Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Անկախ Հայաստանի անդրանիկ տոնը

Ինչպես է նշվել Առաջին հանրապետության հիմնադրման մեկամյակը

Հայաստանի առաջին հանրապետության մեկամյակը նշվել է մեծ շուքով եւ ոգեւորությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Պետականության վերականգնումը հայության վաղեմի երազանքն էր, եւ այն, ի վերջո, իրականություն էր դարձել։
«Դաժան ու համառ պայքարով վաստակեց հայ ժողովուրդը իր ազատությունն ու անկախությունը։ Բաքվի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ—Ապարանի հերոսամարտերն էին, որ մեր ազատության հիմքը դրեցին, մեր անկախության իրավունքը մեր արյամբ վավերացրին։ Առանց այդ հերոսական ճակատամարտերի մեր անկախության նորահաստատ հիմքը խորտակված կլիներ։ Այն, ինչ կատարում եւ ազդարարում էր դիվանագիտությունը ձեւական կերպով ու խախտելի դաշնագրերով այնտեղ՝ դուրսը, նվիրագործում եւ անխախտելիորեն հաստատում էր իր արյունով ժողովուրդն այստեղ՝ ներսում։
Ահա այսպիսի թանկ գնով է ձեռք բերել մեր ժողովուրդը իր ազատությունն ու անկախությունը։ Իր մայրաքաղաքի պատերի տակ է նա դիմագրավել իր թշնամում եւ քայլ առ քայլ դաժան ու արյունոտ պայքարով պահել իր ազատությունն ու վերանվաճել իր երկիրը»։ Այսպիսի գնահատական է տվել ՀՅԴ «Հայաստանի աշխատավոր» թերթի խմբագրականը 1919թ. մայիսի 28—ի համարում՝ դրանից մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին։
Հոբելյանին պատրաստվել են ամենայն պատասխանատվությամբ։ Հայաստանի կառավարությունը դեռեւս մայիսի 7—ի նիստում որոշել էր մայիսի 28—ին Հայաստանի բոլոր վայրերում տոնել անկախության տարեդարձը։ Տոնական միջոցառումների կազմակերպիչ հանձնաժողովը նախագահում էր հանրային կրթության նախարար Գ. Մելիք—Ղարագյոզյանը, կազմի մեջ էր նաեւ ներքին գործերի նախարար Ս. Մանասյանը։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ մեկ շաբաթ առաջ։ Կառավարությունն այդ օրվա համար բաց էր թողել 50 000 ռուբլի։ Մայիսի 28—ի տոնի հանդեսին ներկա լինելու համար տպագրվել էին հատուկ տոմսեր եւ բաժանվել հասարակական հիմնարկություններին։ Քաղաքացիների համար պատերին փակցվել էին տեղեկատվական թերթիկներ։ Նախարարների խորհուրդը Երեւանի այս օրվա հսկողությունը հանձնել էր քաղաքի կոմենդանտ Ա. Շահխաթունուն՝ տալով նրան արտակարգ լիազորություններ։ Տոնական միջոցառումներին մասնակցելու համար նախորդ օրը Երեւան էր ժամանել Ամենայն հայոց կաթողիկոսը։
Պատմական այդ օրը տոնական եւ շքեղ տեսք էր ընդունել մայրաքաղաք Երեւանը։ Փողոցներն ու հրապարակները մաքրվել էին, պառլամենտի, քաղաքապետարանի եւ կուսակցական շենքերը, ինչպես եւ մասնավոր տների պատշգամբները զարդարվել էին ծաղիկներով, գորգերով եւ հանրապետության եռագույն դրոշակներով, իսկ մի մեծ կտավի վրա քաղաքապետարանի պատին թարմ կանաչով ու վարդերով գրված էր «Կեցցե՜ անկախ եւ ազատ Հայաստան»։ Բազմամարդ էին քաղաքապետարանի առջեւ գտնվող հրապարակը եւ շրջակա փողոցները։ Քաղաքացիներն ի նշան տոնի՝ կրծքերին կրել են եռագույն ժապավեններ։
Պաշտոնատար անձինք եւ պատվավոր հյուրերն առավոտյան այցելել են քաղաքապետարան, որտեղ միացել են հրապարակում հավաքված բազմությանը՝ զորքին, աշակերտությանը, որբերին եւ մյուսներին։ Ժամը 10։30 առաջնորդարանից գեներալ Նազարբեկյանի եւ ներքին գործերի նախարար Մանասյանի հետ պատվավոր հեծյալ պահակի ուղեկցությամբ քաղաքապետարան է ժամանել կաթողիկոսը։ Հրապարակում կաթողիկոսը Հայաստանի ազատության համար ընկած բոլոր զոհերի համար կատարել է հոգեհանգստի արարողություն, որին հաջորդել է զորահանդեսը գնդապետ Ղարաքեշիշյանի ղեկավարությամբ։
Ժամանակի մամուլը գրում է, որ «կեցցե»—ների ուղեկցությամբ վարչապետ—նախագահն ընդունել է զորահանդեսը։ Զորքից հետո անցել են Երեւանի աշակերտությունն ու բոլոր որբանոցների որբերը, նրանց թվում են եղել ամերիկյան որբանոցի մի խումբ որբեր զինվորական շորերով եւ փայտյա հրացաններով։ Ապա անցել են բեռնատար մեքենաները գնդացիրներով եւ թնդանոթներով՝ ամբողջությամբ ծաղիկների եւ դրոշակների մեջ։ Դրանց մեջ առանձնացել են երկուսը, որոնք խորհրդանշել են «նախկին ստրուկ եւ այժմեան ազատ Հայաստանը». մեկի մեջ ծաղիկներով եւ կանաչներով շրջապատված կանգնած է եղել սեւազգեստ եւ սեւաքող մի կին՝ որպես Հայաստանի անցյալի խորհրդանիշ։ Նրա գլխին ծածանվել են բազմաթիվ դրոշակներ, որոնց վրա մակագրված էին մեր բոլոր պատմական վայրերի անունները՝ Մուշ, Սասուն, Տիգրանակերտ, Սիս եւ այլն։ Հաջորդ մեքենայի մեջ, որը նույնպես զարդարված էր դրոշակներով, կանգնած է եղել սպիտակազգեստ եւ սպիտակաքող կին։ Նրա առաջ ձեռք ձեռքի տված երկու տղամարդ են եղել, մեկը՝ տաճկահայի զգեստով, մյուսը՝ ռուսահայի։ Դա խորհրդանշում էր ազատագրված եւ միացյալ Հայաստանը։ Նրանց հաջորդել է երկու եզալուծ ծաղկեզարդ գութան, ապա կառքեր ու մեքենաներ։
Ներկաներին խոսք է ուղղել կառավարության նախագահի տեղակալ Ալեքսանդր Խատիսյանը, որից հետո բոլորը երգ—երաժշտության ուղեկցությամբ շարժվել են դեպի պառլամենտ։
Պառլամենտի շենքը նույնպես տոնական տեսք է ունեցել, ներսից զարդարված է եղել ծաղիկներով, ազգային եւ դաշնակից պետությունների դրոշակներով։ Ներկա են եղել անգլիական գեներալ Դեւին իր օգնական սպաներով, Պարսկաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ներկայացուցիչները, ամերիկյան ներկայացուցիչն ու որբախնամ բաժանմունքի քույրերը, Հայաստանի կառավարության բոլոր անդամները, գեներալ Նազարբեկյանը, գեներալ Փիրումյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր։
Հանդիսավոր նիստը բացել է կազմակերպիչ հանձնաժողովի նախագահ, հանրային կրթության նախարար Գ. Մելիք—Ղարագյոզյանը։ Հնչել է «Մեր հայրենիքը»։ Կառավարության կողմից նախ հայերեն, ապա ֆրանսերեն խոսել է Ալ. Խատիսյանը, ով կառավարության անունից ներկայացրել է «Միացյալ Հայաստանի անկախության մասին» ակտը։ Որպես Հայաստանի երկու հատվածների իրավական միացման վավերացում, վարչապետ—նախագահը բեմ է հրավիրել արեւմտահայ 12 պատգամավորների, որպեսզի վերջիններս տեղ զբաղեցնեին պառլամենտի մյուս անդամների կողքին։ Նման որոշում կայացվել էր դեռեւս փետրվարի 6—ին արեւմտահայ 2—րդ համագումարի ժամանակ։
Հոտնկայս լսել են Վեհափառ հայրապետի հայրական օրհնությունը եւ ջերմ ողջույնը, որից հետո խոսել է պառլամենտի նախագահ Ա. Սահակյանը։ Պետությունների ներկայացուցիչներից հետո անկախության տարեդարձը ողջունել են քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այլք։
Հանդիսավոր նիստը փակվել է մոտ ժամը 16—ին, որից հետո մինչեւ ուշ գիշեր մայրաքաղաքի փողոցներում եւ այգիներում հասարակությունը զբոսնել է հանդիսավոր տոնի տպավորության տակ։

Հուշարձան եւ գիրք՝ նվիրված անկախությանը

Այդ օրը հավերժացնելու համար կառավարությունը որոշում էր ընդունել հանրային կրթության եւ գեղարվեստի նախարարի անունով վարկ բացել՝ Հայաստանի ազատագրության համար ընկածների հիշատակին մայրաքաղաքում հուշարձան կանգնեցնելու համար։ 100 հազար ռուբլի հատկացվելու էր հուշարձանին, իսկ նախագծի մրցանակաբաշխության համար՝ 25 հազար ռուբլի։ Եվս մեկ վարկ բացվելու էր հայ ազատագրության այդ հերոսական էջին նվիրված՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից մինչեւ Հայաստանի անկախության հռչակումը, գրականություն հրատարակելու համար։ Մեկը լինելու էր գիտական ուսումնասիրություն՝ շքեղ պատկերազարդ, իսկ մյուսը՝ համառոտ հանրամատչելի հրատարակություն։ Առաջին հրատարակության համար նախատեսված էր 150 հազար ռուբլի, իսկ մրցանակաբաշխության համար՝ 25 հազար ռուբլի, երկրորդ հրատարակության համար՝ 10 հազար ռուբլի։ Հրատարակությունից ստացված արդյունքը փոխանցվելու էր պետական գանձարան։
Երրորդ վարկը բացվել էր զինվորական նախարարի անունով՝ հայրենիքին կատարած ծառայության համար շքանշան պատրաստելու համար, որը պետք է «հայ զինվորի եւ գործչի սրտում վառ պահեր զոհված հայ քաջամարտիկ հերոսների օրինակը եւ հիշատակը»։ Այդ շքանշանի խորհրդանիշը նույնպես ընդունվելու էր մրցանակաբաշխության միջոցով, որի համար հատկացվել էր 5000 ռուբլի, իսկ շքանշանը պատրաստելու համար 15 հազար ռ։
Անկախության տոնի առթիվ Հայաստանի կառավարության որոշմամբ ազատ են արձակվել բոլոր ադմինիստրատիվ բանտարկյալները, եւ կիսով չափ մեղմացվել է բոլոր քրեական հանցապարտների պատիժը։
(Աղբյուր՝ Հայ ժողովրդական կուսակցության «Ժողովրդի ձայն» քաղաքական, հասարակական, գրական օրաթերթ, 1919թ. հունիսի 10, Թավրիզում լույս տեսնող ՀՅԴ «Այգ» թերթ, 1919թ. հունիսի 9)։

Անկախության տոնը հանրապետության սահմաններից դուրս

Հայաստանի անկախության հռչակումը մեծ ոգեւորությամբ է ընդունել նաեւ աշխարհասփյուռ հայությունը։ Տոնական միջոցառումներ են կազմակերպվել տարբեր գաղթօջախներում։
Նյու Յորքում հրատարակվող «Կոչնակ Հայաստանի» թերթի 1919թ. մայիսի 31—ի համարում կարդում ենք, որ առաջին տարեդարձը տոնել են Ամերիկայի բազմաթիվ հայ գաղութներում։ «Որչափ քաղցր է հուսալ եւ հավատալ, թե մեր բազմաչարչար ցեղին պատմության մեջ այդ թվականը պիտի բացի բոլորովին նոր ու հոյակապ շրջան։
…Մենք այսօր կգտնվենք գեղեցիկ ու սրտապնդիչ իրականության հանդեպ։ Այսօր ունենք Հայկական Հանրապետություն Արարատյան նահանգի մեջ, որ եղել է մեր քաղաքական եւ իմացական կյանքի ոլորանը»,–գրում է թերթը։
Հատկանշական է, որ սփյուռքում լույս տեսնող մամուլը նորաստեղծ պետությունն անվանում էր «Արարատյան Հանրապետություն»։ Դա ցույց էր տալիս, որ հայը պահանջատեր է, իսկ 1918 թվականին հռչակված հանրապետությունը դիտարկում է որպես Հայաստանի միայն մի փոքր հատվածը։
Հանրապետության առաջին տարեդարձը մեծ հանդիսությամբ են նշել Ադանայում։ «Մայիսի 28—ը փառավոր դարագլուխ բացեց մեր քաղաքական վերածնության տարեգրության մեջ, դարագլուխ մը, զոր հայ հոգին թրծեց, հայ ճիգը քանդակեց եւ հայ արյունը օծեց»,–գրել է Ադանայում լույս տեսնող «Կիլիկիա» օրաթերթը։ Այդ օրը՝ կեսօրից առաջ, նախքան հայտարարված ժամը, հսկայական բազմություն էր հավաքվել եկեղեցու բակում եւ շուրջը, որը զարդարված էր հանրապետության դրոշներով։ Ժամը 9։30—ին հնչել է գոհաբանական աղոթք, այնուհետեւ կարդացել են բանախոսություններ։ Բանախոսներից յուրաքանչյուրը շեշտում էր այն զոհողությունները, որով ձեռք բերվեց Արարատյան Հանրապետությունը եւ որը կոչված էր «կորիզ կազմելու մոտավոր ապագայի մեջ կազմվելիք Միացյալ եւ անկախ Հայաստանի»։
Հանդիսությանը մասնակցել են նաեւ հույները։ Հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ բոլոր այդ միջոցառումներն աչքի են ընկել իրենց կարգապահությամբ։ Մինչեւ կեսօր հայերի գրեթե բոլոր խանութները փակ են եղել ի հարգանք օրվա տոնին։    
Տարսոնում նույնպես մեծ շուքով են նշել պատմական իրադարձության մեկամյակը։ Տոնակատարությանը մասնակցել են հույները եւ քրիստոնյա արաբները, ներկա է եղել ֆրանսիացի կառավարիչը եւ ֆրանսիացի սպաներ։
«Կիլիկիա» օրաթերթի 1919թ. մայիսի 28—ի համարում խմբագրականն անդրադառնում է այն ճանապարհին, որը բերեց հաղթական արդյունքի։ «Զարհուրելի օրեր էին։ Համաշխարհային պատերազմը մեզ համար ամենավտանգավոր եւ անողորմ շրջանին էր հասել։ Թշնամին երբեք այնքան զորավոր չէր եղել։
…Աշխարհէ ու բարեկամէ կտրված, շրջապատված զորավոր թշնամիներու երկաթյա օղակով, ներքնապես չորս տարվա անհավատալի պայքարի մեջ խիստ հոգնած եւ ուժասպառ, կովկասահայերը, սակայն, որոնք վաղուց որոշած էին մոռանալ ոչխարային համակերպության առաքինությունը, վստահ իրենց դատին ու մարտական կազմակերպության վրա, ոչ միայն չէին տեղի տա, այլեւ ի լուր աշխարհի կհռչակեն իրագործումը դարեր ի վեր ցանկալի մեր երազին՝ հայկական անկախ պետության։
Ոչ սովը, ոչ անաշխատությունը, ոչ բազմաբյուր թուրքահայ գաղթականներն ու տեղահան անթիվ ռուսահայերն իրենց բոլոր կարիքներով, ոչ հիվանդությունները եւ անգութ ու անսիրտ զորավոր թշնամին չկարողացան խոնարհեցնել ճակատը մեր Կովկասի արիարանց, որոնք ժողովրդանվեր կազմակերպության մեջ ու շուրջը հավաքված, վաղուց մարզված էին իրենց բախտը իրենց ձեռքերով վարելու գործի մեջ։
Ու հաղթեցին։
Հաղթեցին ոչ միայն արտաքին թշնամուն, այլեւ ներքին անօրինակ դժվարություններին, հաղթեցին բոլոր այն հսկայական արգելքներին, որոնք առաջին իսկ օրից լեռնացան նորածին հանրապետության առջեւ։
Բնությունն իր տարերային փորձանքներով ու մարդկային ընկերության կազմակերպած չարագործությունները գլուխ խոնարհեցին վերջիվերջո եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն նվիրական դրոշի առջեւ»։
Պատրաստեց
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

25-05-2018





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO