան դեպի միջազգային շուկա
Երեւանում մեկնարկեց գինու առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի ճանաչելիության ...


 
24-11-2017
Երկխոսության եւ համագործակցության կամուրջ
Միանշանակ է, որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի լավ հարաբերություններից ...


 
24-11-2017
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ
Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը

Երբ պարբերաբար անդրադառնում ...


24-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»—ի պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր ...


24-11-2017
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


24-11-2017
Խորհրդակցություն կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ...


24-11-2017
«Հայաստանի թվային օրակարգ 2030»
Ավարտին են մոտենում ռազմավարության մշակման աշխատանքները

Երեկ տեղի ...



 
24-11-2017
Նախ՝ Բաքուն պետք է մեզ ընդառաջ քայլեր անի
Այդ դեպքում Հայաստանը կողջունի ...

24-11-2017
Արցախ այցելողների թիվն աճում է
Որ երթուղիներն են առավել նախընտրում ...

24-11-2017
Դեկտեմբերի 2—ին Աստվածամուխ ս. գեղարդը կդրվի մայր տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...

24-11-2017
Երկխոսության կոնգրեսը՝ կարեւոր քայլ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO