Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԼՂՀ


Հանրապետության հռչակումը այլընտրանք չուներ

Տոնական միջոցառումներ մայրաքաղաք Ստեփանակերտում

1991թ. սեպտեմբերի 2—ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ հրավիրված նստաշրջանում միաձայն որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (նախկին մարզի եւ Շահումյանի շրջանի ընդհանուր տարածքով) հռչակման մասին։ Արցախահայության՝ սեփական ճակատագիրը տնօրինելուն ուղղված այս քայլը, բնականաբար, հնարավոր դարձավ 1988—ին սկիզբ առած պայքարի (ղարաբաղյան շարժման) շնորհիվ։
Արցախը, Հայաստանն ու ողջ սփյուռքը խանդավառությամբ եւ հպարտությամբ նշեցին հայկական երկրորդ հանրապետության հռչակման 27—րդ տարեդարձը։ Թե անկախացումից հետո ինչ է փոխվել արցախցիների կյանքում, անցնելով դաժան պատերազմների միջով եւ հաղթահարելով բազում դժվարություններ ու արգելքներ, անցած տարիներին ինչպիսի վերընթաց զարգացում է ապրել նորանկախ երիտասարդ երկիրը, դարձել անճանաչելի, դրանում մեկ անգամ եւս համոզվեցին տոնական հանդիսություններին մասնակցելու համար Երեւանից Ստեփանակերտ ժամանած կառավարական պատվիրակության անդամները՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, սփյուռքի տարբեր գաղթօջախներից հրավիրված մեր հայրենակիցները, ովքեր իրենց արժանի ներդրումն ունեն Արցախի շենացման եւ զորացման գործում, բազմաթիվ հյուրեր՝ արտերկրից։
Իսկ տոնական հանդերձանքի մեջ գտնվող հանրապետության մայրաքաղաքը գրկաբաց, ցնծությամբ է ընդունել իր հարազատներին ու բարեկամներին՝ ազգային տարազ հագած ոսկեծամիկ աղջիկների մատուցած աղուհացով, ժպիտներով եւ ծաղիկներով։ Ապա ուղեկցող զուռնա—դհոլի ախորժալի ձայնն աստիճանաբար փոխարինվել է քաղաքի կենտրոնում՝ Ս. Շահումյանի օղակաձեւ պուրակում, քաղաքապետարանի փողային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Ալբերտ Սաֆարյան) կողմից հնչեցվող աշնանային մեղմ երաժշտությամբ։ Այստեղ էլ կայացել են մարզամշակութային մի շարք հագեցած միջոցառումներ։
Դեռ վաղ առավոտից էր Ստեփանակերտը ցնծության մեջ։ Ուրախ եւ զվարթ տրամադրության «մեկնարկը» տվել էին պաշտպանության բանակի զինծառայողները, ովքեր շարասյուներով, խրոխտ քայլերգով անցել են կենտրոնական փողոցներով՝ ցուցադրելով հայ զինվորի մարտական ոգին։ Ամենուր տոնական տրամադրություն եւ ոգեւորություն էր տիրում։ Մարդիկ միմյանց շնորհավորում էին հիշարժան իրադարձության կապակցությամբ եւ խաղաղություն մաղթում, արժեւորում օրը։ Բնականաբար, բոլորն էլ, մեծ ու փոքրով հուշահամալիր էին շտապում ծաղիկներով՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին, ում արյան գնով նվաճվել է Արցախի անկախությունն ու ազատությունը։
Վերածննդի հրապարակում թնդում է երիտասարդների միասնական շուրջպարը։ 1988—ին այստեղ է պոռթկացել արցախյան շարժումը՝ բազմամարդ միտինգների եւ հավաքների տեսքով։ Իսկ հարեւան շենքում կայացել են ժողպատգամավորների պատմական այն նստաշրջանները, ուր որոշումներ են կայացվել Ադրբեջանի կազմից դուրս գալու (1988թ. 20 փետրվար) եւ ԼՂՀ հռչակման (1991թ. 2 սեպտեմբերի) վերաբերյալ։
Հանրապետության հռչակման տոնակատարություններին մասնակցելու համար Արցախ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության անդամները, որի կազմում է խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ եւ գերատեսչությունների ղեկավարներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, նախագահ Բակո Սահակյանի ու պետական մյուս այրերի ուղեկցությամբ ժամը 10—ին հրապարակից միանում են հարգանքի եւ հիշատակի համաքաղաքային երթին ու շարժվում Ստեփանակերտի հուշահամալիր։
Հավերժական կրակի մոտ պաշտպանության բանակի պահակախումբն է։ Հայկական երկու հանրապետությունների առաջնորդների կողմից ծաղկեպսակներ են դրվում հուշահամալիրին։ Նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծաղիկներ են խոնարհում նաեւ երկրի ազատության եւ անկախության համար նահատակված հայորդիների, այդ թվում՝ Արցախի Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին, հարգում նրանց հիշատակը։
Եթե նախկինում ցավն ու ափսոսանքն էր ուղեկցում աշխարհի հայերին, ապա այսօր Արցախը բոլորի հպարտությունն է։ Հայաստանի, սփյուռքի աջակցությամբ երկիրը բուժել է վերքերը՝ հաղթահարելով փորձություններն ու դժվարությունները եւ կառուցում է իր ապագան՝ ամրապնդելով անկախությունը եւ անվտանգությունը։ Այդ մասին են վկայում իրենց խոսքում նաեւ մեր զրուցակիցները՝ արժեւորելով Արցախի ժողովրդի անցած պատվաբեր ճանապարհը։ Օրվա գլխավոր խորհուրդը արյան գնով ձեռք բերվածը սրբորեն պահպանելն է, այն սերունդներին կտակելը։ Դրանում միակարծիք էին հանդիսության բոլոր մասնակիցները։
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանն առաջին անգամ է Արցախում. «Սա ոչ միայն անկախության, այլեւ հաղթանակի ու ապագայի նկատմամբ վստահության օր է։ Սա այն օրն է, երբ մեր ողջ հայ ժողովուրդը վերադարձրեց հպարտությունը, հաղթանակի քաղցր զգացողությունը, վստահությունն իր ուժերի եւ ապագայի նկատմամբ։
Մեր ողջ ժողովրդի համար ինչ—որ իմաստով սա առաքելության եւ ազգային ինքնության օր է։ Հոգիս լցված է հպարտությամբ, ուրախությամբ, սակայն այս պահին այստեղ, այս հուշահամալիրում գտնվելով, չեմ կարող չմտածել, թե հաղթանակը, հպարտությունը, ապագայի նկատմամբ վստահությունը ինչ թանկ գնով են ձեռք բերվել՝ մարդկային լավագույն կյանքերի։ Մեր տղաներն իրենց կյանքն իզուր չեն տվել $ տվել են նրա համար, որպեսզի այս երկիրը դառնա ավելի հզոր, որպեսզի ամբողջ աշխարհում սփռված հայությունը, մեր ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, սփյուռքում եւ Արցախում, կարողանա կառուցել իր հպարտ, ուժեղ ու հզոր հայրենիքը»։
Էդուարդ Շարմազանով, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ. «Այսօր արցախցիների հետ երկրի ծնունդն են նշում եւ Հայաստանի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Անկախ այն բանից, իշխանական թեւ են ներկայացնում կամ ընդդիմություն, բոլորն էլ միասնական են Արցախի ինքնորոշման հարցում ու շարունակելու են իրենց ջանքերը նրա միջազգային ճանաչման համար։ Անկախ Արցախը 27 տարեկան է՝ կայացած իր ինստիտուտներով, իր իշխանությամբ, մարտունակ բանակով, քաղաքացիական իր կառույցներով, իր ժողովրդի կուռ միասնությամբ։ Այս իրողությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել։ Երկիրը հպարտ քայլերով ընթանում է առաջ՝ դեպի իր լուսավոր ապագան, անկախ այն բանից՝ աշխարհը ճանաչո՞ւմ է իր անկախությունը, թե՞ ոչ։ Համոզված եմ, որ ազգովի հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերները։ Եվ որքան էլ դրանք դժվարին լինեն, մեր ժողովուրդը դատապարտված է հաղթելու եւ ապրելու խաղաղությամբ։ Արցախի ճանաչումը ժամանակի խնդիր է, եւ դրա համար կան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական բոլոր հիմքերը»։
Համլետ Գրիգորյան, Արցախի շարժման ակտիվ մասնակից. «Մենք հաղթեցինք հակառակորդին՝ ահեղ պատերազմում այդ հաղթանակի համար անչափ մեծ գին վճարելով, կորցնելով մեր զավակներին, եղբայրներին եւ քույրերին, ընկերներին։ Փառք նրանց։ Մեր պարտքն է սրբորեն պահել, փայփայել ու սերունդներին փոխանցել ազատագրված Արցախը, ամեն գնով պահպանել նրա անվտանգությունը։ Հարեւան Ադրբեջանում, մոռանալով ոչ հեռավոր անցյալի դասերը, հայերի հասցեին գրեթե ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են արվում ամենատարբեր սադրանքների դիմում։ Ու քանի դեռ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը դեռ իր վերջնական լուծումը չի գտել, մենք ազգովի դատապարտված ենք ավելի ուժեղ եւ համախմբված լինել, միասնական։ Ադրբեջանն այլընտրանք չունի, ու պետք է ճանաչի մեր անկախությունը, այլապես պատերազմը ձեռնտու չէ ոչ տարածաշրջանի երկրներին եւ ոչ էլ՝ աշխարհի, միջազգային հանրությանը։ Մենք ամուր ենք կառչել մեր հողին ու ավելի հավատքով ենք լցված վաղվա օրվա նկատմամբ։ Ահա թե ինչու արժանապատիվ կյանքով ապրելու համար յուրաքանչյուրս պետք է սատարենք պետականության կայացմանը, մեր նվիրական զգացումների իրականացմանը»։
Գուրգեն Մելիքյան, Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան. «Իմ համոզմամբ՝ ԼՂՀ հռչակումը թերեւս միակ ճիշտ ընտրությունն էր՝ ժամանակի հրամայականով թելադրված։ Արցախի հաղթանակների, այսօրվա գոյության եւ հաջողությունների մեջ իր նպաստն է բերել աշխարհի համայն հայությունը, մասնավորապես՝ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները, ապահովելով 1990—ական թվականների ռազմական ու դիվանագիտական հաղթանակները։ 27—ամյա երկիրն այսօր հպարտ, խրոխտ քայլերով ընթանում է առաջ։ Լիահույս եմ, որ ապավինելով ժողովրդավարությանն ու առողջ բանականությանը, Արցախի ժողովուրդը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին եւ ամրապնդել իր ազատ ու անկախ զարգացման ապահով հիմքերը»։
Վարդան Բալայան, ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի՝ քաղդաստիարակության աշխատանքների գծով տեղակալ, գեներալ—մայոր. «Մեր ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել անկախության հասնելու համար։ Անկախությունն ու ազատությունը նվաճվել է հազարավոր հայորդիների կյանքի գնով, եւ պիտի սթափ գնահատենք այդ իրողությունը։ Իմ կարծիքով, անկախության 27 տարիների մեր ամենամեծ նվաճումը պաշտպանության բանակն է, որը հանդիսանում է Արցախի անկախության եւ անվտանգության հիմնական երաշխավորը։ Ու քանի որ գտնվում ենք մի այնպիսի տարածաշրջանում, ուր հարեւանների կողմից մշտապես վտանգ է սպառնում, պարտավոր ենք հզոր եւ մարտունակ բանակ ունենալ եւ պատրաստ լինել արժանի հակահարված հասցնելու հակառակորդին»։
Վալերի Ղազարյան, ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ ԳԽ նախագահության անդամ, Արցախում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ. «Մեր հայրենակիցներից ոմանք այն համոզմունքն ունեն, որ անկախ հանրապետության հռչակումը նահանջ էր միացման գաղափարից։ Մինչդեռ չպետք է մոռանալ, որ իրական քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ տվյալ ժամանակաշրջանում միացման գաղափարը դարձավ անիրագործելի։ Նման իրավիճակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը՝ նախկին մարզի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, միակ ճիշտ ճանապարհն էր։ Քանի որ մենք գործեցինք Խորհրդային Միության Սահմանադրության շրջանակներում, ուստի միջազգային իրավունքի որեւէ լուրջ վերլուծաբան, փորձագետ, չէր կարող ԼՂՀ հռչակումն անօրեն համարել։ Հետեւաբար, հռչակագրի իրական հիմքերն անխոցելի են»։
Ալեքսանդր Մանասյան, քաղաքագետ. «Իմ խորին համոզմամբ՝ քաղաքագիտական եւ դիվանագիտական տեսանկյունից Արցախում կատարվել են ամենաճշգրիտ քայլերը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է անկախության մասին ԼՂՀ հռչակագրի ընդունմանը։ Քանի որ Հայաստանում որոշում էր կայացվել Խորհրդային Հայաստանի սահմաններում անկախ հանրապետություն հռչակելու վերաբերյալ, պայքարի մեջ գտնվող արցախայությանն այլ ելք չէր մնում, քան արագ կողմնորոշվել եւ ազատվել Ադրբեջանի ճիրաններից։ Մանավանդ որ վերջինս ԽՍՀՄ կազմից արդեն դուրս էր եկել եւ անկախություն հռչակել։ Հավատացած եմ, որ հեռու չէ նաեւ այն օրը, երբ միջազգային հանրության կողմից կճանաչվի Արցախի ինքնորոշման իրավունքը, ու տարածաշրջանում վերջ կտրվի Ադրբեջանի ռազմատենչ ու վտանգավոր քաղաքականությանը»։
Տոնական հանդիսությունները Ստեփանակերտում եզրափակվել են Վերածննդի հրապարակում կայացած տոնական համերգով եւ տոնական հրավառությամբ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

04-09-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO