Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ավարայր եւ Սարդարապատ. զուգահեռների փորձ

Հայոց պատմության երկու խորհրդանշական հասկացությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես դրվում են կողք կողքի՝ իրարից անբաժան։
Երկու խորհրդանիշներ, որոնք կապվում են մեր ժողովրդի լինել—չլինելու ահեղ հարցականի հետ։ Պատմագիտական եւ հրապարակախոսական գրականության մեջ անսակարկելի ու անառարկելի տոնով արվում է սույն հարցադրումը։ Ճշմարի՞տ է արդյոք այն։ Ընդհանուր առմամբ, այո, սակայն որոշակի էական տարբերություններ, այնուամենայնիվ, կան Ավարայրի եւ Սարդարապատի միջեւ։
Ոչ միայն տարբեր էին հինգերորդ եւ քսաներորդ դարերի հայկական իրականությունները, այլեւ թշնամի—հակառակորդը՝ հետապնդած նպատակներով, պատերազմելու մեթոդներով, հայ ժողովրդի հանդեպ որդեգրած վերջնական դիրքորոշումով ու վերաբերմունքով։
5—րդ դարում պարսիկները, ներխուժելով Հայաստան, ձգտում էին նվաճել այն, տարածել զրադաշտականություն, ապա՝ հայերին ձուլել պարսիկներին։ Սակայն պետք է ընդգծել, որ պարսիկների, կոնկրետ՝ Սասանյան դինաստիայի եւ Հազկերտ Երկրորդի ծրագիրն անկարելի է համեմատել 19—րդ դարավերջի եւ 20—րդ դարասկզբի Օսմանյան կայսրության պետական իշխանությունների՝ Սուլթան Աբդուլ Համիդի եւ այնուհետեւ երիտթուրքերի՝ հայ ժողովրդի ամբողջական ֆիզիկական բնաջնջման մտադրության ու գործողությունների հետ։ Պարսիկները բնավ չէին ձգտում հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմանը։ Ուրեմն, մեր ժողովրդին սպառնացող վտանգի աստիճանն ու ահագնությունը 5—րդ դարում այն չէր, ինչ 20—րդ դարասկզբին։ Եվ եթե մերոնք Ավարայրում ծանր պարտություն կրեին ու ջախջախվեին, միեւնույնն է, դա դեռ չէր նշանակում հայոց երկրի ու պետականության անկում ու կործանում։ Բոլորովին այլ էր 20—րդ դարի առաջին երկու տասնամյակի հայկական իրականությունը։
Սարդարապատի նախօրյակին մեր երկիրը հոգեվարքի մեջ էր, քաղաքական, տնտեսական ու բարոյական առումներով թույլ, բզկտված, քայքայված ու պառակտված, սովահար որբերով ու գաղթականներով լեցուն։ Եվ ամենակարեւորը. Սարդարապատի հերոսամարտից ընդամենը մի քանի տարի առաջ Հայոց ցեղասպանությունն էր եղել։ 1915—1918 թվականներին տեղի ունեցած դեպքերը բնավ էլ պատահական, պատերազմական թոհուբոհի հետեւանք չէին, այլ թուրքական պետականության վաղեմի երազած ու մանրամասն մշակած հայաջինջ ու հայասպան քաղաքականության հաշվենկատ իրագործումն էին։
Նշենք, որ 1918 թ. գարնանը թուրքերը շատ մոտ էին իրենց փայփայած ծրագրերի իրագործմանը։ Եվ եթե Սարդարապատն ընկներ, թուրքերը գրավելու էին Էջմիածինն ու Երեւանը, որից հետո յաթաղանից հայության անպաշտպան բեկորներին փրկություն չէր լինելու։
Դարեր շարունակ կեղեքելով ու հալածելով հայությանը, 20—րդ դարասկզբին թուրքը ձգտում էր լուծել Հայկական հարցը՝ Հայաստան երկրում հայ չթողնելով։ Արեւմտյան Հայաստանում արդեն մեծ մասամբ իրագործել էին իրենց ծրագիրը, մնում էր վերջ տալ գաղթականների բեկորների եւ փոքրիկ արեւելահայության գոյությանը նաեւ Արեւելյան Հայաստանում։
Ի դեպ, թուրքերի՝ տվյալ ժամանակի քաղաքական ու ռազմական առաջնորդները գրեթե ոչ մի կասկած չունեին, որ իրենք հաջողությամբ սրի կքաշեն նաեւ արեւելահայությանը։ Հայ ժողովրդի անելանելի, հուսահատական վիճակը Սարդարապատի նախօրյակին, թերեւս, առավել պատկերավոր ու դիպուկ արտահայտել է ժամանակակիցը՝ Ավետիք Իսահակյանը. «Հայության վիճակն ամենահուսահատականն է. վտանգված է հայի գոյությունը. Կարսը եւ Բաթումը գրավելուց հետո ամբողջ Կովկասը թուրքերի ոտքի տակն է. կջարդեն հայերին եւ մասամբ էլ վրացիներին, կհասնեն Բաքու եւ Թավրիզ» (Ավ. Իսահակյան, Հիշատակարան)։
Այսպիսի քաղաքական, պատմահոգեբանական պայմաններում տեղի ունեցավ Սարդարապատի հերոսամարտը։ Ուզում ենք արձանագրել, որ էական ընդհանրություններ կան Ավարայրի եւ Սարդարապատի միջեւ։
Երկու իրադարձություններին էլ բնորոշ է հետեւյալը. Ավարայրն ու Սարդարապատը համաժողովրդական պատերազմի ուժգնություն, բնույթ ու հնչեղություն ունեին՝ չնայած այն հանգամանքին, որ թե՛ Ավարայրում, թե՛ Սարդարապատում թշնամու դեմ կռվողների հիմնական միջուկը կանոնավոր բանակն էր։ Հայոց պատմության ողջ ընթացքում միայն երկու անգամ են մեր հայրենիքում մղվել նման ծավալի պատերազմներ։ Համընկնում են տարվա եղանակը, ամիսը, օրերը։ Վտանգի, տագնապի եւ ցասման վիթխարիությունը բնորոշ էր ե՛ւ Ավարայրը, ե՛ւ Սարդարապատը կերտողներին։ Անկարելի է չնկատել զարմանալի հոգեհարազատություն երկու ճակատամարտերը հրամանատարած հայ զորավարների ոգեշունչ վարքի ու բարոյական բարձր նկարագրի մեջ։ Որքան հանդուգն, խիզախ ու քաջակորով էին 5–րդ դարի հայ զորավարները՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, նույնքան արիասիրտ ու ոգեշունչ էին Սարդարապատում հայ զինյալ ուժերն առաջնորդած զորականները՝ Մովսես Սիլիկյանի եւ Դանիել Բեկ—Փիրումյանի գլխավորությամբ։ Ավարայրի դաշտում «Մատյան գնդի» դեմ գրոհողները Սարդարապատի «Մահապարտների» գնդի խիզախներն էին, որոնք առաջնորդվում էին «Մահ իմացյալ՝ անմահություն» պատգամով։ Եվ վերջապես, միեւնույն հերոսական, ոգեշունչ պահվածը դրսեւորեցին հայ հոգեւոր դասի ներկայացուցիչները։ Ավարայրի դաշտում զորքին եւ աշխարհազորայիններին ոգեշունչ խոսքով քաջալերող Հովսեփ Վայոցձորեցի կաթողիկոսի, Ղեւոնդ Երեցի արժանավոր հետնորդները հանդիսացան Գեւորգ Ե կաթողիկոսը, Եզնիկ եւ Թադեւոս եպիսկոպոսները, արքեպիսկոպոս Գարեգին Հովսեփյանը, Էրզրումի առաջնորդ Զավեն Բաբայանը։ Հենց վերոնշյալների կամքի ու ջանքերի շնորհիվ հայ զինվորն ու գյուղացին համոզվեցին, որ այլեւս նահանջելու տեղ չկա։
Եվ ճշմարիտ է հայ պատմաբանի այն դիտարկումը, որ «ազգի բոլոր ազնիվ զավակները նման դեպքում միայն մեկ նշանաբան են ունենում՝ հաղթել կամ պատվով մեռնել։ Այն, ինչ տանելի էր Երզնկայի, Էրզրումի, Սարիղամիշի, անգամ Կարսի մոտ, այլեւս անտանելի էր Երեւանի մատույցներում, Էջմիածնի պատերի տակ» (Ա. Հարությունյան)։
Ավելացնենք, որ Ավարայր—Սարդարապատ պատմական զուգահեռը տանելիս պետք է անվարան շեշտադրել. եթե 5—րդ դարում կարելի էր նահանջել Ավարայրից, ապա նույն բանը անկարելի էր անել Սարդարապատում։ Դա կլիներ ոչ թե դավաճանություն հայրենիքի նկատմամբ, այլ պարզապես ինքնաոչնչացում։
Ավարայրի ու Սարդարապատի մարտիկներին ոգեշնչման ու խիզախման էր տանում հայոց պատմության հերոսական ոգին։

Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմաբան

26-05-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO