«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան
Ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը 1988 թվականի դեկտեմբերի 7—ի ավերիչ երկրաշարժի մասին է։ Կինոնկարի հիմքում մի մարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու դստերը, մեկնել է Մոսկվա։ Տեղեկանալով Սպիտակում տեղի ունեցած ողբերգության մասին՝ նա լքում է իր ռուս ընկերուհուն եւ վերադառնում հայրենիք՝ գտնելու իր տունը, ընտանիքի անդամներին։ Կինոժապավենը նվիրվում է երկրաշարժի 30—րդ տարելիցին։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողները ֆիլմը դիտելու հնարավորություն ունեցան երեկ «Մոսկվա» կինոթատրոնում։ «Նկարահանումներ ենք իրականացրել Մոսկվայում, Երեւանում, Աշտարակում, Դիլիջանում։ Գրեթե երեսուն օր են տեւել դրանք։ Ուսումնասիրել ենք 1988—ի ժամանակագրությունը, ծանոթացել ենք վավերագրությանը, հսկայական քանակով լուսանկարներ ենք դիտել՝ փորձելով վերարտադրել իրականությունը դեկորացիաների միջոցով»,–կինոնկարի դիտմանը հաջորդած մամուլի ասուլիսին նշեց ռեժիսորը։ Ալեքսանր Կոտտը շեշտեց, որ ֆիլմում փոքրիկ Անուշի կերպարի միջոցով, ով հավատում է հրաշքի գոյությանը, ցանկացել է վառ ներկայացնել հրաշքը։ «Եթե մենք հավատում ենք, ուրեմն՝ հնարավոր է։ Գլխավոր հերոսը՝ Գոռը, գնում է փնտրելու ընտանիքին, արդյունքում ընտանիքն է նրան գտնում։ Հրաշքի մասին է այդ պատմությունը»,–ընդգծեց նա։ Կինոնկարի գլխավոր դերակատարներից մեկին՝ Գոհարին մարմնավորած Հերմինե Ստեփանյանն ասաց, որ քասթինգի գնալիս յուրաքանչյուր արտիստ պետք է իմանա, թե ով է տվյալ ռեժիսորը։ «Ի սկզբանե գիտեի, որ Ալեքսանդր Կոտտի ստեղծած ֆիլմը բարձր գեղագիտություն կունենա՝ համեմված հետաքրքիր խորհրդանիշներով։ Իմ հերոսուհին, որպես մայր, չէր կարող չհավատալ հրաշքին։ Եթե չհավատար դրան, չէր հավատա, որ իր դուստրը կփրկվի։ Եթե երեխան հրաշքին չհավատար, չէր փրկվի եւ չէր փրկի մորը։ Հրաշքի գոյությունը ֆիլմում անհրաժեշտություն էր բոլոր հերոսների համար»,–ընգծեց Ստեփանյանը։ Ընտանիքի հոր՝ Գոռի կերպարը կերտած դերասան Լեռնիկ Հարությունյանը, անդրադառնալով իր հերոսին, ասաց, որ Գոռի մեջ մեծ պատերազմ կար, երբ նա կայացրել էր հայրենիքը լքելու որոշումը մինչ ողբերգությունը, որը նրան ստիպեց վերադառնալ հայրենիք։ «Շնորհակալ եմ ռեժիսորին, որ շատ դիպուկ խնդիրներ էր տալիս, որոնք ինձ օգնում էին իրավիճակը հստակ պատկերացնել։ Հավատացեք՝ շատ ջանք չեմ թափել այդ դերը կերտելու համար, քանի որ ռեժիսորական, նկարչական եւ մնացյալ բոլոր լուծումներն այնքան հստակ էին, որ խաղալու կարիք չկար. ես ինձ զգում էի այդ ողբերգության մեջ»,– խոստովանեց դերասանը։ «Սպիտակը» շուտով կբարձրանա մեծ էկրան։ Այն նախատեսվում է ցուցադրել նաեւ Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Կինոնկարի երաժշտությունը ստեղծել է մեր հայրենակից Սերժ Թանկյանը։ 2018 թվականին մոսկովյան 40—րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։ Ֆիլմը ներկայացրեցին Ազգային կինոյի զարգացման, «Եվրիմաժ» հիմնադրամները եւ «Տելեստո» կինոընկերությունը։
20-09-2018
|