Մեծ զարթոնքի նախերգանքը


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2018
ԼՂՀ


Մեծ զարթոնքի նախերգանքը

Փետրվարի 13—ին հանրահավաքը համախմբեց ժողովրդին

1988—ի փետրվարի 13—ը ստեփանակերտցիների հիշողության մեջ մնում է որպես իր նախադեպը չունեցած մի այնպիսի բացառիկ իրադարձություն, որը ճակատագրական եղավ արցախահայության համար՝ դառնալով ազգային—ազատագրական շարժման մնայուն էջերից մեկը։ Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունեցել այդ օրը եւ ինչո՞վ է այն ընդհանրապես նշանավորվել համաժողովրդական պայքարի տարեգրության մեջ։
Այն ժամանակ, երբ ԼՂԻՄ բնակավայրերում աշխատանքային կոլեկտիվներում ժողովներ էին տեղի ունենում ու վճիռներ կայացվում մարզը Հայկական ԽՍՀ—ին վերամիավորելու վերաբերյալ, եւ այդ գործընթացը լիովին շրջկենտրոններ ու Ստեփանակերտ էր տեղափոխվել, Ադրբեջանի կոմկուսի բյուրոյի անդամները՝ երկրորդ քարտուղար Վ. Կոնովալովի գլխավորությամբ ապարդյուն ջանքեր էին գործադրում տապալելու նստաշրջանի հրավիրումը։ Սակայն հուսահատ լքելով կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի նիստերի դահլիճը, ուր ելույթ ունեցողներն իրար հերթ չէին տալիս՝ խստորեն քննադատելով հայերի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության կողմից վարվող բացահայտ թշնամական քաղաքականությունը, Վ. Կոնովալովը ստիպված էր մարզկոմ շտապել ու իր մեջ կուտակված ողջ մաղձը թափել Բ. Կեւորկովի վրա, որը «վճռորոշ պահին իրադարձությունների զարգացումը չի կարողացել կանխել, ու անկառավարելի վիճակ է ստեղծվել մարզում»։
Մինչ կուսակցության մարզկոմի շենքում քննարկվում էին «վիճակից դուրս գալու» հնարավորությունները ու շարժումը գլխատելու վերաբերյալ ծրագրեր մշակում, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի եւ գյուղատնտեսական տեխնիկումի ուսանողները բազմամարդ ցույց էին կազմակերպել ու Կիրովի (այժմ՝ Ազատամարտիկների) պողոտայով խրոխտ քայլերով դեպի Լենինի հրապարակ էին շտապում։ Տեղ հասնելով, նրանք վեր պարզեցին ԽՍՀՄ ղեկավերների մեծադիր նկարները, ինչպես նաեւ «Ղարաբաղցիները հավատում են Մ. Գորբաչովի հռչակած վերակառուցման կուրսին», «ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամությունն անսասան է», «Արցախը պատմական Հայաստանի հատվածն է», «Անարդարությունը պետք է վերանայվի» ու նման այլ բովանդակությամբ կարգախոսներով պաստառներ։ Կուսմարզկոմի պատուհաններից հանրահավաքի մասնակիցներին հառած Բաքվի էմիսարների սպառնացող հայացքներն անուժ էին կանխելու մարդկանց աննախադեպ խիզախումը, մանավանդ որ նրանք խրոխտ ու համերաշխ վանկարկում էին՝ «Լենին–պարտիա–Գորբաչով»…
Պահն այնքան տպավորիչ էր, ցնցող, որ հրապարակով անցնող յուրաքանչյուր անձնավորություն, թեկուզեւ հետաքրքրությունից դրդված, ստիպված էր միանալ հանրահավաքի մասնակիցներին։ Առաջինների թվում նրանց էին միացել նաեւ հրապարակի հարեւանությամբ գտնվող «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրության աշխատակիցները, ողջունելով ուսանողների այդ համարձակ ձեռնարկումը։ Ուշագրավ է եւ այն հանգամանքը, որ հետագայում թերթի գրականության եւ արվեստի բաժնի վարիչ Գուրգեն Գաբրիելյանի աշխատասենյակը յուրահատուկ շտաբի էր վերածվել՝ ստանալով «Սմոլնի» խորհրդանշական անվանումը։
Քիչ հետո անտեսելով իրենց սպառնացող վտանգը, համարձակ տրիբունա բարձրացան եւ խիզախ ելույթներ ունեցան մանկավարժական ինստիտուտի դասախոս Գրիշա Աֆանասյանն ու ժողովրդական դերասան Բենիկ Օվչյանը։ Շուտով նրանց միացան կոմերիտմարզկոմի բաժնի վարիչ Արկադի Կարապետյանը, մանկավարժականի ուսանող Սերգեյ Շահվերդյանը, ուրիշներ։ Հրապարակն ավելի մարդաշատ դարձավ, եւ իրենց կողքին շարունակ ունենալով նոր համակիրներ, հանրահավաքի մասնակիցները զգացին այն մեծ պատասխանատվությունը, որ ստանձնել էին իբրեւ «նախերգանք» համընդհանուր պայքարի ճանապարհին։
Ստեփանակերտցիներին զարմացրել էր քաղաքի կենտրոնական փողոցով դեպի հրապարակ շարժվող ուսանողության երթը, ինչը խորհրդային տարիներին անհավանական երեւույթ կարող էր թվալ։ Մարդկանց ուշադրությունից չէին վրիպոււմ հանրահավաքի կազմակերպիչների ձեռնարկումները, որոնք մտահոգված էին միջոցառման անփորձանք ու խաղաղ ելքով։
«Շարժման վերաբերյալ մեր գաղափարները կիսում էին շատերը, սակայն ես հատկապես կցանկանայի ընդգծել բանասիրական ֆակուլտետի դասախոս Լենա Գրիգորյանի եւ ուսանողության տարիների իմ լավագույն ընկերոջ՝ Հակոբ Խաչատրյանի անունները, որոնց դերն անուրանալի է հանրահավաքի կազմակերպման գործում,–ասում է Սերգեյ Շահվերդյանը՝ չնսեմացնելով նախաձեռնող մյուս անդամների ակտիվ մասնակցությունը։–Բոլորն էլ գրեթե անվրեպ էին գործում, ոչ մի սադրանքի չենթարկվեցին եւ խաղաղ երթից հետո անաղմուկ ցրվելով՝ երբեք իրավապահ մարմիններին միջամտելու առիթ չտվեցին։ Թույլ չտրվեց, որպեսզի որեւէ մեկն անպարկեշտ քայլ կատարի եւ նսեմացնի օրվա խորհուրդը»։
Սերգեյ Շահվերդյանի խոսքերով, փետրվարի 13—ը, իբրեւ նախադեպ, որոշակի ազդեցություն ունեցավ մարդկանց համախմբելու, Արցախի վաղվա օրվա նկատմամբ նրանց լավատեսորեն տրամադրելու խնդրում՝ «իր տեսակի մեջ հանդիսանալով առաջին ծիծեռնակը»։ Սակայն, իր համոզմամբ, արցախյան շարժումն ավելի վաղ փուլ է ունեցել, որը դեռեւս 80—ական թվականների սկզբից դրսեւորվել է ընդհատակյա պայքարի ձեւով։ Այնուհետեւ համազգային զարթոնքի հետ կապված գործընթացների եւ իրադարձությունների կտրուկ զարգացումը ժողովրդին հնարավորություն ընձեռեց հրապարակայնորեն իրենց արդարացի պահանջը ներկայացնելու՝ Մոսկվային հասցեագրված նամակներով ու հեռագրերով, ստորագրահավաքներով, բազմամարդ խաղաղ ցույցերով ու հանրահավաքներով, որոնց ի վերջո հաջորդեց ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը։
«Սկզբնական շրջանում, բնականաբար, շատերին թվում էր, թե ղարաբաղյան հարցը կարող է լուծվել քաղաքական պայքարի միջոցով, մոռանալով մեր պապերի այն իմաստուն խոսքը, թե հողը միայն արյամբ է ազատագրվում ու պահպանվում,–ասում է Սերգեյը։–Հաշվի առնելով այն իրողությունը, թե ովքեր են մեր հարեւանները, նրանք խորհուրդ էին տալիս, որ երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար միշտ պատրաստ պիտի լինել դիմադրելու թշնամուն, եւ անպայմանորեն զինվել է պետք։ Եվ շուտով ինքներս դրանում համոզվեցինք։ Իբրեւ մեր խաղաղ ցույցերի ու հանրահավաքների «պատասխան», Ադրբեջանի իշխանություններն արցախահայության դեմ պատերազմ սանձարձեցին, նպատակ ունենալով բռնի տեղահանել եւ սպանդի ենթարկել բնակչությանը»։
Ի դեպ, զրուցակիցս, անդրադարձ կատարելով այդ դժվար օրերին, պատմեց, որ հայերի դեմ հաշվեհարդար տեսնելու մասին ինստիտուտի ադրբեջանցի ուսանողներից շշուկներ էին լսում դեռ 88—ի փետրվարի կեսերին, առանց կասկածելու, թե ազերիների առաջին զոհը կարող է դառնալ Սումգայիթի հայ բնակչությունը. «Փետրվարի 13—ի հանրահավաքից հետո, երբ հայտնվեցինք ինստիտուտում, անմիջապես զգացինք, որ ադրբեջանցի ուսանողներն ու դասախոսները լրջորեն մտահոգված են եւ մեզ, բնականաբար, ընդգծված թշնամական հայացքով են նայում»։
Գաղտնիք չէ, որ հայերի փետրվարյան առաջին հանրահավաքն անմիջապես արձագանք էր գտել Բաքվում եւ հանրապետության մյուս բնակավայրերում, ու ադրբեջանցիներն ըստ էության, համարժեք քայլեր էին փորձում ձեռնարկել։ «Փետրվարի 13—ի երեկոյան տեղեկություններ ստացանք, որ հաջորդ օրն աղդամցիներն իրենց վրդովմունքն արտահայտելու համար 30 հազարանոց ցույց են ուզում կազմակերպել Ստեփանակերտում,–պատմում է Ս. Շահվերդյանը։–Եվ անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու, վտանգը կանխելու նպատակով, մենք հեռագրեր հղեցինք Մոսկվա ու Երեւան։ Նպատակահարմար չգտանք նաեւ փետրվարի 14—ին ժողովրդին հրապարակ դուրս բերել ու նորից հանրահավաք կազմակերպել։ Բարեբախտաբար աղդամցիներն այդպես էլ չհամարձակվեցին Ստեփանակերտ մտնել։ Մինչդեռ հաջորդ օրվանից Լենինի անունը կրող հրապարակը գրեթե մշտական հավաքատեղի դարձավ ժողովրդի համար»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

13-02-2018





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO