Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԼՂՀ


Արցախը համազգային արժեք է

Հարցազրույց ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Արցախի Հանրապետությունը սեպտեմբերի 2—ին հերթական անգամ կնշի Անկախության օրը։ Անկախության հռչակումը բախտորոշ նշանակություն ունեցավ արցախահայության համար, քանի որ մինչեւ ատամները զինված ադրբեջանական ելուզակները սկսել էին բնակչությանը կոտորելու ու տեղահանելու իրենց սեւ գործը։ Ինքնակազմակերպվելով եւ դիմակայելով հակառակորդի բազմապատիկ ուժերին՝ արցախցիները մայր Հայաստանի եւ աշխարհի հայության աջակցությամբ կարողացան հաղթել անհավասար պատերազմում։ Այսօր արցախցիները ինքնիշխան, ժողովրդավարական պետություն են կառուցում՝ ունենալով տարածաշրջանի ամենամարտունակ զինված ուժերը՝ պաշտպանության բանակը։ Պետականաշինությանը զուգընթաց՝ շարունակվում են Արցախի անկախության ճանաչման եւ ադրբեջանական կողմի հետ բանակցային գործընթացը ողջամիտ հուն տեղափոխելու գործընթացները։
Անցած ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումների, առաջիկա անելիքների մասին «ՀՀ»—ն զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։
–Պարոն Ղուլյան, վաղն Արցախը կնշի անկախ հանրապետության 27—րդ տարեդարձը։ Ի՞նչ խորհուրդ ու նշանակություն ունի տոնը արցախահայության համար։
–Եթե 1991 թվականին անկախ հանրապետության հռչակումը Արցախի ինքնագոյատեւման կենսական պայման էր, ապա այսօր այն արցախյան նոր սերնդի ինքնության անբաժանելի մասն է։ Մեր կյանքի իրավունքն ապահովելու, պաշտպանությունը պատշաճորեն կազմակերպելու եւ մայր հայրենիքին վերամիավորվելու համար սկսված շարժման հետագա հաջողությունը երաշխավորելու համար մենք գնացինք երկրորդ հայկական հանրապետության հռչակման ճանապարհով՝ պահպանելով միջազգային իրավունքով ամրագրված բոլոր պահանջները։ Անցած 27 տարիների ընթացքում համահայկական ջանքերով մեզ հաջողվել է զարգացնել Արցախը եւ դարձնել այն համազգային արժեք. արժեք, որը բոլորինն է եւ յուրաքանչյուրինը։
–Արցախը դեռեւս չճանաչված երկիր է։ Որքանո՞վ է օգտագործվում խորհրդարանական դիվանագիտության ներուժը Արցախի ճանաչելիությունը մեծացնելու նպատակով։
–Արցախի Հանրապետության այսօրվա կարգավիճակով պայմանավորված՝ մենք դրսի հետ շփումների շատ քիչ հնարավորություններ ունենք։ Խորհրդարանական դիվանագիտությունը թերեւս ամենաարդյունավետ աշխատող մեխանիզմն է, որը հնարավորություն է ընձեռում արտաքին աշխարհին, մասնավորապես քաղաքական—հասարակական շրջանակներին հասանելի դարձնելու Արցախում տիրող իրավիճակը, այս կամ այն հարցերում մեր դիրքորոշումն ու տեսակետները։ Ազգային ժողովում գործում են մի շարք բարեկամական խմբեր Եվրոպական խորհրդարանի, Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի հետ եւ բարեկամության շրջանակներ Լիտվայի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ Բելգիայի ֆրանսախոս համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս ուղղությամբ մեր աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվելու են նաեւ հաջորդ նստաշրջանների ընթացքում։ Այս ամենի հետ մեկտեղ կան նոր նախաձեռնություններ, որոնց իրագործումն իհարկե ժամանակի հարց է։
–Շատ է խոսվում Ադրբեջանի հետ պատերազմական նոր գործողությունների վերսկսման հավանականության մասին։ Ի՞նչ կարծիքի եք։
–Մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ ի դեմս Ադրբեջանի գործ ունենք անկանխատեսելի սուբյեկտի հետ։ Այս հանգամանքը մեզ պարտավորեցնում է չկորցնել զգոնությունը, այդ թվում՝ պատերազմի հանկարծակի վերսկսման հանդեպ։ Ադրբեջանը երբեւէ չի թաքցրել խնդիրը ռազմական եղանակով լուծելու ցանկությունը։ Զինադադարի համաձայնության պարբերական խախտումները, դիվերսիոն ներթափանցման փորձերը եւ սահմանում լարվածությունը նվազեցնելուն ուղղված մեխանիզմների ներդրման բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարումը միայն հաստատում են այդ երկրի վարչախմբի ռեւանշիստական հավակնությունները։ 2016 թվականի ապրիլից հետո մենք ավելի համակողմանի ենք արձագանքում ստեղծված իրավիճակին։ Այս ընթացքում ամրացրել ենք սահմանագիծը, տեխնիկապես վերազինել պաշտպանական դիրքերը։ Սակայն անվտանգության ապահովման գործը միայն մեր պարտավորությունը չէ։
–Իսկ ովքե՞ր են նաեւ պատասխանատվություն կրում դրա համար։
—Եթե խոսում ենք տարածաշրջանի կայունության եւ խաղաղության պահպանման ու պատերազմի կանխման քաղաքական լծակների մասին, ապա դա առաջին հերթին վերաբերում է միջնորդներին՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ անդամ երկրների։
–Որքանո՞վ է իրատեսական բանակցային սեղանի շուրջ Արցախի Հանրապետության վերաներգրավման հավանականությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրության պայմաններում։
–Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում միայն ու միայն բխում է հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման շահերից։ Այս փաստը տարիներ շարունակ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ մատնանշվել է՝ հիմնավորելու համար երկրի իշխանությունների դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների լիարժեք ձեւաչափը վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այն հանգամանքը, որ 1990—ականներին, երբ Արցախը անմիջապես մասնակցում էր բանակցություններին, մենք ունեցել ենք կոնկրետ արդյունքներ զինադադարի հաստատման եւ դրա ռեժիմի ամրապնդման մասին՝ հիմնարար փաստաթղթերի տեսքով, արդեն իսկ հաստատում են այն տեսակետը, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, գործընթացը մշտապես ձգձգվելու է։ Այսօր միջնորդներին չի հաջողվում անգամ ապահովել բանակցությունների վերսկսման անհրաժեշտ պայմանները, իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ ներկա ձեւաչափը չի բավարարում արդյունավետ կարգավորմանը։ Այսքանով հանդերձ, եթե ներկայումս հակամարտության ոչ բոլոր կողմերն են գիտակցում այս պարզ իրողությունը, ապա դա դեռ չի նշանակում, որ հայկական կողմերը պետք է դադարեն շրջանառել Արցախի մասնակցության թեման, քանի որ, ի վերջո, հարցի լուծումը կարող է լինել բացառապես այն դեպքում, եթե վերջինս համապատասխանի Արցախի ժողովրդի ակնկալիքներին։
–Անդրադառնանք ներքին խնդիրներին։ Վերջին շրջանում Արցախի խորհրդարանը հանդես եկավ Հանրային խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ։ Ըստ Ձեզ, ի՞նչ կտա այս նոր կառույցի ձեւավորումը։
–Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարն առաջացավ ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքում, որոնք ցույց տվեցին, որ այսօրվա քաղաքական դաշտը ոչ ամբողջովին է արտացոլում հանրության բոլոր շերտերի հետաքրքրությունները։ Հաշվի առնելով հանրությանը հուզող խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու եւ դրանց համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը՝ իշխանությունների եւ նախաձեռնող խմբի անդամների միջեւ պարբերաբար խորհրդատվություններ են տեղի ունենում ձեւավորվելիք Հանրային խորհրդի կառուցվածքի, իրավական կարգավորումների եւ հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Այս պահին դժվար կլինի խոսել նման կառույցի արդյունավետության մասին, քանի որ մեծ նշանակություն են ունենալու դրանում ընդգրկված մարդկանց մասնագիտական պատրաստվածությունն ու աշխատելու պատրաստակամությունը։ Կարող ենք արձանագրել, որ դրանով մենք եւս մեկ քայլ ենք կատարում հանրային ներգրավվածության ժողովրդավարական սկզբունքին ընդառաջ։
–Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները ինչպիսի՞ արձագանք են գտնում Արցախում։
–Արցախի հանրությունը միանշանակ ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ եւ արատավոր երեւույթների դեմ ՀՀ իշխանությունների քայլերը։ Անկախության տարիներին Արցախի եւ մայր Հայաստանի միջեւ հարաբերություններն ինտեգրման այնպիսի մակարդակի են հասել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող արձագանք չգտնել Արցախում, եւ հակառակը։ Այս համատեքստում, սակայն, անկարելի է չընդունել, որ ներկա իրողությունների պայմաններում Արցախի հասարակությունն ավելի զգուշավոր է ներքին կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերում։ Հունիսի սկզբների եւ դրան հետեւած երկու ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, թե հասարակությունը որքան զգայուն է ներքաղաքական իրավիճակը սրելու փորձերի հանդեպ։ Միեւնույն ժամանակ, գերակայող կարծիքն այն է, որ Արցախն ունի ձեւավորված սահմանադրական մշակույթ, եւ ցանկացած քաղաքական գործընթաց պետք է տեղավորվի այդ տրամաբանության մեջ։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

01-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO