Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Ճանաչվելու եւս մեկ լավ առիթ

Երեւանում ընթանում է «Եվրիմաժի» 150—րդ աշխատանքային նստաշրջանը

Ֆինանսավորում՝ լավագույն կինոնախագծին, մինչեւ 500 հազար եվրո. ամենամեծ եվրոպական համատեղ արտադրության ֆոնդերից մեկի՝ «Եվրիմաժ» հիմնադրամի տրամադրած գումարն է։ Համատեղ կինոարտադրության համար Հայաստանն առաջին անգամ ֆինանսավորում ստացավ 2017թ.՝ ռեժիսոր Ալեքսանդր Կոտի հայ—ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմի եւ Յուրի Բիկովի ռուս—ֆրանս—հայկական «Ֆաբրիկա» նախագծերի համար։ Մեր երկիրը այս հիմնադրամի անդամ դարձավ 2016թ.՝ միանալով 38 անդամ պետությունների շարքին։ Այսօր արդեն հյուրընկալող երկիր է։ Թե այս տարի որ նախագծերը կֆինանսավորվեն համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի ու ցուցադրության կազմակերպման համատեքստում, պարզ կլինի «Եվրիմաժի» երեւանյան 150—րդ աշխատանքային նիստի շրջանակներում։ Հանդիպումը ընթանում է մարտի 12—16—ը։ Նիստին մասնակցելու են կառույցի նախագահ Կատրին Թրոտմանը, գործադիր տնօրեն Ռոբերտո Օլլան եւ մասնակից երկրների ներկայացուցիչներից կազմված 65—հոգանոց աշխատանքային խումբը։
Մշակույթի նախարարությունում երեկ այս առիթով հրավիրված ասուլիսում մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ընդգծեց, որ Հայաստանն անդամակցության օրվանից ի վեր ակտիվորեն մասնակից է եղել հիմնադրամի ներսում ընթացող գործընթացներին։ Նրա գնահատմամբ՝ «Եվրիմաժի» ավանդը շատ մեծ է եվրոպական տարածաշրջանի կինոարտադրության զարգացման գործում։ Հիմնադրամի տարեկան բյուջեն 25 մլն եվրո է, որից, ինչպես արդեն նշեցինք, յուրաքանչյուր կինոնախագծի հատկացված գումարը կազմում է 500 հազար եվրո։ Ֆինանսավորման ենթակա նախագծի համար կա հստակ մեխանիզմ։ Այն երկրները, որոնք միացել են ու կարողանում են իրենց կինոարտադրության չափանիշները համապատասխանեցնել նախանշված չափորոշիչներին, օգտվում են հիմնադրամի ընձեռած հնարավորություններից։ «Մեծ պատվիրակություն է գալու։ Մի մասն արդեն ժամանել է։ Հերթական նստաշրջանում քննարկվելու են ու որոշվելու 2018թ. այս փուլում ֆինանսավորվելիք հայտերի անունները։ Օգտվելով նստաշրջանից՝ մեր երկրի ներկայացուցիչները ոլորտային խնդիրների շուրջ բանակցություններ կվարեն ղեկավարության հետ, որպեսզի նաեւ հստակեցվեն երկուստեք հետաքրքրող համագործակցության ուղղությունները։ Մեծ աշխատանք ենք նախատեսել մասնակից երկրների ներկայացուցիչների հետ։ Լուրջ աշխատանքներ կան անելու նաեւ տեղական արտադրողների հետ։ Բարդ գործընթաց է։ Հայտ պատրաստելը իրենից ենթադրում է երկուհարյուր էջանոց անթերի մի փաստաթուղթ»,–պարզաբանեց Ա. Պողոսյանը։
«Հայաստանն այդքան ճանաչված երկիր չէ, եւ նստաշրջանը այստեղ կազմակերպելու հանգամանքը շատ կարեւոր քայլ է մեզ համար»,–նկատում է «Եվրիմաժում» Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը։ Նրա խոսքերով, սա լավ առիթ է, որպեսզի մեր երկրի անունը վերստին հնչի եվրոպական հարթակներում. «Փորձում ենք գտնել այնպիսի մասնագետների, ովքեր տարբեր նախագծերի շրջանակներում կկարողանան պատրաստել մրցունակ ու հետաքրքիր փաթեթներ։ Այս առումով բավականին հաջողություններ արձանագրել ենք։ Դրական տեղաշարժ ունենալու մասին են վկայում այն երկու համատեղ ծրագրերը, որոնք հավանության արժանացան «Եվրիմաժի» կողմից։ Սա նաեւ մեծ փորձ է։ Հետագայում հստակ կպատկերացնենք, թե ինչպես պետք է ստեղծագործական ու ֆինանսական ռեսուրսները համատեղել ու ներկայացնել, որպեսզի ոլորտում մրցունակ երկիր դառնանք»։
Իսկ մրցակցությունը շատ մեծ է։ Վերջերս հիմնադրամին է միացել նաեւ Կանադան։ Երեւանյան նստաշրջանին ընդհանուր առմամբ ներկայացվել է 54 կինոնախագիծ։ Հայաստանը ներկայանալու է «Մարս մեդիա» կինոընկերության՝ Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պար» գեղարվեստական ֆիլմով, որի ֆինանսական հիմնական ներդրողը ռուսական կողմն է։ Ս. Հարությունյանի տեղեկացմամբ, ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը ազգությամբ ուզբեկ Յուսուպ Ռազիկովն է, ով հայկական մշակույթին ու միջավայրին ծանոթացել է խորթ հոր շնորհիվ, ով հայ էր։ Հարցին, թե ինչո՞ւ է մեր երկիրը ներկայացնում ընդամենը մեկ նախագիծ, հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին ասաց, որ այս հանդիպումների բուն նպատակը ֆինանսավորման ենթակա նախագծերի ուսումնասիրությունն է, եւ որ գագաթնաժողովը հյուրընկալած երկիրը, տվյալ պարագայում Հայաստանը, նախագծով հանդես գալու պարտավորվածություն ու անհրաժեշտություն չունի իրականում. «Նստաշրջանը ոլորտային խնդիրները ուսումնասիրելու եւ վերհանելու նպատակ է հետապնդում։ Մասնակից երկրները զուգահեռ ներկայացնում են իրենց անելիքները։ Իսկ մեր առաջնային ծրագրերից մեկն է հիմնադրամի աջակցությամբ զարգացնել նաեւ անիմացիոն ֆիլմերը։ Հուսանք, որ առաջիկայում Հայաստանից ֆինանսավորման կարժանանա նաեւ կինոյի այս ճյուղը, որի համար «Եվրիմաժում», մեր առաջարկով, արդեն ստեղծվել է հատուկ մարմին եւ ֆինանսավորման փաթեթ»։
Նիստի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ազգային կինոկենտրոնը։ Ինչպես տեղեկացրեց կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, աշխատանքային այցի շրջանակներում նաեւ մշակութային շրջայց է լինելու Գառնի, Գեղարդ, Փարաջանովի տուն—թանգարան եւ «Մեգերյան կարպետ». «Ամեն բան արդեն պատրաստ է։ Սպասում ենք հյուրերին։ Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կընթանա»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

13-03-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO