Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԵՐԵՎԱՆ


Երեւանը մայրաքաղաք է, ոչ թե երկիր

«Հայրենիքի հանդեպ սերը կհաղթահարի ամեն ինչ»
Վերգիլիոս

1949 թվականի մայիսյան արեւոտ օր էր։ Ես՝ տասնչորսամյա մի պատանի, տեսա, թե փոքրիկ Ստեփանակերտի կենտրոնական փողոցով ինչպես են տանում մարդկանց մի ամբողջ շարան, զինված պահախմբի ուղեկցությամբ։ Բոլորի դեմքերը ծանոթ էին։ Ոմանց հագին հնամաշ զինվորական համազգեստ էր։ Նախկին ճակատայիններ էին։ Մայթին կանգնած՝ ուշադիր նայում էի լուռ քայլող ձերբակալված մարդկանց դեմքերին ու կյանքումս առաջին անգամ զգացի, որ մարդու աչքերը կարող են պարզորոշ արտացոլել այն, ինչ կատարվում է նրա հոգում։ Հանկարծ սիրտս ճմլվեց։ Ցավալիորեն ծանոթ մի դեմք տեսա։ Մեր դպրոցի նախկին տնօրենն էր՝ Համազասպ Վարդանովիչը։ Ազգանունը մենք՝ աշակերտներս չգիտեինք։ Դիմում էինք նրան միայն անուն—հայրանունով։ Բարձրահասակ էր, քիչ կորացած։ Ինչպես միշտ՝ խնամքով արդուկված կոստյումով։ Լայնեզր գլխարկով։ Փողկապով։ Ձեռնափայտով։ Մի պահ մեր հայացքները հանդիպեցին։ Նա լայն ժպտաց։ Եվ հաստատ համոզված էի, որ այդ պահին Համազասպ Վարդանովիչը մտածեց հորս՝ Արցախի, ինչպես այն ժամանակ էին ասում, լուսավորության ժողկոմի մասին, որը բռնաճնշման էր ենթարկվել 1937 թվականին։ Համազասպ Վարդանովիչը միակ մարդն էր, որն ամեն անգամ հանդիպելիս ոչ միայն հարցնում էր, թե օգնո՞ւմ եմ պապիկիս ու տատիկիս, այլեւ անպայման ընդգծում. «Երբե՛ք չհավատաս, թե հայրդ ժողովրդի թշնամի էր»։
Նրանց տանում էին երկաթուղային կայարանի կողմը։ Այնտեղից՝ Սիբիր։ Անհայտություն։ Դրանից հետո մենք երկար ժամանակ Ստեփանակերտում լայնեզր գլխարկներով, փողկապներով ու ձեռնափայտերով մարդկանց չտեսանք… Միայն հետագայում, կուսակցության խրուշչովյան XX համագումարից հետո, մեր նորագույն պատմությունից եմ իմանում, որ սոսկալի 1949 թվականի այդ սահմռկեցուցիչ օրը ԽՍՀՄ—ի գրեթե բոլոր քաղաքների կենտրոնական փողոցներով հոսում էր վերջին մոհիկանների՝ մտավորականության ներկայացուցիչների անվերջանալի հեղեղը։ Այդ սոսկանքը տեղի էր ունենում, իհարկե, նաեւ Երեւանում։
Պատմում են, որ մի խումբ մարդիկ, խուճապահար ու տագնապած վաղվա օրվա համար, գնացել էին Ավետիք Իսահակյանի մոտ, որ գոնե հոգիները թեթեւացնեն։ Նրանց կարելի էր հասկանալ։ Խոսքը ոչ միայն այն մասին էր, որ նրանցից ոչ ոք ապահովագրված չէր, թե ինքը չի հայտնվի բռնաճնշվածների հերթական հոսքում։ Խոսքն այն մասին էր, որ ամեն անգամ տանում էին հիմնականում մտավորականությանը, ազգի սերուցքին։ Ականատեսները պատմում են, որ յոթանասունչորսամյա վարպետն ինքն էլ ահավոր վիճակում էր եւ, այդուհանդերձ, դժբախտ մարդկանց համար գտավ այն խոսքերը, որոնցում գոնե ինչ—որ հույս էր առկայծում. «Քանի դեռ կա հայկական գյուղը, մեր ուժերը չեն սպառվի, եւ հույսը մեզ չի լքի։ Բոլոր ժամանակներում, ինչպես ցույց է տվել մեր պատմությունը, գյուղը մեզ համար փոխարինել է փյունիկ թռչնին։ Այնպես որ ես հանգիստ եմ»։
Մնում է հիշեցնել, որ մեծ բանաստեղծն այդ խոսքերն ասել է հեռավոր 1949 թվականին, երբ Երեւանում մոտ երկու հարյուր հիսուն հազար մարդ էր ապրում, իսկ շրջկենտրոնները դեռեւս գյուղեր էին մնում։ Ավա՜ղ, դեռ այն ժամանակ, քառասունիննին, նույնիսկ քիչ ավելի վաղ, սկսվել էր ԽՍՀՄ—ի տոտալ ուրբանիզացիայի հրեշավոր միտումը եւ, իհարկե, ողջ Հայաստանի։ Եվ սկսվել էր դա ոչ պակաս չարագուշակ 1930—ին, գյուղատնտեսական կոլեկտիվացման ամենաթեժ պահին, «Պրավդա» թերթում Ստալինի «Գլխապտույտ՝ հաջողություններից» սադրիչ հոդվածի տպագրումից անմիջապես հետո։ Այդ տարի Հայկական ԽՍՀ—ում մի ակնթարթում ստեղծվեցին 25 վարչական շրջաններ։ Հարվածում էին ամենացավոտ տեղին, անտեսելով ե՛ւ պատմական առանձնահատկությունները, ե՛ւ տեղական սովորույթները, ե՛ւ հողի որակի տարբերության կատեգորիաները։ Ով՝ ով, բայց դահիճ Ստալինը լավ գիտեր, որ այն բանից հետո, երբ Հայաստանից արդեն անջատել էր ոչ միայն Նախիջեւանը, Արցախը, Գարդմանքը եւ Ջավախքը, այլեւ ամբողջ Կարսի մարզն ու Ռուսաստանի կազմի մեջ մտնող պատմական հայկական այլ տարածաշրջաններ, սոցիալիստական Հայաստանին մնացել էին միայն մեռած քարեր։ Պատահական չէ, որ հրեշ Թալեաթն ասել է. «Այն, ինչ հայերին չարեց յաթաղանը, կանեն քարերը»։ Միջին բարձրությունը 1800 մետր է, որի վրա կիսավայրի հացաբույսեր են աճում միայն։ Սակայն այն ժամանակվա մղձավանջի պայմաններում հայ գյուղացին, ինչպես այն ժամանակ էին ասում, քարից հող էր սարքում, որը ժողովուրդը հեգնանքով անվանում էր «անուտելի կարկանդակ»։ Եվ ահա, հողագործության տեսանկյունից այդ «անուտելի կարկանդակը» բաժանեցին քսանհինգ կտորների։ Ստալինը հետապնդում էր նաեւ ուրիշ նպատակ։ Նրան պետք էր, որ խորհրդային յուրաքանչյուր մարդ հսկողության տակ լինի, հատուկ վերահսկողության տակ։ Քանզի քսանհինգ վարչական շրջանները նշանակում էին նույնքան շրջկոմներ, շրջգործկոմներ, արհմիություններ, կոմերիտական կազմակերպություններ, ՆԳՆ, ՊԱԿ եւ տխրահռչակ «եռյակներ», որոնք փոխարինում էին արդարադատությանը։ Յոթ տարի անց, հենց այն ողբերգականորեն հայտնի երեսունյոթին, «կարկանդակի» կտորներն ավելացրեցին եւս յոթով։ Հետագայում՝ էլի հինգով։ Ստացվեց երեսունյոթ շրջան։
Ուրբանիզացիան, այսինքն քաղաքի դերի բարձրացումը հասարակության զարգացման խնդրում՝ որպես երեւույթի, ինքնին վտանգավոր է բոլոր ժողովուրդների եւ պետությունների համար։ Բայց այն պարզապես աղետալի է հատկապես փոքր երկրների եւ փոքրաթիվ ժողովուրդների համար։ Ներկայումս տհաճությամբ մեջբերվող Կառլ Մարքսը դեռեւս նախանցած դարում նկատել է հենց այդ վտանգը, որն ամփոփված էր «քաղաքային հատուկ հարաբերությունների» մեջ։ Դա նշանակում է ոչ թե էվոլյուցիոն, այլ հեղափոխական, կտրուկ փոփոխություններ ապրելակերպի, մտածելակերպի, ավանդույթների, ազգային արժեքների, այդ թվում՝ ավանդականության, բարոյականության, էթիկայի եւ էսթետիկայի ոլորտներում։ Չէ՞ որ ուրբանիզացիային հատկանշական է բացառապես գյուղական բնակչության ներհոսքը քաղաքներ։ Իսկ գյուղը, ինչպես հայտնի է, մարդ բուծող անհատակ ինկուբատոր չէ։ Այնտեղ ծնված մարդիկ, մաքրահոգի, հողին ու ժողովրդական երգերին սիրահարված տոհմական գյուղացիները քաղաք են մեկնում բնավ ոչ պարզապես սովորելու կամ, Աստծո կամոք, Թումանյաններ ու Սեւակներ դառնալու, այլ տախտակներ են մեխում պապենական տան պատուհաններին, դռանը կախում ամբարի կողպեքը եւ մեծ ու փոքր բոլոր տնեցիներով, ողջ կահ—կարասով (հարկադրված) հեռանում են առհավետ։
Ճամփորդելով Հայաստանում, զրուցելով մարող գյուղերի հնաբնակների հետ, այդ թվում նաեւ նրանց, ովքեր ամեն ամառ պատկառելի տարիքում շրջկենտրոնից պարբերաբար գնում են դեպի իրենց արմատները՝ այցելելու նախնիների գերեզմանները, գնում են հիմնահատակ սպանված իրենց գյուղերը, սրտի ցավով էի գիտակցում, թե ինչ հրեշավոր ողբերգություն է ապրում մեր ժողովուրդը, թվում է, թե արդեն ազատ երկրում, ուր անվտանգությունն ապահովված է։ Սկզբում ոչնչացրեցին տոհմական հողագործներին, տաղանդավոր գյուղական գործարարներին՝ նրանց վրա կախելով անհեթեթ «կուլակ» պիտակը։ Այստեղից էլ՝ իր քաղաքական էությամբ սարսափելի «կուլակաթափություն» տերմինը. ապա գյուղատնտեսության բռնի կոլեկտիվացում, ինչը հանգեցրեր գյուղացիների զանգվածային արտահոսքի դեպի քաղաքներ, հետո՝ կուսակցական հիմար կոչը քաղաքի եւ գյուղի միջեւ սահմանները վերացնելու մասին։ Եվ վերջապես՝ ԽՍՀՄ ողջ տարածքի համընդհանուր հանցավոր շրջանացումը, որից ամենից շատ տուժեց Հայկական ԽՍՀ—ն։ Երկու—երեք սերնդի աչքի առջեւ առանց որեւէ կրակոցի, առանց որեւէ յաթաղանի ավերվեցին ավելի քան երկու հարյուր հին հայկական բնակավայրեր, որոնց բնակչությունը, փախստականների պես, քոչեց այլ վայրեր, Երեւան եւ շրջկենտրոններ, որտեղ արագորեն կառուցվում էին միօրինակ, գորշ, անդեմ խրուշչովյան երկվորյակները, չկռահելով, թե ինչ դառնություններ են սպասում իրենց ապագայում։ Իհարկե, նրանք չգիտեին, թե ինչ աղետալի վիճակում է հայտնվելու Երեւանը հետագայում։ Ի դեպ, այդ անվերջանալի ողբերգական խնդիրների մասին հայ գրողները, գիտնականները, լրագրողները շատ են գրել։ 31 տարի առաջ «զՅՉճՈՁՉչՈշՁտ ղՁմճՉՁ»—ում (տպաքանակը՝ 6 միլիոն) ես տպագրել եմ «Երեւանը աղետի մեջ է» վերնագրով դրամատիկ հոդված։ Երեկվա դարբիններն ու հովիվները, կթվորուհիներն ու տնտեսուհիները, որ առնվազն 5—7 երեխա էին ծնում եւ դաստիարակում, դառնում էին քաղաքացիներ։ Երիտասարդ աղջիկները նոր տեղում որպես քարտուղարուհիներ աշխատանքի էին տեղավորվում շրջանային մակարդակի բազմաթիվ պաշտոնյաների մոտ, սովորում էին սուրճ եփել ու մատուցել, ինչով պատվում էին իրենց շեֆերին եւ բոսերին։ Երիտասարդ տղաները որպես կառապան—վարորդներ աշխատանքի էին ընդունվում այդ նույն շեֆերի մոտ՝ Երեւանի կամ Չարենցավանի գործարանների ու ֆաբրիկաների մասնաճյուղերում, իրենց զգալով պրոլետարների պես մի բան։ Եվ ամուսնանալով, արդեն իրենց տատիկների կամ մայրերի պես 5—7 երեխա չէին ունենում, այլ բավարարվում էին երկուսով, լավագույն դեպքում՝ երեքով։
Մենք՝ հայ գրողներս շատ ենք գրել կառուցվող 16 ջրամբարների մասին, այն մասին, թե ինչ թափով են բարձրանում, այսպես կոչված, Նոր Հրազդանի մասնաշենքերը եւ հսկայական միկրոշրջանը, որը պետք է սպասարկեր Հրազդանի ցեմենտի կոմբինատին։ Նախազգուշացնում էինք չարաբաստիկ ուրբանիզացիայի վտանգավոր հետեւանքների մասին։ Կատարելով եւ մանավանդ գերակատարելով կուսակցության պլանները, ինչպես ցույց տվեց դաժան կյանքը, կառուցեցին հանցագործ եւ այլանդակ կերպով։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ ավելի շատ մարդիկ զոհվեցին հենց շրջկենտրոններում, հատկապես դպրոցների շենքերում։ Գյուղական վայրերում կառուցել էին խաղաթղթե տնակներ՝ բազմատոննանոց երկաթբետոնե սալիկներից, ասես մոռանալով, որ մենք սեյսմիկ գոտում ենք ապրում, որտեղ, սկսած IV դարից, գրանցվել են սարսափելի ավերիչ ուժի ավելի քան հարյուր երկրաշարժներ։ Գյուղական բնակչության նշանակալի մասը աղետի գոտուց դարձյալ նետվեց քաղաքներ եւ առաջին հերթին՝ Երեւան։
Խեղճ Ալեքսանդր Թամանյանը, որին այսօր այնքան հաճախ հիշում ենք այն առիթով, թե ինչպես գռեհկացրեցին ու պղծեցին նրա հանճարեղ մտահղացումը, մանավանդ նրա անկրկնելի գլուխգործոցի՝ օպերային թատրոնի շրջակայքը, արդեն որերորդ անգամ «շրջվել» է գերեզմանում, տեսնելով, թե ինչ դարձրեցին իր «Արեւի քաղաքը» կարճատես պետական այրերը եւ իր թերամիտ գործընկեր—ժառանգորդները, որոնք արհամարհելով ազգի ռազմավարական հեռանկարները, երեք սերնդի ընթացքում Երկիր Նաիրիի հրաշքով փրկված մի մասը վերածեցին խոցելի ժողովրդագրական շերեփուկի։ Երեւանը, որ կուլ տվեց մոտակա բազմաթիվ բնակավայրեր, Երեւանը՝ իր նորքյան 9 անճոռնի զանգվածներով եւ քաղաք—արբանյակ Աբովյանով, կազմում է ողջ հանրապետության բնակչության մոտ կեսը, եթե ոչ ավելին։ Ժամանակին, երբ տոնում էինք Երեւանի միլիոներորդ քաղաքացու ծնունդը, չգիտես ինչու, ոչ ոք չմտածեց, որ վաղ թե ուշ փլուզվելու է խորհրդային կայսրությունը, որ ոչինչ հավերժական չէ այս արեւի տակ, բացի ժողովրդից, որը, ինչպես Անատոլ Ֆրանսն էր ասում, չի ցանկանում մահանալ։ Բայց չէ՞ որ դեռեւս այն ժամանակ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինքը՝ ժողովուրդը, մասնավորապես գյուղական բնակչությունը, համակված ավանդույթներով, իրենց զավակների ապագայի նկատմամբ անհանգստությամբ, ապագային ուղղված ռազմավարական մտքով, հանդես էին գալիս ուրբանիզացման բուն քաղաքականության դեմ։ Եթե նրանց անսային, ինչպես այն ժամանակ էին ասում՝ կուսակցությունը եւ կառավարությունը, գուցե իսկապես մտածեին այն մասին, որ միլիոնանոց Երեւանը՝ Թամանյանի հանճարեղ մտահղացմամբ նախատեսված լինելով 250 հազար բնակչության համար, եւ գյուղեր կուլ տված մի շարք քաղաքներ, բացի ամենայնից, հրապուրիչ թիրախ կարող են դառնալ թշնամու համար։
Արդեն չեմ խոսում այն մասին, թե ինչի փոխարկվեց Երեւանը ԽՍՀՄ—ի փլուզումից հետո։ Հնարավորինս հակիրճ լինելու համար, քանզի դա արդեն առանձին, հիրավի ողբերգական հարց է, բավական կլինի ուշադրություն դարձնել սեյսմիկ գոտու համար անհավատալի քանակությամբ հրեշավոր բարձրահարկերի վրա, որոնք կառուցվեցին արդեն վերջին տարիներին, Հայաստանը տոգորվեց տնտեսական չափանիշներով անբացատրելի բնակարանաշինության մի ինչ—որ մարմաջով։ Այդ մարմաջը շարունակվում է եւ այսօր։ Մարդկանց համար շենքեր, տներ ու բնակարաններ կառուցելը, իհարկե, լավ է։ Բայց ճշմարտությունն ախր կոնկրետ է։ Երեւանի համար այդպիսի թեժ բնակարանաշինությունը առաջացնում է նաեւ բազմաթիվ հարցեր, որոնց դժվար չէ պատասխանել։ Օրինակ, ո՞վ է ապրելու այդ բարձրահարկ նորակառույցներում, եթե հայտնի է, որ քաղաքացիների գնողունակությունը նկատելիորեն ցածր է, իսկ հիպոթեքի տոկոսները՝ բավական բարձր։ Իսկ երբ սկսեն այնտեղ ապրել, ապա որտե՞ղ են աշխատելու, եթե դարձյալ հայտնի է, որ աշխատատեղերի առումով Երեւանում մեծ լարվածություն կա։ Իսկ եթե աշխատեն, որտե՞ղ են կայանելու իրենց ավտոմեքենաները, եթե չկան համապատասխան ենթակառուցվածքներ՝ ավտոտնակների կամ վճարովի կայանատեղիների տեսքով, եւ առհասարակ, երբ Երեւանում այդ նույն ավտոմեքենաներն անթիվ—անհամար են, ինչը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում քաղաքի էկոլոգիայի վրա։ Տրվող հարցերը բնավ միայն հռետորական չեն, դրանցում արտացոլված է նաեւ այն անընդգրկելի մղձավանջը, որ սպասում է մեզ ապագայում, ի դեպ՝ ամենամոտ, եթե արդեն այսօր օրենսդրական կարգով անհապաղ միջոցներ չձեռնարկվեն վերացնելու համար այդ մղձավանջը, որի սկիզբը, պետք է ազնվորեն խոստովանել, դրվել է դեռեւս խորհրդային ժամանակներում, երբ թամանյանական գլխավոր մեկ հատակագծի փոխարեն՝ Երեւանը 1971 թվականին արդեն ամբողջ չորսն ուներ։ Եվ յուրաքանչյուր գլխավոր հատակագծի հետ քաղաքի բնակչությունն աճում էր եւ աճեց մինչեւ միլիոնի, իսկ շուտով՝ միլիոնից էլ ավելի։ Եվ դա այն դեպքում, երբ հանրապետության բնակչությունը (պաշտոնական տվյալներով) երեք միլիոն է։ Այստեղից էլ՝ ժողովրդագրական շերեփուկ արտահայտությունը։
Ժողովրդագիր—մասնագետները սովորաբար շերեփուկի հետ են համեմատում այն երկիրը, որտեղ մայրաքաղաքի բնակիչների թիվը գերազանցում է ընդհանուր բնակչության քառորդը։ Հաճախ, որպես օրինակ, հիշատակում էին Հայաստանը, որտեղ արդեն վաթսունականներին Երեւանում էր բնակվում ամբողջ Հայաստանի բնակչության մեկ երրորդը։
Հայ ոգու եւ հայրենի բնության անմոռանալի քնարերգու Համո Սահյանը գրել է. «Գրեթե բոլոր հայ հանճարները, անվանի զորավարները, խոշոր հասարակական եւ պետական գործիչները գյուղից են դուրս եկել»։ Մեկ անգամ չէ, որ նա զգուշացրել է այն վտանգի մասին, որ բերում է գյուղացու վայրկենական վերափոխումը քաղաքացու, պնդելով, որ հայը հազարամյակներ շարունակ գյուղացի է եղել, որը մշակելով հողը, գիտակցել է, որ հողն էլ այդ ընթացքում իրեն է մշակում։
Դրանում մենք իրոք համոզվեցինք արցախյան հաղթական պատերազմում, որտեղ վճռվում էր հայ ժողովրդի ճակատագիրը։ Սակայն, ինչպես հայտնի է, ավելի հեշտ է պատերազմը շահել, քան խաղաղությունը պահպանել։ Այնպես որ մենք միշտ պետք է ունենանք գյուղական ուսուցչի հայրենասիրական դասերի կարիքը, ինչպես երեխան՝ մայրական կաթի։
Անհրաժեշտ է, որ մեր Ազգային ժողովը ամենակարճ ժամկետներում եւ անհապաղ ստեղծի օրենսդրական բազա՝ գյուղի փրկության եւ ներքին միգրացիայի գործընթացները կարգավորելու համար։ Նույնիսկ Լիխտենշտեյն թզուկ պետությունում Լանդտագը օրենք է ընդունել «Վադուց մայրաքաղաքի մեխանիկական աճի սահմանափակման մասին»։ Մինչդեռ Լիխտենշտեյնի մայրաքաղաքում բնակվում էր ընդամենը մոտ հինգ հազար մարդ, երկրի մոտ երեսուն հազար բնակչի դեպքում։ Ինչպես տեսնում ենք, մայրաքաղաքային եւ մնացյալ բնակչության հարաբերակցությունը կազմում է մեկը վեցի։ Եվ ժողովուրդը դրա մեջ խնդիր է տեսնում, որը պետք է լուծել, ավելի ճիշտ, չի կարելի չլուծել։
Մեզ կտրականապես եւ վճռականորեն անհրաժեշտ է փոխել ոչ միայն տնտեսական, սոցիալական, այլեւ հոգեկան վերաբերմունքը գյուղի հանդեպ, որի կյանքը, հետեւաբար նաեւ ողջ երկրի կյանքը կախված են ոչ այնքան երաշտից ու ջրհեղեղից, կարկտահարումից ու խորշակներից, սառնամանիքից ու տոթակեզությունից, որքան քաղաքի չինովնիկների անհոգի վերաբերմունքից։ Անվանի հայ պատմաբան եւ հրապարակախոս Դավիթ Անանունը, որին Մաքսիմ Գորկին վստահել է ընդարձակ առաջաբան գրել իր «Հայ գրականության անթոլոգիայի» համար, ապացուցողաբար ընդգծում էր. «Հայ բուրժուազիան (ծագումը՝ «բուրգ», «քաղաք» բառից — Զ. Բ.) երբեք չի արտացոլել ազգի շահերը։ Այդ շահերի արտահայտողն ու ժողովրդական ավանդույթների պահապանը միշտ հանդիսացել է գյուղացիությունը»։
Ժողովուրդն ասում է, որ իմաստնությունը բանական եւ գիտակցված անհանգստության զգացումն է ապագա սերունդների ճակատագրի համար։ Արդեն տեսանելի ապագայում, այսինքն այս սերնդի կյանքի օրոք, աշխարհում նավթարդյունահանման անխուսափելի անկման, էկոլոգիայի եւ այլ գործոնների խաթարման հետ կապված՝ մարդկությունը մոլորակային ճգնաժամ է ապրելու։ Եվ աննախադեպ անցման փուլը հաղթահարելու են այն ժողովուրդները, որոնք ամուր եւ զարգացած գյուղացիություն ունեն։ Հիմա իսկ, չկորցնելով անգին ժամանակը, Հայաստանի վարչապետը, Հայաստանի նախագահը եւ Ազգային ժողովը, կառավարությունն ու Ամենայն հայոց կաթողիկոսը, գիտությունների ակադեմիան եւ ստեղծագործական միությունները, քաղաքական կուսակցություններն ու զանգվածային լրատվամիջոցները համատեղ ջանքերով պետք է մշակեն գործուն, պետական, երկարաժամկետ ազգային ծրագիր՝ գյուղի զարգացման առաջնահերթության վերաբերյալ։
Գյուղ ներդրված ամեն մի պղնձադրամ ապագա սերնդի համար ոսկեդրամի կվերածվի։ Գյուղին ասված ամեն մի բարի խոսք մեզ կվերադարձվի երգ դարձած։ Յուրաքանչյուր հայ, երեկոյան քնելիս եւ առավոտյան արթնանալիս, պետք է հիշի Ավետիք Իսահակյանի խոսքը. «Հայ գյուղը շտեմարան է եւ օրորոց, համալսարան եւ ռազմավարական շտաբ, փիլիսոփայություն եւ բարոյականություն», միաժամանակ չմոռանալով Օտտո Ֆոն Բիսմարկի անկեղծ խոստովանությունը. «Ֆրանս—պրուսական պատերազմը շահեց գյուղական ուսուցիչը»։
Կարծում եմ, հղումը Բիսմարկին պետք է հասկանալի լինի ներկայիս քաղաքական իրողություններին լավատեղյակ մեր ընթերցողին։ Այո, դա պատերազմն է Ադրբեջանի հետ։ Փոխհրաձգային, դանդաղընթաց, բռնկվող ու մարող, ռազմականացված, մի խոսքով՝ ամեն տեսակի, ինչպիսին էլ լինի, միեւնույնն է, պատերազմ է։ Մենք այն, պետք է ազնվորեն խոստովանել, չենք շահել մինչեւ վերջ։ Սակայն դատապարտված ենք մինչեւ վերջ հասցնելու, եւ ի դեպ՝ պարտադիր չէ, որ տանկերով ու հրթիռներով։ Քանզի տանկերն ու հրթիռները մեզ պետք են հանուն խաղաղության պաշտպանության, հանուն արարման եւ ոչ թե ավերմունքի։ Բայց եթե չլինի վերածնված հայկական գյուղը, որպես այդ նույն արարման սկիզբ սկզբոց, ապա պաշտպանելու բան էլ չի լինի։ Այնպես որ այսօր հենց գյուղի աշխատավորից է կախված մեր հայրենիքի ապագան։
Այլ բան մեզ պարզապես տրված չէ։
Զորի ԲԱԼԱՅԱՆ

12-06-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO