Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ի՞նչ հեռանկարներ ունի ՀՀ գյուղոլորտը

Մանրամասներ է ներկայացնում գյուղատնտեսության նախարարը

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու նախարարության գործունության 2016—2017թթ. արդյունքները։ Լրագրողներին ամենահուզող հարցերը կապված էին մսի գնի վերջին թանկացումների հետ։ «Դեմ եմ, որ մսի գնի թանկացումը նման խուճապ է ստեղծել, թե՝ վայ, միսը թանկացավ, ինչ ենք անելու։ Ոչ մի բան էլ չենք անելու, ապրանք կա՝ թանկանում է, ապրանք կա՝ էժանանում։ Շուկա է, շուկան է կարգավորում ամեն ինչ»,–ի պատասխան ասաց նախարարը։ Ուշագրավն այն է, սակայն, որ ըստ նախարարի, ինքը խոսել է գյուղացիների հետ, եւ նրանք ասել են, թե տավարի, ոչխարի մսի գինը չեն թանկացրել, չնայած կա կերի գնի բարձրացում. «Չեն թանկացրել, քանի որ այսօր իրացման խնդիր ունեն։ Խոզի միսը միջազգային շուկայում է թանկացել, դա էլ մեզ մոտ հանգեցրել է խոզի մսի թանկացման։ Ոչխարի մսի արտահանումն է կրկնապատկվել (Իրաք է արտահանվել), դա էլ բերել է ոչխարի մսի թանկացում, իսկ տավարի մսի գնի բարձրացումն էլ եղել է ընդամենը 100—150 դրամով, բայց դա չի կարելի համարել թանկացում»։
Ինչ վերաբերում է անասնակերի թանկացմանը, ապա այո, թանկացում կա, բայց անասնապահներն անասնակեր ունեն։ Իսկ եթե խնդիրը հասնի այն կետին, որ կերի պակաս կզգացվի, ապա, Ի. Առաքելյանի խոսքերով, անհրաժեշտության պարագայում կառավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի, պատրաստ են նաեւ անասնակեր ներմուծել։
Մասնագետները կանխատեսում են, որ անասնակերի նվազման պատճառով հարկադիր մորթ կիրականացվի, եւ գարնանը մսամթերքի գինը կթանկանա 30—40 տոկոսով։ Նախարարը համամիտ չէ այս մտքին եւ չի կարծում, թե հարկադիր մորթ կլինի. «Այս պահին անհանգստանալու բան չկա, եթե լինի՝ կարձագանքենք եւ համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Այսօր անասնապահությամբ զբաղվող տնտեսություններն ապահովված են անասնակերով»։ Իսկ թե ինչքանով գարնանը միսը կթանկանա կամ կթանկանա՞ արդյոք, այս պահին ասել չի կարող։
Ի դեպ, ինչպես բանախոսը տեղեկացրեց, նախորդ տարվա համեմատ ավելացել է թե խոշոր, թե մանր եղջերավոր անասունների արտահանումը, ավելացել են նաեւ սպառման ծավալները։ Միաժամանակ ընդգծեց նաեւ, թե ոչ մի արտառոց իրավիճակ չկա անասնապահության ոլորտում։ Այո՛, տարին եղել է չորային, այո՛, կերը թանկացել է, բայց հաջորդ տարի եթե բնակլիմայական պայմանները լինեն ավելի բարենպաստ, ամեն ինչը կվերականգնվի, պետք չէ խուճապի մատնվել։ «Մենք հետեւում ենք եւ ամեն ինչի համար պատասխանատվություն ենք կրում»,–ընդգծեց նախարարը։
Համապատկերում նկատենք, որ գյուղատնտեսության նախարարը ճիշտ չի համարում այն, որ գյուղատնտեսության արդյունքները ամեն ամիս են գնահատվում, քանզի ելնելով սեզոնայնությունից, բնակլիմայական պայմաններից՝ գյուղատնտեսության թվերը նախորդ ամսվա համեմատ կարող են թերի լինել։ «Հետեւաբար մեկ ամսվա համար հայտարարել, թե գյուղատնտեսության նախարարությունը ոչինչ չի անում կամ չի տիրապետում ինֆորմացիայի, դա այդպես չէ։ Մենք ամեն ինչին տիրապետում ենք, ամեն ինչ վերլուծում ենք, ուղղակի ամեն ինչին չէ, որ ուզում ենք արձագանքել՝ հատկապես, եթե դա հիմնավորված չէ»,—շեշտեց Իգնատի Առաքելյանը։

Որ ունենանք եկամտաբեր գյուղատնտեսություն

Հայաստանում գյուղատնտեսությունն ունի զարգանալու մեծ ներուժ՝ թե՛ բնակլիմայական պայմաններով, թե՛ մարդկային ներուժով պայմանավորված։ Ներուժը ունենալով հանդերձ՝ մեր գյուղատնտեսությունն այսօր եկամտաբեր, մրցունակ եւ ինդուստրիալ չէ, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ կան։ Նախարարը թվարկեց, թե որոնք են դրանք։
Ըստ այդմ, թիվ մեկ խնդիրը տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակն է։ Երկրորդը՝ ֆինանսական ռեսուրսները մատչելի չեն։ Երրորդը՝ ոռոգման համակարգի ապահովվածությունը լիարժեք չէ։ Չորրորդն այն է, որ գյուղատնտեսությունն ապահովագրված չէ բնակլիմայական աղետների հետեւանքով կրած վնասներից։ Մյուս խնդիրն այն է, որ թույլ են կրթական եւ խորհրդատվական համակարգերը, օրենսդրական դաշտը բարեփոխման կարիք ունի։ Կա նաեւ իրացման ու վճարման խնդիր, չունենք նաեւ հողերի օգտագործելիության ճիշտ գնահատականը։
Խնդիրներն արձանագրելով՝ Իգնատի Առաքելյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ։ Օրինակ՝ նախարարության տնտեսած գումարների հաշվին մատչելի լիզինգով (ֆինանսական վարձակալություն) գյուղտեխնիկայի տրամադրման ծրագիր է արվում, եւ արդեն 132 միավոր գյուղտեխնիկա տրամադրվել է։ Զուգահեռ նոր ծրագիր է սկսվել, ընդ որում, 3 ծրագիր միանգամից։ Արդեն հիմնվել է գյուղտեխնիկայի կայան, բացի այդ, նախատեսվում է պետական աջակցությամբ էլ գյուղտեխնիկայի կայան հիմնել, որի մրցույթն ավարտվել է։ Մի քանի ամսից Հայաստանում կլինի գյուղտեխնիկան, որը գործի կդրվի գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Արոտների ջրային համակարգն արդիականացնելու, անասնապահական կոոպերատիվներ հիմնելու եւ դրան աջակցելու ծրագիր է իրականացվում։ Սրա շրջանակներում մնչեւ տարեվերջ 120 միավոր գյուղտեխնիկա կտրամադրվի՝ շուրջ 550 մլն դրամի։ Կոոպերատիվը կվճարի տեխնիկայի 20 տոկոսի գումարը միայն, իսկ 80 տոկոսը պետությունը կտրամադրի։
Գանք մթերման խնդրին։ «Այս տարի մթերման հետ կապված խնդիրներ չունենք,—արձանագրեց նախարարը,—կան խնդիրներ՝ բայց նախորդ տարիների մթերումից մնացած, սակայն դա էլ ենք փորձում լուծել»։ Իսկ այս տարի խաղողի մթերման վճարումներն արվում են, եւ գործընթացը պայմանագրերի համաձայն է։ Մթերողների հետ պայմանավորվածություն կա, որ նրանք կարող են 3—տոկոսանոց վարկերից օգտվել՝ գյուղացիների գումարը ժամանակին վճարելու համար։ Ի դեպ, նախարարը շեշտեց, թե այս՝ 2—3 տոկոսանոց վարկերի տրամադրումն աննախադեպ է, այլ կերպ՝ գրեթե զրոյական, անվճար վարկ է, քանի որ ինֆլյացիան հենց 3 տոկոս է հայտարարված։ «Սա տնտեսապես գուցե սխալ է, բայց ես, որպես գյուղատնտեսության նախարար, ուրախ եմ, որ կարողացանք օգնել գյուղացիներին»,—անթաքույց ուրախությամբ նշեց Իգնատի Առաքելյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա խաղողի մթերումների դիմաց չվճարված պարտքերից ամենաբարդը շարունակում է մնալ «Վինար» ընկերության պարտքը։ «Մենք ամեն ինչ արեցինք՝ դատախազության, պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ, որպեսզի կարողանանք պարտքերը մարել։ Մենք խնդրել էինք «Շահնազարյան» ընկերությանը՝ գնել «Վինար» ընկերության պահեստավորած սպիրտը։ «Շահնազարյանը» գնեց, եւ արդյունքում պարտքի մեծ մասը վճարվել է գյուղացիներին։ Այս պահին մնացել է շուրջ 30 մլն, դրամ եւ դրանով նույնպես զբաղվում ենք։ Իհարկե խնդիրներ կան, բայց փորձում ենք լուծել»,—Իգնատի Առաքելյանը նշեց, որ թեեւ դա իրենց գործառույթը չէ, բայց ամեն ինչ անում են եւ բոլոր պետական մարմիններն էլ օգնում են, որպեսզի հնարավոր լինի այդ հարցը լուծել։
Գյուղոլորտի խնդիրների լուծման եղանակ է նաեւ ապահովագրական համակարգի ներդրումը։ KfW—ի հետ համաձայնագիր է ստորագրվել, եւ փորձնական ծրագիր կսկսվի։ 3 տարի հետո համակարգն ամբողջությամբ կներդրվի։ «ՀՀ»—ն հետաքրքրվեց, թե այդ ապահովագրության տիրույթը հատկապես ո՞ր բնակլիմայական աղետի հետեւանքով կրած վնասի վրա է տարածվելու։ Ըստ նախարարի պարզաբանման, նախնական խոսքը վերաբերում է կարկտահարությանը եւ ցրտահարությանը. «Քանի որ գյուղատնտեսությունը ամենից շատ դրանից է տուժում»։
Ու իբրեւ գյուղատնտեսական խնդիրների լուծման տարբերակ վերջապես պետք է հասկանանք նաեւ, թե հողերի օգտագործելիության ինչ մակարդակ ունենք, ո՞ր հողերը չենք օգտագործում եւ ինչո՞ւ։

Օրգանական գյուղատնտեսության ներուժով

Խոսելով գյուղոլորտի ծրագրերից՝ նախարարը կարեւորեց ֆիլոքսերադիմացկուն սորտերի ներկրումը, տեղական սորտերի պահպանումը։ Տեղեկացրեց, որ պատրաստվում է եւ շուտով քննարկման կդրվի գյուղատնտեսության մասին օրենքը։ Նախանշել են այն բոլոր հարցերը, որոնք այսօր կան գյուղատնտեսության ոլորտում՝ տնտեսությունների համար համապատասխան պետական աջակցության ծրագրեր կազմելու նպատակով։ Փոփոխություն է եղել 2007 թվականից ի վեր իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրում։ Իսկ եթե ավելի պարզ, ապա սա է փոփոխությունը։ Եթե նախկինում եվրոպական երկրներից ներկրվել են համաշխարհային ճանաչում ունեցող դասական կաթնատու եւ կաթնամսատու ցեղեր, տոհմային երինջներ, որոնք հանձնվել են ֆերմերներին, ապա այս տարվանից նախատեսվում է վերականգնել կովերի արհեստական սերմնավորման գործընթացը, կազմակերպել սերմնահեղուկի տեղական արտադրությունը, ներդնել սաղմերի փոխպատվաստման տեխնոլոգիան, ինչը հնարավորություն կընձեռի մեր երկրում կազմակերպել բարձրարժեք երինջների աճեցումը եւ դրանցով համալրել տավարի նախիրները։ 2017—2018թթ. ֆերմերներին տրամադրվելու է 250 գլուխ երինջ։
Գյուղնախարարն ասաց, թե ուզում են նաեւ օրգանական գյուղատնտեսությունը առանձին ուղղություն դարձնել, քանզի մեր երկիրը օրգանական գյուղատնտեսության զարգացման մեծ ներուժ ունի։ Ըստ այդմ, նախարարությունը Հայաստանում օրգանիկ պարարտանյութերի ծավալների ավելացմանն ուղղված ծրագրեր է իրականացնում։ «Որովհետեւ Հայաստանում արտադրված օրգանիկ պարարտանյութը եւս կարող է մրցունակ լինել. այդ դեպքում ինչո՞ւ սուբսիդավորենք քիմիականը, եթե կա օրգանականը»,—ասաց նախարարը։
Բացի այդ՝ օրգանական գյուղատնտեսության զարգացումը շղթայաձեւ որոշ ոլորտների դրական տեղաշարժի էլ կհանգեցնի, օրինակ՝ ագրոտուրիզմի։
Թեմայի համապատկերում խոսք եղավ, թե որոշ ժամանակ առաջ ԱՄՆ—ից երկու ձեռներեց եկել էին Հայաստան եւ ցանկություն հայտնել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու։ Դրա հետ կապված լրագրողներն էլ հարցեր հնչեցրին։ «ՀՀ»—ին հետաքրքրողը, սակայն, հետեւյալն էր. ԱՄՆ—ի գյուղատնտեսությունը խեղդված է գենետիկորեն ձեւափոխված մթերքի մեջ։ Այնտեղ սննդում նույնիսկ մինչեւ 70 տոկոս ԳՁՕ—ի պարունակությունը թույլատրվում է օրենքով։ Եվ օրգանական մթերք արտադրելու համար գյուղատնտեսության նախարարությունը մեծ արտոնություններ է տալիս։ Այդ դեպքում ի՞նչն է նրանց ստիպել Հայաստանո՛ւմ զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ։ Ի պատասխան՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պարզաբանեց, որ իրենք ցանկանում էին այստեղ արտադրել եւ արտահանել ԱՄՆ, քանզի այդպես ավելի թանկ կլինի եւ, հետեւաբար, նրանց համար՝ եկամտաբեր։
«ՀՀ»—ի թղթակիցը մտահոգություն հնչեցրեց առ այն, որ, այնուամենայնիվ, հարկ է զգույշ լինել, քանզի ներկրված՝ ասենք, ոչ մաքուր սերմերը կարող են էապես վնասել գործունեության ծավալման հողատարածքը։ Առավել եւս, որ հայտնի է, որ ԳՁՕ—ացված սերմն ու պտուղը տառացիորեն խժռում են բնականին։ Գյուղատնտեսության նախարարը վստահեցրեց, որ տեղյակ է խնդրո առարկայի շուրջ ընդհանրապես միջազգային ծավալումներին եւ խորհուրդ տվեց չանհանգստանալ. «Մտահոգության կարիք չկա, ոչ մի սերմ անգամ առանց ստուգվելու մեր երկիր չի մտնի»։
Իսկ ինչ վերաբերում է օրգանական մեղրի արտադրությանն ու արտահանմանը՝ Իգնատի Առաքելյանն ընդգծեց, որ վերջնական փաստաթղթավորման եւ ներմուծող երկրների կողմից հավաստագրման հարցի լուծումից հետո օրգանիկ մեղրը կարտահանվի։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

12-10-2017





21-10-2017
Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա
Իսկ Բաքուն hուսահատորեն շարունակում է խախտել զինադադարը

Հայաստանի ...


21-10-2017
Խորհրդարանական համագործակցություն
Արա Բաբլոյանը հանդիպել է մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ



21-10-2017
Արդարադատության ոլորտի խնդիրները նույնն են
Վրաց—հայկական իրավական երկրորդ ֆորումը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ ...


 
21-10-2017
Ժնեւում պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը
Սակայն Բաքուն շարունակում է խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները



 
21-10-2017
Համաձայնագիրը կստորագրվի
Իսկ վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի



21-10-2017
Գիտական նոր խնդիրներ
Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ

ՀՀ ԳԱԱ ...


21-10-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ—ում մասնակցեց Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը
Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր ...



21-10-2017
Միջուկային էներգետիկայից չենք հրաժարվի
Հավաստում է նախարարն ու ներկայացնում այլ ...

 
21-10-2017
Արցախի զբոսաշրջությունը՝ «Ինվետեքս» ցուցահանդեսում
Արցախյան տաղավարը վերստին մեծ հետաքրքրություն է ...

21-10-2017
Բացվեց Հակի դպրոցը
Հոկտեմբերի 17—ին մարդաշատ էր Քաշաթաղի շրջանի Հակի ...

 
21-10-2017
D—8—ի գագաթնաժողովից լուրջ ակնկալիքներ չկան
Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել D—8 (Developing 8 countries) ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +6... +8
ցերեկը +20... +22

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO