Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.04.2018
ՆԱԽԱԳԱՀ


Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Աշխատանքային այցով Սոչիում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Նիստին մասնակցել են նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ղրղըզստանի Հանրապետության վարչապետը, ինչպես նաեւ եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդի նիստի օրակարգում ներառված են տեղեկատվայնացման, մաքսային կարգավորման, մրցակցության, բնական մենաշնորհների եւ արդյունաբերության ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ միջազգային գործունեության վերաբերյալ հարցեր։
Առանցքային թեմաներից մեկը մինչեւ 2025թ. Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների քննարկումն է։ Նիստին ներկայացվել են 2018թ. ընթացքում միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։ Նախագահներին տեղեկատվություն է ներկայացվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1—ից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անդամները ծանոթացել են անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի եւ 2016թ. մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցին։ Քննարկման է ներկայացվել նաեւ «ճանապարհային քարտեզի» մշակման մասին եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարականը՝ ուղղված բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցմանը։
Օրակարգի մյուս հարցը Երկրի հեռակա զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական եւ գեոտեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցությունն էր։ Պետությունների ղեկավարները նիստում հաստատել են ԵԱՏՄ դատարանի նախագահին եւ նրա տեղակալին։ Գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը վերաբերում էր միության մարմիններում՝ եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, եվրասիական միջկառավարական խորհրդում եւ եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահությանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում.
«Եվրասիական տնտեսական խորհրդի հարգելի՛ անդամներ,
Նիստի հարգելի՛ մասնակիցներ,
Նախ եւ առաջ կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին այսօրվա գագաթնաժողովի կազմակերպման եւ ջերմ ընդունելության համար։ Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ղրղըզ գործընկերներին Եվրասիական միությունում Ղրղըզստանի նախագահության համար։
Հարգելի՛ գործընկերներ,
Եվրասիական միության գրեթե եռամյա գործունեության ընթացքում բավականին մեծ ծավալի աշխատանք է իրականացվել ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների գործնական իրականացման մասով։ Մշտապես լրացվում է իրավապայմանագրային բազան, արդեն իսկ սահմանված են միության առաջնահերթությունները, իրականացվում է տնտեսության կարեւորագույն ոլորտներում քաղաքականության համատեղ կոորդինացիա, հետեւողականորեն ընդլայնվում է ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության ընդգրկումը։
Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին փոխադարձ առեւտրի ծավալի շուրջ 28 տոկոս աճ ունենք՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ 2017թ. հունվար—հուլիս ամիսներին, 2016թ. համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ, Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրների շուկա ապրանքների արտահանման 29 տոկոս աճ է գրանցվել։ Երրորդ երկրների հետ անդամ պետությունների արտաքին առեւտրի ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 26 տոկոսով, եւ Վլադիմիր Պուտինը ներկայացրեց շատ թվեր, որոնք հաստատում են մեր ընդունած որոշման ճշմարտացիությունը։ Այս միտումը պետք է ամրապնդել, ապահովել նրա կայուն բնույթը։
Դրա համար, մեր պատկերացմամբ, անհրաժեշտ է.
Առաջին հերթին շարունակել համատեղ աշխատանքը ոչ միայն առկա խոչընդոտներն ի հայտ բերելու, այլեւ վերացնելու ուղղությամբ, ապահովել առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու համար անհրաժեշտ նախադրյալները։ Պայմանագրային բազայի ընդլայնման ուղղությամբ աշխատանք տանելով՝ անհրաժեշտ է շեշտը դնել այն նորմատիվ ակտերի վրա, որոնց ընդունումից հետո մեր երկրների տնտեսավարող սուբյեկտները գործնականում կզգան դրանց ընդունման հիմնավորվածությունը։
Երկրորդ հերթին ակնկալում ենք, որ թվային օրակարգը պետք է նպաստի համագործակցության թափանցիկության առաջխաղացմանը, արտադրողականության բարձրացմանը, ծառայությունների որակի բարելավմանը։ Կիսում ենք հարցի արդիականության մասին տեսակետը եւ կարծում ենք, որ այն պետք է լուծել՝ հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները. ծրագրերի տնտեսական հիմնավորվածության գնահատականները, մեր երկրների տնտեսությունների համար դրանց նշանակությունը եւ ինտեգրացիոն բաղադրիչները, միության անդամ պետություններում նմանատիպ ծրագրերի իրականացման դրական փորձը, համաձայնեցված չափանիշների հավաքագրումը, որի հիման վրա կարելի է գնահատել ծրագրերի համապատասխանությունը անդամ պետությունների եւ, ընդհանուր առմամբ, միության շահերին։
Կարծում եմ, որ թվային որոշումների մշակումը կարելի է սկսել էլեկտրոնային հաշիվ—ապրանքագրերի փոխադարձ ճանաչումից։ Քանզի հաշիվ—ապրանքագրերի փոխադարձ ճանաչումը առանցքային է մի շարք թվային նախաձեռնությունների համար, այդ թվում՝ վերահսկողության եւ էլեկտրոնային առեւտրի համար, առաջարկում եմ, որ պետությունների կառավարությունները հանձնաժողովի հետ համատեղ հնարավորինս սեղմ ժամկետներում մշակեն այդ հարցը։ Կարեւոր է նաեւ, որ թվային օրակարգով հետագա գործողությունները բիզնեսը զերծ պահեն վարչական եւ նոր ֆինանսական անհամաչափ հնարավոր ծանրաբեռնվածության աճից։
ԵԱՏՄ ամրապնդման եւս մեկ քայլը, եւ դա արդեն երրորդն է, միջազգային մակարդակում համագործակցությունն է։ Ելնում ենք նրանից, որ ինչպես միության, այնպես էլ առանձին պետությունների մակարդակներում, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջեւ համագործակցությունը, բնականաբար, մեր ստանձնած պարտավորությունների պահպանմամբ, կարող է իր կարեւոր ներդրումն ունենալ փոխլրացնող եւ փոխշահավետ, առանց բաժանարար գծերի տարածքի ձեւավորման գործում՝ ի շահ բոլոր պետությունների։
Գոհունակությամբ ենք նշում ԵԱՏՄ—Չինաստան առեւտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբունքային ավարտը։ Դա հնարավոր դարձավ նաեւ Չինաստանի հետ մեր երկրների երկկողմ համագործակցության կուտակած փորձի շնորհիվ։ Կարծում ենք, որ փոխգործակցության տվյալ ձեւաչափը պետք է նպաստի ամբողջ ԵԱՏՄ—ի հետ համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ հավասարապես ԵԱՏՄ համագործակցությունն այս կամ այն ուղղությամբ պետք է հարստացնի մեր պետությունների երկկողմ հարաբերությունները։
Կարծում ենք, որ միասնական եվրասիական առեւտրատնտեսական տարածքի եւ տրանսպորտային միջանցքի ստեղծումը հնարավոր է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման միջոցով՝ միավորելով ԵԱՏՄ—ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ՝ միության բոլոր երկրների ներգրավմամբ։ Դա թույլ կտա նվազագույնի հասցնել ինտեգրացիայի համար առկա ենթակառուցվածքային բոլոր սահմանափակումները եւ, որպես հետեւանք, ձեւավորել տրանսպորտային ուղիների փոխկապակցված ցանց։
Կցանկանայի նաեւ հաստատել Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը, եւ ես վստահ եմ, որ դա մեր ընդհանուր մոտեցումն է։ Հայաստանի վարչապետի կողմից՝ երեկ Իրան կատարած այցի ընթացքում, այս հարցին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ։ Ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են շարունակել եւ ավարտել բանակցությունները առաջիկայում։
Վերջում կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննարկել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, եւ առաջիկայում փաստաթուղթը կուղարկվի խորհրդարան վավերացման։ Հուսով ենք, որ հետագայում եւս մեր երկրներում բոլոր հարցերը լուծվելու են կառուցողական հունով՝ ի շահ մեր ժողովուրդների եւ ի բարգավաճում մեր երկրների։
Շնորհակալություն ուշադրության համար»։

12-10-2017





27-04-2018
Դրական ցուցանիշները պետք է պահպանվեն
Քննարկված բոլոր հարցերն ընդունվել են

Երեկ տեղի է ...


27-04-2018
Կառուցողական ուղին՝ լավագույն լուծում
Եվ զգույշ վերաբերմունք՝ տեղեկատվության հանդեպ

Նախորդ տարի ընթացիկ ...


27-04-2018
Քաջության օրինակներն անպակաս են
Վարդենուտցիները դրանց մասին լսել են իրենց մեծերից

Շիրաղալա ...


27-04-2018
Առաջին հանրապետության նախերգանքը
Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն

—Մայիսի 22—ի բախտորոշ եւ շրջադարձային ...


27-04-2018
Օրինականությունը չպետք է խաթարվի
Հնարավոր լուծումների փնտրտուքը շարունակվում է

Երեկ «Իմ քայլը» ...


27-04-2018
Ցանկացած որոշում պետք է բխի երկրի շահերից
ԱԺ խմբակցությունները շարունակում են քննարկումներն ու խորհրդակցությունները

Ազգային ...


 
27-04-2018
Զբոսաշրջիկներին անհանգստացնում է վիճակը
Տուրիստական ընկերությունները որոշակի ազդեցություն նկատում են

Այս օրերին ...



 
27-04-2018
Այլընտրանքային էներգետիկա
Կուտակիչ կայանների հիմնումը կապահովի ...

27-04-2018
Երկրաբանները ստորգետնյա ջուր են որոնում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր ...

27-04-2018
Կտեղադրվի Զորավար Անդրանիկի արձանը
Վանաձորի Զորավար Անդրանիկի խճուղու սկզբնամասում, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +9... +11
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO