Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՊՆ


Երիտասարդները մեզ ոգեւորում են

Վիգեն Սարգսյանի հարցազրույցը «Ռազմինֆո»—ին

Հայաստանի զինված ուժերի զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ—բանակ» հայեցակարգի եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Ռազմինֆոն» զրուցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ։ «Արմենպրեսը» հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ։
–Պարոն նախարար, 2017 թ. հոկտեմբերից սկսվեց բանակի արդիականացման նոր, յոթնամյա ծրագրի մշակումը։ Կարո՞ղ եք մանրամասնել ծրագրի մասին, ինչքանով որ հնարավոր է։
–Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մշակված՝ զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագիրը «Ազգ—բանակ» հայեցակարգի իրականացման գործնական ծրագիրն է։ Հաճախ հարցնում են, թե «Ազգ—բանակ» ասելով ինչ ենք հասկանում, ինչու այն որեւէ տեղ չի հրապարակվել եւ այլն։
Այդ հայեցակարգն ունի չորս մակարդակ. առաջինն ընդհանուր թեզերն ու սկզբունքներն են, գաղափարախոսությունը, որը բազմիցս ներկայացվել է հանրապետության նախագահի ելույթներում, մասնավորապես 2017 թ. ապրիլին կայացած նույնանուն կոնֆերանսի եւ հոկտեմբերին պաշտպանության ազգային հետազոտական համալսարանում ունեցած իր ծրագրային ելույթներում, մեր կառավարության գործունեության եւ Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերում, 2016 թվականի հոկտեմբերին՝ ԶՈՒ կոլեգիայի եւ բանակի 25—ամյակին նվիրված հանդիսավոր նիստերում իմ ելույթներում։ Հիմնական սկզբունքներն են. բանակն ավելի թափանցիկ, ավելի հասկանալի դարձնել մեր հասարակության համար, ամրապնդել բանակ—հասարակություն կապը եւ բանակի վրա ծախսվող ռեսուրսը հասանելի եւ օգտավետ դարձնել նաեւ մեր հասարակության առավել լայն շերտի համար։
Երկրորդ կարեւոր բաղադրիչն օրենսդրական հենքն է, որն ամրագրեցինք անցյալ տարի ընդունված «Պաշտպանության մասին» ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» երկու հիմնարար օրենքներով։
Երրորդ կարեւոր բաղադրիչը հենց «Ազգ—բանակ» հայեցակարգից բխող եւ նախագահի հրամանագրով հաստատված արդիականացման յոթնամյա ծրագիրն է։ Այն առաջիկա յոթ տարիների բարեփոխումների մեր ուղեցույցն է։ Ակնհայտ է, որ այդ բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են, նախ՝ բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք ամրագրվում են մեր տարեկան, ամսական ծրագրերով եւ նախատեսում են ամենօրյա աշխատանք նախեւառաջ՝ զորքերում, եւ երկրորդ՝ համապատասխան գնումներ, որովհետեւ նյութական բազան շատ կարեւոր է։ Նպատակն է՝ մեր զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացումը, հրամանատրման նոր սկզբունքների ներդրումը, զինանոցի հագեցումը գերժամանակակից եւ մեր պայմաններին համապատասխանող զենքով եւ զինամթերքով, անձնակազմի ուսուցումն ու ներդաշնակեցումը՝ դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար։
Յոթնամյա ծրագիրն այդ առումով առաջին համապարփակ փաստաթուղթն է, որը հստակ ձեւակերպում է նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել եւ ինչ հերթականությամբ։ Այսինքն՝ սա «Ազգ—բանակի» զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզն է։ Մեզ համար այն ոչ թե ձեւական փաստաթուղթ է, որը քննարկվեց, ընդունվեց եւ դրվեց դարակը, այլ ամենօրյա աշխատանքի հիմնական ուղեցույց. ցանկացած պլանավորում եւ վերահսկողություն նախարարությունում ու գլխավոր շտաբում այսուհետ իրականացվում է այդ յոթնամյա ծրագրով՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների եւ մարդկային ռեսուրսների հաշվառում եւ այլն։ Այս ամենն այսուհետ արվում է մեկ ընդհանուր տեսլականով. մեր բանակի մարտունակութունը եւ զինված ուժերի կարողությունները անընդհատ զարգացնել մեկ կենտրոնացված վեկտորով։ Դա ազդելու է թե՛ մատակարարների հետ մեր հարաբերությունների, թե՛ մեր ներսում պլանավորման գործընթացների, թե՛ դրանց նկատմամբ հսկողության սահմանման վրա։
Ի դեպ, անցած տարի մեր բոլոր գնումների կտրվածքով ունեցել ենք մոտ 10% խնայողություն, ինչը լուրջ թիվ է։ Ընդ որում՝ դրան չենք հասել ապրանքի տեսականու, քանակների նվազեցման կամ որակի վատթարացման հաշվին։ Եվ այդ խնայողությունն ուղղել ենք զենքի եւ զինամթերքի լրացուցիչ քանակների, նոր տեսակների ձեռքբերմանը։
Եվ վերջապես՝ «Ազգ—բանակի» չորրորդ, մեր հասարակության համար ամենատեսանելի մակարդակը կոնկրետ ծրագրերն են։ Հայեցակարգը ձեւակերպված է, հիմնական ուղղությունները հասկանալի են, իրավական հիմքերը կան, առկա է յոթնամյա ծրագիրը, ինչպես նաեւ կա փաստաթղթի բաց մասը, որն այդ տեսլականը պետք է հասկանալի դարձնի հասարակության համար։ Ու կան ծրագրեր, որոնց հետ հանրությունն անմիջականորեն է առնչվում։ Օրինակ՝ «Ես եմ»—ը, որով ձմեռային զորակոչին ունեցանք շուրջ 150 նորակոչիկ, որոնք իրոք տարբերվում են իրենց որակով, տարբերվում են իրենց դիրքորոշմամբ։ Սա փաստում են նաեւ հրամանատարները, ովքեր նշում են, որ եթե բոլոր ստորաբաժանումներն այդ ձեւով համալրվեին, իրենց խնդիրն ավելի հեշտ կլիներ լուծել, որովհետեւ գործ ունենք ինքնուրույն որոշում կայացրած եւ հետեւողական երիտասարդների հետ։
Ամռանը կմեկնարկի «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը մեր հարյուրավոր քաղաքացիների համար բուհերում որակյալ անվճար կրթություն եւ, դրան զուգահեռ, զինվորական մասնագիտություն ստանալու ճանապարհ կբացի։ Կրթված քաղաքացին, բանակ զորակոչվելով սպայի կարգավիճակով, ինքնադրսեւորվելու եւ արդյունքի հասնելու ավելի մեծ հնարավորություններ կունենա։
Նույն՝ «Դիտակետ» ծրագիրը, որը հետադարձ կապն է մեր զորացրված զինվորների հետ եւ հարուստ նյութ տվեց մեզ՝ ժամկետային զինծառայությանը վերաբերող հարցերում քաղաքականության մշակման եւ մոտեցումների վերանայման, ինչպես նաեւ առանձին զորամասերում առկա խնդիրների եւ ձեռքբերումների մասին պատկերացում կազմելու համար։
Ուզում եմ ձեզ առաջինը հայտնել այն մասին, որ օրեր անց կհայտարարվի նոր ծրագրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող եւ ժամկետային զինվորական ծառայությունն անցած քաղաքացիները կկարողանան երկու տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում՝ սովորելով միանգամից 3—րդ կուրսից։ Նրանց չի պարտադրվի զորանոցային կեցություն ռազմական համալսարանում. առավոտյան գալու են դասի, երեկոյան իրենց ժամանակն ազատ տնօրինեն՝ կարողանալով երկու տարում ստանալ բակալավրի դիպլոմ զինվորական մասնագիտությամբ եւ սպայական կոչում։ Նրանց տրամադրվելու է բարձր կրթաթոշակ, որը թույլ կտա, որ երկու—երեք այդպիսի կուրսանտ միասին բնակարան վարձակալեն Երեւանում։
Եվս մեկ արդյունավետ իրականացված ծրագիր էր ողջ զինված ուժերի անցումը քարտային վճարումների համակարգին, ինչն ամբողջությամբ վերացրեց կանխիկ գումարի շրջանառությունը զորքերում։ Դա կարեւոր է՝ բազմաթիվ ռիսկերից խուսափելու համար։
Առաջիկայում մենք լրջագույն ուշադրություն ենք դարձնելու զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգերի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը։ Այդ նպատակով բանակում ձեւավորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի (CIO) եւ իր գրասենյակի ինստիտուտ, որը համակարգելու է ամբողջ համակարգի թվայնացման գործընթացը. զինկոմիսարիատներին տվյալների հետ աշխատելու շատ ավելի արդյունավետ գործիքներ տալուց մինչեւ հաշվապահական հաշվառում, պահեստների կառավարում, անձնակազմի, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատանք եւ այլն։
Ռազմական կրթության ծրագրերն են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ամբողջական ձեւափոխումը, ռազմական երկու բուհերի առաջիկա միավորումը մեկ խոշոր համալսարանական կառույցի մեջ, եւ բազմաթիվ այլ նախաձեռնություններ, որոնք այժմ մշակման եւ ներդրման փուլում են։
–Զինված ուժերի զարգացման 7—ամյա պլանում նաեւ ռազմարդյունաբերության զարգացմանը վերաբերող մաս կա։ Շուտով Երեւանում մեկնարկող «ArmHiTech» ցուցահանդեսին ինչ—որ նոր մշակումներ կտեսնե՞նք։
–Լինելու են, անպայման։ Բայց ցուցադրվելու է միայն փոքր մասն այն ամենի, ինչ կարողացել ենք վերջնական տեսքի բերել եւ ընդունել մարտական հերթապահության։ Ակնհայտ է, որ ռազմարդյունաբերական համալիրի ցանկացած ձեռքբերում մի կողմից ցանկալի է ցուցադրել՝ ներկայացնելու համար քո ներուժը, այդ թվում՝ հնարավոր արտաքին գնորդներին, սակայն մյուս կողմից՝ ցանկացած ցուցադրած կարողություն անմիջապես առաջացնում է դրա հակակշիռը գտնելու կամ ձեռք բերելու ձգտում, հետեւաբար որոշակի զգուշություն է պետք նրանում, թե որն է առաջնահերթ յուրաքանչյուր նոր արտադրանքի պարագայում։
Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում մենք զգալի առաջընթաց ունենք մի շարք ուղղություններում, որոնցում ավանդաբար մրցունակ ենք եղել։ Ամենադրականը, որ տեսնում եմ ռազմարդյունաբերական համալիրում, երիտասարդ սերնդի ներգրավումն է։ Իրականացվող բոլոր ծրագրերում կան երիտասարդ գիտնականներ, մարդիկ, ովքեր իրոք մեծ ոգեւորությամբ գալիս են ավանդույթների եւ ներուժի հիման վրա նորը կառուցելու։ Կարծում եմ, որ դա կարող է հիմք դառնալ հետագայում գիտական վաշտ ձեւավորելու համար, ինչը թույլ կտա բացառիկ կարողություններով օժտված եւ գիտությամբ զբաղվող երիտասարդներին ներգրավել ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքում։ Եթե հիշում եք, շատ էր խոսվում այն մասին, որ տարկետումների վերացումն անպայման սահմանափակելու է երիտասարդների մուտքը գիտություն։ Ես այն ժամանակ էլ հայտարարում էի, որ ճիշտ հակառակը՝ մենք դրան զուգահեռ ներդնելու ենք մեխանիզմներ, որոնք թույլ կտան երիտասարդներին ավելի ակտիվ զբաղվել գիտությամբ։ Մենք դրա գործիքակազմը հստակ տեսնում ենք, այն ձեւավորման փուլում է, եւ ամեն ինչ անելու ենք, որ մինչեւ ամառային զորակոչ արդեն ամբողջը ներդրված լինի։
–Երբեմն կարծիքներ են հնչում, որ արդյունավետ չի օգտագործվում սփյուռքի ներուժը։ Ռազմարդյունաբերության զարգացմանն ինչպե՞ս է մասնակցում սփյուռքը։
–Անշուշտ, սփյուռքի հնարավորություններն օգտագործվում են ու գնալով՝ առավել խորությամբ։ Իհարկե մանրամասնել հնարավոր չէ, որովհետեւ ռազմարդյունաբերական համալիրի հետ փոխգործակցող մարդիկ իրենց քաղաքացիության երկրներում հիմնականում ունեն որոշակի սահմանափակումներ, ինչի պատճառով աջակցությունը հաճախ չի կարող ֆորմալիզացվել։
Հետեւաբար, առանց անուններ տալու, Ձեր հարցին ի պատասխան, ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխարհի տարբեր երկրների մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք իրենց պարտքն են համարում սեփական փորձն ու գիտելիքն ի նպաստ դնել Հայաստանի զինված ուժերի գիտատեխնիկական կարողությունների զարգացմանը։
–«Ազգ—բանակ» հայեցակարգի շրջանակներում մեկնարկած բարեփոխումները ենթադրո՞ւմ են արդյոք ծրագրերի համադրում այլ ոլորտների բարեփոխումների հետ։ Օրինակ՝ ներկայումս ընթացող համայնքների խոշորացումը եւ զինկոմիսարիատների՝ Ձեր կողմից նշված բարեփոխումները։
–Միանշանակ։ Եթե մենք խոշորացնում ենք զինկոմիսարիատը, ակնհայտ է, որ յուրաքանչյուր համայնքում պետք է պահենք 2–3 ներկայացուցիչ՝ ի տարբերություն ներկայումս եղած մեծ անձնակազմի, որոնք տեղական ինքնակառավարման մարմիններում բնական կապն են լինելու զինված ուժերի հետ։ Համայնքների խոշորացումը օգնելու է մեզ առավել արդյունավետ կազմակերպել զինկոմիսարիատների աշխատանքը։
Համադրում կա նաեւ մյուս ոլորտների հետ։ Օրինակ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի։ Առաջիկա շաբաթներին կառավարությունն ընդունելու է Սիսիանի, Վարդենիսի եւ Բերդի զինվորական հոսպիտալները տեղի քաղաքացիական հիվանդանոցների հետ միավորելու վերաբերյալ որոշումներ։ Այսօր էլ տեղի բնակիչները դիմում են հոսպիտալներ բուժծառայություն ստանալու համար, բայց չեն կարող օգտվել, օրինակ՝ պետպատվերից։ Փաստորեն պետպատվերը եւ որակյալ բուժծառայություն մատուցելու կարողությունը մեկտեղվելու են. էլեկտրոնային առողջապահության համակարգը (որն առողջապահության նախարարությունում խոշոր բարեփոխումներից է) ուղիղ փոխկապակցված է բանակի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ։
Ի դեպ, այս տարի շատ կարեւոր, մեծ զորավարժություն ենք պլանավորել։ Կհիշեք «Շանթ—2015» զորավարժությունը, որի հիմքում պետական ողջ համակարգը խաղաղ վիճակից պատերազմականի բերելու իրադրության խաղարկումն էր։ Ես այդ զորավարժության շտաբի ղեկավարն էի եւ պատասխանատու էի ԶՈւ լուծվող խնդիրների հետ պետական համակարգի ներդաշնակեցման համար։
Այժմ, սահմանադրության փոփոխությունից հետո, հրամանատրման ուղղահայացի փոփոխության համատեքստում, հատկապես կարեւոր է փորձարկել վարչապետ կառավարություն անվտանգության խորհուրդ ՊՆ ԳՇ պետական կառավարման մարմիններ միասնականության արձագանքը առկա սպառնալիքին կամ իրավիճակի զարգացումներին։ Այդ առումով «Շանթ—2018»—ը շատ ինտերակտիվ է լինելու։ Այն կներառի ամենատարբեր ոլորտներին վերաբերող ներածականներ՝ թույլ տալով յուրաքանչյուր նախարարությանը խաղարկել սեփական որոշումների կայացումը, փաստաթղթերի նախապատրաստումը, հաշվետվողականության ապահովումը եւ այլն։
–Կա՞ն փոփոխություններ մատակարարումների մասով, օրինակ՝ տեղական արտադրանքի գնումների տեսակարար կշռի փոփոխություն։
–Ընդհանուր առմամբ, այդ հարաբերակցությունը հիմա էլ վատը չէ։ Բանակին մատակարարվող պարենի մեծ մասը տեղական արտադրության է։ Իհարկե կան ապրանքներ, որոնք ավելի նպատակահարմար է ներկրել։ Օրինակ՝ համազգեստի կտորը դրսի շուկայում շատ ավելի մատչելի է։ Այս տարի կարողացանք ձեռք բերել լավ որակի կտոր՝ ավելի մատչելի գնով։ Իսկ համազգեստը կարվում է արդեն տեղական ընկերություններում, ինչը թույլ է տալիս նաեւ զբաղվածության խնդիր լուծել։
Ի դեպ, մենք նաեւ խրախուսում ենք արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելը, եւ գործընկեր կազմակերպություններից մեկն արդեն ստանձնել է այդպիսի պարտավորություն։ Հնարավոր է, որ հետագայում մյուսներն էլ հետեւեն այդ քայլին։ Սա մեր ընդհանուր հայեցակարգի ու սահմանամերձ համայնքների զարգացման շատ կարեւոր բաղադրիչներից է։ Ընդհանուր առմամբ, սահմանամերձ համայնքների հետ տարվող աշխատանքը շատ արդյունավետ եմ գնահատում. բացի այնտեղ անցկացվող վարժանքներից, աշխարհազորի հետ աշխատանքից, նաեւ իրական քայլեր են կատարվել թաքստոցների ստեղծման եւ անվտանգության այլ խնդիրներին ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Նաեւ կենցաղային հարցերում… Օրինակ՝ անցած տարի կայացված որոշումով բոլոր դասագրքերը, բոլոր դպրոցներում, անկախ դասարանից՝ դարձան անվճար։ Բուհերում ուսման վարձի փոխհատուցման ծրագրի հետ կապված որոշ բարդություններ կային, որոնք նույնպես լուծվեցին, եւ այժմ ԿԳՆ—ն լիարժեք երաշխավորում է այդ համայնքներից եկող ուսանողների ուսման վարձերի օրենքով սահմանված փոխհատուցումները։
Իրականացվում են ներդրումային որոշակի ծրագրեր։ Կարեւոր դեր ունեցավ Հայաստան—սփյուռք համաժողովի համար մեր հրատարակած կատալոգը, որը նկարագրում էր յուրաքանչյուր համայնքի խնդիրները։ Մենք արդեն ստանում ենք դրա արձագանքները. սփյուռքի մեր հայրենակիցները (հիմնականում ծնունդով հենց այդ համայնքներից) իրենց վրա բավական լուրջ ծրագրերի իրականացում են վերցնում։ Օրինակ՝ Մովսես համայնքում ջրատարի եւ ավտոճանապարհի խնդիր է լուծվում։ Խաչիկ գյուղում ջրատարի խնդիր կա, որի լուծմանն, ամենայն հավանականությամբ, կաջակցի սփյուռքի մեր կառույցներից մեկը։ Վստահ եմ, որ այս գործընթացը շարունակվելու է. մենք շատ հետեւողական աշխատում ենք բոլոր գերատեսչությունների, դոնոր—կազմակերպությունների, միջազգային կառույցների եւ հենց համայնքների հետ՝ միջգերատեսչական հանձնաժողովի ձեւաչափով։
–Դեռեւս 2016 թվականի աշնանը հայտարարեցիք, որ բանակի համար կոշիկի արտադրությունը լրջորեն փոփոխելու պլաններ կան։ Ի՞նչ փուլում է այդ գործընթացը։
–Մայիսից ակնկալում ենք արդեն առաջին խմբաքանակը։ Ավարտվում է համապատասխան ձեռնարկության կահավորումը։ Սա «մասնավոր—պետություն» փոխգործակցության հրաշալի օրինակ է։ Պաշտպանության նախարարությունը լինելու է արտադրության համասեփականատերը։ Միեւույն ժամանակ, դրա մեջ, թե՜ ֆինանսների, թե՛ գիտելիքի, թե՛ հոսքագծերի առումներով զգալի ներդրում է կատարել սփյուռքի մեր հայրենակիցներից մեկը, ով այդ ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Պետք է վստահեցնեմ, որ այդ արտադրանքը զգալիորեն տարբերվելու է այն կոշիկից, որը հիմա ստանում են զինված ուժերում։ Փորձնական նմուշն ինքս կրում եմ արդեն մի քանի ամիս։ Շատ որակյալ եւ հարմար է։
–Խոսք կար նաեւ բանակային կոշիկը քաղաքացիականներին հասանելի դարձնելու մասին, այնպես, ինչպես շատ երկրներում բանակային հագուստը, աքսեսուարները նաեւ բրենդային ապրանքներ են դառնում։
–Այս արտադրության տրամաբանությունն այն է, որ բացի բանակին մատակարարվող կոշիկից, զինվորական ոճի կոշիկ վաճառքի հանվի նաեւ քաղաքացիական շուկա, առավել եւս, որ երիտասարդության մեջ զինվորական ոճն այսօր բավական թրենդային է։ Եթե արտադրողները կարողանան մարքետինգային լուծումներով իրենց արտադրանքն առավել գրավիչ դարձնել, շատ հնարավար է, որ հայկական բանակային կոշիկը դառնա բրենդ, ինչպես, օրինակ՝ շվեյցարական բանակի դանակն է։
–Պարոն նախարար, խոսենք բանակին աջակցելու հասարակական նախաձեռնությունների մասին։ Օրինակ՝ մեծ աղմուկ բարձրացրեց Ալբերտ Դալլաքյանի համար գումար հավաքելու Ձեր նախաձեռնությունը։ Չե՞ք ափսոսում, որ մտաք այդ գործընթացի մեջ, բանավեճի բռնվեցիք ընդդիմախոսների հետ, մեկին անգամ «բոշա» անվանեցիք։
–Գումարի հավաքագրումը Ալբերտի մոր խնդրանքով նախաձեռնել է իր ծանոթներից մեկը։ Ես պարզապես օգնել եմ՝ նվիրաբերելով իմ անձնական միջոցներից եւ սատարելու կոչ ուղղելով ընկերներիս։ Կարծում եմ՝ կոչս տեղին էր, քանի որ ի տարբերություն նման բազմաթիվ այլ ջանքերի՝ գումարը հավաքվեց հաշվված օրերի ընթացքում։ Ընկերներս սատարեցին՝ հավաքելով անհրաժեշտ գումարի զգալի մասը։ Հարյուրավոր ծանոթ եւ անծանոթ մարդիկ եւս հետեւեցին իմ օրինակին։ Եթե համացանցում այդ խնդրի շուրջ բորբոքված մեկնաբանություններ էին անում մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը՝ կեղծ օգտատերեր, ապա իմ կոչին գործնական քայլով՝ անձնական միջոցներ նվիրաբերելով արձագանքեցին հարյուրավորները։ Անկախ զգացմունքայնությունից՝ արդյունքն ակնհայտ է։ Եվ կարեւորը հենց արդյունքն է։
Անշուշտ, ափսոսում եմ, որ քաղաքական տարաձայնությունները, կամ խնդիրների լուծման շուրջ պատկերացումների բազմազանությունը երբեմն ագրեսիվ եւ ոչ պատշաճ պահվածքի պատճառ են դառնում։ Առհասարակ, ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, եւ երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում եւ վիրավորում ենք միմիանց։ Եվ, իհարկե, ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի եւ պատասխանեցի իմ կոչին տգեղ մեկնաբանություն նետած քաղաքացուն՝ իր իսկ բառապաշարով։ Նույն օրը հեռացրեցի այդ գրառումը՝ համարելով, որ նույնիսկ սոցիալական ցանցի անձնական էջը պետական պաշտոնյայի պարագայում որպես հանրային հարթակ է դիտվում։
–Ձեր ընդդիմախոսները հաճախ նշում էին այս կարգի խնդիրներին համակարգային, ինստիտուցիոնալ լուծում տալու անհրաժեշտության հանգամանքը։
–Որպես նախարար, պետության ներկայացուցիչ՝ ես, անկասկած, առաջնահերթ պատասխանատու եմ համակարգային լուծումներ գտնելու եւ դրանց հիմքով քաղաքականություն առաջարկելու եւ իրագործելու համար։ Հանրապետության նախագահի, վարչապետի, կառավարության իմ գործընկերների աջակցությամբ նախորդ տարին այդ առումով առավել քան արդյունավետ էր. գերժամանակակից վերականգնողական կենտրոն, ապահովագրական հիմնադրամ, զոհվածների եւ 1—ին խմբի զինհաշմանդամների անօթեւան ու բարելավման խնդիր ունեցող ընտանիքների բնակավորման համալիր լուծումներ եւ այլն։ Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես պետք է խուսափեմ անհատական խնդիրներից, անտեսեմ զինհաշմանդամի ծնողի խնդրանքը։ Արդյոք պե՞տք է կարծրացած չինովնիկական պատասխան տամ, որ մենք մեր ուժերի ներածին չափով արել ենք եւ այն, ինչ օրենքի պահանջից ավելին է, ինձ չի վերաբերում։ Ինձ քննադատողները հիմք կունենային, եթե չլուծելով համակարգային խնդիրներ՝ ես զբաղվեի առանձին դեպքերի համար դրամահավաքով, բայց պատկերը ճիշտ հակառակն է։
Կոնկրետ Ալբերտի դեպքում էլ, ինչպես գիտեք, պետությունը օրենքով նախատեսված եւ դրանից առավել, այլ լուծումներ գտել էր, անհրաժեշտ ողջ օգնությունը նրան ցուցաբերվում էր եւ շարունակելու էր ցուցաբերվել։ Խոսքն այստեղ մեկ քայլ ավելի կատարելու մասին էր, եւ ես վայրկյան անգամ չեմ ափսոսում, որ օգնեցի Ալբերտի բուժումն արտերկրում ապահովելու հարցում։ Հենց մեր կառավարության քաղաքականությունն է, որ Հայաստանում չբուժվելու դեպքերում մենք, մեր վիրավոր զինծառայողներին պետական ֆինանսավորմամբ գործուղում ենք արտերկրի լավագույն կլինիկաներ։ 2017 թվականին առաջին անգամ մեր մի քանի զինհաշմանդամներ օգտվել են այդ հնարավորությունից։ Պարզապես Ալբերտի դեպքն այլ էր։
Ի դեպ, ավելացնեմ նաեւ, որ նույն այդ կոչիս արձագանքելով՝ բազմաթիվ մարդիկ զգալի օգնություն ցուցաբերեցին ապրիլյան մարտերի մասնակից երկու այլ զինհաշմանդամի՝ աջակցելով նրանց բնակարանային խնդրի առավել արդյունավետ լուծմանը։ Մեկ այլ զինհաշմանդամ Վեհափառ հայրապետի աջակցությամբ մեկնեց արտերկիր՝ չափազանց բարդ պրոթեզավորման։ Սփյուռքի մեր հայրենակիցները պարտավորություն ստանձնեցին եւս երեք հոգու արտերկրում վիրահատության ծախսերն ամբողջությամբ իրենց վրա վերցնելու։ Նշված օրերին զգալիորեն աճեց 1000plus.am հիմնադրամին կամավոր նվիրաբերությունների հոսքը։ Վստահ եմ, որ անհատական խնդիրների լուծմանն աջակցելը նույնպես մտնում է պետական պաշտոնյայի, հատկապես՝ պաշտպանության նախարարի պարտականությունների մեջ։ Դա երբեք պետության անզորության վկայություն չէ, այլ միասին ավելին անելու ձգտում։
—Օրերս համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։
—Այո, ուրախ եմ հայտնել Ալբերտին օգնության ձեռք մեկնածներին, որ իմ ստացած տվյալներով՝ երկփուլանի բարդ վիրահատության առաջին, առավել վտանգավոր փուլն այս օրերին հաջողությամբ ավարտվել է Գերմանիայում։ Առաջիկա օրերին սպասվում է երկրորդ փուլը։ Մեր ողջ հասարակության անունից Ալբերտին արագ ապաքինում եւ բարի վերադարձ եմ մաղթում։
—Վերջին թեման՝ կրթությունը…
—Մենք շատ լայն հնարավորություններ ունենք ռազմական կրթության ոլորտում։ Ի լրումն հայաստանյան ՌՈՒՀ—երի, մեր երիտասարդները կարող են կրթություն ստանալ Ռուսաստանում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում եւ այլն։ Ի դեպ, բոլոր այս երկրներում խոսքը վերաբերում է առաջնակարգ, միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխանող ՌՈՒՀ—երին։ Ցավոք, դեռեւս լիարժեք չենք օգտագործում այդ հնարավորությունները, երբեմն տեղերը համալրված չեն։ Երեւի մի քիչ թերանում ենք իրազեկելու հարցում, միգուցե նաեւ հասարակական հետաքրքրությունն է պակասում։ Բայց նշեմ նաեւ, որ արտերկրում սովորող մեր կուրսանտներն, ի պատիվ իրենց, շատ արդյունավետ են օգտագործում բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորությունը՝ լինի դա աշխարհի լավագույն ռազմական ակադեմիաներում, գլխավոր շտաբի ակադեմիաներում, թե նեղ մասնագիտական ուղղություններով՝ հրետանավորներ, կապավորներ, ինժիներական, թիկունքային, ռազմաբժշկական եւ այլն։ Մեր զինվորականներն ամենուր աչքի են ընկնում եւ հայրենիք վերադառնալով՝ կարեւոր ներդրում ունենում մեր զինված ուժերի ամրապնդման գործում։
Մեզ մոտ այսօր ունենք բավական լավ կրթական հնարավորություններ։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցյալ տարի մրցույթը երեքին մեկ էր, եւ ավելի շատ պատանի ընդունվեց, քան նախորդ տարիներին։ Այս տարի, թեեւ ընդունելությունը դեռ չի սկսվել, բայց տեսնելով հետաքրքրվողների քանակը, շատ ավելի մեծ թվով դիմորդներ ենք ակնկալում, ինչը կնշանակի, որ կկարողանանք առավել մանրակրկիտ ընտրություն կատարել։ Ընդ որում, մենք չենք սահմանափակում երիտասարդի ընտրությունը. նա կարող է վարժարանն ավարտելուց հետո քաղաքացիական այլ մասնագիտություն ստանալ։ Այնուամենայնիվ, մինչ օրս եղած փորձը վկայում է, որ սաների մեծ մասը շարունակում է զինվորականի մասնագիտացումը՝ արդեն ռազմական համալսարաններում։
Կարծում եմ, որ մենք նաեւ նախնական զինվորական պատրաստության մասով ունենք բացեր։ ԿԳՆ հետ աշխատող խումբ ունենք, որն ուսումնասիրում է այս խնդիրը։ Ակնհայտ է, որ պետք է վերանայել այդ առարկայի դասավանդման ձեւերը։ Շաբաթական մեկ ֆորմալ դասը, երբ ներկա—բացակա անելու համար ծախսվում է դասի կեսը, իսկ աշակերտները, որպես կանոն, այս առարկան ոչ կարեւոր են համարում, լավագույն լուծումը չէ։ Շատ նախնական ասեմ, որ մտածում ենք ամառային ճամբարների լայն ցանց ստեղծելու գաղափարի շուրջ։ Դպրոցականներն իրենք կընտրեն ճամբարները, ուր այցելելը պարտադիր կլինի։ Օրինակ՝ երկշաբաթյա այդպիսի ճամբարը կապահովի նախնական զինպատրաստության ներածական դասընթաց, միաժամանակ տղաներին նախապատրաստելով բանակային կյանքին։ Աղջիկներին այն կտա գիտելիքներ եւ հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղպաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ կյանքում։ Միաժամանակ շեշտեմ, որ աղջիկների շրջանում բավական մեծ է զինվորական կրթության նկատմամբ հետաքրքրությունը։ Նկատի ունեմ նաեւ ՌՈՒՀ—երի դիմորդներին եւ պայմանագրային ծառայության եկող կանանց։
–«Երկրապահը» կարծես ունի նման ճամբար…
–Շատ լավ ճամբար է։ Մենք շատ լավ համագործակցում ենք, պաշտպանության նախարարությունը մեծապես օգնում է ճամբարին, բայց կարծում եմ մեզ պետք են բազմաթիվ ճամբարներ տարբեր վայրերում։ Ակնկալիքս այն է, որ մենք առնվազն մեկական նման ճամբար պետք է ունենանք Արցախում, Սյունիքում, Տավուշում եւ այլն։ Ընդ որում, դրանք շատ տարբեր ճամբարներ պետք է լինեն, տարբեր մասնագիտացմամբ, տարբեր հնարավորություններ ընձեռող եւ այլն։ Կարծում եմ, որ քայլ առ քայլ գալու ենք դրան։
Ի դեպ, այս տարի նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն է ամառային ռազմամարզական ճամբար ունենալու։ Ճիշտ է, ի տարբերություն մեր կողմից սատարվող այլ, օրինակ «Երկրապահի» ճամբարի, այն վճարովի կլինի։ Նպատակն է՝ մի կողմից բացել «Մոնթեի» դռները սաներից բացի նաեւ այլ երեխաների համար, ովքեր ուզում են որոշ ժամանակ ապրել տեղում, հասկանալ այդ ուսումնական հաստատության ոգին, մյուս կողմից՝ այս ծրագիրը կօգնի վարժարանին ամառվա ամիսներին որոշ գումար վաստակել, տարվա ընթացքում բացարձակապես անվճար փայլուն եւ մրցակցային կրթություն տալ մեր լավագույն պատանիներին՝ ողջ երկրի տարածքից։ «Մոնթեն» իր սաներին անվճար տրամադրում է լավագույն կրթական հնարավորությունները. ուժեղ մանկավարժական թիմ, հրաշալի լսարանային եւ մարզական պայմաններ, բարձրորակ սնունդ, հիմնական եւ լրացուցիչ դասագրքեր, գերժամանակակից համակարգչային լսարան, համազգեստ եւ այլն։ Այդ բոլոր ծախսերը հոգում է պետությունը։ Բայց նման կրթահամալիրը պետք է ունենա լրացուցիչ միջոցներ՝ ծրագիրը բազմազանեցնելու, ընդունելությունը ընդլայնելու, նյութատեխնիկական բազան բարելավելու համար։ Եվ ես չէի ցանկանա, որ այդ խնդիրները լուծելու համար մենք ծախսենք պաշտպանության համար նախատեսվող միջոցները։ Վճարովի ամառային ճամբարը մի կողմից «Մոնթեի» հետ ավելի շատ պատանիների կապ ստեղծելու, մյուս կողմից՝ խաղի միջոցով նրանց բանակին ծանոթացնելու միջոց է, միեւնույն ժամանակ՝ բարձրակարգ անվճար ուսումնական ծրագրին սատարելու ձեւ։
–Ովքե՞ր կարող են դիմել։ Կա՞ արդեն ճամբարի ծրագիրը։
–Դիմել կարող են 11–16 տարեկան տղաներն ու աղջիկները։ Ռազմամարզական ճամբարն ունենալու է շատ հետաքրքիր բովանդակային ծրագիր՝ արշավներ, այցելություններ, փայլուն սպորտային հնարավորություններ, ազգային—ազգագրական թեմաներով դասընթացներ, կինոդիտումներ, հետաքրքիր հյուրեր եւ այցելուներ, թեմատիկ քննարկումներ։ Ակնկալվում է մասնակցություն ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Արցախից, ե՛ւ սփյուռքից։ Առաջիկա օրերին ծրագիրը կներկայացվի հանրությանը։

13-03-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO