Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի կանխարգելման նոր ռազմավարություն

Ծրագիր, որն ուղղված է արդյունավետ հակազդման ապահովմանը

«ՀՀ»–ն նախորդ տարի եւս նույն ժամանակաշրջանում անդրադարձել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի կանխարգելման խնդրին ու այս ուղղությամբ տարվող պետական ռազմավարական ծրագրին։
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի հիմնախնդիրը Հայաստանում ավելի շատ մշակութային, սոցիալական եւ իրավական հարթությունում է, քան առողջապահական։ Ներկայումս Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող անձինք ստանում են արդյունավետ բուժում, երկրում գործում է մասնագիտացված բժշկական կենտրոն, որի արդյունավետությունը փորձագետները բավականին բարձր են գնահատում։
Եթե տարիներ առաջ ՄԻԱՎ—ը փոխանցվում էր հիմնականում թմրադեղերի օգտագործման միջոցով, ներկայումս ամենատարածվածը սեռական ճանապարհն է։ Ընդ որում, ՁԻԱՀ/ՄԻԱՎ վարակակիրների 80 տոկոսը Հայաստանից սեզոնային աշխատանքի մեկնող միգրանտներն են եւ նրանց կանայք։ Հայաստանում բավականին բարձր է տղամարդկանց սեզոնային արտագնա աշխատանքի ցուցանիշը։ Արտագնացությունը, փաստորեն, մի կողմից ապահովում է ընտանիքի եկամուտը, մյուս կողմից՝ բազմաթիվ հիմնախնդիրների, այդ թվում նաեւ սեռավարակների ռիսկ է պարունակում։
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի բուժման ոլորտը բավականին կանոնակարգված եւ լավ կազմակերպված է։ Ի տարբերություն Հայաստանի ընդհանուր բժշկական մշակույթի՝ այս ոլորտում կան ախտորոշման եւ բուժման ուղեցույցներ, որոնք կազմված են բազմաթիվ հետազոտությունների հիման վրա։ Ուստի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի բուժումը Հայաստանում բավականին արդյունավետ է իրականացվում։
Անցած տարի ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2017—2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի կանխարգելման պետական նպատակային ծրագրին, որի ռազմավարությունը համահունչ է ոլորտին առնչվող ազգային եւ միջազգային ռազմավարական ծրագրերին ու հռչակագրերին։ ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են համաձայն այդ ծրագրի, որի հիմնական նպատակը ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ին արդյունավետ հակազդման ապահովումն ու մինչեւ 2030թ. ՁԻԱՀ—ի համաճարակի վերացմանը հասնելու նախադրյալների ստեղծումն է։
Ծրագիրը ենթադրում է ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի նվազեցում, մորից երեխային ՄԻԱՎ—ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանում, ՄԻԱՎ վարակով պայմանավորված մահացության, ՄԻԱՎ—ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի ու խտրականության նվազեցում։ Այս մշակութային մթնոլորտը հանգեցնում է նրան, որ հնարավոր վարակակիրները խուսափում են ախտորոշումից, որոշ դեպքերում՝ նաեւ բուժումից։ Այս հարցերում հատկապես կանանց խոցելիությունը մեծացնում է չախտորոշվողների թիվը նրանց շրջանում։
ԱՆ ՁԻԱՀ—ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը ներկայացրեց 2017—2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի կանխարգելման պետական նպատակային ծրագիրը, ուղղություններն ու թիրախները։
Ծրագրի շրջանակում իրականացվում են ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումներ ՄԻԱՎ—ի նկատմամբ բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների եւ նրանց զուգընկերների, քրեակատարողական հիմնարկներում գտնվողների շրջանում, ինչպես նաեւ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ երիտասարդության շրջանում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին առաջարկների հիման վրա 2017թ. մշակվել եւ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության, լաբորատոր ախտորոշման, բուժման եւ կանխարգելման, համաճարակաբանական հսկողության ուղեցույցներն ու դրանց առնչվող մի շարք ընթացակարգեր։ Երկրում 2017թ—ից փաստացի ներդրվել է «բուժել բոլորին» ռազմավարությունը, ըստ որի ՄԻԱՎ վարակ ախտորոշումից հետո բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում։
Այդ բուժման շնորհիվ այսօր ՄԻԱՎ վարակը համարվում է երկարատեւ ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն եւ այլեւս չի նշվում ՄԻԱՎ վարակով պացիենտի կյանքի վերին սահման, այսինքն՝ ՄԻԱՎ—ով ապրող մարդը, ժամանակին բուժում սկսելով եւ պարտաճանաչորեն այն շարունակելով, կարող է ապրել այնքան, որքան կապրեր առանց ՄԻԱՎ վարակի։
Ավելին, ՀՌՎ բուժումն ունի նաեւ անմիջական կանխարգելիչ նշանակություն, այն զգալիորեն նվազեցնում է վարակված մորից երեխային վիրուսի փոխանցման հավանականությունը՝ հնարավորություն տալով ՄԻԱՎ վարակով կնոջն ունենալու ՄԻԱՎ—ից զերծ երեխա։
Դեռ 2016թ. ԱՀԿ—ի կողմից վավերացվել է Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ—ի փոխանցման վերացումը եւ երկրին տրվել է համապատասխան հավաստագիր, ի դեպ՝ չորրորդն աշխարհում եւ առաջիններից մեկը եվրոպական տարածաշրջանում։ Հայաստանի միջազգային ճանաչման արժանացած այս ձեռքբերումը կարեւոր քայլ է ՄԱԿ—ի կայուն զարգացման նպատակներին հասնելու եւ ՄԻԱՎ—ից զերծ սերունդ ունենալու ճանապարհին։
«Սակայն այն նաեւ պարտավորեցնող է երկրի այդ կարգավիճակը պահպանելուն ուղղված ջանքերի առումով»,–նշեց Սամվել Գրիգորյանը՝ հավելելով, որ անցած տարվա ընթացքում հետեւողականորեն իրականացվել են աշխատանքներ այդ ուղղությամբ։ Մասնավորապես ներդրվել է շատ վտանգի ենթակա խմբերի ներկայացուցիչների, այդ խմբերին պատկանող զուգընկերներ ունեցող հղի կանանց, նաեւ այն հղիների համար, որոնց զուգընկերներն ունեն ՄԻԱՎ վարակ ախտորոշում։ ԱՀԿ—ն 2017թ. եւ ընթացիկ տարում վերահաստատել է մորից երեխային ՄԻԱՎ—ի փոխանցումը վերացրած մեր երկրի կարգավիճակը։
2017թ. մշակվել է «ՄԻԱՎ վարակ» առցանց դասընթացը բուժաշխատողների համար։ Փորձարկման փուլի ավարտից հետո այն կինտեգրվի շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգում։
Ի դեպ, ՄԱԿ—ի 2017թ. պետական ծառայության մրցույթում «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն եւ գերազանց որակ» անվանակարգում ՁԻԱՀ—ի կենտրոնը հաղթող է ճանաչվել եւ զբաղեցրել առաջին տեղը՝ արժանանալով հավաստագրի պետական ծառայության տրամադրման գործում նորարարության եւ գերազանց որակի միջոցով կայուն զարգացման 2030թ. օրակարգի իրականացմանն աջակցելու համար։
Որոնք են լինելու առաջիկա տարիներին ՁԻԱՀ—ի կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, Սամվել Գրիգորյանն ասաց, որ ՁԻԱՀ—ի կենտրոնի գործունեության միջնաժամկետ հիմնական նպատակը ՄԱԿ—ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի միացյալ ծրագրի կողմից սահմանված եւ պետական նպատակային ծրագրում արտացոլված «90—90—90» թիրախներին երկրի հասնելուն նպաստելն է, ինչը նշանակում է, որ մինչեւ 2020թ. ՄԻԱՎ—ով ապրող մարդկանց 90 տոկոսը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, ստանա ախտորոշում, նրանց 90 տոկոսին պետք է տրամադրվի ՀՌՎ բուժում, իսկ այդ բուժումն ստացողների 90 տոկոսի շրջանում պետք է արձանագրվի վիրուսի չհայտնաբերվող մակարդակ։
«Առանցքային խոչընդոտ թերեւս կարող է լինել միգրացիայի գործոնով պայմանավորված վարակումը, որի ուղղությամբ շարունակելու են իրականացվել հետեւողական քայլեր։ Հայաստանը որդեգրել է ՄԱԿ—ի՝ ՁԻԱՀ—ը հաղթահարելու հավակնոտ նպատակներին հասնելու մոտեցումները։ Ամբողջ աշխարհում, տարածաշրջանի երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում ՄԻԱՎ—ով ապրող մարդկանց կողմից իրենց կարգավիճակի մասին տեղեկացվածության աճն ու ախտորոշման բարելավումը ոլորտի կարեւորագույն խնդիրներից են։ Մեր երկրում հետեւողական քայլեր են իրականացվում հնարավորինս շատ մարդկանց համար ապահովելու ՄԻԱՎ—ի վերաբերյալ հետազոտություն անցնելու եւ իրենց կարգավիճակն իմանալու հնարավորությունը։ Այս առումով առկա են զգալի ձեռքբերումներ»,–նշեց կենտրոնի տնօրենը։
ՁԻԱՀ—ի կենտրոնի կողմից տրամադրվող ծառայությունների շահառուներ են ՀՀ ամբողջ բնակչությունը, անկախ տարիքից, սեռից, այդ թվում՝ բոլոր հղի կանայք, ՄԻԱՎ—ի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչները, ՄԻԱՎ վարակով պացիենտները ՀՀ—ում եւ Արցախի Հանրապետությունում։
Մասնավորապես հղիների, տուբերկուլոզով պացիենտների ավելի քան 95 տոկոսը ՄԻԱՎ հետազոտություն են անցնում։ Շնորհիվ «ՄԻԱՎ վարակ» դասընթացի իրականացման մեծացել են բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ—ի վերաբերյալ հետազոտության ծավալները, եւ բարելավվել է հիվանդության հայտնաբերումը, հանրապետության բազմաթիվ գյուղական եւ քաղաքային համայնքներում բնակչության ամենախոցելի խմբում՝ միգրանտների, նաեւ նրանց ընտանիքի անդամների շրջանում ներդրվել եւ ՁԻԱՀ—ի կենտրոնի կողմից իրականացվում են ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրեր, որոնց շրջանակում համայնքային ամբուլատորիաներում եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված երկու շարժական կլինիկաներում տրամադրվում է նաեւ ՄԻԱՎ—ի վերաբերյալ հետազոտություն՝ որպես ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի բաղադրիչ։ Դրա շնորհիվ էապես մեծացել են նշված խմբին ՄԻԱՎ—ի վերաբերյալ հետազոտության հասանելիությունն ու դիմելիությունը։ Այս ամենի ադյունքում ոչ միայն էապես աճել է հետազոտվողների թիվը, բարելավվել են ՄԻԱՎ վարակի հայտնաբերումն ու ախտորոշումը, այլեւ ընդլայնվել է բուժման ծածկույթը՝ նպաստելով հիվանդության կանխարգելմանը։
«ՁԻԱՀ—ի կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարության առաջնորդությամբ շարունակելու է հետեւողականորեն ջանքեր գործադրել նպաստելու մինչեւ 2030 թվականը ՄԱԿ—ի կայուն զարգացման նապատակներին հասնելուն եւ ՁԻԱՀ—ի համաճարակին վերջ դնելուն, ինչի համար Հայաստանում առկա են բոլոր նախադրյալները»,–վստահեցրեց Ս. Գրիգորյանը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

27-06-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO