Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.10.2018
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է

Կառավարությունը այս երեւույթները վերացնելու լուծումներ է փնտրում

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Ձեր սեղաններին դրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն–ֆրանսերեն զրուցարան՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17–րդ գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երեւանում։ Այն մեզ համար շատ մեծ իրադարձություն է ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք։ Կարծում եմ՝ նոր Հայաստանում եւ ընդհանրապես ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավ առիթ է, որ մենք այդ ուղղությամբ եւս մեկ քայլ անենք»։
Նիստում հավանության են արժանացել նաեւ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունները։ Այսպիսով՝ կառավարությունը կիսում է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակների մտահոգությունը, կարեւորում առաջարկվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը եւ ներկայացնում մի շարք առաջարկություններ։ Մասնավորապես՝ օրինագծով առաջարկվում է հնարավորություն տալ տոտալիզատորի կազմակերպիչներին, բացի վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից, իրականացնել նաեւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեություն այլ տեսակով։ Այդ կապակցությամբ կառավարությունն առաջարկում է նշված հոդվածը խմբագրել՝ նախատեսելով, որ վիճակախաղերի կազմակերպիչներին իրավունք է տրվում, բացի վիճակախաղերի կազմակերպումից, զբաղվել նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ծրագրային ապահովման եւ դրա սպասարկման ծառայությունների մատուցման, կազմակերպչի աշխատակիցների համար եւ տոմսերի վաճառքի կետերում հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ։ Նախագծի 3–րդ հոդվածով լրացվող 5.3–րդ հոդվածով առաջարկվում է հանրային նշանակության օբյեկտներ շահագործող անձանց պարտավորեցնել՝ արգելափակելու ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը։ Նախատեսվում է նաեւ վարչական պատասխանատվություն վերոգրյալ պահանջը չպահպանելու դեպքում։ Փաստորեն, նշված սահմանափակումները չեն տարածվում օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի կազմակերպիչների պաշտոնական կայքերի վրա, որոնք հասանելի են ՀՀ տարածքում։ Կառավարությունը, մասնավորապես, գտնում է, որ նման մոտեցումը կբերի հանրապետության տարածքում չգրանցված կազմակերպությունների կողմից առաջարկվող նմանօրինակ կայքերի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող օգտատերերի ավելացմանը, ինչը կհանգեցնի անհավասար մրցակցային դաշտի ստեղծմանը եւ ՀՀ–ում լիցենզիա ունեցող կազմակերպիչների իրավական եւ ֆինանսական վիճակի վատթարացմանը։ Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այդ կարգավորումից։
Անդրադառնալով օրենսդրական փաթեթին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ես որոշակի մտահոգություններ եմ ստացել, որ ոլորտի ներկայացուցիչների հետ բավարար չափով քննարկումներ տեղի չեն ունեցել։ Ակնհայտ է, որ այս փուլում նախագիծը հավելյալ քննարկումների եւ լրամշակումների կարիք ունի։ Այս ոլորտում մենք լուրջ պրոբլեմներ ունենք, որոնք պետք է լուծենք»։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ քննարկումները պետք է շարունակվեն՝ համոզվելու համար, որ առաջարկվող լուծումները միտված են այն նպատակներին, որոնք տրամաբանական եւ ընդունելի են բոլորի համար։
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է նաեւ, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում։ Անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դա կբերի աշխատատեղերի զգալի կրճատման. «Խոսքը գնում է մի քանի հազար հոգու մասին, եւ կարծում եմ նաեւ, որ այս հարցում մենք պետք է ուշադիր լինենք եւ նաեւ քննարկումների միջոցով հասկանանք, թե ինչպես ենք դա անում։ Ես համաձայն եմ, որ փաթեթը բավական լավն է, բայց պետք է անել փուլային եւ շատ զգույշ»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ խնդրին պետք է տրվի հավասարակշռված լուծում։ «Միանշանակ է, որ այդ գազալցակայաններում գործող անհասկանալի սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն գյուղական համայնքներում։ Դա լուրջ խնդիր է, եւ դրանք ուղղակի պետք է հանվեն։ Շատ կարեւոր է, թե ինչպես կազմակերպել այդ գործընթացը, որպեսզի խնդիրն իսկապես ճիշտ լուծվի։ Երբ նայում ենք տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է, որ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը։ Սա աբսուրդ է, եւ մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը՝ մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար՝ ղումարբազությունը։ Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ ո՛չ մեկը խրախուսենք, ո՛չ էլ մյուսը»,–ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ են բաց, թափանցիկ, հրապարակային քննարկումներ, բացառել սուբյեկտիվության գործոնը եւ արագ լուծել խնդիրը, որովհետեւ մարդիկ համատարած ահազանգում են այդ մասին։
Վարչապետի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս պարագայում առկա է տնտեսության կառուցվածքի խնդիր։ «Եթե մեր տնտեսությունում շահումով խաղերը սկսել են դեր խաղալ եւ նկատելի դեր խաղալ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշների մեջ, դա արդեն շատ լուրջ խնդիր է մի երկրում, որտեղ շուրջ 30 տոկոս աղքատություն կա։ Մեր քայլարշավի ընթացքում ամեն բնակավայրով անցնելիս այս հարցը կոնկրետ բարձրացվել է, ընդ որում, շատ հետաքրքիր է, որ նաեւ այն մարդկանց կողմից, ովքեր տառապում են խաղամոլությամբ, այսինքն՝ իրենք ասում են, այո՛, դա այստեղ դրված է, եւ դա գայթակղություն է։
Սա բոլոր առումներով խնդիր է, եւ եթե նույնիսկ մենք ֆինանսական որոշակի ռիսկեր ենք վերցնում, տնտեսական ակտիվության ցուցանիշի ռիսկեր ենք վերցնում, մենք պետք է գնանք դրան։ Այսօր մեր տնտեսությունն ի՞նչ է իրենից ներկայացնում՝ ագրարային, ընդ որում՝ ոչ տեխնոլոգիական, ոչ ինտենսիվ գյուղատնտեսություն, երկրորդը՝ մոլախաղեր եւ երրորդը՝ ընդերքի արտահանում։ Այս տնտեսական կառուցվածքը մեզ ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել։
Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետեւյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթեւ արդյունաբերություն, վերամշակող գյուղատնտեսություն, սննդի արտադրություն եւ այլն, եւ այլն, այսինքն՝ պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա։ Եվ այս ռեվերսի, այս փոփոխության շրջանում նաեւ որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ենք ունենալու, բայց պետք է գնանք, հակառակ դեպքում կստացվի, որ ուղղակի դանդաղ իրավիճակին հարմարվում ենք այնքան, որ որեւէ փոփոխություն չլինի, իսկ դա, ինչպես հասկանում եք, անհնար է։ Այդ փոփոխությունները չեն կարող չլինել, եւ մենք պետք է վճռական գնանք այդ քայլերին»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է խնդիրը շատ կոնկրետ ձեւակերպել. «Գազալցակայաններում եւ ամենուր տեղադրված այդ ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում։ Սա առաջինը։ Երկրորդը՝ պետք է հնարավորինս տրամաբանական ձեւերով սահմանափակվի փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների գոյությունը, եւ, ի վերջո, նաեւ դրանք նույնպես դուրս գան։ Առաջինը՝ պետք է անել շատ արագ եւ շատ վճռական, երկրորդը՝ քանի որ իրենք, այնուամենայնիվ, կազմակերպման ավելի բարդ ձեւեր ունեն, պետք է ավելի լավ մտածված անել։
Եվ երրորդը՝ ռազմավարական առումով պետք է բացառենք այն իրավիճակը, երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ–որ շատ լավ ցուցանիշ կա, եւ ուզում ենք հասկանալ՝ այդ ինչ ցուցանիշ է, պարզվում է՝ ոչ մի բան տեղի չի ունեցել։ Պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, եւ մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով եւ պարտվելով, բնականաբար։ Այսինքն՝ այս 3 խնդիրը մենք պետք է լուծենք»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը մեկ անգամ եւս նշել է, որ պետք է ամեն ինչ բաց քննարկել, որպեսզի որեւէ մեկը չմտածի, որ այս համատեքստում որեւէ թեմա լոբինգ է արվում. «Եթե պարզվի, որ կան սուբյեկտիվ պահեր, այդ սուբյեկտիվ պահերն էլ պետք է վերացնել, հանել, որպեսզի ամեն ինչ լինի ճշգրիտ, ոչ թե ճիշտ, այլ ճշգրիտ»։
Գործադիրը հավանություն է տվել «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Ներկայացված առաջարկվող փոփոխությունների նպատակը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելն է՝ 2019թ. հունվարի 1–ի փոխարեն սահմանելով մինչեւ 2020թ. հունվարի 1–ը։ Փոփոխությունը հնարավորություն կտա մինչեւ կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործումը իրականացնելն ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը։
Հավանություն է տրվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկություններին։ Օրենքների փոփոխությունների նախագծերով առաջարկվում է սահմանափակել համապատասխան ործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների գովազդը, հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից։ Կառավարությունը, կիսելով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակի մտահոգությունը եւ կարեւորելով առաջարկվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, ներկայացրել է մի շարք առաջարկություններ։ Յուրաքանչյուր հեռուստածրագրով կամ յուրաքանչյուր ռադիոծրագրով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը՝ այդ թվում նաեւ որպես հովանավորների հիշատակումը, թույլատրվում է ժամը 22։00–ից մինչեւ 06։00–ն ընկած ժամանակահատվածում։ Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տեւողությունը, այդ թվում՝ գովազդային հաղորդումները եւ գովազդային տեղեկատվությունները դրանց մասին, չեն կարող գերազանցել 4 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել 3 անգամից ոչ ավելի եւ ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 90 վայրկյանը։
Վարչապետի կարծիքով՝ այս սահմանափակումները պետք է ավելի խստացնել, որպեսզի խնդիրն իսկապես լուծվի։
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին։ Ըստ այդմ՝ կառավարությունն ընդունելի է համարում օրենքի նախագծով առաջարկվող Երեւանի օրը որպես տոն օրենքով ամրագրումը։ Միաժամանակ, գործադիրը ներկայացրել է որոշ նկատառումներ, մասնավորապես, օրենքի 14–րդ հոդվածի համաձայն հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Թարգմանչաց տոն, որը համընկնում է ներկայացված նախագծով առաջարկվող Երեւանի օրը որպես տոն օր նշելու օրվա հետ, ուստի առաջարկվում է նախագծում «շաբաթ օրը» բառերը փոխարինել «կիրակի օրը» բառերով։
Օրինագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ, առաջարկություններ։ Վարչապետն առաջարկել է, որ օրինագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացնի հետեւյալ եզրակացությունը՝ նման օրենքի անհրաժեշտություն չկա։

Կպարզեցվի բուժօգնության եւ սպասարկման տեսակներով ծառայությունների լիցենզավորման գործընթացը

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում արտահիվանդանոցային եւ հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման տեսակներով ծառայությունների պարտադիր պահանջներն ու պայմանները հստակեցնելու, ինչպես նաեւ նոր ծառայությունների կազմակերպման ձեւի ներդրման եւ իրականացման նպատակով։ Արդյունքում, մասնավորապես, անհրաժեշտ փաստաթղթի կառուցվածը կլինի կիրառման համար ավելի դյուրին, արտահիվանդանոցային մեծերի եւ մանկական բժշկական օգնության եւ սպասարկման նույն տեսակի իրականացումը կարող է ծավալվել միեւնույն կաբինետում հերթափոխով եւ այլն։

Այլ որոշումներ

«Արմսանպրոդակտ» ՍՊԸ–ի կողմից իրականացվող Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 60 հեկտար կիսափակ ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրի ֆինանսավորման եւ ջերմոցային համալիրի մատակարարման ժամկետների փոփոխությունների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Հիմնավորման համաձայն՝ ներդրումային ծրագրով ջերմոցային համալիրի համար անհրաժեշտ ներդրումները գնահատվել են մոտ 133 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2018թ. ամռանը։ Մինչդեռ անհրաժեշտություն է առաջացել ներդրումների ծավալներում եւ շինարարության ավարտի ժամկետներում կատարելու փոփոխություններ՝ ներդրումային արժեքը սահմանելով 88 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության ավարտը՝ 2019թ. դեկտեմբերին։ Արդյունքում կստեղծվի ավելի քան 700 մշտական աշխատատեղ, կընդլայնվեն ջերմոցային արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալները։
Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում խորհրդի որոշ անդամների փոփոխության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։

21-09-2018





13-10-2018
Ձգտել միասնության՝ պահպանելով բազմազանությունը
Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

Ֆրանկոֆոնիայի միջազգային ...


13-10-2018
«Արմենպրեսը»՝ արդեն հինգ լեզվով
Ներկայացվեց կայքի ֆրանսերեն բաժինը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության ...


13-10-2018
«Մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՖՄԿ գագաթնաժողովի արդյունքները



13-10-2018
Երկկողմ հանդիպումներ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն ...


13-10-2018
Հայ–կանադական բարեկամությունը շատ ավելի մեծ ապագայի ներուժ ունի
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի ...


13-10-2018
ՀՀ վարչապետի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում ...


13-10-2018
Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի ...



13-10-2018
Ջիվան Գասպարյանը դեռ 90 տարեկան է
Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված ...

13-10-2018
Ֆրանսերեն լեզվով, բայց հայկական սրտով
Հայերի ներդրումը ֆրանսագիր գրականության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO