Միջմշակութային երկխոսության խորացում
ԱՊՀ ՄԽՎ 47–րդ լիագումար նիստը Սանկտ Պետերբուրգում
Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում երեկ աշխատանքն է սկսել ԱՊՀ ՄԽՎ 47–րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։ Լիագումար նիստի աշխատանքին ներկա են եղել միջազգային տարբեր խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ի թիվս մի շարք հարցերի քննարկվել է նաեւ «Անդամ պետությունների միջմշակութային երկխոսություն. իրավիճակը, հեռանկարները եւ իրավական ապահովումը», որի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը։ Նա ընդգծել է, որ ԱՊՀ տարածքում միջմշակութային երկխոսությունը մարդասիրական համագործակցության զարգացման գործոն է, որը միավորում է տարբեր մշակույթներ ունեցող մարդկանց։ Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ վեհաժողովն այս տարիների ընթացքում իրականացրել է անդամ պետությունների փոխշահավետ համագործակցություն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա եւ էական ներդրում ունի մոդելային օրենսդրության զարգացման գործում։ ՀՀ ԱԺ պատգամավորը կարեւորել է, որ վեհաժողովը կազմավորման առաջին տարիներից մշտապես անցկացրել է մշակութային միջոցառումներ՝ փառատոներ, տարեդարձեր, ցուցահանդեսներ, համաժողովներ, մրցույթներ, հրատարակչական ծրագրեր եւ այլն։ Դրանցից Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է մասնավորապես «Հանդիպումներ Ռուսաստանում» ԱՊՀ եւ բալթյան երկրների ռուսական թատրոնների միջազգային փառատոնին, որին մասնակցել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը։ Նա առանձնացրել է նաեւ Հայաստանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որին մասնակցում են երիտասարդ ջութակահարներ, թավջութակահարներ, դաշնակահարներ եւ կոմպոզիտորներ։ Զեկուցողը խոսել է «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» ծրագրի մասին։ Ընդգծելով միջմշակութային երկխոսության խորացումն անդամ պետությունների միջեւ՝ ԱԺ պատգամավորը կարեւորել է երկարաժամկետ մշակութային ծրագրերի իրականացումը։ Հերմինե Նաղդալյանի համոզմամբ՝ արդի պայմաններում ԱՊՀ երկրների մշակութային ինտեգրումը կարեւորագույն գործոն է սոցիալ–տնտեսական զարգացման նպատակներին հասնելու եւ մարդասիրական խնդիրների լուծման համար կառուցողական երկխոսության ձեւավորման գործում։ Քննարկվել են նաեւ նորարարական տեխնոլոգիաների, գիտակրթական, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների մոդելային օրենքների մշակմանը վերաբերող հարցեր։ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Միհրան Հակոբյանը։ Նիստին ներկա են եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ–ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը։ Նիստի ավարտին ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով, ամփոփել նիստի արդյունքները։ «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պատմական են եւ տարեցտարի ավելի են ամրապնդվում, ինչի համար մենք միայն ուրախ ենք»,–այս մասին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում տեղի ունեցած ԱՊՀ ՄԽՎ 47—րդ լիագումար նիստի ավարտին ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների մամուլի ասուլիսում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Արա Բաբլոյանը, պատասխանելով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հետագա հարաբերությունների զարգացմանն ուղղված՝ ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության հարցին, նշել է. «2015 թ. Հայաստանն անցկացրեց հանրաքվե եւ ընդունելով Սահմանադրության փոփոխությունները՝ անցավ խորհրդարանական համակարգի։ ՀՀ Ազգային ժողովն ընտրեց հանրապետության նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ։ Ապրիլի 9—ին տեղի ունեցավ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Ուզում եմ նշել, որ ապրիլի 17—ին նախատեսվում է վարչապետի ընտրությունը. վարչապետը կգլխավորի նոր կառավարությունը։ Այսպիսով, մենք կավարտենք անցումը խորհրդարանական կառավարման համակարգին։ Ցանկանում եմ նաեւ նշել, որ մի կողմից մեծանում են խորհրդարանի լիազորությունները, մյուս կողմից՝ պատասխանատվությունը։ Փաստացի խորհրդարանն ընտրում է նախագահ, վարչապետ, իրականացնում վերահսկողություն կառավարության նկատմամբ, ինչը թույլ է տալիս առավել ընդգրկուն եւ մանրակրկիտ քննարկելու բոլոր հարցերը։ Այս համատեքստում մենք նախատեսել ենք իրականացնել կառուցվածքային փոփոխություն Ազգային ժողովում, ստեղծել տեղեկատվական—վերլուծական կենտրոն, որը հնարավորություն կտա ընդունված օրենքների իրացման մշտադիտարկում կատարել։ Տեղեկատվական—վերլուծական կենտրոնը նաեւ կհետեւի երկրի տնտեսական զարգացմանը։ Քանի որ Հայաստանն իրավական եւ սոցիալական երկիր է, մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք դատական, տնտեսական եւ սոցիալական ծրագրերի զարգացմանը, կրթությանը եւ առողջապահությանը։ Բացի այդ, ընդլայնելու ենք միջազգային կապերը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումը, իրականացնելու ենք խորհրդարանական փորձի փոխանակում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, պետք է նշեմ, որ դրանք պատմական են եւ տարեցտարի ավելի են ամրապնդվում, ինչի համար մենք միայն ուրախ ենք։ Համագործակցում ենք նաեւ ԱՊՀ, ՀԱՊԿ անդամ երկրների հետ՝ փորձելով ընդլայնել եւ ամրապնդել տնտեսական ու քաղաքական կապերը»։
14-04-2018
|