Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԱՅԼՔ...


Դպրոց են հաճախում նաեւ օձերը

Ահազանգում են Արարատի մարզի Բերդիկ գյուղի աշակերտների ծնողները

Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցում կարճ ժամանակում 13 օձ է հայտնաբերվել։ Ծնողները վախենում են երեխաներին դպրոց ուղարկել՝ ահազանգելով խնդրի մասին։ Տնօրենը վստահեցնում է՝ վտանգը չեզոքացրել են, մարզպետարանը եւս ընթացիկ աշխատանքների մեջ է։ Իրավիճակի լրջությունը հասկանալու համար զրուցել ենք ինչպես ծնողների, տնօրենի, այնպես էլ մասնագետների հետ։
«Օգոստոսի 18—ից մինչ սեպտեմբերի 2—ը 13 հատ իժ տեսակի օձ ենք հայտնաբերել դպրոցի ներսում։ Այդ ժամանակ երեխաները դասի չեն եղել։ ԱԻՆ—ի աշխատակիցները եկել եւ օձերին տեղափոխել են անվտանգ տարածք, սակայն մեծ մասին մենք մեր միջոցներով ոչնչացրել ենք։ Դիմել ենք մարզպետի աշխատակազմի ղեկավարին, ով ընդառաջել է, զանգել նաեւ առողջապահության նախարարություն։ Դիմել ենք նաեւ սանիտարահամաճարակային կայան, որն ախտահանումներ է արել։ Օգտագործել ենք նաեւ ժողովրդական ավանդական միջոցները, ծծումբով ծխեցրել ենք։ Օգնել է նաեւ իմ ընկերներից մեկը՝ անասնաբույժը, ով դեղ է առաջարկել օձերի դեմ։ Դրանից հետո արդեն քանի օր է՝ չենք նկատել օձերի»,–վստահեցրեց Բերդիկի դպրոցի տնօրեն Սեդա Մինասյանն ու հավելեց՝ դպրոցը գտնվում է դաշտի կողքին, հավանաբար օձերը հենց այնտեղից էլ գալիս են։
Նրա խոսքով՝ դպրոցի շինություններից մեկի աստիճանները քանդել են, գտել այն տեղը, որտեղ օձերը ձվադրել էին։ Նշեց՝ մարզպետարանը աջակցություն է ցույց տվել. դիմել է համապատասխան կառույցներին, ջրմուղից տրակտոր է ուղարկել, որով դպրոցի չորս կողմը մաքրել են։ Նա վստահեցրեց՝ աշակերտները դասից չեն խուսափում օձերի պատճառով։ «ԱԻՆ—ից մի ամբողջ ջոկատ է եկել, ստուգել են հնարավոր բոլոր անցքերը, գրքերը։ Ոչ ոք չի վախենում, քանի որ վտանգը չեզոքացված է»,–վստահեցրեց տնօրենը։
Դպրոցի աշակերտներից Օվսաննա Գրիգորյանի մայրը՝ Սեդա Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց՝ իսկապես շատ վախեցած են։ «Աղջիկս գիշերը լացակումած եկել է ու ասել, որ երազում օձեր է տեսնում, իրեն դպրոց չուղարկեմ։ Քանի օր է՝ դպրոց չի գնացել։ Սեպտեմբերի 6—ին երեխաներին արդեն կանչել են դպրոց։ Բայց աշակերտների 70 տոկոսը երեւի չեն գնում, շատ վախեցած են»,–ասաց ծնողը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 1—ին կազմակերպված միջոցառումից հետո երեխաներին դրսում են բաժանել դասացուցակները, չեն թողել ներս մտնել։ Դպրոցում ասել են, որ ախտահանել են դասարաններն ու դեղ լցրել։ Վերջին օձը գտել են դպրոցի մարզասրահում։ Նախկինում դպրոցի տարածքում եւ նույնիսկ ներսում օձ նկատել են, բայց ոչ այսքան շատ։
Դպրոցի աշակերտ Վահե Ավագյանի մայրը՝ Լիաննա Դավթյանը, եւս անհանգստացած է խնդրով։ «Երեխաս դպրոցում է, բայց կցանկանայի հիմա ես էլ իր հետ լինել, քանի որ անհանգստացած եմ։ Կարծում եմ՝ այդքան շուտ չեն վերանա օձերը, եթե 13 հատ գտնվել է, անպայման էլի կլինեն։ Սեպտեմբերի 3—ին երկու հատ օձ են գտել, երեխաներին տուն են ուղարկել»,–ասաց ծնողն ու նշեց՝ այնուամենայնիվ չի պատրաստվում որդուն դպրոց ուղարկել, քանի որ շատ վախեցած է։
Արարատի մարզպետարանից տեղակացանք, որ տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո դիմել են փրկարարական վարչությանը, դեռատիզացիոն ծառայությանը, տրամադրել են տեխնիկա։ Մաքրել են նաեւ դպրոցի հարակից տարածքը, որտեղ տատասկներ կային, եւ օձերը կարող էին բույն դնել։ Անմիջապես փակվել են դպրոցի բոլոր անցքերը, որտեղով օձերը կարող էին ներս ու դուրս անել։ Մարզպետարանը կապ է հաստատել նաեւ բոլոր այն ծառայությունների հետ, որոնք որեւէ կերպ կարող էին դեպքին աջակցություն ցուցաբերել։
Վստահեցրին՝ վտանգը գրեթե չեզոքացրել են, եւ դեռ աշխատանքներ են իրականացվում։ Աստիճանի հատվածը, որտեղ ձվադրել էին, քանդել էին, պիտի վերանորոգեն, որ լիարժեք վնասազերծեն վտանգը։ Երեխաների անվտանգությունը պահելու նպատակով աշխատանքներ են տանում նաեւ դպրոցի մարզասրահում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։
ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը վստահեցրեց՝ ուզում է տարածքը ծծումբով, ուզում է քլորով մաքրեն, օձերի համար որեւէ նշանակություն չունի։ Չկա դեռ այնպիսի նյութ, որից օձերը խուսափեն։ «Ամենակարեւորը պետք է պարզել այդ օձերի տեսակը։ Այդ շրջանում կա 15 տեսակի օձ, որից ընդամենը 1—ը՝ գյուրզան է վտանգավոր»,–ասաց Աղասյանը։
Տեսնելով հոլովակը, որում երեւում է դպրոցում հայտնաբերված 13 օձերից մեկը, Աղասյանը վստահեցրեց, որ տվյալ օձը կապարագույն սահնոց է, այն թունավոր չէ։ Այդ տեսակը բացարձակապես վտանգ չի ներկայացնում։ «Ամենայն հավանականությամբ գտնված մյուս օձերը եւս եղել են այս տեսակի։ Վախենալ պետք չէ։ Դրանց կծելու դեպքում անգամ վտանգ չկա։ Պետք է պարզապես տեղափոխել անվտանգ տարածք»,—ասաց մասնագետը։
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ անկախ նրանից օձը թունավոր է, թե ոչ, կամ եթե նույնականացված չի դեռ, պետք է շատ զգուշ լինել։ ԱԻՆ—ն այդ պահին չի պարզում օձը թունավոր է, թե ոչ։ Եթե օձը ներխուժել է բնակելի տարածք, իրականացվում է արձագանքում, մասնագետները տեղում նույնականացնում են, տեղափոխում անվտանգ տարածք։ «Եթե սողունը մոտ է, չպետք է կտրուկ շարժումներ անել, փակել նրա տեղաշարժման, տարածքից դուրս պրծնելու հնարավորությունը։ Ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն փորձել բռնել կենդանուն։ Պետք է ահազանգել 911 ծառայություն, երեխաներին դուրս բերել տնից, չխոչընդոտել սողունին, հրահրել նրան հարձակման։ Օձերը գերազանց ռեակցիա ունեն՝ մարդուն մի քանի անգամ գերազանցող։ Իսկ եթե օձը խայթել է, անմիջապես պետք է դիմել շտապօգնության ծառայություն, մասնագիտացված կենտրոններ։ Պետք է դանդաղեցնել արյան շրջանառությունը, բացառել երեխայի արագ վազքը, կտրուկ շարժումները, որոնք ակտիվացնում են արյան շրջանառությունը՝ հանգեցնելով թույնի արագ տարածմանը»,– խորհուրդ տվեց Խանգելդյանը։
Նրա հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանում խիստ վտանգավոր օձեր, որոնց թույնը մինչեւ 5 րոպեում մահ է առաջացնում, չկան։ Պետք է պարզապես ժամանակին առաջին օգնություն ցույց տալ։ Եթե մարդը կարողանա հիշել օձի տեսակը, նույնականացման ժամանակ հակաթույնը շատ արագ կարող են ներարկել։ Չնույնականացնելու պարագայում կիրառում են ընդհանուր տեսակի հակաթույն։ Տեղաբնակները, ովքեր իրազեկված են, որ տարածքում կան օձեր, պետք է շատ զգույշ լինեն, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ պաշտպանված կոշիկներ կրեն։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

07-09-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO