Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Պատմությունից դասեր քաղելու ժամանակը

Գիտաժողով՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում երեկ մեկնարկեց «Հայաստանի Հանրապետություն 100» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։ Այն կազմակերպել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Երեւանի պետական համալսարանը։
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հանդես գալով բացման խոսքով, նշեց, որ մայիսյան հերոսամարտերի շնորհիվ հնարավոր եղավ խափանել հայ ժողովրդի վերջնական բնաջնջման թուրքական ծրագիրը եւ ստեղծել Հայաստանի Հանրապետությունը։ «Պետականության մոտ երկուսուկես տարվա կարճատեւ ընթացքում հայ ժողովուրդն ունեցավ լուրջ առաջընթաց։ Երկարատեւ ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, սկսվեց հայրենադարձություն, ստեղծվեցին իշխանության մարմիններ, բավականին ուժեղ բանակ, հաստատվեց ժամանակի համար կառավարման ժողովրդավարական համակարգ, մարդկանց մեջ ամրապնդվեց պետականության գիտակցությունն ու զգացողությունը»,–ասաց նա։ Թեեւ հանրապետությունն ընկավ, սակայն նրա գոյությունն անհետեւանք չմնաց։ Այդ հիմքի վրա բոլշեւիկները պարտավորված ստեղծեցին նոր հանրապետություն՝ Խորհրդային Հայաստանը, որի շուրջ 70—ամյա պատմության ընթացքում, ըստ Մարտիրոսյանի, հայ ժողովուրդն ապրեց տնտեսական ու մշակութային մեծ վերելք։ Իսկ արդեն Խորհրդային Հայաստանն էլ հող նախապատրաստեց երրորդ՝ անկախ հանրապետության ձեւավորման համար։
Գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ ողջույնի խոսք էր ուղղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ 1918 թվականը մեծ խորհուրդ ունի եւ հատուկ տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության մեջ։ Այն տալիս է բազմաթիվ հարցերի պատասխանը, հանդիսանում է ոգեշնչման եւ ուրախության աղբյուր, միեւնույն ժամանակ պատգամում է հետագա սերունդներին լինել միասնական։
Շնորհավորական ուղերձում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1—ը առաջին հանրապետության 100—ամյա հոբելյանը համարել էր ազգային հպարտության առիթ։ Հայաստանն ըստ նրա՝ հայ ժողովրդի կյանքի եւ պայքարի կիզակետն է, որը մեկ ամբողջություն է դառնում Արցախի եւ սփյուռքի հետ միասին։ Հետեւաբար, մեր ազգին եւ հայրենքին սպառնացող վտանգներին միասնաբար դիմագրավելու համար պետք է հաշվի առնենք անցյալի դառը փորձառությունները, իսկ հայության եւ հայկական պետականության առջեւ ծառացած խնդիրները շատ են եւ բազմաբնույթ՝ Հայաստան պետության ամրացումը, Արցախի ինքնորոշման իրացումը, սփյուռքի վերակազմակերպումը, մեր ժողովրդի պահանջատիրական պայքարի վերակենսավորումը եւ այլն։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երկարատեւ ընդմիջումից հետո պետականության վերականգնումը կարեւորեց նրանով, որ արդեն այսօր մեր պատմական հայրենիքի մի անկյունում հայ ժողովուրդը ապացուցում է իր կենսունակությունը։ «Մեր նորաստեղծ կառավարությունն այս կապակցությամբ պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հայոց պետականությունը դառնա աշխարհասփյուռ հայության համար նոր ապագա կերտելու կարեւոր հանգրվան։ Հայոց պետականության համար այս կարեւոր փուլում շատ բարձր ենք գնահատում Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված այս միջոցառումը եւ Հայաստան—Սփյուռք—Արցախ եռամիասնությունը»,–շեշտեց նախարարը։
ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս—քարտուղար Յուրի Սուվարյանի դիտարկմամբ՝ մեր պետականության մի քանի հազարամյա հոլովույթում առաջին հանրապետության երկուսուկես տարին թեեւ կարող է չափազանց կարճ թվալ, սակայն այդ տարիները վիթխարի նշանակություն ունեցան եւ հիմք դարձան պետականության շարունակականության համար։ Մյուս կարեւոր դիտարկումն այն է, որ պետք է ուշադրություն դարձնենք նորաստեղծ պետության որակական կողմին։ Պառլամենտական հանրապետության շրջանակներում գործում էին օրենսդիր, գործադիր, ապա նաեւ ինքնուրույն դատական, տեղական ինքնակառավարման համակարգեր։ Այդ տարիներին մեծ ուշադրություն էր դարձվում կրթության զարգացմանը, որի վառ վկայությունը համալսարանի բացումն էր։ Տնտեսական քաղաքականությունը նույնպես առաջադիմական էր, կարեւորվում էին տնտեսության բոլոր ճյուղերի զարգացումը, ներդրումների ներգրավումը եւ այլն։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գնահատմամբ, հայոց պետականության վերաստեղծումը հայ ժողովրդի կյանքում դարակազմիկ նշանակություն է ունեցել։ «Պետականության վերականգնման հարյուրամյակը նշելով՝ մենք մտովի անդրադառնում ենք ոչ միայն այդ օրերին, այդ օրերի պատմությանը, այլեւ մեր ամբողջ պատմության ընթացքին։ Շատ կարեւոր է, որ հանրապետության պատմության դասերը լավ ընկալենք։ Իսկ դրանք շատ ուսանելի են, որովհետեւ հայրենի երկրում ապրող հայությունը մշտապես գտնվել է եւ այսօր էլ գտնվում է աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր տարածքում, ինչը քաղաքական ուժերին եւ իշխանություններին պարտադրում է վարել այդ իրողությունից բխող ներքին եւ արտաքին քաղաքականություն։ Մյուս ուսանելի դասը, որ պետք է հաշվի առնենք, այն է, որ հասարակական բոլոր արժեքներից՝ ազգ, դասակարգ, կուսակցություն եւ այլն, ամենամնայունը ազգն է, որի վրա՝ որպես անկյունաքարի, պետք է խարսխվեն հայոց պետության նպատակներն ու իղձերը»,–ընդգծեց ԵՊՀ ռեկտորը։
Թբիլիսիիի պետական համալսարանի անկախ գիտահետազոտական միավորի, Իվ. Ջավախիշվիլու անվան պատմության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմության դոկտոր Գեորգի Ճեիշվիլիի խոսքով, անցած հարյուր տարին ցույց տվեց, որ մեր երկու ժողովուրդները պետք է հաշվի առնեն անցյալի դասերը իրենց ապագան կերտելու ճանապարհին։ «100 տարի առաջ ստեղծվեց ամբողջովին այլ իրավիճակ։ Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1918թ. ստեղծվեցին երեք անկախ հանրապետություններ։ Դա պատմական ընտրություն էր, որից մենք այսօր օգտվում ենք։ Այն նաեւ խորհրդանշական էր. թեեւ առաջին դեմոկրատական հանրապետությունների գոյությունը կարճատեւ էր, բայց դրանց հսկայական նշանակությունը մեր ազգերի պատմության մեջ մեծ է։ Այսօրվա Հայաստանը եւ Վրաստանը այդ առաջին հանրապետությունների ժառանգներն են։ Հայ եւ վրացի ժողովուրդները ցույց տվեցին քաղաքակիրթ աշխարհին, որ փոքր ազգերն էլ կարող են նպաստել մարդկության առաջընթացին»,–ասաց նա։
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանի պատմությունը գրելու համար չենք կարող սահմանափակվել միայն մեր սահմանների, ոչ էլ նույնիսկ տարածաշրջանի սահմանների մեջ, այլ պետք է անդրադառնանք աշխարհի պատմությանը։
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը պատմությունը վերագնահատելու անհրաժեշտություն է տեսնում։ «ՀՀ»–ի հետ զրույցում նա կարեւորեց Հայաստանի առաջին հանրապետության դիտարկումը ոչ թե պատմագիտական, այլ աշխարհառազմավարության տեսանկյունից։ Այդ մոտեցման վրա հիմնվելով՝ պատմաբանն առաջարկում է աշխարհաքաղաքական հավասարակշռության տեսությունը՝ փորձելով վերաիմաստավորել առաջին հանրապետության պատմությունը։ «Այդ տեսակետից կարեւոր չեն պատմական իրադարձությունները, անձերը, կուսակցությունները, այլ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական միավոր եւ նրա փոխհարաբերություններն իր միջավայրի հետ»,–շեշտեց նա։ Առաջին հանրապետության պատմությունն այդ առումով կարելի է բաժանել երեք փուլի՝ հիմնադրումից մինչեւ Առաջին համաշխարհայինի ավարտը։ Այդ շրջանում Հայաստանը փորձում էր իր միջավայրի հետ հասնել աշխարհաքաղաքական հավասարակշռության, ինչը մեծ դժվարությամբ էր հաջողվում։ Արդեն երկրորդ փուլում, որն ընդգրկում է 1919թ. սկզբից մինչեւ 1920թ. սեպտեմբերը, երբ մեծացավ Անտանտի երկրների ազդեցությունը, Հայաստանը հավասարակշռության ավելի բարձր մակարդակի հասավ եւ սկսեց զարգացնել միացյալ Հայաստանի գաղափարը։ Դրանով, փաստորեն, պահանջատիրության հարց էր բարձրացվում։ Մյուս խնդիրը մանդատակիր պետություն գտնելն էր, որտեղ հայկական պետությունը չկարողացավ հաջողել, եւ ահա երրորդ փուլում, երբ ուժեղացող Թուրքիան պատերազմ սկսեց, մենք չկարողացանք պահպանել հավասարակշռությունը։ Պատմությունից արժե դասեր քաղել եւ այսօր, ըստ Ռ. Սաֆրաստյանի, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարողացել է ապահովել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։
Բոստոնի համալսարանի Ժամանակակից Հայաստանի պատմության եւ գրականության քենոսյան բաժնի վարիչ Սիմոն Փայասլյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ առաջին հանրապետության ստեղծման լուսաբանումը ԱՄՆ հայկական մամուլում բավականին հետաքրքիր դրսեւորումներ ունեցավ։ Մի շարք թերթեր, որքան էլ տարօրինակ է, որեւէ կերպ չանդրադարձան Հայաստանի անկախացմանը, այլ շարունակեցին լուսաբանել ԱՄՆ—ի մասնակցությունը համաշխարհային պատերազմին։ Մի քանի թերթեր, թեեւ անդրադարձան, սակայն դրանք հպանցիկ էին եւ լուրջ գնահատականներ ու վերլուծություններ չէին պարունակում։ Սփյուռքի այն մամուլը, որտեղ խոսվում էր պետականության վերականգնման մասին եւ իրենց ուրախությունն էին հայտնում փաստի վերաբերյալ, չէր զգացվում, որ պատրաստ են գործուն մասնակցություն ցուցաբերել հայրենիքի փոքրիկ անկյունում ստեղծված պետությանը, այլ առավել դիտողի կարգավիճակում էին։ Այն հանգամանքը, որ այդ տարիներին ամերիկահայության շրջանում դեռեւս չկար ձեւավորված քաղաքական միտք, Ս. Փայասլյանը բացատրում է նրանով, որ գաղութներն իրենք օգնության կարիք ունեին, քանի որ հայության մեծ մասը, գրեթե 95 տոկոսն աղքատ գաղթականներ էին։
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան նաեւ Գասպար Սվեերտի անվան կաթոլիկ ակադեմիայի ներկայացուցիչ Միխայել Հայզեմանը (Գերմանիա), Թբիլիսիի համալսարանից Ալեքսանդր Դաուշվիլին, պատմաբաններ Վալերի Թունյանը, Վահան Մելիքյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը եւ ուրիշներ։
Գիտաժողովն իր աշխատանքները շարունակելու է այսօր ԵՊՀ—ի գիտական խորհրդի նիստերի դահլիճում, որտեղ տեղի կունենա նաեւ պատմաբան Երվանդ Փամբուկյանի (Լիբանան) կազմած «Արամ Մանուկյանի նամականին» փաստաթղթերի եւ նյութերի ժողովածուի շնորհանդեսը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

26-05-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO