Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում են
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը թույլ չի տալիս, որ առաջխաղացում լինի։ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասով այս տարի լուրջ տեղաշարժեր չեղան։ Ադրբեջանը ջանքեր չի գործադրում կատարելու Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս առումով չեմ կարծում, որ առաջիկա տարում մեծ փոփոխություններ կլինեն, որովհետեւ Ադրբեջանի քաղաքականությունը փոխվելու ակնկալիքի որեւէ հիմք չի տալիս, եւ նրա ոչ կառուցողական քաղաքականությունը կշարունակվի»։ Ըստ նրա՝ առաջիկա տարում Հայաստանը պետք է ավելի ակտիվացնի միջազգային հարթակում Արցախի անկախության ճանաչման աշխատանքները։ Ինչ վերաբերում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսմանը, Կ. Մանոյանը դա քիչ հավանական է համարում. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը սառած է, սակայն ինչ—որ բանակցություններ տեղի են ունենում, ինչը որոշ չափով երաշխիք է, որ լայնամասշտաբ պատերազմ չի վերսկսվի»։ Մանոյանն անդրադարձել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Նախիջեւանի ռազմականացմանը՝ ընդգծելով, որ դա ամբողջ տարածաշրջանի կայունության պահպանման սպառնալիք կարող է հանդիսանալ. «Ռուսաստանի պահվածքը այստեղ տարբերվելու է, որովհետեւ խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, ում նկատմամբ Ռուսաստանը ունի շահեր եւ պատասխանատվություն։ Նախիջեւանի ռազմականացման խնդրով մտահոգ կարող է լինել նաեւ Իրանը»։ «Պաշտոնական Բաքվի գերխնդիրներից մեկն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունն իսլամական աշխարհին ներկայացնի որպես կրոնական հակամարտություն եւ սրանով ինչ—որ դիվիդենտներ քաղի ու այն օգտագործի հայության դեմ»,–ասել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Բոլոր այդ փորձերն առ այսօր ձախողվում են։ Նախեւառաջ, այդ հակամարտության բնույթն ինքնին կրոնական չէ։ Երկրորդը. նույն Ադրբեջանն այնպիսի հալածանքների է ենթարկում իր իսկ տարածքում բնակվող մահմեդական փոքրամասնություններին՝ լեզգիներին, թալիշներին, ավարցիներին, դաղստանյան, իրանական ժողովուրդներին, ձուլել է գրեթե բոլոր քրդերին։ Մահմեդական երկրներին Արցախի դեմ լարելու բոլոր այդ փորձերի արդյունավետության մասին, իհարկե, չենք կարող խոսել, քանի որ դա այդպես չէ»,–ասել է Դավիթ Բաբայանը։
Բոլորի ակնկալիքները մեծ են
Հայաստանի այս տարվա կարեւորագույն ձեռքբերումներից է ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։ «Հայաստանը այդ համաձայնագիրը ստորագրեց որպես ԵԱՏՄ անդամ պետություն։ Դա յուրահատուկ է, որ Եվրամիության հետ նման համագործակցության պայմանագիր է ստորագրում մի պետություն, որը ԵԱՏՄ անդամ է։ Հայաստան—ԵՄ համաձայնագրի ստորագրումից մեծ ակնկալիքներ ունեն ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ ԵԱՏՄ—ն, ինչու չէ, նաեւ Իրանը»,–նշել է Կիրո Մանոյանը։ Ըստ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի՝ Հայաստանի նպատակը երբեք չի եղել լինել մեկ ճամբարում՝ ընդդեմ մյուս ճամբարի։ «Հայաստանը փորձել է, բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալով, կամրջի դեր խաղալ։ Կարծում եմ, այդ համաձայնագիրը կտա այդ հնարավորությունը»,–նշել է Մանոյանը։
16-12-2017
|