Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.05.2018
ՆԱԽԱԳԱՀ


Մեր բարեկամության հիմքն ամուր է

Ի պատիվ Բուլղարիայի նախագահի՝ Հայաստանի նախագահի անունից տրվել է պետական ճաշ

Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի եւ տիկին Դեսիսլավա Ռադեւայի՝ երեկ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռումեն Ռադեւը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի եւ Բուլղարիայի միջպետական հարաբերություններին, ինչպես նաեւ փոխադարձ հարգանքի, նույնական արժեհամակարգի ու ավանդույթների վրա հիմնված հայ եւ բուլղար ժողովուրդների բարեկամությանը։
Նախագահ Սարգսյանն իր բաժակաճառում խոսել է պատմության ընթացքում հայ եւ բուլղար ժողովուրդների պատմական առնչությունների եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր զարգացող միջպետական հարաբերությունների մասին։
«Անցած քառորդ դարում աշխատելով համատեղ՝ թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ հարթակներում, մենք անցանք իրադարձություններով հագեցած ուղի, բազմապատկեցինք եւ խտացրեցինք այն կապերը, որ ժառանգել ենք՝ դրանց հաղորդելով ավելի գործնական, ավելի առարկայական ու նաեւ ապագային միտված բնույթ։ Խոսքս ինչպես քաղաքական, այնպես էլ առեւտրատնտեսական, զբոսաշրջության, միջխորհրդարանական, պաշտպանական, գիտակրթական եւ մշակութային ոլորտներում ձեռքբերումների մասին է»,–ասել է նախագահ Սարգսյանը։
Նշելով, որ Բուլղարիայի նախագահը երեկ Երեւանում այցելել է բուլղարացի բանաստեղծ Պեյո Յավորովի անվան հիմնական դպրոց, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ կրթօջախն ու այնտեղ հիմնված՝ անվանի մտավորականի՝ Պեյո Յավորովի թանգարանը փայլուն օրինակ է, թե ինչպես են երկու ժողովուրդների զավակները բարեկամություն կերտել։
«Մեր բարեկամության հիմքն ամուր է, բայց ցանկացած՝ անգամ ամենաամուր հիմքը կարիք ունի ամենօրյա հոգածության եւ ուշադրության։ Պետք է շարունակենք աշխատել, որ մեր հարաբերությունները որակական վերընթաց ապրեն։ Պետք է շարունակենք ավելի լավ աշխատել, որ ոչ միայն պահպանենք մեր ժառանգածը, այլեւ ամրապնդենք այն մերօրյա ձեռքբերումներով՝ շոշափելի ձեռքբերումներով։
Խնդրում եմ ինձ հետ միասին բաժակ բարձրացնել բարեկամ Բուլղարիայի նախագահ պարոն Ռադեւի եւ տիկին Ռադեւայի համար, բուլղար արժանավոր ժողովրդի հետագա բարօրության եւ հայ—բուլղարական բարեկամության հարատեւության համար»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստան այցելելու հրավերի, ինչպես նաեւ անձամբ իր, իր տիկնոջ եւ բուլղարական ամբողջ պատվիրակության նկատմամբ ցուցաբերած սրտագին ու ջերմ հյուրընկալության համար։ Նախագահ Ռադեւը վստահություն է հայտնել, որ տեղի ունեցած արդյունավետ հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության ակտիվացմանը եւ պայմաններ կստեղծեն Հայաստանի ու Բուլղարիայի միջեւ երկկողմ համագործակցության խորացման համար փոխշահավետ բոլոր ոլորտներում։
«Հուզված եմ, որովհետեւ 14 տարվա ընդմիջումից հետո Հայաստան է այցելում Բուլղարիայի նախագահը, եւ վստահ եմ, որ այսօր տեղի ունեցած արդյունավետ հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության ակտիվացմանը եւ պայմաններ կստեղծեն Հայաստանի ու Բուլղարիայի միջեւ երկկողմ համագործակցության խորացմանը փոխշահավետ բոլոր ոլորտներում։ Չեմ կարող իմ ուրախությունը չկիսել նաեւ, որ ձեր հրաշալի ու հնամենի մայրաքաղաք Երեւան եմ այցելում պայծառ տոնի՝ քաղաքի հիմնադրման 2800—ամյա հոբելյանի նախօրեին։
Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնվում են բուլղար եւ հայ ժողովուրդների պատմական եւ մշակութային բազմամյա կապերի վրա. փոխհարաբերություններ, որոնցում երբեք չեն եղել բաց մնացած հարցեր։ Բուլղար եւ հայ ժողովուրդները միավորված են փոխադարձ համակրանքի ու համերաշխության զգացմամբ, որը ծագել է նրանց դժվարին պատմական ճակատագրից»,–նշել է նախագահ Ռադեւը։
Բուլղարիայի նախագահը, անդրադառնալով հայ—բուլղարական բարեկամական հարաբերություններին, կարեւորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը, որը, ըստ նրա, կապող օղակ ու բարեկամության կամուրջ է երկու երկրների միջեւ։ Նախագահ Ռադեւի գնահատմամբ՝ հայկական համայնքի ներկայացուցիչները բուլղարական հասարակական—քաղաքական կյանքի կարեւոր մասն են կազմում եւ նրանց կողմից պահպանված հայ մշակույթն ու ինքնությունը, մասնագիտական ինքնահաստատումն ու հաջողությունները Բուլղարիայի հարստությունն է։
Նշելով, որ ս.թ. հունվարի 13—ին լրացել է բուլղար մեծ բանաստեղծ, թատերագիր ու հեղափոխական Պեյո Յավորովի ծննդյան 140—ամյակը՝ Ռումեն Ռադեւն ընդգծել է, որ նա նույնքան ծանոթ ու սիրելի գրող է ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Հայաստանում։ Ըստ նախագահ Ռադեւի՝ Յավորովը իր «Հայեր» բանաստեղծությամբ մտերմության կամուրջներ է կառուցել երկու ժողովուրդների միջեւ։
Իր բաժակաճառում Բուլղարիայի Հանրապետության նախագահն անդրադարձել է ՀՀ—ԵՄ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ վստահություն հայտնելով, որ արագ վավերացումից հետո այն կդառնա ԵՄ հետ ավելի սեղմ մերձեցման ու համագործակցության գործիք։
«Անկեղծորեն ուրախ եմ, որ իմ այս այցը իրականանում է այն ժամանակ, երբ Բուլղարիան նախագահում է Եվրոպական միության խորհրդում։ Սա երրորդ երկիր կատարած իմ սակավաթիվ այցերից մեկն է այս ժամանակաշրջանում, ինչը վկայում է այն անվիճելիորեն կարեւոր նշանակության մասին, որը տալիս ենք Հայաստանի հետ ունեցած հարաբերություններին։
Թույլ տվեք դարձյալ իմ շնորհավորանքներն ուղղել Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ արագ վավերացումից հետո այն կդառնա ԵՄ հետ ավելի սեղմ մերձեցման ու համագործակցության գործիք։
Բուլղարիայի նախագահության ժամանակ մեր երկիրը կշարունակի ուշադրություն դարձնել ու սատարել ԵՄ բոլոր քաղաքականությունները, որոնք կնպաստեն նաեւ մեր երկկողմ հարաբերությունների ամրացմանը։ Վստահ ենք, որ դրանք պետք է հասցնեն քաղաքացիների համար կոնկրետ ու տեսանելի արդյունքների՝ խորացնեն մտերմությունը, տրանսպորտային եւ էներգետիկ կապերը, մարդկանց միջեւ շփումները, համագործակցությունը կրթության ոլորտում»,–նշել է Բուլղարիայի նախագահը։
Ռումեն Ռադեւը բաժակաճառում անդրադարձել է նաեւ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ունեցած հանդիպումներին եւ դրանց արդյունքներին, որոնք, նրա համոզմամբ, է՛լ ավելի մեծ դինամիկա կհաղորդեն երկու պետությունների միջեւ քաղաքական երկխոսությանը եւ տնտեսական կապերի զարգացմանը։
«Խոսքիս ավարտին կուզենայի վստահություն հայտնել, որ հաշվի առնելով մեր ժողովուրդների միջեւ պատմական կապերը, ինչպես նաեւ իմ այցի ընթացքում ձեռք բերված բուլղարա—հայկական փոխհարաբերությունների հեռանկարներն ու պայմանավորվածությունները, դրանք ջերմորեն կողջունվեն ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Հայաստանում։
Թույլ տվեք բաժակ բարձրացնել՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին գերազանցություն Սերժ Սարգսյանի եւ մեծարգո տիկին Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության ու բարեկամական հայ ժողովրդի բարօրության ու բարեկեցության, բուլղարահայկական հարաբերությունների ապագայի, ինչպես նաեւ բոլոր ներկաների առողջության համար»,–ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը՝ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրված պետական ճաշին։

13-02-2018





26-05-2018
Պատմությունից դասեր քաղելու ժամանակը
Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը

ՀՀ ԳԱԱ նախագահության ...


 
26-05-2018
Ժամանակ է անհրաժեշտ
Որպեսզի կառավարությունն աշխատի, եւ հնարավոր լինի գնահատական տալ



26-05-2018
Վեhաշուք հուշարձան-կոթող
Հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին

Բաշ Ապարանի հերոսամարտի ...


 
26-05-2018
Վերքերից երգեր գոյացան
Ինչպես ծնվեց «Սարդարապատ» ստեղծագործությունը

1968 թվականին, երբ նշվում ...


26-05-2018
Անցյալի աստեղային դրվագները
Ղարաքիլիսայի հերոսամարտը մասնակցի հուշերում

1918 թվականի մայիսը հայերիս ...


 
26-05-2018
Ավարայր եւ Սարդարապատ. զուգահեռների փորձ
Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես ...


26-05-2018
Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է
Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ...



26-05-2018
Նորի կառուցումը ճիշտ ժամանակին կսկսվի
Իսկ առայժմ երկարացվում է գործող ԱԷԿ—ի ...

26-05-2018
Բաց դռների օր
Հայաստանում Գերմանիայի ...

26-05-2018
Կառուցելով նոր կամուրջներ
«Արմենպրեսը» համաձայնագիր է ստորագրել ...

26-05-2018
«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»
Ցուցահանդեսում արդի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO