Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Անցյալի աստեղային դրվագները

Ղարաքիլիսայի հերոսամարտը մասնակցի հուշերում

1918 թվականի մայիսը հայերիս աստեղային ժամն էր, երբ աննախադեպ անձնազոհությունների եւ կամքի շնորհիվ ամրագրվեց մեր լինելիության իրավունքը։ Առաջին հանրապետության կայացման համար սխալ կլիներ առանձնացնել Բաշ—Ապարանի, Ղարաքիլիսայի կամ Սարդարապատի ճակատամարտերից որեւէ մեկը։ Դրանցից յուրաքանչյուրն իրական դարձրեց վերջնական հաղթանակը։
Հաղթանակի պատկերի խճանկարն ամբողջացնելու համար կարեւոր է ամեն մի դրվագը։ ՀՅԴ աշակերտական միության «Շանթ» թերթի 1919 թվականի մայիսի 17—ի համարում «Ղարաքիլիսայի հերոսամարտը» խորագրի ներքո ներկայացված են ճակատամարտի մասնակից զինվոր Երվանդի հուշերը։ Այստեղ եւս աչքի է ընկել Գարեգին Նժդեհը, որի բոցաշունչ ճառը, վկաների պատմելով, մեծ ազդեցություն է ունեցել հուսահատված եւ բարոյալքված զինվորներին մարտական բարձր պատրաստվածության բերելու եւ սխրագործությունների մղելու համար։ Այդ օրերի մասին Գ. Նժդհն ասել է. «Առանց Ղարաքիլիսէի ճակատամարտի ոչ թէ օրուայ Հայաստանը, այլ եւ այդ երկրամասի վրայ այսօր ապրող հայութիւն չէինք ունենա։ Ղարաքիլիսէի եռօրեայ հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատեան հայութիւնը եւ հիմը դրեց Հայկական պետութեան»։
Հուշերը նվիրված էին «դաշնակցական «Արագած» զորամասի նահատակ ընկերների եւ քաջարի Մովսիսյանի հիշատակին»։ Ի դեպ, «քաջարի Մովսիսյանն» այն անձնավորությունն էր, ով ըմբոստանալով զինվորական հրամանատարության նահանջի հրամանին՝ հաղթանակի կողմը շրջեց պատմության անիվը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ այդ օրերին գեներալ Թովմաս Նազարբեկյանը չէր հավատում հաղթանակին եւ պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ։ Թ. Նազարբեկյանի պահանջը Դիլիջանում հավաքված սպաներին է ներկայացնում նրա տեղակալ, գնդապետ Բեյ—Մամիկոնյանը, ով խորհրդակցություն է հրավիրում եւ կարգադրում զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։
Այդ խորհրդակցության ժամանակ է, որ ներկա սպաներից մեկը՝ ծնունդով արցախցի կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր—Մովսիսյանը) անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանութիւն է։ Ո՛չ ոք իրաւունք ունի այդպէս վարուելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանօթներով այս իսկ րոպէին կը մեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արիւն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»։ Նրան է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր—Հարությունյանը՝ Նժդեհը, որը Երեւանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանի որ Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան—Սեւան—Ախտա գծով կարող էր շրջանցել Երեւանը։ Ապստամբած եւ ի վերջո՝ Թ. Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր—Մովսիսյանի թնդանոթաձիգների ու Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ, մայիսի 24—ին վերադառնում է Ղարաքիլիսա։
Զինվոր Երվանդի հուշերը ներկայացնում ենք առանց խմբագրման։ Ցավոք, հուշերի շարունակությունը, որը ենթադրաբար տպագրվել է թերթի հաջորդ համարում, բացակայում է Հայաստանի ազգային գրադարանի, ինչպես նաեւ Հայաստանի ազգային արխիվի եւ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի գրասենյակի պահոցներից։
«1
Երզնկայից Դիլիջան…
Այս երկար ու անփառունակ ճանապարհն անցանք կարճ ժամանակում։ Եվ մի օր էլ բարոյալքված եւ ուժասպառ հայ զորքը հասավ Դիլիջան։ Այստեղ ղեկավարներն ասացին նրան, որ «այլեւս ազատ ես եւ կարող ես բռնել ցանկացած ուղին»։
Հայ զորքը ցնորված եւ տխուր պատրաստվեց ցրվել եւ մի մասն արդեն ցրվել էր, երբ հասավ Երեւանի Հայոց ազգային խորհրդի հեռագիրը. «Դիմացեք երեք օր եւս եւ հնարավորություն տվեք բանակցություններ սկսելու թուրքերի հետ»։
Երեք օր եւս դիմանալ …
Այդ նշանակում էր ամենակարճ ժամանակի ընթացքում ի մի հավաքել ցրված զորքերը, կարգի բերել լքված շարքերը, ոգի ներշնչել նրանց եւ վերադառնալ Ղարաքիլիսա։
Դժվարին խնդիր, բայց եւ այնպես պետք էր գլուխ բերել, պետք էր բարոյալքված ու ցիրուցան զինվորներից մարտական միավորներ ստեղծել։ Մի խոսքով, պետք էր հրաշք կատարել եւ կատարվեց հրաշքը։
Ñ—
Դիլիջանի հայոց եկեղեցու բակում հազարավոր զինվորներ խռնվել էին «Արագած» զորամասի հրամանատար Գ. Նժդեհի շուրջը եւ լսում էին նրան։
Նժդեհին հրամայված էր անմիջապես վերադառնալ Ղարաքիլիսա, հետախուզել թշնամու դիրքերն ու ուժերի դասավորումը եւ տեղեկացնել։ «Վայրկյանը ճակատագրական է,–վերջացրեց Նժդեհը,–ով դեռ չի դավաճանել Հայ ցեղին, թող հետեւի ինձ»։
Եվ «Արագած»—ը բազմահազար ամբոխի ուռաների տակ, բռնեց Ղարաքիլիսայի ճանապարհը։
2
Լուսաբացին արդեն ամբողջ զորքը գիտեր, որ «Արագածը» Վարթանլուի մոտ թուրքերի հետ բախում է ունեցել, մտել Ղարաքիլիսա գիշերվա ժամը երկուսին եւ բռնել Արչուտի սարը։
Երանելի օր…
Ինչ ոգեւորություն, ինչ հպարտ գիտակցություն, որ այս անգամ նախահարձակը մենք ենք։
Երեկոյան դեմ Գուգարաց լեռներից թշնամու մեծ զորախմբեր երեւացին մեր աջ թեւի ուղղությամբ։ Այլեւս կասկած չկար, որ թշնամին սպառնում էր պաշարել մեզ։ Այդ գիշեր կռվող կողմերը աչք չփակեցին, չհանգստացան։ Թշնամին սեղմում էր օղակը, մերոնք հուսահատ՝ գրոհում էին ու գրոհում։ Լուսաբացին մեր համառ դիմագրավումը հասել էր ամենակատաղի եւ հերոսական աստիճանին։
3
Կռվի նախաձեռնությունը չկորցնելու համար հարկավոր էր դեռ լույսը չբացված որեւէ ակտով անհանգստացնել թշնամուն։ «Արագած»—ի հեծյալ մասին հրամայվեց կատարելու այդ քայլը։ Գիշերվա ժամը 2—ի մոտերը Արչուտի դաշտերում լսվեց «ուռա»—ի ձայն, որին հետեւեցին ձեռնառումբերի պայթյունները։
Դա մեր գրոհն էր։
Շուտով ամբողջ ճակատի վրա թշնամու կողմից սկսվեց մի չտեսնված քաոսային հրաձգություն։ Մթության մեջ Արչուտի դիմացի սարից մի քանի անգամ աննպատակ գոռաց թշնամու դաշտային թնդանոթն ու լռեց։
«Արագածը» երկրորդ գրոհով մտավ Արչուտ եւ ստիպեց թշնամուն փախցնելու իր թնդանոթները, բայց չկարողացավ երկար մնալ թուրք գյուղում, որովհետեւ լուսաբացին պարզվեց, որ ինքը սեպաձեւ թաղվել է թշնամու ճակատի մեջ եւ որ մեր թեւերը գիշերվա ընթացքում բնավ չէին առաջացել։ Այդ դրությունից դուրս գալու համար զորամասի հրամանատարը դիմում է մի ռազմադավի։ Կարգադրում է գյուղի եզերքին մի քանի տեղ խարույկներ վառել, որոնց վրա հրավիրելով թշնամու ուշադրությունն ու կրակը, հնարավորություն է ստեղծում իր զորամասին առանց կատաստրոֆի հետ քաշվելու դեպի գիշերվա դիրքերը։
Լուսաբացին կռիվը ծավալվեց…
Զինվոր Երվանդ»։
Պատրաստեց
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

26-05-2018





23-10-2018
Առանձնահատուկ հարաբերություններ, որոնք ավելի կամրապնդվեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է ունեցել ...


23-10-2018
Տոնն անկեղծ էր ու մտերմիկ
Այսպիսին տեսա հոկտեմբերի 21—ը Երեւանի փողոցներում

Այսպես չէր ...


 
23-10-2018
Որոշիչը ընտրողի ձայնն է
ՏԻՄ ընտրությունները ընտրողի ազատ կամահայտնության դրսեւորում էին

«Եվրասիական ...


23-10-2018
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, ...


23-10-2018
Բարեփոխումների փաթեթը չընդունվեց
Սակայն դեկտեմբերին արտահերթ ընտրությունները կկայանան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ...


23-10-2018
ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը մեծ է
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» համաժողովի բացմանը



23-10-2018
Ակնկալում են նոր պայմանագրեր
Երեւանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն ...



23-10-2018
Շուշին եւ Սենտ Էտիենը եւս բարեկամացան
Ֆրանսիայի եւ Արցախի քույր քաղաքների թիվը ...

23-10-2018
Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին ...

23-10-2018
Երեւանը շուքով նշեց հիմնադրման 2800—ամյակը
Տոնական միջոցառումներն ամփոփվել են ...

23-10-2018
Նռան փառատոն Մարտունի քաղաքում
Արցախում փառաբանվել է մրգերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO