Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Օրինականությունը պետք է պահպանվի

«Անձեռնմխելի» անձինք չպետք է լինեն

ԱԺ ավանդական ճեպազրույցների ընթացքում խմբակցությունների հիմնական թեման ԱԱԾ—ի խուզարկության արդյունքներն ու պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն էին։
«Եթե այս ամենը հաստատվեց, խայտառակություն է ու ամոթ,–հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։–Սա այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ։ Եթե այս ամենն այնպես է, ինչպես տեսանք, դա մեկնաբանության կարիք էլ չունի։ Ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում. ադրբեջանական համայնքը ինչպիսի հրճվանքի մեջ կհայտնվի եւ կփորձի այս ամեն ինչը օգտագործել։ Մանվել Գրիգորյանը մեծ դերակատարում է ունեցել արցախյան ազատամարտում, ազատագրել է տարածքներ։ Սա ինչպե՞ս պետք է ներկայացնեն նրանք, Արցախի հերոս է, ինչպե՞ս պետք է փորձեն վարկաբեկել՝ սա է իմ ամենամեծ ցավը։ Այս ամեն ինչը ինչպե՞ս պետք է կարողանանք մարսել»։
Ռուստամյանն ընդգծեց, որ առաջին հերթին կատարողները պետք է պատասխան տան զինվորներին նամակ գրող երեխաներին. «Ինչո՞ւ են այդ նամակները գտնվում այդտեղ, տրամաբանական բացատրություն չի կարող լինել այս ամենին։ Ցավ եմ ապրում։ Ապշած, ցնցված ասելը շատ քիչ է»։
Պատգամավորի խոսքով՝ զգացմունքային մասն իր տեղում, բայց օրինականությունը պետք է ամեն դեպքում պահպանվի։ «Մենք հետամուտ ենք լինելու, որ ամեն ինչ կատարվի օրենքի տառին եւ ոգուն համապատասխան։ Նյութերն ավելի մանրամասն կուսումնասիրենք, այս պահին անձեռնմխելիություն կա, կա նաեւ անմեղության կանխավարկած։ Այս ամենը նկատի ենք ունենալու։ Սա շատ մեծ հարված էր մեր անցած համատեղ գործունեությանը, հարաբերություններին։ Ես կարծում եմ, որ պետք է կարողանանք այնպես չանել, որ փորձ արվի թշնամիների կողմից այս ամենը ներկայացվի իրենց համար հաճելի լույսի տակ»,–նշեց Ռուստամյանը։
Ինչ վերաբերում է նախկինում նման դեպքեր չբացահայտելու հարցին, ապա նա ընդգծեց, որ «անձեռնմխելի» անձինք «անձեռնմխելի» տարածքներ են ունեցել, որտեղ ոչ ոք չի կարողացել ներթափանցել։ Նա հույս հայտնեց, որ փոփոխությունների շնորհիվ հնարավոր կլինի այդ անձեռնմխելիությունը վերացնել։ Նա միաժամանակ հայտնեց, որ իրենք փակ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են բանակի սննդի ու հագուստի հետ կապված հարցեր. «Գնացել ենք առաջնագիծ, տեսել ենք սնունդը... Պիտակները բերել էինք ու այստեղ ներկայացրեցինք։ Հարգելով այդ փակ հանդիպման կոնտեքստը՝ բոլոր մանրամասները չեմ ուզում ասել, առիթ ունեցել ենք նաեւ մամուլով խոսելու բանակում հագուստի, սննդի, այլ պայմանների մասին։ Այս ամենը բարձրաձայնվել է, դրանից հետո, իհարկե, կտրուկ փոփոխություններ մտան, բայց երբ այս ամենը տեսնում ես, ակնհայտ է, որ շատ խորքային հարցեր կան, եւ գործն այստեղ չպետք է կանգնի։ Ճիշտ կլինի, որ այս ամեն ինչն իր տեղը դնելու գործընթացը վերջնական նպատակին հասնի»։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նշեց, որ կոռուպցիայի եւ բանակը թալանելու երեւույթների մասին շատ է խոսվել, սակայն այս մեկը տարբերվում է, քանի որ պատերազմական գործողությունների արդյունք դրամահավաքի հետ է կապված, եւ անգամ դպրոցներից կազմակերպված աջակցության թալան է. «Բոլորս ցնցված ենք եւ շոկի մեջ ենք։ Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք»։
Նա ասաց, որ ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանում եղել է ոստիկանություն, ԱԱԾ, պաշտպանության նախարարություն. մարմիններ, որոնք համակարգել են ե՛ւ օգնություն ստանալը, ե՛ւ այն ուղղորդելը, ե՛ւ բաշխելը, հետեւաբար՝ միայն Մանվել Գրիգորյանը չէ, որ պետք է պատասխան տա այդ ամենի համար։
Նրա կարծիքով՝ Արմավիրում կան իրավապահ մարմիններ, որոնք կարող էին տեղյակ լինել այդ ամենի մասին. «Շտապ օգնության մեքենան ասեղ չի, որ տանես, մի տեղ պահես։ Ես կարծում եմ՝ նաեւ իմացող—թաքցնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Է. Մարուքյանը նշեց, որ ակնհայտ է՝ կասկածները եղել են նախկին իշխանությունների օրոք, եւ իրավապահ մարմինները չեն աշխատել։ Նրանք պետք է պատասխան տան՝ ստուգել են, չեն հայտնաբերե՞լ, թե՞ անգործության են մատնված եղել։
Նրա խոսքով՝ որեւէ մեկի ամառանոցում, թույլտվություն ստանալ եւ խուզարկություն իրականացնել՝ բարդ գործընթաց չի եղել, խնդիրը քաղաքական կամքն է, իրավապահների գործողությունները քաղաքական մակարդակով կանգնեցվե՞լ են, թե՞ ոչ։
«Այդտեղ բաներ կան, որ մի մարդու գիտենալով չէ,–ասաց Է. Մարուքյանը՝ նկատելով, որ Գրիգորյանը չէր կարող միայնակ այդ մեքենաները, արկղերը տանել, օգնությունները վերաբաշխել։ Տասնյակ մարդիկ են ներգրավված եղել։–Չպետք է նա միակ մեղավորը լինի, պետք է նաեւ այլ պատասխանատուներ լինեն»։
Է. Մարուքյանի կարծիքով՝ քաղաքական իշխանություններն արդեն կրում են պատասխանատվություն տեղեկատվության տարածման պահից. «Սա ծանրագույն հարված է ՀՀԿ—ին»։
«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն էլ կարծում է, որ դա առաջին եւ վերջին դեպքը չի լինելու։ Ենթադրում է, որ մոտ ապագայում կլինեն այլ բացահայտումներ էլ։ «Սա այն կոռումպացված համակարգն է, որի հետեւանքով կռվում էինք 80—ականների զենքով»,–ասաց նա՝ հավելելով, որ ցավ է ապրում, որ քննարկվում է Արցախի հերոսի հարցը։
ԱԱԾ—ի հայտնաբերածը, ըստ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի, ակնհայտ է դարձնում, թե ինչպիսի ստոր գործողություններ են իրականացվել զինվորի եւ բանակի, ՀՀ—ի դեմ։ Վ. Էնֆիաջյանն ընդգծեց, որ նման գործելաոճ ունեցող անձինք օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Մենք այս ամենը շատ ավելի կողջունենք, եթե այս միջոցառումը չավարտվի մեկ անձով, որովհետեւ ես չեմ կարող կիսել այն կարծիքը, թե այս երկրում կա մի միամիտ մարդ, որը մտածում է, թե այս ամեն ինչը պարփակված է մեկ անձի շրջանակում։ Իրավապահ մարմինները պետք է հետամուտ լինեն, որ բացահայտեն այս արարքի հովանավորներին, կազմակերպիչներին։ Եթե մենք իսկապես ցանկանում ենք արդարության մթնոլորտ ապահովել ՀՀ—ում, ապա պետք է տեսնել այն մեղավոր անձանց, որոնք ապրել են բանակի ու պետության միջոցների հաշվին»,–նշեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը։
Լրագրողներից մեկը հիշեցրեց՝ տարիներ շարունակ ԲՀԿ—ն աջակցել է ՀՀԿ—ին, նրանց հետ կոալիցիա է կազմել, սատարել է Սերժ Սարգսյանի թեկնածությանը, եւ հարցրեց՝ ստեղծված իրավիճակի համար իրենց մեղավոր զգո՞ւմ են։ «Դուք դեռեւս 2007 թվականի գործընթացի մասին եք խոսում, երբ ԲՀԿ—ն կոալիցիայի մաս էր ՀՀԿ—ի հետ։ ԲՀԿ—ն փորձել է իր ամբողջ ներուժը ծառայեցնել ի շահ երկրի։ Երբ տեսել ենք՝ ինչ է կատարվել, դուրս ենք եկել եւ ընդդիմադիր դաշտում պատվավոր տեղ ենք զբաղեցրել»,–ասաց Վահե Էնֆիաջյանը։
Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց՝ տվյալ քաղաքական ուժը ներկայացնող առանձին գործիչների գործողությունների համար ԲՀԿ—ն պատասխանատու չէ։ ԲՀԿ—ն պատասխանատու է իր անդամների քաղաքական գործողությունների համար, իսկ կոնկրետ անձինք պատասխանատվություն են կրում իրենց գործած արարքների համար։

Արցախի հերոսի կոչումից զրկելու իրավասությունը դատարանինն է

Պատգամավորներն անդրադարձան նաեւ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ Արցախի հերոսի կոչումից զրկելու հարցերին։
Հարցին՝ ինչպե՞ս կքվեարկեն Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Մենք մեր խմբակցությունում որոշում դեռեւս չենք կայացրել, բայց նման գործելաոճի պարագայում էլ ուրիշ ի՞նչ վերաբերմունք պետք է լինի»։ Նա նշեց, որ իրենց վերաբերմունքը լինելու է շատ կոշտ. «Հայաստանում բոլորը պետք է գիտակցեն, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, իսկ ժողովուրդն ու ներկայիս իշխանությունը վճռական են, որպեսզի օրենքի գերակայություն լինի»։
Գեւորգ Պետրոսյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հայտարարեց, թե իրենց դաշինքը միշտ էլ շահագրգռված է՝ ցանկացած իրավախախտում բացահատելու ու պատասխանատվության ենթարկելու մեջ։
Ինչ վերաբերում է հարցին՝ Մանվել Գրիգորյանին պե՞տք է զրկել Արցախի հերոսի կոչումից, Արմեն Ռուստամյանն ասաց, որ մարդիկ ինչ կատարել են անցյալում, դրանց գնահատականը պետք է ստանան անցյալում, ինչ կատարում են ներկայում, գնահատականը պետք է ստանան ներկայում։ «Ամեն ինչ չպետք է խառնել իրար, մենք էլի ունեցել ենք ազգային հերոսներ, որ դժբախտաբար այս կամ այն պատճառներով հայտնվել են ճաղերի հետեւում։ Մենք, իհարկե, պետք է իրերն իրենց անուններով կոչենք, ամեն մարդ պետք է իմանա, որ իր արածների համար պատասխան է տալու, լավ գործի համար՝ խրախուսվելու, եւ ամեն ինչ իր նպատակին ծառայի»,–ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Մանվել Գրիգորյանը զրկվի Արցախի հերոսի կոչումից, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ նման որոշում կայացնելու իրավասությունը դատարանինն է։
«ՀՀ գործող քրեական օրենսգրքի համաձայն՝ զինվորական եւ այլ հատուկ կոչումներից զրկելը հանդիսանում է որպես լրացուցիչ պատժատեսակ, որը թողնված է դատարանի հայեցողությանը այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ծանր եւ առանձնակի ծանր հանցագործություններին։ Հարգելով անմեղության կանխավարկածը, միեւնույնն է, այստեղ կա հանցագործություն, որը չի կարող համարվել թեթեւ կամ միջին ծանրության, այսինքն՝ իսկապես կա ծանր կամ առանձնապես ծանր հանացագործություն, հետեւաբար, դատարանը լիարժեք իրավասու է կիրառել այդ պատժատեսակը»,–եզրափակեց Գեւորգ Պետրոսյանը։
Լ. Ա.

19-06-2018





18-07-2018
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն
Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ցանկացած մարդ, ...


18-07-2018
Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի աշխարհի քարտեզի վրա
Այս նպատակադրմամբ է ստանձնել իր պարտականությունները քաղավիացիայի կոմիտեի ...


18-07-2018
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ
ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ ...


18-07-2018
Կարեւորը ստեղծագործական մթնոլորտն է
Այս կարծիքին են Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների ...


18-07-2018
Փոփոխությունների մեծ սպասումներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» ...


18-07-2018
Նախագահը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է երեկ քննարկել ...


18-07-2018
Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում երեկ երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ...



18-07-2018
Փառատոն Հաթերքում
Այն կնպաստի էկոտուրիզմի ...

18-07-2018
Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի ...

18-07-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ—ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...

18-07-2018
Գտնել իրավական հիմքը
Վերանայել պայմանագրերը եւ բոլորը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO