Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2018
ԱՇԽԱՐՀ


Թեկնածուն բանտից եւ Էրդողանի առաջին կին մրցակիցը

Ինչ են խոստանում Թուրքիայում արտահերթ ընտրությունները

Թուրքիայում հունիսի 24—ին կայանալիք արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ընդառաջ երկրում արդեն մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Ընտրությունները խոստանում են լինել պատմական, քանի որ դրանց անցկացումից հետո երկրում ի վերջո կյանքի կկոչվեն դեռեւս 2017 թվականի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները. երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի։

Արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառները

Թուրքիայում առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն ի սկզբանե նախանշված էին իրականացնել 2019 թվականի նոյեմբերին։ Այդուհանդերձ, երկրի ղեկավարությունն ապրիլի 18—ին հայտարարեց, որ իրենք գնում են արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանապարհով։ Հայտարարելով արտահերթ ընտրությունների մասին՝ Էրդողանն ընդգծեց, որ Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող զարգացումները, պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ քուրդ զինյալների դեմ Թուրքիայում հրատապ անցումը նախագահական կառավարման համակարգի դարձրել են անհրաժեշտ հրամայական՝ «որպես տիրող անորոշությունը հաղթահարելու միջոց»։
Այդուհանդերձ, կան այլ պատճառներ եւս, որոնք ընտրությունները նախատեսվածից 1.5 տարի ավելի վաղ անցկացնելու որոշման են հանգեցրել։ Նախ պետք է նշել երկրում տնտեսության վիճակը. շատ տնտեսագետներ նշում էին, որ վերջին տարիներին Թուրքիայի տնտեսությունը շատ խոցելի է դարձել։ Դա են վկայում դոլարի եւ եվրոյի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումը, երկնիշ ինֆլյացիան։ Տնտեսական վատ ցուցանիշները, բնականաբար, բացասաբար պետք է ազդեին իշխող կուսակցության հեղինակության վրա՝ մինչեւ 2019 թվականը զրկելով ընտրողների քվեների որոշակի մասից։ Ուստի, Էրդողանը որոշեց չգնալ ռիսկի եւ անցկացնել վաղաժամ ընտրություններ։
Պետք չէ անտեսել նաեւ այն, որ ապրիլի 18—ին հայտարարելով շուրջ երկու ամիս անց երկրում խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Էրդողանը զրկում է իր ընդդիմությանը ինքնակազմակերպվելու, ընտրություններին պատշաճ մասնակցելու հնարավորությունից։
Բացի այդ, նախատեսվող ընտրություններն անց են կացվելու դեռեւս 2016 թվականի ամռանից գործող արտակարգ դրության պայմաններում, ինչը ենթադրում է, որ պետության կողմից քարոզարշավի ընթացքում հնարավոր են սահմանափակումներ, խոսքի ազատության սահմանափակում, ինչն անարդար եւ ոչ հավասար պայմաններ կստեղծի քաղաքական ուժերի համար։

Ի՞նչ կփոխվի արտահերթ ընտրություններից հետո

Հունիսին կայանալիք ընտրությունները պետք է պատմական համարել, քանի որ դրանց արդյունքում երկրում տեղի կունենա հանրապետության հիմնադրումից՝ 1923 թվականից ի վեր ամենալուրջ քաղաքական փոփոխությունը՝ անցում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի։ Այս անցումն ամրագրվեց 2017 թվականի ապրիլին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով։
Նոր Սահմանադրությունը երկրի կառավարման կարեւորագույն լծակները կենտրոնացնում է նախագահի ձեռքում։ Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիայի նախագահը լիազորություններ է ստանում նշանակել եւ հեռացնել նախարարներին, դատավորներին ու դատախազներին, երկրում հաստատել արտակարգ դրություն եւ այլն։ Նախատեսվում էր, որ Սահմանադրության այս նոր դրույթները պետք է ուժի մեջ մտնեին 2019 թվականի նոյեմբերի 3—ին նախանշված ընտրություններից հետո, բայց, ինչպես երեւում է, դրանք ուժի մեջ կմտնեն նախատեսվածից շուրջ 1.5 տարի ավելի շուտ։ Ընդ որում, Էրդողանը կկարողանա նախագահի համար առաջադրվել եւս երկու անգամ՝ պաշտոնավարելով մինչեւ 2028 թվականը։
Թեպետ Թուրքիայի իշխող քաղաքական ուժը պնդում էր, որ անցումը կառավարման նախագահական համակարգի երկիրն ավելի ուժեղ ու ապահով կդարձնի, սակայն ակնհայտ է, որ սահմանադրական այդ փոփոխությունները միտված էին մեկ մարդու՝ տվյալ պարագայում Էրդողանի ձեռքում իշխանության ավելի լայն լծակներ կենտրոնացնելուն՝ ավելի անվերահսկելի դարձնելով նրա գործողություններն ու ուժեղացնելով երկրում արդեն իսկ տիրող ավտորիտար ռեժիմը։

Վեց թեկնածու նախագահի պաշտոնի համար  

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մայիսի 13—ին հրապարակեց նախագահական ընտրություններին գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը։ Երկրի նախագահի պաշտոնի համար կմրցեն վեց թեկնածուներ։ Նրանք են՝ գործող նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամ Սելահաթթին Դեմիրթաշը, «Վաթան» («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը եւ «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն։
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) հայտարարել է, որ նախագահական ընտրություններում սատարելու է նախագահ Էրդողանի թեկնածությանը։
Թուրքիայի քաղաքական ասպարեզում միայն վերջերս՝ 2017 թվականի հոկտեմբերին հայտնված «Լավ» կուսակցությունը խոստանում է անակնկալներ մատուցել առաջիկա ընտրություններում։ Ներկայում Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին անդամ, նախկինում երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Մերալ Աքշեներն, ակնկալվում է, որ նախագահական ընտրություններում կլինի Էրդողանի հիմնական մրցակիցը։ Ընդ որում, Աքշեները կլինի առաջին կին թեկնածուն, ով կմրցի նրա դեմ։ Էրդողանին լուրջ մրցակցություն ցույց տալու հնարավորության մասին են խոսում մինչ այժմ արված սոցհարցումների արդյունքները։
Քեմալական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն ակնկալվում է, որ կստանա երկրում ամենաավանդական ու երկարամյա քաղաքական ուժի՝ ՀԺԿ հետեւորդների, երկրում աշխարհիկության սկզբունքը պաշտպանողների քվեները։ Թեկնածուն, այդուհանդերձ, հայտարարել է, որ եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլ լինի, եւ ինքն անցած չլինի, ապա աջակցելու է ընդդիմադիր թեկնածուին։
Քրդամետ կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում։ Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ։ Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչեւ 142 տարվա ազատազրկում։ Նա Թուրքիայի պատմության մեջ առաջին գործիչն է, ով կալանավորված լինելով հանդերձ պաշտոնապես գրանցել է իր թեկնածությունը։ Ի դեպ, նա Էրդողանի դեմ պայքարել է նաեւ 2014 թվականի նախագահական ընտրություններում՝ հավաքելով 7 տոկոս ձայն։
Դողու Փերինչեքի եւ Թեմել Քարամոլլաօղլուի՝ նախագահի ընտրություններում հաղթելու շանսերը գրեթե զրոյական են։
Նախագահի ընտրություններում հաղթանակ տանելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը։ 50+1 տոկոս ձայն չհավաքելու պարագայում հուլիսի 8—ին կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։

Քաղաքական ուժերը միավորվել են

Խորհրդարանական ընտրություններին հիմնական քաղաքական ուժերը որոշում են կայացրել մասնակցել հակադիր դաշինքներով։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ նրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցությունները հանդես են գալու միասին՝ «Ժողովրդական դաշինքի» ներքո։
Ի հակակշիռ այս դաշինքի՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական, «Լավ», «Սաադեթ» («Երջանկություն») եւ Ժողովրդավարական կուսակցությունները հանդես են գալիս «Ազգային դաշինքի» ներքո։
Դաշինքներից դուրս է մնացել քրդամետ ԺԴԿ—ն, որը ընտրություններին մասնակցելու է մեծ կորուստներով. կուսակցության առաջատար դեմքերը 2016 թվականի նոյեմբերից գտնվում են բանտերում։
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում պատգամավորական մանդատ ստանալու համար քաղաքական ուժերը պետք է կարողանան հաղթահարել 10 տոկոսանոց նախընտրական շեմը։ Շատ վերլուծաբաններ արդեն իսկ ընդգծում են, որ խորհրդարանական ընտրությունների ելքը մեծապես կախված է լինելու այն հանգամանքից, թե արդյոք ԺԴԿ—ն կկարողանա՞ հաղթահարել նախընտրական շեմը։ Եթե կուսակցությունը չհավաքի 10 տոկոս ձայն, ապա հօգուտ ԱԶԿ—ի կկորցնի 600 պատգամավորական տեղ ունեցող մեջլիսում առնվազն 60—70 պատգամավոր ունենալու հնարավորությունը։
Արաքս ԿԱՍՅԱՆ

16-05-2018





23-10-2018
Առանձնահատուկ հարաբերություններ, որոնք ավելի կամրապնդվեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է ունեցել ...


23-10-2018
Տոնն անկեղծ էր ու մտերմիկ
Այսպիսին տեսա հոկտեմբերի 21—ը Երեւանի փողոցներում

Այսպես չէր ...


 
23-10-2018
Որոշիչը ընտրողի ձայնն է
ՏԻՄ ընտրությունները ընտրողի ազատ կամահայտնության դրսեւորում էին

«Եվրասիական ...


23-10-2018
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, ...


23-10-2018
Բարեփոխումների փաթեթը չընդունվեց
Սակայն դեկտեմբերին արտահերթ ընտրությունները կկայանան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ...


23-10-2018
ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը մեծ է
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» համաժողովի բացմանը



23-10-2018
Ակնկալում են նոր պայմանագրեր
Երեւանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն ...



23-10-2018
Շուշին եւ Սենտ Էտիենը եւս բարեկամացան
Ֆրանսիայի եւ Արցախի քույր քաղաքների թիվը ...

23-10-2018
Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին ...

23-10-2018
Երեւանը շուքով նշեց հիմնադրման 2800—ամյակը
Տոնական միջոցառումներն ամփոփվել են ...

23-10-2018
Նռան փառատոն Մարտունի քաղաքում
Արցախում փառաբանվել է մրգերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO