Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.08.2018
ԼՂՀ


Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր

Լավագույն ավանդույթները վերականգնելու բոլոր նախադրյալները կան

Գրահրատարակչական գործը Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաք Շուշիում հիմք է դրվել հայ գրատպության սկզբնավորումից (Վենետիկ, 1512 թ.) ուղիղ 316 տարի հետո՝ 1828 թ.։
Այստեղ լույս տեսած առաջին գիրքը Հարություն Ջուղայեցի Դավթյանի «Պատմություն Սուրբ Գրոցն» է (1828), իսկ անդրանիկ պարբերականը՝ 1874 թ. հրատարակված «Հայկական աշխարհը»։ Շուշիում են տպագրվել նաեւ գիտակրթական գործի եւ ընթերցանության զարգացման համար հայ եւ օտարազգի հեղինակների գեղարվեստական գործեր, բառարաններ, ուսումնական ձեռնարկներ, հայագիտական բնույթի աշխատություններ։ Այդ թվում՝ Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» (1837), Եփրեմ Ասորու «Գիրք Աղօթիցը» (1838), Րաֆֆու «Խենթը» (1881), Գոգոլի «Տարաս Բուլբան» (1886) եւ այլն՝ անփոխարինելի տեղ զբաղեցնելով գրադարանային—մատենագիտական աղբյուրներում։ Շուշիի մասին գրվել ու հրատարակվել են հարյուրավոր բազմալեզու գրքեր ու հոդվածներ, որոնց անդրադառնալը սույն հոդվածի սահմաններում պարզապես անհնար է։
Սակայն պետք է նշել, որ Շուշիի պատմական դերը ընդհանուր մշակույթի եւ քաղաքակրթության զարգացման մեջ մեծ գնահատականի արժանացավ Երեւանում (2010 թ.) եւ Շուշիում (2012 թ.) կայացած հայ տպագրության 500—ամյակին նվիրված գիտաժողովներում, Հայաստանում, Արցախում եւ հայկական սփյուռքում լույս տեսած նորագույն ժամանակաշրջանի արժեքավոր հրապարակումներում։
2018 թվականին լրացավ Շուշիի գրատպության 190—ամյակը։ Պատմամշակութային այս կարեւոր իրադարձությունը նշելու նպատակով օրերս Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ԱՀ ժուռնալիստների միության (ԺՄ) դահլիճում, տեղի ունեցավ ԺՄ եւ Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնի համատեղ միջոցառումը՝ նվիրված այդ հիշարժան տարեթվին։ Կլոր սեղանին մասնակցում էին գիտության, կրթության, մշակույթի եւ լրատվական ոլորտի ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ ԱՀ ԺՄ նախագահ, գրող, լրագրող Կիմ Գաբրիելյանը՝ կարեւորելով ու նորովի գնահատելով Շուշիի դերը տպագիր մշակույթի անցյալի, ներկայի եւ ապագայի զարգացումներում։
Այնուհետեւ զեկուցումներով հանդես եկան մանկավարժական գիտությունների դոկտոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ—ի պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը եւ «Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանը։
«Անգնահատելի մեծ է մոտ երկու դար առաջ Շուշիում հիմք դրված գրատպական կենտրոնի դերը հայ գրքի ու պարբերական մամուլի հրատարակման գործում։ Ինձ համար անչափ ուրախալի է ոչ միայն խոսել ու վերաիմաստավորել հայ հասարակական կյանքում եւ առհասարակ Անդրկովկասի պատմության ու մշակույթի զարգացման մեջ Շուշիի առանձնահատուկ տեղի ու դերի մասին, այլ չափազանց կարեւոր է նաեւ առաջարկել Շուշիում ռազմավարական ու մշակութաբանական նշանակություն ունեցող գրատպական գործի վերասկզբնավորումը»,–նշեց Գ. Սուքիասյանը։
Ներկայացնելով Շուշիում գրատպության զարգացման ուղին եւ բերելով տպագրված գրքերի ու պարբերական մամուլի վերաբերյալ տվյալներ, Մ. Հարությունյանը նշեց. «Ներկայումս աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակներում նման հոբելյանական տարեթվին պետք է ուշադրության արժանացնել, մեկ անգամ եւս փաստել, որ հայը մշակութաստեղծ ժողովուրդ է։ Մշակույթի մեջ գրատպությունն ունի ուրույն տեղ եւ այն ժողովրդի ինտելեկտի արտահայտություններից մեկն է, անցյալի ժառանգության փոխանցման լավագույն միջոցը։ Վերասկզբնավորելով տպագրական գործը Շուշիում՝ հիմնելով թեկուզ մի փոքրիկ տպարան, այն իր դերակատարությունը կունենա քաղաքակրթությունների ներկա հակամարտության մեջ»։
Այնուհետեւ ելույթ ունեցավ ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանը։ Բանախոսն ասաց. «Արցախը կարող է մշակույթով ճանաչելի դառնալ աշխարհին, ինչպես որ Գյումրին եւ Շուշին իրենց յուրահատուկ տեղն ունեն հայ քաղաքակրթական մտքի պատմության մեջ։ XIX դարում Շուշիի մշակութային զարգացումը կապված է եղել տնտեսական վերելքի հետ։ Այստեղ է կուտակվել հայկական կապիտալը եւ վերածվել ազգային արժեքների։ Քաղաքում այն ժամանակ ստեղծվում էր քաղաքացիական հասարակություն. շուշեցու համար օպերան անծանոթ չէր եւ հայ մտավորականը նույնիսկ փորձում էր միջնադարյան վարքուբարքով ապրող թրքությանը ներքաշել մշակութային կյանքի մեջ։ Ստեղծվում էր բազմազգ մի քաղաք, որի հիմքը հայկական մշակույթն էր։ Մեր ժամանակներում անչափ կարեւոր է Շուշին աշխարհին ներկայացնելը»։
Պատմաբան, մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Սարգսյանն էլ իր ելույթում հատուկ ուշադրություն հրավիրեց Շուշիում կատարված հնագիտական պեղումների վրա եւ ավելացրեց. «Այստեղ մարդիկ բնակվել են դեռ քարե դարից, եւ այդ բնակավայրը եղել է սրբատեղի։ Շուշին իր մշակույթով եղել է հզոր քաղաք, որտեղ տպագրվել են գրքեր, թերթեր, եւ այստեղ կարելի է նորից գրահրատարակչություն ստեղծել»։
Ելույթ ունեցան նաեւ լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանն ու «Կաճառ» գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Յուլյա Հարությունյանը։ Նրանք տարբեր տեսանկյուններից անդրադարձան եւ վերստին գնահատեցին Շուշիի մշակութային անցյալն ու ներկան, միեւնույն ժամանակ շեշտեցին մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաեւ Շուշիում գրատպական գործի զարգացման ու տպագրիչ—մասնագետների վերաբերյալ հարցերի կարեւորությունը։
Եզրափակելով բովանդակալից եւ ուսանելի նշանակությամբ միջոցառումը՝ Կ. Գաբրիելյանը հոբելյանի առթիվ շնորհավորեց մասնակիցներին եւ ցանկացավ բոլորին աշխատանքային ու ստեղծագործական նոր հաջողություններ։
Գ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ստեփանակերտ—Երեւան

01-08-2018





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO