Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ

Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ

Արարատյան դաշտավայրում արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի նվազումը հանգեցրել է ոռոգման լուրջ խնդիրների։
Արմավիրի մարզ այցի ընթացքում ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը լրագրողներին ասաց, որ Արմավիրի տարածաշրջանի Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն եւ Վարդանաշեն համայնքների շուրջ 1500 հա հողատարածքների ոռոգումը խիստ վտանգված է եւ հրատապ խնդիր է հորատել 12 եւ վերականգնել եւս 12 խորքային հորեր։
«Հինգ համայնքներում առկա խնդիրները լուծելու համար արդեն իսկ արվել է առաջին քայլը, դիմել ենք կառավարություն՝ 12 խորքային հորերի վերականգնման եւ 12 նոր խորքային հորերի կառուցման համար։ Այս կերպ կլուծվի հարակից 5 համայնքների 1500 հա հողատարածության ոռոգման հարցը»,–ասաց Ի. Գաբայանը։ Իսկ հեռակա խնդիրներից ջրկոմի նախագահն առանձնացրեց Սեւջուր գետի մակարդակի բարձրացումը եւ բնական տեսքին վերադարձնելը, որպեսզի գետից ոռոգման նպատակով ջրի օգտագործումը շարունակվի։
12 նոր խորքային հորերի ստեղծման եւ 12 հորերի վերականգնման համար նախագծային փաստաթղթերն առկա են, հայտարարվել է մրցույթ, շահող կազմակերպությունները հայտնի են, պահանջվող 665.8 մլն դրամ միջոցների բացակայության պատճառով աշխատանքներն առայժմ չեն իրականացվում։
Գյուղացիներն ահազանգում են՝ տարիներ շարունակ մրգեր եւ բանջարեղեն աճեցնելու համար ոռոգումը իրականացնում են կոյուղաջրերով։ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանն ասաց, որ 1998 թվականին համայնքում տարածված խոլերա հիվանդությունը շատ հավանական է, որ այսօր նորից տարածվի։
«Արմավիրի մարզի ամբողջ կոյուղին լցվում է Սեւջուր, անցնում է պոմպակայան եւ այնտեղից մղվում է դեպի դաշտերը։ Դա անթույլատրելի է։ Ամեն վայրկյան կարող է խոլերա սկսվել»,–ասաց համայնքապետը։ Նա խոստովանեց նաեւ, որ շուկայում գյուղացիները չեն ասում, որ արտադրանքը Զարթոնքից է, քանի որ իրենց ունեցած մի քանի հեկտար տարածքում հողագործությունը եւ դրանից ստացված բերքը իրենց ապրուստի միակ միջոցն է։
Կոյուղաջրերով ոռոգվող հողատարածքների մասին ահազանգ ստանալուց հետո պարզաբանում ստանալու համար դիմեցինք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ «Ոռոգման ջրի խնդիրը ամբողջ երկրում կա։ Մթերքի մանրէաբանական հետազոտություն, ըստ ստանդարտների, չի պահանջվում։ Բուսական համակարգը այնպես է ստեղծված, որ արմատների միջոցով ֆիլտրում է, եւ այդ մանրէաբանական աղտոտվածությունը կարող է հենց պտղին չհասնել։ Մթերքի մասով այս պահին խնդիր չունենք։ Բուսական ծագման մթերքի մեջ մանրէաբանական հետազոտության ցուցանիշներ որպես այդպիսին չկան։ Յուրաքանչյուր մթերք ունի անվտանգության իր ցուցանիշները»,–մեզ հետ զրույցում ասաց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Ջրային կոմիտեի ջրօգտագործող ընկերություններին աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը պատմում է, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը դեռեւս 1984 թվականից օգտագործվել են 34.7 խմ/վրկ ելքով։ Այդ ժամանակ գործող իրավասու պետական մարմնի՝ պաշարների պահպանման հանձնաժողովի կողմից 34.7 խմ/վրկ—ը սահմանվել է որպես օգտագործման թույլատրելի միջին տարեկան ջրաքանակ, որի արդյունքում պահպանվում էր ջրային ռեսուրսների հաշվեկշիռը։ Սակայն վերջին 15 տարում հարթավայրում հորատանցքերով ջրառը կազմել է շուրջ 55 խմ/վրկ, որը թույլատրելի միջին ջրաքանակը գերազանցել է մոտ 21 խմ/վրկ—ով։
«Վերջին 2—3 տարիներին Սեւջուր գետը ընդհանրապես գոյություն չունի։ Նախկինում Արեւշատի եւ Ռանչպարի պոմպակայանների միջոցով Սեւջուր գետի ջրերը Ստորին—Հրազդանի ջրանցք է մղվել տարեկան 90 մլն խմ։ Այդ ժամանակ ոռոգման համար Սեւանա լճից օգտագործվել է ընդամենը 8 մլն խմ ջուր։ Այսօր այդ նույն համակարգի համար Սեւանից օգտագործվում է 80 մլն խմ ջուր։ Այսինքն՝ ստեղծվել է ամբողջապես հակառակ պատկերը»,–ասաց Կարեն Դադոյանը։
Ձկնաբուծական տնտեսությունների թույլատրելի ջրառը չպետք է գերազանցեր 12 խմ/վրկ, այնինչ ջրառը սահմանվածից 23 խմ/վրկ—ով ավելին է։ Վերջին 15 տարում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրերի անխնա օգտագործման հետեւանքով Սեւջուր գետի հոսքը ներկայումս կազմում է առավելագույնը 0.5 խմ/վրկ, այն դեպքում, երբ 1991—1992թթ. այն կազմել է 20—22 խմ/վրկ եւ մինչեւ 2004թ.՝ 8—10 խմ/վրկ։
«Եթե մեզ մոտ Սեւջուրը լիներ, մենք երբեք Սեւանին չէինք դիմի եւ հավելյալ ջուր չէինք ուզի։ Եթե ձկնաբուծական տնտեսությունները նույն տեմպով շարունակեն ջրի օգտագործումը եւ Սեւջուրի հարցը այդպես էլ չլուծվի, ապա մենք եղածն էլ կկորցնենք»,–ասաց Դադոյանը։
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, ի պատասխան ոռոգման ջրի խնդրի վերաբերյալ մեր հարցին, ասաց, որ խնդիրը նոր չէ եւ այն առաջացել է տարիների ընթացքում։ «Կոյուղաջրերը հիմա մուտք են գործում Սեւջուր փոքր ջրի ծավալի պայմաններում եւ առաջացնում են շատ լուրջ խնդիրներ։ Գարշահոտությունից զատ՝ այդ կոյուղաջրերում բույսերի համար վնասակար միացություններ են պարունակում։ Բացի այդ, անընդունելի վիճակ է նաեւ հիգիենայի տեսանկյունից։ Իրավիճակը լուծելու համար պետք է հրատապ եւ խիստ լուծումներ ձեռնարկել։ Այս խնդիրը միանգամից չի ծագել, եւ Սեւջուրի մակարդակը նոր չի, որ իջել է. դա տարիների պատմություն ունի։ Աստիճանաբար իջել է ջրի մակարդակը, վատթարացել է այդ համայնքների ջրամատակարարումը եւ այլն։ Այդ ժամանակ պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկեին։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ մարդիկ հայտնվել են ծանր իրավիճակում։ Հրատապ միջոցներ պետք է ձեռնարկել խորքային հորերի միջոցով։ Պետք է ձեռնպահ մնալ նման ջրերով ոռոգում իրականացնելուց»,–ասաց փոխնախարարը։
Ըստ փոխնախարարի՝ տվյալ հատվածում ոռոգման ջրի խնդիրը ամենայն հավանականությամբ ձկնաբուծական տնտեսություններում գրունտային ջրերի անսիստեմ եւ չհաշվարկված օգտագործման արդյունքն է։ Արմավիրի, Էջմիածնի, Արտաշատի եւ Մասիսի տարածքներում, որտեղ խոշոր ձկնաբուծարաններ են գործում եւ մեծ քանակությամբ ջուր են օգտագործում, գրունտային ջրերի մակարդակը խիստ իջել է եւ բավականին լարված իրավիճակ է ստեղծվել։
«Նոր հորերի ստեղծումը եւ հների վերականգնումը պետք է ճիշտ հաշվարկների վրա հիմնված լինեն՝ որքա՞ն ցանքատարածքներում է կատարվում, որքա՞ն է ջրի պահանջը եւ այլն։ Այս հաշվարկի եւ հիմնավորումների հիման վրա պետք է որոշել, թե որ հատվածներում պետք է խորքային հորեր հորատել եւ ինչպիսի տարողունակություն պետք է ունենա, որպեսզի հնարավոր լինի այդ տարածքում ապահովել կայուն ջրամատակարարում, եւ գյուղացին ցանկացած պահի կարողանա օգտվել ոռոգման ջրի հնարավորությունից»,–կարեւորեց փոխնախարարը։
Միլենա ՄԿՐՏՉՅԱՆ

01-08-2018





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO