Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա

Հայաստանի եւ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւան ժամանած Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ այս այցելությունը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյա հոբելյանական տարում, որը լավ առիթ է միջպետական հարաբերությունների քառորդդարյա պատմությունը գնահատելու եւ երկկողմ համագործակցության առավել խորացմանը միտված ծրագրեր քննարկելու ու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալոիզիո Նունյես Ֆեռեյրան նշեց, որ հայերը եւ բրազիլացիները պատմականորեն ունեն մարդկային եւ մշակութային ամուր կապերի վրա հիմնված փոխհարաբերություններ՝ հավելելով, որ Բրազիլիան պատրաստակամ է ամրապնդելու երկկողմ հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում։
Հանդիպման ընթացքում նախարարները կարեւորեցին հաստատված արդյունավետ երկկողմ քաղաքական երկխոսությունը, ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը։ Քննարկվեց 2016թ. օգոստոսին նախագահ Սարգսյանի՝ Բրազիլիա կատարած այցի ժամանակ նախագահ Տիմերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Զրուցակիցներն անդրադարձան հայ—բրազիլական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին միջազգային ատյաններում փոխգործակցության առավել սերտացման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման շուրջ։ Հանգամանալից քննարկում տեղի ունեցավ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, գիտակրթական եւ մշակութային բնագավառներում շփումների, ամրապնդման վերաբերյալ։
Նախարարներն արձանագրեցին, որ միջխորհրդարանական ձեւաչափով ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն։ Երկուստեք կարեւորվեց ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, Երեւանի եւ Սան Պաուլոյի միջեւ հնարավոր փոխգործակցության հաստատումը։
Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ աշխարհագրական հեռավորությունը կորցնում է խոչընդոտող գործոնի դերը՝ այդ առումով կարեւորելով երկու տարի առաջ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը, որը նոր եւ առավել լայն հնարավորություններ է բացում երկու երկրների ժողովուրդների միջեւ փոխայցելությունների աշխուժացման, կապերի ամրապնդման համար։
Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը, խոսելով երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցության ընդլայնման գործում բրազիլահայ համայնքի ունեցած կարեւոր դերակատարության մասին, նշեց նաեւ, որ Բրազիլիայի հայկական համայնքը նշանակալից ներդրում ունի երկրի հասարակական կյանքի տարբեր ասպարեզների զարգացման գործում։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային եւ տարածաշրջային մի շարք հրատապ խնդիրների։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ կարեւորելով անկողմնակալ եւ հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի առնչությամբ եւ միջնորդ երկրների առաջարկությունների սատարումը։ Բրազիլիայի արտգործնախարարը վերահաստատեց իր երկրի աջակցությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը եւ Ալոիզիո Նունյես Ֆեռեյրան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ առեւտրային եւ ներդրումային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը։
Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս։
Էդվարդ Նալբանդյանը ողջունելով Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարին Երեւանում՝ նկատեց, որ սա նախարար Նունյեսի առաջին այցն է Հայաստան. «Նա մեր երկրի լավ բարեկամն է, եղել է Հայաստանի հետ Սենատում բարեկամության խմբի նախագահը եւ Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողը։ Մեր հանդիպումից առաջ պարոն Նունյեսը առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։
ՀՀ արտգործնախարարը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում կարեւորվել են հաստատված արդյունավետ երկկողմ քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը բարենպաստ եւ առավել ամուր հիմք կստեղծի երկկողմ կապերի խորացման համար։ Երկու երկրների միջեւ առկա է մինչ օրս ստորագրված տասը փաստաթուղթ, որոնցից յոթը ստորագրվել են վերջին երկու տարվա ընթացքում։
«Հանգամանալից քննարկում ունեցանք առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակութային եւ հումանիտար բնագավառներում կապերի ամրապնդման վերաբերյալ։ Գոհունակությամբ արձանագրեցինք, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել միջխորհրդարանական ձեւաչափով, երկուստեք կարեւորեցինք ապակենտրոնացված համագործակցության հետագա ընդլայնումը»,–նշեց Էդվարդ Նալբանդյանը։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ բրազիլացի գործընկերոջ հետ անդրադարձել են մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների։
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ՝ Հայաստանում գտնվելը,–իր հերթին նկատեց Ալոիզիո Նունյես Ֆեռեյրան։–Արդեն 25 տարի է մեր երկրներին կապում են դիվանագիտական հարաբերությունները։ Մենք, իհարկե, շատ անելիք ունենք շատ բնագավառներում բաց թողածը լրացնելու համար։ Այնուամենայնիվ, 25 տարիների ընթացքում ունեցել ենք բարեկամական հարաբերություններ, նաեւ կապեր ենք հաստատել միջազգային ասպարեզում եւ ընդհանուր մոտեցումներ դրսեւորել շատ հարցերում։ Մենք գործում ենք ավանդական բարեկամության շրջանակներում, որը ձեւավորվել է նաեւ Բրազիլիայի հայ համայնքի շնորհիվ։ Բրազիլիայում կա 25 հազարանոց ակտիվ, աշխույժ հայկական համայնք, որը շատ ամուր կապված է իր արմատներին՝ Հայաստանին, բայց նաեւ շատ նվիրված է Բրազիլիային։ Մեր նախարարությունում ունենք շատ հայ գործընկերներ։ Սան Պաուլոյի համալսարանը, որը Բրազիլիայի ամենամեծ համալսարաններից մեկն է, ունեցել է նաեւ ծագումով հայ նախագահ՝ Վահան Հակոբյանը։ Այս ամենը մերձեցնում է մեզ»,–նշեց նա։
Բրազիլացի նախարարը նաեւ ընդգծեց, որ տեղյակ է հայ ժողովրդին պատուհասած ողբերգության՝ Հայոց ցեղասպանության մասին. «Այսօր ես շատ մեծ հուզմունքով այցելեցի Երեւանում կառուցված, սոսկալի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Հայոց ցեղասպանության դեպքում խոսքը միայն Հայաստանին չի վերաբերում, եւ դրան պետք է մշտապես անդրադառնալ, որ այն չկրկնվի, եւ դուք կարող եք այս հարցում վստահ լինել հայ ժողովրդի նկատմամբ իմ համերաշխությանը»։
Նա նաեւ տեղեկացրեց, որ հայ գործընկերոջ հետ ստորագրել են մի շարք համաձայնագրեր եւ նշեց, որ այժմ դրանք անհրաժեշտ է առավել արդյունավետ դարձնել՝ ավելի ընդլայնելու համագործակցությունը տեխնիկական եւ այլ ոլորտներում։ «Նաեւ պետք է էլ ավելի առաջ գնալ՝ խորացնելով համագործակցությունը մշակութային բնագավառում։ Այսօր մենք ստորագրեցինք ներդրումների դյուրացման համաձայնագիր, որը հնարավորություն կընձեռի ոչ միայն ավելի դինամիկ դարձնել առեւտրաշրջանառությունը, այլեւ նոր ներդրումների դաշտ բացել։ Անհրաժեշտ է խրախուսել բրազիլացի եւ հայ ներդրողներին։ Բրազիլիան տնտեսական առումով զարգանում է։ Մենք վերջին երեք տարիներին դժվարություններ ենք ունեցել, եւ ՀՆԱ—ն 7—8 տոկոսով անկում էր ապրել, սակայն արդեն այս տարի 1 տոկոս տնտեսական աճ ենք նախատեսում։ Կարծում ենք՝ եկող տարի մեր տնտեսական աճն ավելի շոշափելի կլինի՝ մոտ 3 տոկոս։ Բյուջեն ավելի հավասարակշռված է։ Քաղաքական վայրիվերումների ժամանակահատվածը, կարելի է ասել, մենք անցել ենք, հաղթահարել ենք ամենածանր պահերը»,–ասաց նախարարը։
Այնուհետեւ երկու ԱԳ նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին։

Ադրբեջանի եւ միջազգային հանրության մոտեցումները տարբեր են

–Հարցս ուղղում եմ պարոն Նալբանդյանին։ Վերջին օրերին համանախագահները Մոսկվայում հանդիպումներ ունեցան սկզբում Ձեզ հետ, ապա՝ Ադրբեջանի արտգործնախարարի։ Այս ֆոնին Բաքվից հնչել է, թե Ադրբեջանն ակնկալում եւ անգամ պահանջում է, որ ղարաբաղյան բանակցությունները կոնկրետ արդյունքներ ունենան։ Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը։ Շնորհակալություն։
–Հայաստանը մշտապես կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին, որովհետեւ բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ Այս առումով մենք կարեւորում ենք եռանախագահող երկրների միջնորդական ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այդ համատեքստում էին նաեւ կազմակերպված հանդիպումները եռանախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մեզ հետ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին գագաթնաժողովներում՝ Ժնեւում, դրանից առաջ՝ Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում, ձեռք բերված համաձայնությունների իրականացման հնարավորությունները։ Նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ հանդիպում կազմակերպվի ԵԱՀԿ նախարարական՝ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Վիեննայում այս տարվա դեկտեմբերին։ Հնարավոր է, որ այդ հանդիպումը լինի դեկտեմբերի 6—ին, 7—ին կամ 8—ին։ Դեռ հստակ օրը եւ ժամը ճշտված չեն, բայց այդպիսի հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ապա կհիշեցնեի նորից, որ եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական, մաքսիմալիստ դիրքորոշումներից, եթե կողմերը ցանկանում են հիմնախնդրի կարգավորումը։ Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը։ Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է։
Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք։ Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է։
Եռանախագահները կոչ են անում անվերապահորեն հարգել եւ իրականացնել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը։ Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է։
Եռանախագահները կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Արդյո^ք Ադրբեջանը դա անում է։
Եռանախագահները կոչ են անում իրականացնել Վիեննայի պայմանավորվածությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Եվ ոչ միայն Վիեննայում. այդ հարցի շուրջ մենք խոսում ենք արդեն առնվազն վերջին ութ տարիների ընթացքում։ Հիշեցնեմ, որ դեռ 2011—2012թթ. Սոչիում եռակողմ հայտարարություններ են ընդունվել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով, որտեղ արդեն ասվում էր, որտեղ արդեն խոսվում էր մեխանիզմի ստեղծման մասին։ Արդյո՞ք Ադրբեջանն անում է դա։
Եռանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մոնիթորինգային կարողությունները։ Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը։ Անում է ամեն ինչ, որ եթե անգամ շատ ձեւական ինչ—որ թվի ավելացում լինի այդ թիմի, ապա սահմանափակ լինեն մոնիթորինգային հնարավորությունները։
Եռանախագահներն ամենաբարձր մակարդակով՝ այդ երկրների նախագահների մակարդակով Դովիլում ընդունված հայտարարության մեջ կոչ արեցին կողմերին համաձայնություն տալ Կազանում հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներին։ Արդյո՞ք Ադրբեջանը դա արեց։ Մենք մոտ ութ—ինը տարի քննարկում էինք հիմնարար սկզբունքները, հետո Ադրբեջանն ասաց, որ հիմնարար սկզբունքների կարիք չկա եւ դրանք պետք չէ քննարկել։ Եվ դա եղել է ոչ միայն Դովիլում, ոչ միայն Կազանում...
Այս շարքը կարելի է շատ—շատ երկար շարունակել։
Այնպես որ, հայտարարություններ անել՝ իրենցից գառնուկ ձեւացնելով. կարծում եմ՝ որեւէ մեկին խաբել չեն կարող։ Գիտեք, ժողովրդական ասացվածք կա, որ ինչքան էլ քարոզ կարդաս գայլի գլխին, գայլը մնում է գայլ։
–Շնորհակալություն։ Հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին։ Պարո՛ն Նալբանդյան, ըստ տեղեկությունների՝ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, հայտարարության մեջ կարծես թե միակ կետը, որ ցայսօր կարգավորված չէ, հակամարտություններին վերաբերող կետն է։ Այդ առումով, միգուցե նաեւ հասկանալի պատճառներով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնություններ կան, եւ չի հաջողվում կարծես թե համաձայնության գալ։ Խնդրում եմ ներկայացնեք՝ ինչպիսի՞ն է իրավիճակը այդ հարցի հետ կապված, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, Ադրբեջանը ի՞նչ է ցանկանում։
Առաջիկա օրերին մենք սպասում ենք Ձեր ռուսաստանցի գործընկերոջ տարածաշրջանային այցին Երեւան, Բաքու, որից հետո Դուք կարծես հանդիպելու եք Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Գուցե, նոր գաղափարներ, առաջարկներ է բերում պարոն Լավրովը։ Շնորհակալություն։
–Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են, ես արդեն նշեցի դրանց մասին, ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի եւ Եվրամիության, Ադրբեջանի եւ միջազգային հանրության միջեւ մոտեցումների տարբերության մասին։ Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաեւ նախորդ գագաթնաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության։
Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. հաջակցություն եռանախագահող երկրների ջանքերին եւ մոտեցումներին։ Դա ինչ—որ կոնյուկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված եւ այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին եւ մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Եվրամիության այս դիրքորոշումը երբեւէ չի փոխվել։
Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, եւ մինչեւ բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ—որ բանի մասին այսօր հայտարարելը դեռ վաղաժամ է։ Մի քանի օր դեռ կա։ Տեսնենք։
Ինչ վերաբերում է Լավրովի այցին, ապա դա պաշտոնական այցելություն է։ Լավրովն այստեղ է լինելու նոյեմբերի 20—21—ին։ Այս այցելությունն առաջին հերթին նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին։ Հայաստանի ազգային պատկերասրահում մենք բացելու ենք բավական կարեւոր ցուցահանդես՝ նվիրված այդ հոբելյանին։ Նաեւ մի շարք այլ միջոցառումներ են նախատեսված այդ այցելության շրջանակներում։
Բնականաբար, պարոն Լավրովը հանդիպում կունենա նաեւ հանրապետության նախագահի հետ, բանակցություններ կկայանան արտաքին գործերի նախարարությունում, հնարավորություն կունենանք նաեւ մամուլի ասուլիսով հանդես գալ, եւ կարող եք այն ժամանակ ուղղել հարցերը թե՛ ինձ, թե՛ Լավրովին։
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ բավական կարեւոր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերում՝ որպես եռանախագահող եւ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի կարեւորագույն գործընկեր։
Ինչպես գիտեք, մենք ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Իհարկե, այդ նոր այցելությունը հնարավորություն կտա քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Նախագահների միջեւ վերջին հանդիպումը կայացավ երկու օր առաջ Մոսկվայում։ Դա կարեւոր իրադարձություն էր՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին եւ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացմանը։
Հարցերի շրջանակը շատ լայն է։ Մենք, ինչպես հայտնի է, ունենք դաշնակցային հարաբերություններ եւ դրանով արդեն շատ բան է ասված՝ բազմաշերտ, բազմաբովանդակ եւ խորը համագործակցություն ունենք։ Մենք ջանք չենք խնայում, որպեսզի այդ հարաբերություններն առավել զարգանան եւ ամրապնդվեն։ Դրան է ուղղված լինելու Լավրովի հերթական այցելությունը Հայաստան։
Ինչ վերաբերում է ինչ—որ առաջարկի, ապա նշեմ, որ հեծանիվ հնարելն այս կարգավորման գործընթացում դժվար է։ Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց բանակցային գործընթացի հենքը նույնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք։ Եթե Ադրբեջանը ավելի աչալուրջ լինի այն կոչերին, այն մոտեցումներին, որոնք եռանախագահող երկրները միջազգային հանրության անունից ներկայացնում են՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ մղելու եւ արդյունքներ ունենալու համար։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Ալոիզիո Նունյես Ֆեռեյրան ասաց.
–Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, եւ վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը։ ԼՂ հարցում Բրազիլիայի դիրքորոշումը հստակ է։ Բրազիլիան խաղաղասեր երկիր է, որը քարոզում է խնդիրների խաղաղ կարգավորում, միջազգային իրավունքի շրջանակներում հարցերի լուծում։

18-11-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO