Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Տնտեսության վիճակը կառավարելի է

Կառավարությունը ստեղծել է մրցակցային պայմաններ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այժմ երկրի տնտեսական վիճակը համարում է կառավարելի։ Ազգային ժողով—կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին՝ նա նշեց. «Այո, ես ժամանակին Հայաստանի տնտեսության վիճակը գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի։ Այս պահին մենք ունենք 10 ամսվա ցուցանիշը, որի արդյունքներով ունենք տնտեսական ակտիվության 7.1 տոկոս աճ։ Ունենք աճ արտահանման եւ մի շարք այլ ոլորտներում։ Եվ մենք վստահ ենք, որ տարվա վերջին ունենալու ենք տնտեսական ավելի մեծ աճ, քան կանխատեսել էինք»։
Անդրադառնալով մենաշնորհների հետ կապված խնդիրներին՝ վարչապետն ասաց, որ որոշ շուկաներում առկա են գերիշխող խաղացողներ, սակայն կառավարության գործունեության արդյունքում նման դիրք ունեցողների թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է։ «Ընդհանրապես, եթե շուկայում կան գերիշխող դիրք ունեցողներ, նրանց մեկնարկային պայմանները միշտ ավելի լավն են լինում, ուստի միանգամից այնպես չի կարող լինել, որ շուկայում նրանց, օրինակ, 70 տոկոս մասնակցությունը միանգամից դառնա 20 տոկոս։ Սակայն եթե դուք հարկային մարմիններից պարզաբանում խնդրեք եւ տեսնեք տվյալները, կնկատեք դինամիկան»,–ասաց Կարեն Կարապետյանը։
Նա վստահեցրեց, որ կառավարությունը որեւէ մեկի առջեւ սահմանափակումներ չի դնում եւ ստեղծել է մրցակցային բոլոր հնարավորությունները։ «Եթե դուք գիտեք մի դեպք, որ ինչ—որ մեկը ցանկանում է որեւէ շուկա մտնել, եւ նրան արգելում են, ասեք այդ մասին։ Մենք որեւէ մեկին չենք սահմանափակում։ Բայց մենք պետք է հասկանանք, որ, ելնելով մեր շուկայի ծավալներից, կարող են լինել գերիշխող դիրք ունեցողներ։ Եթե մի ոլորտում կա երեք—չորս խաղացող, նրանցից մեկը կլինի ամենախոշորը՝ ելնելով շուկայի ծավալներից։ Խնդիրն այստեղ այն է՝ նա մրցակցության արդյունքո՞ւմ է դառնում գերիշխող, թե՞ այլ ռեսուրսներ օգտագործելով։ Եթե գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր են լինում, մենք ունենք համապատասխան կառույց, որ զբաղվում է այդ խնդիրներով։ Բայց պետք է հասկանանք, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների առկայությունը դեռ չի նշանակում, որ մրցակցային պայմանները խախտված են»,–ընդգծեց վարչապետը։
«Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը հրաժարական կտա՞՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ նախագահը դեռ 2013—ին հայտարարել էր, որ այն կառավարությունները, որոնք չեն ապահովի 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետք է հրաժարական տան։
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ կառավարությունները ձեւավորվում են քաղաքական գործընթացների՝ ընտրությունների արդյունքում, հետո ներկայացնում են ծրագիր, որն էլ հաստատում է Ազգային ժողովը. «ԱԺ—ի հաստատած ծրագիրը հստակորեն ամրագրում է այն թիրախները, որոնք դրված են դրա հիմքում։ Մասնավորապես, այս կառավարության ծրագրով հաստատված թիրախներում դրված են տնտեսական աճի այլ ցուցանիշներ, եւ մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի հասնի դրանց՝ տվյալ տնտեսական իրավիճակում։ Իսկ այսօրվա իրավիճակը տարբերվում է այլ ժամանակահատվածների տնտեսական իրավիճակներից»։
«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ անդամ՝ Շաքե Իսայանը, հարց ուղղեց առկա գնաճի վերաբերյալ։
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ բյուջեի նախագծով հաստատված թիրախը 4 տոկոսանոց գնաճն է, իսկ այսօրվա գնաճի ցուցանիշը 2,2 տոկոս է, միջինացված 1 տոկոսից պակաս։ Բացի այդ, ըստ Վաչե Գաբրիելյանի, ազատականացված տնտեսական համակարգերում իրենք երբեւէ կոնկրետ ապրանքների գին չեն ամրագրում, ընդամենը կառավարում են գնային ֆոնը, որը տվյալ դեպքում չափվում է սպառողական գների համաթվով։
«Թվերը բերեցի, եւ ենթադրելը, որ գնաճի միտումով փորձ է արվում կառավարելու տնտեսական աճը, ցավոք, հզոր փաստարկ չէ»,—ասաց նա։ Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին, ապա, Գաբրիելյանի խոսքով, պատգամավորը կարող էր նշել, որ առաջին անհրաժեշտության ապրանքներից ձավարեղենի գները իջել են։ Փոխվարչապետը նշեց, որ 2015, 2016 թվականներին երկու տարի շարունակ ՀՀ—ում գնանկում է եղել, որը ներքին արտադրողների համար խնդիր էր ստեղծում, տնտեսական աճի համար լավագույն գործոնը չէր։ Այն պայմանավորված էր միջազգային շուկայից օգտվելով։ Մինչդեռ «եթե խոսում ենք մսամթերքի գնաճի մասին, այն հիմնականում պայմանավորված է նրանով, որ արտահանվում է ավելին, քան արտադրողների հզորություններն են»։ Գաբրիելյանն անդրադարձավ կարագի գնաճին, որը, ըստ նրա, միջազգային գներով է պայմանավորված։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուլիխանյանը հետաքրքրվեց, թե կառավարության նախաձեռնած օպտիմալացման արդյունքում որքան աշխատող է կրճատվել։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ տեղի է ունենում հաստիքների վերանայում՝ ելնելով ֆունկցիոնալությունից։ «Եթե տվյալ հաստիքը տնտեսության մեջ որեւէ ավելացված արժեք չի ստեղծում կամ այդ նույն հաստիքի գործունեությունը մասնավորը կարող է շատ ավելի օպտիմալ իրականացնել, հետեւաբար մեր հարկատուների հաշվին նման հաստիքներ պահելը խիստ աննպատակահարմար է։ ՊՈԱԿ—ներ են փակվել կամ միաձուլվել, եւ այդ գործընթացը շարունակական է։ 2018 թ. եւս 5500 հաստիք կվերանայենք»,—նշեց նա։ Նախարարն ասաց, որ կառավարությունը պարտավոր է լինել տնտեսող. «Մենք ֆինանսների նախարարությունում շուրջ 15 տոկոսով կրճատեցինք հաստիքները, ինչը հանգեցրեց շուրջ 300 մլն դրամի խնայողության, որն, իհարկե, վերաուղղվել է այլ նպատակների»։
Վարդան Արամյանը, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդեւան Գրիգորյանի հարցին, որը վերաբերում էր Գյումրիում առկա բնակարանային խնդիրներին, ասաց. «Երբ մեկնարկում ես եւ հասկանում, որ ռեսուրսները չեն բավարարում, հակառակ սպասումներ են առաջանում բնակչության մոտ, որովհետեւ չես կարող մեկի խնդիրը լուծել, մյուսինը թողնել»։ Նախարարը նշեց, որ մոտեցումը պետք է լինի այնպիսին, որ բնակարան ստանան միայն սոցիալապես անապահով անձինք։ Նա ավելացրեց, որ այդ նույն խնդիրը առկա է նաեւ Հայաստանի այլ տարածքներում եւ պահանջում է համաչափ լուծում։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Կարինե Պողոսյանի հարցը կրթական ոլորտում աշխատողների մասին էր, որոնք ընդգրկված չեն սոցփաթեթների շահառուների շարքում։ Նա հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է մանկավարժների միջեւ տարբերակում դրվում, որի պատճառով միջին մասնագիտական կրթություն իրականացնող, պետական հաստատություններում աշխատող մանկավարժները դուրս են մնում սոցիալական փաթեթների համակարգից։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց. «Այստեղ գործ ունենք հնարավորությունների հետ։ Մենք միշտ քննարկում ենք սոցիալական փաթեթի շահառուների շրջանակներն ավելացնելու հնարավորությունները, որպեսզի կարողանանք նոր կատեգորիաների անձանց ներառել։ Սակայն 2018թ. պետական բյուջեով այստեղ ավելացումներ նախատեսված չեն»։
Նախարարը նշեց, որ երբ 2012 թվականին ներդրվեցին սոցփաթեթները, հիմնական նպատակն էր պետական ծառայողներին ընդգրկել լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրերում եւ մի քանի ուղղություններով ապահովել լրացուցիչ վարձատրության համակարգ։ «Դուք գիտեք, անցած տարիների ընթացքում որոշակիորեն փոփոխություններ, լրացումներ եղել են, որոշակի շրջանակներ ավելացվել են»,–նշեց նա։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցին։
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց. «Երբ խոսում ենք «Նաիրիտ» գործարանի վերագործարկման կամ առողջացման մասին, հասկանում ենք, որ պիտի լինի փաստաթուղթ, որը կպատասխանի մի քանի կարեւոր հարցերի։ Դուք էլ եք մեզ տալու այդ հարցերը, երբ մենք նման փաստաթղթով ներկայանանք Ազգային ժողով։ Դրանք պարզ տրամաբանական հարցեր են. քանի՞ աշխատատեղ է ստեղծվելու «Նաիրիտ» գործարանում, ի՞նչ միջին աշխատավարձով, ի՞նչ արտադրանք է արտադրելու գործարանը, ի՞նչ ինքնարժեքով, որտե՞ղ է վաճառվելու այդ արտադրանքը եւ ի՞նչ գնով»։
Նախարարը նշեց, որ այդ հարցերը ներառող փաստաթուղթ առ այսօր ներկայացված չէ։
Ինչ վերաբերում է «Նաիրիտի» գույքին, որը հանվել է օտարման, եւ վաճառվում է շատ էժան գներով, ապա Աշոտ Մանուկյանն ընդգծեց, որ «Նաիրիտ» ՓԲԸ—ի լուծարային գործընթացը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ լուծարային կառավարչի ղեկավարությամբ. «Լուծարային կառավարիչը հաշվետու չէ կառավարությանը։ Հաշվետու է բացառապես իրեն նշանակող դատական ատյանին, եւ կառավարությունն իրավասու չէ նշված հարցերի վերաբերյալ բացատրություն պահանջելու կառավարչից»։
«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, անդրադառնալով Վանաձորում ավագանու նոր ընտրություն անցկացնելու իրենց պահանջին, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ կդադարեցվեն ավագանու նիստերը, եւ կնշանակվի նոր ընտրություն։
«Այո, Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի որոշ դրույթներ, որոնց համապատասխան գործել է Վանաձորի ավագանին, սակայն միեւնույն ժամանակ Սահմանադրական դատարանը սահմանել է ժամկետ, թե երբ են այդ դրույթները կորցնելու ուժը։ Հիմա մենք Վանաձորում ունենք նոր իրավիճակ, եւ, եթե այդ իրավիճակը հնարավորություն կտա, որպեսզի ավագանին պատշաճ գործի, մենք ավագանու լիազորությունները դադարեցնելու որեւէ հիմք չենք տեսնում։ Այս պահին հենց նույն ՍԴ—ի որոշումից բխող իրավական վերլուծությունների հիման վրա մենք ավագանու լիազորությունները դադարեցնելու որեւէ հիմք չենք տեսնում»,—նշեց Դավիթ Հարությունյանը։
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

07-12-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO