Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Քննարկվել են կարեւոր օրինագծեր

Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Սահմանադրության 100—րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44–րդ հոդվածների համաձայն, կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Խորհրդարանը որոշել է փաթեթը քննարկել հատուկ ընթացակարգով. երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Սեպտեմբերի 23—ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրությունները նախատեսվում է իրականացնել բարեփոխված ընտրական օրենսդրությամբ՝ տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։
Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ նա նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրում հստակ նախատեսված է եղել միջոցներ ձեռնարկել՝ բացառելու քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը, որպեսզի նրանք իրենց ընտրությունը կատարեն ազատ եւ անկաշկանդ։ Ուստի, փոխնախարարի խոսքով, առաջարկվում է բարեփոխումներ կատարել վերոնշյալ օրենսգրքերում։
Առաջարկվում է քրեականացնել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.10 հոդվածով նախատեսված արարքները, որը վերաբերում է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալուն, ծառայություններ մատուցելուն կամ խոստանալուն։ Նշված հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում է համարվում նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաեւ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը։
Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ այսօր այս արարքների համար սահմանված է վարչական տուգանք՝ առավելագույնը 2,5 մլն դրամ։ Նախագծով առաջարկվում է այս արարքները քրեականացնել եւ դրանց կատարման համար սահմանել 3—6 տարի ազատազրկում՝ հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորությունը։
Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ քվեարկության գաղտնիության հարցին նշելով, որ ՀՀ ընտրական օրենսգրքով թեեւ սահմանված է, որ քվեարկության գաղտնիությունն անձի իրավունքն ու պարտականությունն է, սակայն պատասխանատվություն սահմանված չէ այն դեպքերի համար, երբ անձը շահադիտական նպատակներով բացահայտում է իր կատարած քվեարկության գաղտնիությունը։
Կառավարությունն առաջարկում է նաեւ քրեականացնել կաշառքի խոստումը կամ դրա առաջարկը, ինչպես նաեւ հստակեցնել, թե ինչ նպատակով է տրվում կամ պահանջվում ընտրակաշառք։ Այստեղ առաջարկվում է ավելացնել ուրիշի օգտին քվեարկելը կամ մեկից ավելի անգամ քվեարկելու նպատակով կաշառք ստանալը, խոստանալը կամ պահանջելը։
Այլ դրույթներով առաջարկվում է խստացնել ընտրական այլ հանցագործությունների համար նախատեսված պատժամիջոցները։
ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ հանձնաժողովում տեղի է ունեցել բուռն քննարկում, եւ հեղինակի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն որոշ սկզբունքային դրույթներ վերանայելու առնչությամբ։ «Ձեւակերպումները պետք է լինեն այնպիսին, որ չվտանգվեն քաղաքացու իրավունքները»,– ընդգծել է Ռուստամ Մախմուդյանը։ Ըստ նրա՝ նախագիծը չափազանց կարեւոր է։
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները։
Տիգրան Ուրիխանյանը դրական է գնահատել ընտրակեղծիքների դեմ պայքարի խստացումները, սակայն նշել է, որ մտահոգ է ընտրողների համար նախատեսված եւ պատասխանատվություն սահմանող որոշ դրույթների կապակցությամբ։ Ըստ նրա՝ ընտրողի պատասխանատվությունն ընտրական գործընթացի որակի ապահովման հարցում պետք է հասցվի նվազագույնի։ «Ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը պետության գործառույթն է»,—շեշտել է պատգամավորը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն արտահերթ ելույթում նույնպես անդրադարձել եւ կարեւորել է ընտրողների իրավունքների պաշտպանության հարցը։ Նա համամիտ չէ այն տեսակետին, թե արմատապես քրեականացվում են ընտրական կեղծարարությունները։ Ըստ նրա՝ քրեականացված արարքներ եղել են ոլորտում, պարզապես դրանց պատժաչափերն այսօր խստացվում են։ Նա առաջարկել է նախագծից հանել որոշ խիստ խնդրահարույց դրույթներ՝ նշելով, որ դրանով է պայմանավորված իր հետագա քվեարկությունը։
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ պաշտպանում է ներկայացված օրենսդրական փաթեթը։ Ըստ նրա, այն պետք է կասեցնի մեր երկրում «ոսկերչական» մակարդակի հասած ընտրակեղծարարությունը։
Պատգամավորը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ են քվեարկելու փաթեթին։
Ըստ Լենա Նազարյանի՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որով խստացվում է պատասխանատվությունը ընտրական հանցագործությունների նկատմամբ։ Պատգամավորը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը կառավարության կողմից խոստացված քայլ է արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու ուղղությամբ։ Նա հույս է հայտնել, որ ԱԺ—ն կաջակցի այդ հարցում։
Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ սեպտեմբերի 23—ին տեղի ունենալիք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նախադրյալը քաղաքական կամքն է, որակական նոր մոտեցումները։ Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացին քաղաքական այս գործընթացներից հետո ակնկալում է, որ իր ձայնը եւ քվեն տեղ են հասնելու։
Ըստ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի՝ հեղափոխությունից հետո ձեւավորվել է այնպիսի մթնոլորտ, որը չպետք է թույլ տա ընտրակեղծարարություն, եւ առաջիկայում տեղի են ունենալու օրինակելի ընտրություններ։ Նա նշել է, որ նոր իրողություններին համահունչ պետք է արմատական բարեփոխումների ենթարկվեն կուսակցությունները։
Գեւորգ Կոստանյանի կարծիքով՝ օրենքի փոփոխման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ իրավակիրառ ապահովման գործընթացում լինում են թերություններ։ Նա նշել է, որ կողմ կլինեն փոփոխություններին, եթե նախաձեռնությունը քաղաքական փաստաթուղթ լինելուց բացի, կլինի նաեւ իրավական։ Պատգամավորը հույս է հայտնել, որ իրավակիրառ պրակտիկայում հնարավորություն կլինի թե բացառելու ընտրական հանցագործությունների անպատժելիության դրսեւորումները, թե կանխարգելելու դրանք։
Արմենուհի Կյուրեղյանը ողջունել է նախագիծը, որտեղ ընտրակաշառքի դեմ խիստ պատժամիջոցներ են սահմանվում։ Նա մտահոգություն է հայտնել փաստաթղթում ոչ միարժեքորոն սահմանված տերմինների վերաբերյալ։ Բանախոսի կարծիքով՝ քանի որ փաստաթղթում էական փոփոխությունները վերաբերում են ընտրողին, ուստի կարեւոր է քաղաքացիների համար տեղեկատվության պատշաճ ապահովումը։
Ըստ Արամ Սարգսյանի՝ օրենքը պետք է լինի նաեւ մարդասիրական։ Պատգամավորը նշել է, որ քաղաքացին պետք է մերժի ընտրակաշառքը, իսկ կառավարության խնդիրը պետք է լինի կենսամակարդակի բարձրացումը։
Հայկ Կոնջորյանի կարծիքով՝ քննարկվում է ՀՀ քաղաքական համակարգի ամենակարեւոր թեմաներից մեկը։ Ըստ նրա՝ ընտրակաշառքի հարցում առաջարկն է ծնում պահանջարկ։ Այս օրենքի ելակետային նպատակն այն է, որ խոշոր կապիտալը պետք է Հայաստանում քաղաքական գործընթացների եւ ընտրության արդյունքների ձեւավորման վրա ընտրակաշառքի տեսքով ազդեցություն չունենա։
Գեւորգ Գորգիսյանը ողջունել է նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ դրանք ունեն կարեւոր նշանակություն։ Նա մտահոգություն է արտահայտել որոշ ընտրակեղծարարությունների վերաբերյալ՝ առաջարկելով կառավարությանը դրանց դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել։
Ռուստամ Մախմուդյանի կարծիքով՝ ընտրակեղծիքների դեմ պայքարը միայն օրենսդրական խստացումը չէ, այլ ընտրակաշառքից հրաժարվելու քաղաքացիական գիտակցությունը եւ կամքը։ Նա եւս կարեւորել է փոփոխությունների պատշաճ իրազեկման կազմակերպումը։
Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու խնդրին, ընդգծել է, որ նախկինում չի իրականացվել արդյունավետ պայքար երեւույթի դեմ։
Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ քննարկվող հարցը կարեւոր է եւ աղմկահարույց, քանի որ փաստաթղթում տեղ են գտել ոչ միայն իրավական, այլ, նախեւառաջ, քաղաքական գնահատականներ։ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ առաջինից երկրորդ ընթերցում կառավարությունը հաշվի կառնի բոլոր խմբակցությունների մտահոգությունները։ Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ փաթեթում ձեւակերպումները թերի են։
Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն արդյունավետ է համարել քննարկումները՝ նշելով, որ նպատակն է Հայաստանում ստեղծել այնպիսի ընտրական համակարգ եւ մեխանիզմներ, որոնք կապահովեն անձի ազատ կամարտահայտումը։ Փոխնախարարն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ տվել պարզաբանումներ։ Նրա հավաստմամբ՝ կառավարությունը նախատեսում է առաջինից երկրորդ ընթերցում կատարել մի շարք փոփոխություններ։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու։
Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ։
Խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 7–ին։

07-09-2018





20-11-2018
Որ ուժն է իրական ընդդիմությունը
Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների ...


20-11-2018
Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները չեն հարկվի
Տարածվող լուրերը իրականության հետ որեւէ աղերս չունեն

Հայաստանի ...


20-11-2018
Հերթականությունը որոշվեց
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ

Կենտրոնական ...


 
20-11-2018
«Հայ մշակույթի հինգերորդ դարը. նվաճումները եւ համաշխարհային նշանակությունը»
Գիտական նստաշրջանին մասնակցել է երեքուկես տասնյակ հայագետ տարբեր ...


 
20-11-2018
Քրիստոսի լույսի ու սիրո համադրությամբ
Արձակագիր Սամվել Մհերյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց մի գիրք՝ ...


20-11-2018
Մեծարվեց ազգագրական երգի նահապետը
Օրերս Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «Ակունք» ազգագրական համույթի ...


20-11-2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը ...



20-11-2018
Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն
Մանկապարտեզները քաղաքապետարանի ...

20-11-2018
«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը
Որ փուլում են «Հայաստան» համահայկական ...

20-11-2018
Երեւանում եռյակ է լույս աշխարհ եկել
27 տարի երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի ...

20-11-2018
Մանուկների խնդիրները՝ քննարկման թեմա
Հանդիպումներ բարեգործական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO