Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Վավերագրվում են անցյալն ու ներկան

Պատմական փաստերը թույլ չեն տալիս վերջակետ դնել

Հայ ժողովրդի պատմության մասին 8—հատորյա այն աշխատությունը, որը լույս տեսավ խորհրդային տարիներին, ինչպես բազմիցս նշել են պատմաբանները, գրի է առնված ժամանակաշրջանի գաղափարախոսության դիրքերից եւ կրում է խորհրդային իշխանության կնիքը։ Անկախացած Հայաստանում այս հանգամանքը նոր ակադեմիական հատորյակների վրա աշխատելու խնդիր առաջ բերեց, որը պետության պատվերով հանձն առավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։
Ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը «ՀՀ»—ի հետ զրույցում խոսելով «Հայոց պատմություն» նոր բազմահատորյակի կարեւորության, բովանդակության, պատմական փաստերի, իրադարձությունների եւ տեխնիկական առանձնահատկությունների մասին՝ ասաց, որ անկախության շրջանում երկրի առջեւ նոր խնդիրներ էին դրված, ուստի բնական էր, որ պետությունը, հաշվի առնելով պատմության ճշգրիտ, անաչառ շարադրանքի նշանակությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ ձեռնամուխ եղավ հրատարակման գործին։ Հատորների վրա սկսեցին աշխատել ոչ միայն պատմության ինստիտուտի աշխատակիցները, այլ նաեւ տարբեր գիտահետազոտական կենտրոնների եւ համալսարանների մասնագետներ։ Որոշվեց հրատարակել 4 հատոր, հատորներից յուրաքանչյուրը երկուական գրքով, ըստ դարաշրջանային բաժանման։ Առաջին հատորը՝ երկու գրքով՝ հին դարեր, երկրորդը՝ միջին դարեր, երրորդը՝ նոր դարաշրջան եւ չորրորդը՝ նորագույն շրջան։
Մելքոնյանի խոսքերով, մասնագետները զուգահեռաբար են աշխատում բոլոր հատորների վրա։ Ըստ ժամանակագրության գրքերը հանրության դատին հանձնելը անհնար է եղել, քանի որ փաստերի վերաբերյալ եղել են վեճեր, հայեցակարգային մոտեցումներ։ Այն նյութերը, որոնք նոր ժամանակներին համահունչ «քաղաքացիություն» են ստացել, լույս են տեսել։ Բագրատունիների թագավորության հաստատումից՝ 885թ. սկսած մինչեւ 1991 թվականը, նյութը ժամանակագրորեն ամբողջապես պատրաստ է եւ լույս է տեսել 5 գրքով։ Պատմաբանի տեղեկացմամբ՝ հնագույն դարաշրջանի եւ հատկապես Ուրարտուի պատմությանն առնչվող որոշ հարցեր դեռեւս մնում են բաց. «Գիտահետազոտական ինստիտուտների կողմից մոտեցումների տարբերություններ կային։ Տարակարծությունները բարեբախտաբար կամաց—կամաց վերանում են, եւ մենք գալիս ենք գիտական հողի վրա ընդհանուր հայտարարի։ Վաղ շրջանի պատմությունը գրի առնելիս՝ լրջագույն ուսումնասիրություններ կատարելու համար հնագետները ժամանակ էին պահանջում։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ մի քանի հազարամյակներով՝ հայոց պատմության վաղագույն շրջանը մղվում է դեպի դարերի խորքը։ Հնագիտական նոր հայտնաբերումները հուշեցին, որ այս տարածաշրջանը մարդագոյացման շրջաններից մեկն է»։ Հայկական լեռնաշխարհը հացահատիկի, գինեգործության, խաղողագործության հնագույն տարածաշրջաններից է։ Արենիի հայտնի կոշիկը, որը մեծ աղմուկ բարձրացրեց, ավելի քան 5500 տարվա պատմություն ունի։ Պատմաբանի խոսքերով, սրանք ուղղակի սենսացիոն նորություններ էին, որոնք ստիպել են առաջին հատորի հարցում մի փոքր դանդաղել։ «Նորանոր հայտնաբերումներ են լինում։ Հնագիտական նյութը թույլ չի տալիս վերջակետ դնելու։ Առաջին հատորի առաջին գիրքը, մոտ 400 էջի սահմաններում, պիտի գրեն հնագիտության ինստիտուտի մասնագետները»,—հայտնեց պատմության ինստիտուտի տնօրենը։

Այն, ինչ չի ասվել ժամանակի մեջ

Բազմահատորյակում նոր ուսումնասիրություն է առօրեականության թեման, որը ենթադրում է դեպքերի գիտական վերլուծությունը ճիշտ այնպես, ինչպես տեղի է ունեցել տվյալ դարաշրջանում։
Մելքոնյանի գնահատմամբ, այս ուղղությունը մեզանում թույլ է զարգացած։ Օրինակ է բերում հայ ազգային կուսակցությունների եւ երիտթուրքերի համագործակցության մասին պատմական վերլուծությունները։ Գտնում է, որ պատմականության սկզբունքի կոպտագույն սխալ է այն տարածված տեսակետը, թե պետք է փնովել մեր կուսակցություններին նրանց հետ համագործակցելու համար. «1907—1908թթ. որեւէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, թե 1915թ. իշխանության եկած երիտթուրքերը ինչպես կվարվեին հայերի հետ։ Այս հարցերին փորձել ենք տալ անաչառ գիտական բացատրություն»։ Ավանդական սխալ տեսակետ է համարում նաեւ Վասակ Սյունուն դավաճան կոչելու հանգամանքը. «Եղիշեի կաղապարված մոտեցումով նրան  դավաճան համարելը իհարկե սխալ է։ Նման գնահատական այլեւս չկա։ Շատ ավելի մեղմ բնորոշում է տրված։ Լինելով ապստամբության ղեկավարը, նա պետք է փորձեր դիվանագիտություն բանեցնել»։ Արմատապես վերանայվել է նաեւ այն թյուր կարծիքը, թե դարեր շարունակ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել. «Պետականություն չի նշանակում ամբողջ հայկական լեռնաշխարհ՝ մեկ ընդհանուր պետության կազմում։ Բագրատունիների շրջանում մի քանի թագավորություններ ունեինք։ Հետո եկան իշխանություններ, մելիքություններ, սղնախներ, իշխանապետություններ, որոնք պետականության հստակ դրսեւորումներ էին եւ գալիս են փաստելու, որ այն գոյություն է ունեցել գրեթե բոլոր դարաշրջաններում»։
Անգամ խորհրդային տարիներին պետք էր հավուր պատշաճի ներկայացնել մեր նախորդ սերունդների կատարած հայրենաշեն աշխատանքը, իսկ դա գաղափարական կապանքների պայմաններում պարզապես անհնար էր դառնում, նկատում է պատմաբանը։
Համահայկական նշանակության բազմաթիվ փաստեր ու թեմաներ կաղապարի մեջ են մատուցվել։ «Ամբողջությամբ խեղաթյուրված էին ներկայացված ֆիդայական, կամավորական, ազգային ազատագրական շարժումները, հայ ազգային քաղաքական կուսակցությունների գնահատականները։ Ոչինչ չէր խոսվում Հայոց ցեղասպանության մասին, մեր պահանջատիրության, հայրենազրկման մասին։ 1918–1920 թթ. առաջին հանրապետության պատմությունը աղճատված էր ծայրից ծայր, անգամ հանրապետության անունն էր փոխված։ «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական 6—րդ հատորում գրված էր Հայաստանի բուրժուական հանրապետություն, այն դեպքում, երբ այդ հանրապետությունը լցված էր գաղթականներով ու որբերով։ Սովետական դարաշրջանի գովքով ողողված հայոց պատմությունը ամբողջապես աղավաղված էր»,–ասաց Աշոտ Մելքոնյանը։
Նոր թեմատիկա է նաեւ պատմական ժողովրդագրությունը կամ դեմոգրաֆիան, որը հանգամանորեն տալիս է տվյալ դարաշրջանի ժողովրդագրական պատկերը. բնակչության տեղաբաշխում, ազգային կազմ, սոցիալ—տնտեսական ու քաղաքական տեղաշարժերի դրդապատճառներ, ռուս—թուրքական եւ ռուս—պարսկական պատերազմների հետեւանքներով առաջացած բնակչության զանգվածային տեղաշարժեր եւ այլն։ «Ինչպես եղավ, որ հայկական լեռնաշխարհը միատարր, էթնիկ նկարագիր ունենալուց հետո հանկարծ դարձավ խայտաբղետ։ Հայտնվեցին քրդեր, թուրքեր։ Տեղի ունեցավ իսլամացման գործընթաց։ Այս ամբողջի պատասխանը տալիս է պատմական ժողովրդագրություն բաժինը, որի հավաքագրման համար անհրաժեշտ է եղել արխիվային հսկայական նյութերի ուսումնասիրություն։ Հատկապես առաջին հանրապետությանը վերաբերող՝ 198, 199 եւ 200 արխիվային ֆոնդերը, որոնք ներքին եւ արտաքին գործերի նախարարությունների ֆոնդերն են, փակ են եղել։ Բացվեցին եւ մեջտեղ եկան նոր փաստեր։ Ուսումնասիրվել են նաեւ Եվրոպայի եւ Ռուսաստանի բազմաթիվ արխիվներ»,–մանրամասնեց Մելքոնյանը։

Ինչի մասին չէին խոսում խորհրդային տարիներին

Պատմության ինստիտուտի տնօրենն ասում է, որ խորհրդային տարիներին անհնար էր անգամ խոսել քեմալա—բոլշեւիկյան այլանդակ համագործակցության մասին, որի արդյունքում կործանվեց Հայաստանի առաջին հանրապետությունը. «Հիմա բացեք չորորդ հատորի առաջին գիրքը, հատ առ հատ ներկայացված է, թե բոլշեւիկները ինչ քաղաքականություն էին վարում հայերի նկատմամբ։ Հայաստանը մեկուսացված էր։ Նախապատվությունը տրվում էր Ադրբեջանին եւ Վրաստանին։ Վրաց—ադրբեջանական գործակցություն կար ընդդեմ Հայաստանի՝ ե՛ւ անկախության, ե՛ւ հետանկախության շրջանում։ Հայ բոլշեւիկների հակահայ կեղտոտ հայտարարությունների մասին կան նյութեր, որոնցում ասվում է, որ նրանց համար սոցիալիզմը շատ ավելի նախընտրելի էր, քան հայ ժողովրդի շահերը։ Օրինակ՝ Գեւորգ Աթարբեկյանը ասում է, որ ինքը լինելով Հյուսիսային Կովկասում չեկայի նախագահ, գնդակահարել է 16 հազար մարդու եւ հանուն համաշխարհային հեղափոխության պատրաստ է ամբողջ հայ ժողովրդին գնդակահարել։ Ըստ նրա՝ հայերը պետք է պատրաստ լինեին հանուն սոցիալիզմի զոհել իրենց ազգային շահերը։ Այս մասին խորհրդային տարիներին հնարավոր չի եղել գրել»։
Բավական երկար ժամանակ բանավեճեր են ընթացել, թե նորագույն դարաշրջանի պատմությունը մինչեւ որ թվականը պետք է շարադրել։ «Կային տեսակետներ, թե պետք է գրել մինչեւ մեր օրերը։ Սակայն գիտական խորհրդի երկար քննարկումներից հետո եկել էինք այն եզրահանգման, որ երրորդ հանրապետության պատմությունն անաչառ գրել հնարավոր չէր լինի։ Ինչպես կարելի էր ներկայացնել, օրինակ, ընտրությունների կեղծման ամբողջ գործընթացը։ Եթե գրում ես ակադեմիական մակարդակով, ապա կաշկանդվում ես ասել, որ 1996 թվականից հետո ընտրված բոլոր պաշտոնյաները լեգիտիմ չէին։
Գնահատական տալը շատ դժվար էր։ Դժվար էր խոսել նաեւ 1999, 2008 թթ. հայտնի դեպքերից։ Դրա համար դադարեցրինք հատորի շարադրանքը, այն հասցնելով մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21—ը։ Այսօր արդեն կարող ենք գրել պատմությունը՝ այն ներկայացնելով առանց ենթատեքստերի եւ աղավաղումների, որի շարադրման համար նորագույն շրջանի պատմության երկու գրքերին կավելանա եւս մեկը»,–հավելեց պատմության ինստիտուտի տնօրենը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

30-06-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO