Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Նոր լիցք տնտեսական համագործակցությանը

Պաշտոնական այցով Լիբանանում է վարչապետ Կարեն Կարապետյանը

Լիբանան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակում երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ ուրախ է գտնվել Լիբանանում. «Ընդամենը երկու շաբաթ առաջ Երեւանում մենք առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի եւ Լիբանանի միջեւ բազմաբնույթ հարաբերությունների շուրջ։ Կարեւորում ենք բարեկամ Լիբանանի եւ Հայաստանի միջեւ բարձր մակարդակի մշտական շփումներն ու երկխոսությունը։ Ինչպես ես նշեցի մեր նախորդ հանդիպմանը, մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական ներուժը մեծ է, եւ այն պետք է հնարավորինս իրացնել»,–ասել է ՀՀ վարչապետը։
Լիբանանի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Լիբանան՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի հայ–լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը։ Միշել Աունը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը։
Զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանի համար գործող առեւտրային արտոնյալ ռեժիմներից լիբանանյան ընկերությունների օգտվելու հնարավորություններին, տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հեռանկարներին։
ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կարեւոր է համատեղել այն առավելությունները, որոնք ունեն Հայաստանի եւ Լիբանանի տնտեսությունները՝ ընդգծելով նաեւ, որ այսօր Հայաստանի տնտեսությունը աճի լավ միտում ունի, եւ այն առաջիկա տարիներին պահպանվելու է։
Հայաստանի վարչապետն ասել է նաեւ, որ ավելի վաղ իր գործընկերոջ հետ քննարկել են հայ–լիբանանյան հիմնադրամի ստեղծման հնարավորությունները, որը կաջակցի թե Լիբանանում, թե Հայաստանում հետաքրքրություն ունեցող բիզնեսին։
Երկուստեք կարեւորվել է լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրներին կապող եւ հարաբերություններն ամրապնդող օղակ։
Մինչ այդ Լիբանանի կառավարության նստավայրում ՀՀ վարչապետին դիմավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին։
Հայաստանի եւ Լիբանանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Լիբանան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար։ Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Լիբանանյան ընկերությունները կարող են օգտագործել մեր հարթակն առավել լայն շուկաներ մուտք գործելու համար՝ հաշվի առնելով մեր անդամակցությունը ԵԱՏՄ–ին, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտին եւ ԵՄ հետ GSP+ առեւտրային ռեժիմը։ Առհասարակ, այժմ լավ ժամանակ է Հայաստան գալու եւ մեր երկրում ներդրում կատարելու առումով»,–ասել է վարչապետը եւ ներկայացրել նաեւ Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ ՀՀ վարչապետն առաջարկել է դիտարկել նաեւ համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը՝ թեթեւ արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության եւ գյուղատնտեսության ոլորտներում։
Սաադ Հարիրին, ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կարեւորությունը, նշել է, որ Լիբանանը նույնպես լավ վայր է ներդրումներ իրականացնելու համար, մասնավորապես, ենթակառուցվածքների, այդ թվում՝ նաեւ պետություն–մասնավոր հատված համագործակցության համատեքստում։
Հայաստանի եւ Լիբանանի վարչապետները քննարկել են գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում ընթացիկ համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատել՝ այն ընդլայնելու եւ խորացնելու ուղղությամբ։ Կարեն Կարապետյանն առաջարկել է նաեւ ուսումնասիրել հայ–լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարը՝ համատեղ ծրագրերը ֆինանսավորելու նպատակով, ինչպես նաեւ նշել, որ հայկական կողմը պատրաստ է կիսվելու արեւային էներգետիկայի ոլորտում իր փորձով։
Վարչապետն իր լիբանանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան՝ նշելով, որ այցի շրջանակում կարելի է նաեւ կազմակերպել հայ–լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ վերոնշյալ հարցերը քննարկելու եւ փոխգործակցության նոր ուղղություններ նախանշելու համար։ Կառավարության ղեկավարն ընդգծել է նաեւ Լիբանանի հայ համայնքի կարեւոր դերակատարությունը երկկողմ հարաբերությունների խորացման ու սերտացման գործում։
Հանդիպման ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»։
Կարեն Կարապետյանը եւ Սաադ Հարիրին Լիբանանի կառավարության մամուլի սրահում հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի՛ պարոն Հարիրի, եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության եւ այսօրվա արդյունավետ հանդիպման համար։ Կարծում եմ՝ մեր հանդիպումն անցել է կառուցողական եւ փոխվստահության մթնոլորտում։ Մենք մտքեր ենք փոխանակել եւ արձանագրել ենք, որ մեր երկու երկրների հարաբերությունները բոլոր առումներով գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Մենք իրականում բարեկամ եւ շատ մոտ երկրներ ենք։ Նաեւ արձանագրել ենք, որ մեր տնտեսական հարաբերությունները հեռու են քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակից, որ ունենք, եւ մենք չափազանց մեծ ներուժ ունենք դրանք զարգացնելու համար։
Մենք խոսել ենք այն հնարավորությունների մասին, որ ունեն մեր երկու երկրները։ Մասնավորապես, մենք չենք թաքցնում եւ շատ շահագրգռված ենք, որպեսզի լիբանանյան բիզնեսը գա Հայաստան, եւ ֆիքսել ենք այն առավելություններն ու հնարավորությունները, որ այսօր Հայաստանն ունի. արձանագրել ենք այն փաստը, որ լինելով Եվրասիական միության անդամ, ունենալով GSP+ ռեժիմ Եվրոպական միության հետ, ազատ տնտեսական գոտի Իրանի հետ սահմանին, ինչպես նաեւ այն բիզնես հնարավորություններն ու միջավայրը, որն այսօր ձեւավորում ենք Հայաստանում, հնարավորություն են տալիս, տեղակայվելով Հայաստանում, մտնել բավական մեծ շուկաներ, որոնց մասին ես քիչ առաջ նշեցի։
Որո՞նք են այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք համագործակցել. դրանք բազմաթիվ են՝ թեթեւ արդյունաբերություն, ոսկերչություն, դեղագործություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն։ Նաեւ պայմանավորվել ենք այսօր, որ կշարունակենք բանակցությունները հայ–լիբանանյան ներդրումային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ, որը կաջակցի երկկողմ նախաձեռնություններին։ Խոսել ենք նաեւ արեւային եւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման մասին։
Առանձնակի անդրադարձել ենք նաեւ, թե ինչ դերակատարում ունի մեր սփյուռքը Լիբանանում, որ լիբանանահայերն իրականում մեր դեսպաններն են այստեղ եւ Լիբանանի դեսպանները՝ Հայաստանում, ու լինելով առաջին հերթին Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ մեծ դերակատարում ունեն մեր երկու երկրների բարեկամական կապերի մեջ։
Օգտվելով առիթից՝ ես պարոն Հարիրիին հրավիրել եմ այցելել Հայաստան։ Նաեւ պայմանավորվել ենք օգտագործել միջկառավարական մեր հանձնաժողովը, նախապատրաստել այնպիսի օրակարգ, որ պարոն Հարիրիի այցի ժամանակ կարողանանք անցկացնել նաեւ միջկառավարական հանձնաժողովի նիստ։
Բազմաթիվ հանդիպումներ ենք ունենալու այս երկու օրվա ընթացքում, եւ համոզված եմ, որ նոր լիցք կհաղորդենք մեր տնտեսական հարաբերություններին։
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»։
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի. «Հիանալի հանդիպում ունեցա պարոն վարչապետի հետ, ով Լիբանան է այցելում Լիբանանի նախագահի՝ Հայաստան կատարած այցից հետո։ Դա ցույց է տալիս այն կարեւորությունը, որը ցուցաբերում է յուրաքանչյուր երկիրը մյուս երկրի հանդեպ՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու համար։
Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները եւ երկու ժողովուրդների միջեւ կապերը պատմական են, դարերի խորքից են գալիս, եւ դա շնորհիվ այն լիբանանահայերի, ովքեր այստեղ միաձուլված, համախմբված կազմում են Լիբանանի հասարակության մի մասը եւ մեծ մասնակցություն ունեն բոլոր ոլորտներում։ Ինձ համար հպարտություն է, որ իմ հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, եղել է առաջին անձը, ով Հայաստանի հետ եղբայրական ամուր կապերի հիմքն է դրել 1991 թվականին։ Եվ մենք հանձնառու ենք, որպեսզի շարունակենք այս ուղին՝ ի շահ եւ ի բարօրություն մեր երկու երկրների եւ ժողովուրդների։
Պարոն վարչապետի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվեցինք ամրապնդել եւ զարգացնել Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները տարբեր ոլորտներում եւ ամենատարբեր մակարդակներում. բանկային ոլորտում համագործակցությունը, մանավանդ որ լիբանանյան բանկերը հայտնի են աշխարհում եւ մեծ ներուժ ունեն, որպեսզի ֆինանսավորեն հանրային եւ մասնավոր ծրագրեր։ Մենք հպարտանում ենք դրանով, եւ դրա մասին վկայում են շատ ծրագրեր։ Խոսեցինք նաեւ այս ոլորտում համագործակցություն ծավալելու մասին։
Մենք ուշադրություն կդարձնենք, որպեսզի մոտ ապագայում միջկառավարական հանձնաժողովի նիստ գումարվի։ Անշուշտ, այն պետք է տեղի ունենա Լիբանանում նախատեսված ընտրություններից հետո։
Մենք համակարծիք էինք, որ մեր երկու երկրների միջեւ պատմական հարաբերություններն արդեն պետք է կյանքի կոչենք, եւ ես անձնապես շատ ուշադիր եմ լինելու այդ հարցում։ Այո, համաձայն եմ, շատ գեղեցիկ է, որ ունենանք պատմական հարաբերություններ, սակայն պետք է նաեւ մեր տնտեսական հարաբերությունները զարգացնենք։ Այսօր պարոն վարչապետը բազմաթիվ հանդիպումներ ունի, նաեւ՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, եւ նպատակն է, որպեսզի խրախուսվեն ներդրումները՝ ինչպես հայկական ներդրումները Լիբանանում, այնպես էլ լիբանանյան ներդրումները Հայաստանում։ Դա բխում է երկու երկրների շահերից, եւ մենք պետք է ուսումնասիրենք այն հարցերը, ինչի մասին խոսեց պարոն վարչապետը։ Նա նաեւ մի գաղափար առաջարկեց, որը պետք է նույնպես ուսումնասիրենք։ Դա կխրախուսի ներդրումները, եւ մենք պետք է սկսենք ամենամոտ ժամանակներս իրականություն դարձնել։ Մենք խոսեցինք նաեւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին։ Լիբանանում եւ Հայաստանում տարբեր ոլորտներ ունենք, որտեղ պետք է համագործակցենք։
Ինձ համար Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են, եւ տա Աստված, որ ես եւ պարոն վարչապետը, միասին աշխատելով, կարողանանք դրանք զարգացնել ապագայում։
Շնորհակալություն, պարոն վարչապետ»։
Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է նաեւ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանի խորհրդարանի նախագահին ջերմ ընդունելության համար եւ փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ջերմ ողջույնները։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Լիբանանի քաղաքական հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական, եղբայրական, եւ դա պայմանավորված է պատմական առնչություններով, լիբանանահայ համայնքի դերակատարությամբ։
Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին զգալիորեն զիջում են տնտեսական կապերը, եւ պետք է ակտիվ աշխատել դրանք զարգացնելու ուղղությամբ։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Լիբանանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերի շրջանակը եւ այն ուղղությունները, որոնք հեռանկարային են համարվել տնտեսական հարաբերությունների զարգացման համար։
Կարեն Կարապետյանը երախտագիտություն է հայտնել Լիբանանի խորհրդարանի կողմից դեռեւս 2000թ. Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կապակցությամբ։
Հայաստանի եւ Լիբանանի միջեւ կապերի ակտիվացման համատեքստում զրուցակիցները կարեւորել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը եւ ակտիվ շփումները՝ հատկապես բարեկամության խմբերի միջեւ։
ՀՀ վարչապետը երեկ, օրվա վերջին այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։
Հանդիպումից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, այնուհետեւ՝ մայրավանքի հարեւանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը եւ Արամ Ա կաթողիկոսը քննարկել են Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկայիս իրավիճակը եւ վերջին շրջանի տնտեսական աճի ուղղությամբ արձանագրված ցուցանիշները՝ նշելով, որ կառավարությունը շարունակում է ավելի լավ արդյունքներ արձանագրելուն ուղղված քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում։ Կարեն Կարապետյանը նաեւ մանրամասներ է ներկայացրել Լիբանանի ղեկավարության հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ՝ դրանք որակելով արդյունավետ եւ կառուցողական։
Արամ Ա կաթողիկոսը կարեւորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիբանան եւ, մասնավորապես, տնտեսական հագեցած օրակարգը, որը լավ հնարավորություն է համարել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու առումով։
Վարչապետը նաեւ պատասխանել է ներկա գտվող համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ՀՀ տնտեսական օրակարգին, ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարներին, Հայաստան—Եվրամիություն փոխգործակցությանը։

13-03-2018





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO