Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Մայրաքաղաքի «թաքնված» թանգարաններից մեկը

Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը պատրաստվում է մայրաքաղաքի հոբելյանին

Երեւանի Աբովյան 64 հասցեում, Խաչատուր Աբովյանի արձանի հարեւանությամբ է գտնվում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը։ Գողտրիկ այս թանգարանը կարող է վրիպել առօրյա վազքի մեջ գտնվող մարդկանց աչքից, բայց այն իր գանձարանն է բացում նրանց առջեւ, ովքեր փնտրում են գեղեցիկը, հեքիաթայինն ու ներդաշնակը։
Հարուստ պատմություն եւ հավաքածու ունեցող կենտրոնն այս տարի նշում է հիմնադրման 40—ամյակը։ 1978թ. ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայկական ժողովրդական արվեստի գիտակ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ եւ կառավարության որոշմամբ ստեղծվում է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանը, որի հիմքը կազմում էին դեռեւս 1937 թվականին ազգագրագետ—բանահավաք, Հայաստանի վաստակավոր նկարիչ Հաբեթնակ Բաբայանի եւ մի խումբ նվիրյալների ջանքերով նույն այդ հասցեում հիմնադրած ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները։ Հավաքածուն ընդգրկում է փայտի, մետաղի եւ քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության շուրջ 10 հազար նմուշ, այդ թվում նաեւ ինքնուս նկարիչների գեղանկարներ։ 2011—ին՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի Երեւանի եւ Դիլիջանի մասնաճյուղերի եւ ժողովրդական ստեղծագործության տան միավորմամբ, ստեղծվեց ներկայիս կենտրոնը։
Թանգարանի հիմնական ցուցադրություններում 10 հազար նմուշներից տեղ են գտել ընդամենը 7—8 հարյուրը։ Դրանք ներկայացված են ոչ թե ըստ ժամանակագրության, այլ թեմատիկ ուղղվածության։ Կենտրոնը լուրջ աշխատանք է իրականացնում նաեւ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման ուղղությամբ։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտական քարտուղար Նանե Բագրատունին «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ այսօր կենտրոնը հնարավորություն է տալիս ոչ միայն ցուցադրելու ժողովրդական արվեստի վարպետների աշխատանքները, այլեւ իրականացնել կրթական ծրագրեր, միջոցառումներ, ցուցահանդեսներ։ «Հայերիս համար կարեւոր է ժողովրդական արվեստի ուսումնասիրությունը, ճանաչումն ու հանրահռչակումը։ Մենք հսկայական ժառանգություն ունենք դեռ նախաքրիստոնեական շրջանից, որի մասին գրավոր աղբյուրներում տեղեկությունները չեն պահպանվել, եւ այսօր այն ճանաչելի չէ։ Այդ մասին սակայն գաղափար կարող ենք կազմել, եթե ուսումնասիրենք ժողարվեստի նմուշները»,–մանրամասնեց զրուցակիցս։
Ժողովրդական արվեստում ավանդականը փոխանցվում է մշտապես հարստացման եւ նորովի մշակման միջոցով։ ժողովրդական վարպետները այն շերտն են, ովքեր պահպանել եւ փոխանցել են ժողովրդականը, անգամ՝ արգելվածը։ Դարեր շարունակ, ենթարկվելով ճնշումների, մենք մշտապես ազատ խոսելու, ինքնարտահայտվելու խնդիր ենք ունեցել, եւ հայերիս փոխարեն «խոսել» են վարպետների աշխատանքները։ Դրանք կարող էին լինել ժողարվեստի ամենատարբեր ճյուղերի նմուշներ՝ խեցեգործությունից մինչեւ փայտի, մետաղի գեղարվեստական մշակում, գորգագործությունից մինչեւ դեկորատիվ արվեստ։ «Խոսուն» են եղել անգամ տապանաքարերը. Նորատուսում պահպանվել է մի տապանաքար, որի վրա պատկերված է մի ամբողջ գերդաստանի ողբերգական պատմությունը, թե ինչպես են հարսանիքի ժամանակ բարբարոսները սրի քաշել նրանց։
Ժողարվեստում չափազանց կարեւոր է ուսուցման պրոցեսը։ Իրականացնելով տարբեր կրթական ծրագրեր, կենտրոնը համագործակցում է նաեւ սիրիահայերի հետ, ովքեր մեր գաղթօջախներում պահպանել եւ զարգացրել են ասեղնագործությունը, կարպետագործությունը։ «Այսօր սիրիահայ վարպետների կողմից Հայաստանում վերակենդանանում է այդ մշակույթը՝ հնարավորություն ընձեռելով փոխանցելու այն սերունդներին։ Փորձում ենք աշխատանքներ իրականացնել նաեւ մարզերում։ Կենտրոնն այդպիսով դառնում է վայր, որտեղ մարդիկ կարող են գալ, ճանաչել եւ արդեն իրենց տեղերում զարգացնել տուրիզմը։ Այս ամենը մեկ օրվա, մեկ տարվա համար չէ, այլ սերունդների համար է արվում»,—ասաց կենտրոնի գիտքարտուղարը՝ ընդգծելով, որ ժողարվեստի հանրահռչակումը հիանալի միջավայր է ստեղծում ֆոլկտուրիզմի զարգացման համար։

Ժողարվեստն առօրյայում

Վերջին տարիներին տեքստիլի շուկայում, պահանջարկով պայմանավորված, ավելացել է կտորեղենը, որի նախշերը հայկական զարդամոտիվներ են հիշեցնում։ Ուսումնասիրելով շուկան՝ Ն. Բագրատունին ափսոսանքով նշում է, որ դրա ճնշող մեծամասնությունը արտադրված է Թուրքիայում եւ աղերս չունի հայկական զարդամոտիվների հետ։ Հաճախ զբոսաշրջիկներ ընդունող հանգստի եւ ժամանցի կենտրոնները հայկական միջավայրը ձեւավորում են Թուրքիայում արտադրված արեւելյան զարդամոտիվներ ունեցող հենց այդ կտորեղենով։ Արդյունքում զբոսաշրջիկը սխալ պատկերացում է կազմում հայկական մշակույթի մասին։ Տեղեկացվածության ամենացածր աստճանում է գտնվում նաեւ հայաստանցի գնորդը, ով, բացի նրանից, որ չունի ընտրության հնարավորություն, նաեւ տեղյակ չէ, թե որն է հայկականը։ «Թուրքիան համաշխարհային մակարդակով տեքստիլ արտադրության մեջ խոսք թելադրող է։ Նրանք կարճ ժամանակում հասկացան, որ Հայաստանը թեեւ փոքր շուկա է, բայց կա պահանջարկ։ Դրա արդյունքում մեր շուկան այսօր ողողված է Թուրքիայում արտադրված հայկական այբուբենի, Գառնի—Գեղարդի, Արարատի, հայկական եկեղեցիների պատկերներ ունեցող կտորեղենով։ Մինչդեռ մեր երանգները զուսպ են, հնարավորինս մոտ բնականին։ Մենք չենք ունեցել այն վառ ոսկեփայլը, որ օգտագործում են թուրքերը։ Մեր ոսկեգույնը սպիտակ ոսկու փայլն է ունեցել»,–մասնամասնում է նա՝ կոչ անելով բոլոր ստեղծագործողներին, հատկապես ժողարվեստի ոլորտում, համագործակցել թանգարանի հետ, որպեսզի ճանաչեն եւ կիրառեն ժողովրդական արվեստի հայկական ձեռագիրը։ Կարեւորելով այդ հարցին գրագետ եւ շուտափույթ լուծում առաջարկելը՝ կենտրոնը նախատեսում է այս տարի հրատարակել հայկական զարդանախշերի թեմայով ուղեցույց։ Ն. Բագրատունին համոզված է, որ մշակույթը խիստ կարեւոր է եւ քաղաքականության, եւ սոցիալ—տնտեսական զարգացման համար, այդ իսկ պատճառով վտանգավոր է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը։

Ազգայինից  համամարդկային

Ժողովրդական արվեստի թանգարանի գրավչություններից մեկն էլ այն է, որ այստեղ ներկայացված է տիպիկ ազգային մշակույթը, այսինքն՝ այն ամենն, ինչ մի ազգին տարբերում է մյուսից եւ որքանով մեծ է տարբերությունը, այնքան ավելի շատ է գրավչությունը։ Կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալ Եվգենյա Քալանթարյանի խոսքով, թանգարանում պահվում են ժողարվեստի այնպիսի եզակի նմուշներ, որոնք թեեւ կարող են լինել մեկական կամ երկու օրինակով, սակայն տիպային են։ Դրանցից են՝ փայտե թռչնակերպ աղամանները, որոնք իրենցից ներկայացնում են թռչնի կերպարով իրար միացած փոքրից մեծ աղամաններ, որոնք հերթով բացվում են։ Աղամանների քանակը համապատասխանում էր ընտանիքի անդամների թվաքանակին։ Հնում աղը, ինչպես ցանկացած համեմունք, շատ թանկ է գնահատվել։ Երբ աղջիկներն ամուսնանում էին, փեսացուները նախընտրում էին կնության առնել նրանց, ում ձեռքերը շատ մեծ էին, որովհետեւ հարսնացուի հայրը որպես օժիտ աղջկան այնքան աղ էր նվեր տալիս, որքան կտեղավորվեր նրա երկու ափերի մեջ։ Բազմաթիվ ավանդույթներ, ավանդապատումներ են կապված աղի հետ, անգամ հեքիաթներում կան նման դրվագներ, ինչպես Հովհ. Թումանյանի կողմից Գրիմ եղբայրներից փոխառած «Սագարած աղջիկը», որտեղ «աղի չափ սիրելը» համեմատելի էր անսահման, անչափելի սիրո հետ։ Նմանատիպ ավանդույթ ունեցել են նաեւ հոլանդացիները 16—17—րդ դարերում։ Փաստորեն տարբեր ժողովուրդներ տարբեր հոգեկերտվածքով ունեն նմանատիպ մոտեցումներ։ Այս մոտեցումները մարդկային քաղաքակրթության արխայիկ շերտերին են հասնում։ Հետաքրքիր նմուշներ են նաեւ կանացիակերպ կավե աղամանները, որոնք պատկերվում էին հղի կնոջ տեսքով։ Փորի հատվածում եռանկյունի է որպես տիեզերքի հետ կապը խորհրդանշող։ Ընդ որում եռանկյունիների դեպի ներքեւ կամ վերեւ պատկերված լինելը խորհրդանշում էր տղամարդկային կամ կանացի սկիզբը։ Կային տարածաշրջաններ, որտեղ ընտանիքը զոհաբերություն էր անում՝ ակնկալելով տղա կամ աղջիկ երեխա։ «Նորաստեղծ ընտանիքում այդ աղամանները կային, եւ եթե ուզում էին առաջնեկը տղա լինի, ապա համապատասխան սիմվոլիկայով աղամաններ էին դնում տան չորս անկյուններում, դիմացը՝ մի կտոր հաց, ջրի բաժակ, այսինքն՝ փորձում էին սիրաշահել այդ ուժերին, որպեսզի վերջիններս գթասիրտ գտնվեին նորաստեղծ ընտանիքի հանդեպ»,–մեկնաբանեց տիկին Քալանթարյանը։ Ընտանիքի խորհուրդն են ունեցել գդալնոցները, որոնց մեջ դրվում էին ընտանիքի անդամների թվին համապատասխան գդալները։
Տարբեր ժողովուրդների մոտ հողի, ջրի, արեւի եւ բնության պաշտամունքը խորհրդանշող մյուս սիմվոլները տարբեր դրսեւորումներով կրկնվում են թե՛ փայտարվեստում, թե՛ կերամիկայում, թե՛ զարդանախշերում, ինչը ցույց է տալիս, որ աշխարընկալումը համընդհանուր է։
Ժողովրդական արվեստը հիմնականում պահպանվում եւ զարգանում է գյուղական միջավայրում, փոքր հեռավոր համայնքներում։ Գալով քաղաք, այն գեղեցիկ ձեւով վերափոխվում եւ հարմարեցվում է քաղաքային կենցաղին, մի պահ դառնում հուշանվերային, որից հետո կրկին վերադառնում է կենցաղ։ Կենտրոնի աշխատակիցների կողմից հավաքագրվում, պահպանվում եւ ուսումնասիրվում են արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող նմուշները՝ կիրառական արվեստի նմուշներից մինչեւ բանահյուսություն, ծեսեր, երգ ու պար։ Անկախության տարիներին համալրումն իրականացվում է նաեւ Արցախից։ Ի դեպ, հաջորդ տարի նախատեսում են Արցախում անցկացնել գորգագործությանը նվիրված երրորդ միջազգային գիտաժողովը։
Այս տարվա ընթացքում նախատեսված է երկու մեծ միջոցառում. մեկը՝ օգոստոսին՝ Դիլիջանում, մյուսը՝ Երեւանում՝ հոկտեմբերին՝ «Թաքնված թանգարան» խորագրով, որը կհաջորդի Էրեբունի–Երեւանի 2800—ամյակին նվիրված միջոցառումներին։ Իսկ մայրաքաղաքի հոբելյանին կենտրոնը կներկայանա նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ Գրիգոր Աղասյանի աշխատանքների ցուցադրությամբ (գեղանկարչություն, գրաֆիկա)։ «Նա 1940—60—ականների Երեւանի երգիչն էր, այն Երեւանի, որն այսօր, ցավոք, չի պահպանվել։ Աղասյանի նկարներում Երեւանի շենքներն ու տներն են, կոլորիտային պատկերները՝ չիր չորացնելը, բուրդ չփխելը։ Այդ ամենը հետաքրքիր կլինի թե այն մարդկանց համար, ովքեր ապրել են այդ տարիներին, թե նոր սերնդի, որի համար հայտնություն կլինի հին Երեւանի բացահայտումը»,–ասաց Նանե Բագրատունին։ Նրա խոսքով, ժողարվեստի շնորհիվ հնարավոր է վերականգնել այն մշակույթը, որն ունեցել է հին Երեւանը։

Երազանքների աթոռը. փնտրեք այն Դիլիջանում

Դիլիջան քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկում է գտնվում ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը։ Այն նույնպես ստեղծվել է Հ. Շարամբեյանի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ 1979թ.։ Թանգարանը տեղակայված է Աղստեւ գետի ափին 19—րդ դարի վերջին կառուցված քաղաքի հնագույն շինություններից մեկում։ Տունը պատկանել է իշխանուհի Մարիամ Թումանյանին եւ ծառայել որպես ամառանոց։ Մ. Թումանյանը ժամանակի աչքի ընկնող հասարակական գործիչներից մեկն էր, Արցախի մելիքների շառավիղ, շուշեցի ազնվական Մարկոս Դոլուխանյանի դուստրը։ Իշխանուհին սեփական միջոցներով 1890—ական թթ. համիդյան կոտորածներից հետո գաղթականների համար Դիլիջանում բացում է գորգագործության ֆաբրիկա, 1919—1920թթ.՝ որբանոց եւ արհեստանոցներ։ Խորհրդային իշխանության տարիներին Սամսոն Հարությունյանը եւ Մարիամ Թումանյանը Դիլիջանում գտնվող իրենց ամառանոցը նվիրում են Հայաստանին։ Այսօր պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը վերանորոգման կարիք ունի։
Սյունազարդ, փայտանախշ պատշգամբով ամառանոցի շենքում են հյուրընկալվել Հովհ. Թումանյանը, Եղիշե Չարենցը, Ֆրիտյոֆ Նանսենը, դերասանուհիներ Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, բանասեր Սերգեյ Վարդանյանը, անվանի նկարիչներ, երաժիշտներ։ Տան վերջին բնակիչը Հովհ. Շարամբեյանն էր, ով շենքը վերածեց ժողովրդական արվեստի թանգարանի։
Փայտաշեն պատշգամբից բացվում է Դիլիջանի բնության գեղեցիկ համայնապատկերը։ Այնտեղ կա գեղեցիկ մի բազկաթոռ, որը, ավանդույթի համաձայն, իրականացնում է մարդկանց երազանքները. պարզապես պետք է մայրամուտին նստել «կախարդական» այդ բազկաթոռին եւ երազանք պահել։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

14-04-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO